2011 թ. հունիսի 2-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի 12.02.2011 թ. 25(695)-րդ, 22.02.2011 թ. 31(671)-րդ և 12.03.2011 թ. 45(685)-րդ համարներում հրապարակված վիճարկվող հոդվածները և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

12.02.2011 թ. «Հրապարակ” օրաթերթի 25(695)-րդ համարում հրապարակվել է «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրու՞մ” վերտառությամբ հոդվածը, այնուհետև դրան հաջորդել են «Հրապարակ» օրաթերթում հրապարակված ևս երկու հոդվածներ` «Ինքնակոչ նամակ Քոչարյանի անունից», «Անձամբ Քոչարյանից` սխալներով և ստորագրությամբ» վերնագրերով հոդվածները (22.02.2011թ..31(671) և 12.03.2011թ./45(685):

Վերոգրյալ հոդվածներում տեղ գտած` պատիվն ու արժանապատվությունը արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պահանջի հայցով 2011թ. մարտի 25-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումում ներկայացվել են համապատասխան հոդվածների այն հատվածները, որոնք հայցվորը դիտել է որպես վիրավորանք և զրպարտություն պարունակող: Գործը գտնվում է դատաքննության նախապատրաստական փուլում:

2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացությունների կազմումն ու հրապարակումը` Խորհուրդը որոշել է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել վիճարկվող հոդվածները և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

3. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցովª անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է…»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն. Մարդու և քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով…ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում…այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ կամ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ընթացակարգերով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` … այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածից և ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը`

«նախատեսված է օրենքով», «ծառայում է» հոդվածում թվարկված «իրավաչափ նպատակներից» առնվազն մեկին, տվյալ դեպքում` անձի «պատվի և բարի համբավի» կամ «հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն” և “անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում”:

Այս վերջին պայմանը պահանջում է, որպեսզի ՄԻԵԴ-ը որոշի, թե արդյոք գանգատի առարկա միջամտությունը բխո՞ւմ է «հրատապ հասարակական կարիքից», արդյոք այն համաչա՞փ է իր առջև դրված «օրինական նպատակին», և արդյոք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները «վերաբերելի՞ են և բավարար»:

4. ՎԻՃԱՐԿՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Վիճարկող հոդվածների, հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների իրավաչափության գնահատումը հիմնված է ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների վրա:

5. «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրու՞մ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան վկայում է այն մասին, որ նման փաստական հանգամանքներով գործեր քննելիս Դատարանը հաշվի է առնում հրապարակման առարկա հանդիսացող խնդրի հանրային նշանակությունը, նպատակը և շեշտադրումը, ընդհանուր համատեքստը, հայցվորի և պատասխանողի կարգավիճակը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հանգամանքներ, որոնք կներկայացվեն ստորև:

Վիճարկվող հոդվածով վերլուծվում են Հայաստանի քաղաքական կյանքում առանցքային դեր ունեցող քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների ներքին փոխհարաբերությունները և ազդեցության շրջանակները, ինչը հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող և հանրային նշանակություն ունեցող թեմա է: Ավելին, այս հրապարակումը արվել է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում նախապատրաստվող քաղաքական իրադարձության, այն է` ՀՀ իշխող կուսակցությունների միջև ստորագրվելիք կոալիցիոն հուշագրի շուրջ քննարկումների լույսի ներքո, ինչը կրկին հաստատում է խնդրի առնչությունը հանրային շահերին:

Հոդվածը պարունակում է նաև անմիջականորեն ՀՀ երկրորդ Նախագահ Ռ. Քոչարյանին ուղղված քննադատական արտահայտություններ, որոնք նրա կողմից վիճարկվել են դատարանում, մասնավորապես.

5.1

«… Մտքով ինչ անցներ, թե Քոչարյանը անցուդարձին չի դիմանա և իր անմտությամբ ասպարեզ կիջնի…» «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ: Ինչպես մի երկու տարի առաջ դատարկախոսել էր` իբր աֆրիկյան սաֆարիում որսորդների հետ կենդանիներից է շատախոսել, երբ ինքն ուղղակի չգիտի ոչ մի լեզու, որով աֆրիկյան մայրցամաքում կարելի է մարդկանց հետ հաղորդակցվել, այժմ էլ` ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե իբր ՀՀԿ ղեկավարները, ողջ թե մահացած, մի այնպիսի ոչնչություն էին, որ կուսակցության նախընտրական ցուցակները անուն առ անուն իր հետ էին համաձայնեցնում»: «Եթե 2007-ին Քոչարյանն իբր այնպիսի ազդեցություն ուներ, որ անուն առ անուն ՀՀԿ-ի ցուցակ էր ստուգում, մի կուսակցություն էլ (ՀՅԴ-ն) ուղղակի գրպանում էր պահում, երրորդ կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը որտեղի՞ց էր ծագել: «Եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իր վերահսկողության տակ էին, ո՞ւմ կամ ինչի՞ն չէր վստահում, որ իր բիզնես-պրոյեկտ ԲՀԿ-ն էր ասպարեզ իջեցնում: Միանգամայն հասկանալի է, որ ինքը ոչ մեկին էլ չի վերահսկել, ոչ մեկին էլ չի վստահել, դրա համար էլ նոր ուժ է ստեղծել ի դեմս ԲՀԿ-ի: Իսկ եթե տեղապահի մտքով կանցնի ճամարտակել` իբր ԲՀԿ-ն ինքը չի ստեղծել` գաղափարից մինչև կառույց ու անդամագրված անձինք, թող նման հեքիաթներն իր հայրենի եզերքի հավերին ու սագերի՞ն պատմի»: «Երևի տեղապահ Քոչարյանը ոչ միայն մտքի, այլեւ` հիշողության կարճության խնդիր ունի: Երևի չի հիշում, թե 2003-ի նախագահական ընտրություններում ինքն ինչ ողորմելի վիճակում էր»:

Վերոնշյալ արտահայտությունների իրավաչափության վերաբերյալ եզրակացության հանգելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացում կազմել դրանց բնույթի վերաբերյալ:

Արտահայտվելու ազատության իրավունքի խախտումների վերաբերյալ գործերով Եվրոպական դատարանը տարանջատում է կատարում փաստերի և գնահատողական դատողությունների միջև` համարելով, որ եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատողական դատողությունները ապացուցելի չեն. գնահատողական դատողությունների ապացուցումն անհնարին է, քանի որ դրանք վերաբերում են համոզմունքների, նախապատվությունների ոլորտին: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ը նշել է, որ գնահատողական դատողության և դրա փաստական հիմքի միջև կապի անհրաժեշտությունը տարբեր է` կախված կոնկրետ գործի հանգամանքներից:

Մատնանշված արտահայտությունների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դրանք հոդվածի հեղինակի կողմից արված գնահատողական դատողություններ են: Որպես այդպիսիք` դրանք զուրկ չեն որոշակի փաստական հիմքից, այն է` Ռ. Քոչարյանի կողմից տարբեր ժամանակներում արված հայտարարություններից և հանրային տիրույթում շրջանառվող լուրերից, կարծիքներից և ասեկոսեներից: ՄԻԵԴ-ը նաև սահմանել է, որ ՙհանրային հսկող շան՚ իրենց դերը կատարելիս` լրատվամիջոցների լուսաբանումը ՙպատմությունների՚ կամ ՙասեկոսեների՚ կամ ՙհանրային կարծիքի՚ լույսի ներքո պետք է պաշտպանվի, եթե այն լիովին անհիմն չէ:

5.1.1

«Իհարկե, այնպիսի դավաճանության, պետական ու տնտեսական հանցագործությունների ու, ամենակարևորը` արյան մեջ թաղված կենսագրություն, ինչպիսին իրենն է, այս երկրագնդի վրա հատուկենտ արարածներ են ունեցել: Նման գարշելի կենսագրությունները սովորաբար միայնակ էլ կերտում են»:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ ձևակերպմանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո համարում ենք այն խնդրահարույց հետևյալ պատճառաբանությամբ. վերը նշված արտահայտությունը կարող է դիտվել որպես փաստերի շարադրանք (statement of fact), որով ՀՀ երկրորդ Նախագահը մեղադրվում է որոշ հանցագործությունների կատարման մեջ:

ՄԻԵԴ-ը իր կողմից քննած գործերից մեկում նշել է.

«Հոդվածը գրված է այնպիսի եղանակով, որ ընթերցողի մոտ որևէ կասկած չի թողնում հրապարակված նյութի ճշմարտացիության մասին և ոչ էլ որևէ հղում է արվել աղբյուրի վրա: Հետևաբար, չի կարելի ասել, որ լրագրողը…զուտ տեղեկացրել է այն մասին, ինչ խոսում էին այլոք և որ նա զուտ կատարել է այդ տեղեկության վկայակոչում` իր անձը հեռու պահելով դրանից: Ընդհակառակը, վիրավորական բնույթի պնդումները նա ներկայացրել է որպես իր սեփական պնդումներ և, հետևաբար, ընկերությունը, որը հրապարակել է դրանք, պատասխանատվություն է կրում դրանց ճշմարտացիության համար»:

Փաստերի շարադրանք պարունակող արտահայտությունների հետ կապված ՄԻԵԴ-ի միանշանակ դիրքորոշումը հետևյալն է. “Արտահայտվելու ազատությունը ենթադրում է պարտավորություններ և պատասխանատվություն և 10-րդ հոդվածով լրագրողների համար ամրագրված երաշխիքը կիրառվում է պայմանով, որ նրանք գործում են բարեխղճորեն` տրամադրելու ճշգրիտ և արժանահավատ տեղեկություններ` պահպանելով լրագրողական էթիկայի պահանջները՚: Ըստ այդմ, նմանատիպ գործերով պատասխանողից պահանջվում է ներկայացնել ապացույցներ հաստատելու իր պնդումները, այդ թվում` դրանց լայնորեն հայտնի փաստ լինելու հանգամանքը, ինչպես նաև լրագրողի կողմից անկախ ուսումնասիրություն կատարելու հանգամանքը: ՄԻԵԴ-ի ձևավորված դիրքորոշման համաձայն` մինչ մամուլի դերը, անկասկած, ենթադրում է իրազեկման պարտականություն հանրային շահին վերաբերող հարցերում, կոնկրետ անձանց ուղղակիորեն մեղադրելը` նրանց անունների ու պաշտոնների մատնանշմամբ, պարտավորեցնում է պատասխանողին ներկայացնել իրենց պնդումների համար բավարար փաստական հիմքեր: ՄԻԵԴ-ի դիրքորոշումը նաև այն է, որ իրավասու մարմնի կողմից քրեական մեղադրանքը հիմնավորելու ապացուցման չափորոշիչը հազիվ թե կարելի է համեմատել այն չափորոշիչի հետ, որը պետք է պահպանվի լրագրողի կողմից հանրային շահին վերաբերող հարցերի շուրջ իր պնդումներում:

Հետևաբար, վերոհիշյալ արտահայտության վերաբերյալ վերջնական եզրակացությունը կախված կլինի պատասխանողի կողմից դատարանում ներկայացվելիք հիմնավորումներից:

5.2. «Ինքնակոչ նամակ Քոչարյանի անունից», «Անձամբ Քոչարյանից` սխալներով և ստորագրությամբ” վերտառությամբ հոդվածների վերաբերյալ

Նշված հոդվածներից հայցադիմումում մեջբերվել են հետևյալ արտահայտությունները.

«Հետևաբար իմաստ չունի վկայակոչել այն ինչ գոյություն չունի` Քոչարյանի բարի համբավ: Ավելի գործնական կլինի օրենքի պահանջը բավարարել` հայտարարել, թե Քոչարյանը զբաղվում է գործարարությամբ, ունի գործարար համբավ, հոդվածն էլ դրան վնասել է: Կամ էլ համբավի թեման թողնել հանգիստ:…» «… Պարզ է, որ կյանքում Քոչարյանին անձնագիր պետք չի գալիս, արտերկիր էլ երևի մեկնում է դիվանագիտական անձնագրով: Բայց ինչ արած … անողոք իրականություն է` անձնագրի ուժը կորցնելուց երեք տարի անց հնարավոր չէ այդ անձնագրով քաղաքացիական հարաբերություն ստեղծել և լիազորություններ տալ: Այնպես, որ 1998-ին անձնագիր ստանալուց և ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո այժմ էլ երկրորդ անգամ պետք է պրն. Քոչարյանը դիմի` անձնագիրը փոխի և ուժի մեջ համարվող անձնագրով լիազորագիր տա, որպեսզի կարողանա իր հոդվածի հերքում պահանջել (կամ էլ կարող է անձամբ պահանջել` անձնագիրը թողնելով մի կողմ):…» «… գոնե այս երկրի անունը, որի քաղաքացին, էլ չասած նախագահն ես եղել, պետք է գրել կարողանալ կամ սխալ գրված լինելը նկատել թղթին ստորագրություն դնելուց առաջ:..»:

Վերոնշյալ արտահայտությունների, որպես գնահատողական դատողությունների, իրավաչափության վերաբերյալ ամբողջովին կիրառելի է եզրակացության 4.1.1. կետում ներկայացված վերլուծությունը:

6. ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ՄԻԵԴ-ը տարիներ շարունակ ընդգծել է, որ մամուլը յուրահատուկ տեղ է զբաղեցնում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանության համակարգում, քանի որ մամուլը ոչ միայն իրավունք, այլ պարտավորություն ունի տեղեկություններ և գաղափարներ տարածելու հանրային շահին վերաբերող ցանկացած հարցի շուրջ, իսկ հանրությունն իրավունք ունի դրանք ստանալու: Բացի այդ, “լրագրողական ազատությունը ներառում է նաև չափազանցության և նույնիսկ սադրանքի որոշակի աստիճան”: Եվ վերջապես, սանկցիայի կիրառման հանդեպ ունեցած վախը, ըստ ՄԻԵԴ-ի, “սառեցնող ազդեցություն” ունի արտահայտվելու ազատության իրականացման վրա:

ՄԻԵԴ-ը, այնուհետև, հետևողականորեն պնդել է, որ ՙընդունելի քննադատության սահմանները շատ ավելի լայն են քաղաքական գործչի պարագայում, քան մասնավոր անձի: Ի տարբերություն վերջինիս` առաջինն անխուսափելիորեն և գիտակցաբար բաց է իր յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ քննարկման առջև ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից և, հետևաբար, պետք է դրսևորի հանդուրժողականության առավել բարձր աստիճան՚: Բացի այդ, ՄԻԵԴ-ի համար խիստ կարևոր է նաև, թե հրապարակումը որքանով է ազդել քննադատության թիրախ դարձած գործչի քաղաքական կարիերայի և մասնագիտական կյանքի վրա:

Վերջապես, միջամտության համաչափության հարցում ՄԻԵԴ-ի մոտեցումը պահանջում է, որպեսզի պահանջվող փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարանները հաշվի առնեն այն անձանց սահմանափակ միջոցները, որոնց դեմ բերվում են զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը: Մասնավորապես` Ռոմանենկոն և այլոք ընդդեմ Ռուսաստանի գործում ՄԻԵԴ-ը համարել է, որ դիմումատուի խոսքի ազատության իրավունքը խախտվել է նաև այն պատճառով, որ ներպետական դատարանները չեն վերլուծել, թե դիմումատուի եկամուտների որ մասն են կազմել պահանջվող գումարները և արդյոք դրանցով չափից ավելի մեծ բեռ չի դրվել նրանց վրա: Մինչդեռ, դիմումատուի պնդմամբ, ինչը չէր վիճարկել ՌԴ կառավարությունը, պահանջվող գումարները հավասար են եղել նրա չորս ամսվա եկամուտներին և հետևաբար եղել են անչափ խիստ:

Սույն գործով հայցվորի կողմից պահանջվող փոխհատուցման ու դատական ծախսերի չափը չի բխում միջամտության համաչափության պահանջից, ենթադրաբար գերազանցում է գործում ներգրավված լրատվամիջոցի եկամուտները, իսկ փաստաբանական ծառայությունների դիմաց պահանջվող վարձատրությունը ակնհայտորեն չի համապատասխանում ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ առաջադրվող խելամտության պահանջին, այլ նաև այս հարցի շուրջ ՀՀ փաստաբանների պալատի վերջերս արտահայտած դիրքորոշմանը:

7. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների, վերլուծությունների և չափանիշների լույսի ներքո` միջամտությունը պատասխանող կողմ հանդիսացող լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքի իրականացմանը, հրապարակումների մեջ տեղ գտած գնահատողական դատողությունների մասով, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, իսկ որոշ վիճահարույց արտահայտությունների մասով միջամտության անհրաժեշտությունը կախված կլինի պատասխանողի կողմից ներկայացվելիք հիմնավորումներից:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ

Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Skip to content