Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը, որի համաձայն, փաստորեն Հայաստանում ներդրվում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ողջունելի է համարում, սակայն չի կարծում, թե հեղափոխական որոշում էր: «Ես մինչև տեքստը չտեսնեմ, չեմ կարող որակում տալ: Կարող եմ ասել ուղղակի, որ նման որոշում ընդունելու պահն էր հասունացել: Մենք ուղղակի օգտվեցինք այդ պահից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը:

 

Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրման ջատագովները Արա Ղազարյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էին, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի վճիռներից հետո նրանք դիմեցին Սահմանադրական դատարան` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, քանի որ այդ դրույթով բարոյական վնասը չէր նշվում վնասների թվում:

 

Հակասահմանադրական ճանաչված հոդվածում բարոյական վնասի մասին չէր խոսվում, իսկ «վնաս» հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ. «Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)»: Միաժամանակ ՍԴ-ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014թ.-ի հոկտեմբերի 1-ը:

 

Արա Ղազարյանի խոսքով, Սահմանադրական դատարանի այս որոշմանը դեպքեր են նախորդել. մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2 վճիռներ են ընդունվել, որոնցով եվրոպական դատարանը սահմանել է, որ կյանքի իրավունք խախտման, արգելված վերաբերմունքի դրսևորման և անօրինական կալանքի դեպքում պարտադիր է բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում: «Այդ ընթացքում էլ Հայաստանում զարգացումներ էին գնում` փաստաբանները արդարացման որոշումներ ունեինմ դիմում էին բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար, սակայն բարոյական վնասի դիմաց մերժում էին ստանում, որովհետև դա չէր սահմանվում օրենսդրությամբ: Եվ ՍԴ-ն ընդունեց երկու որոշում որով մի առիթով նշել է, որ Հայաստանում իրականում կա բարոյական վնասի փոխհատուցման վնասի ինստիտուտ, բայց ոչ նյութական փոխհատուցման տեսքով` ասենք ներողություն, նյութական մասը բաց է մնում, մինչդեռ եվրոպական դատարանը պահանջում է բոլոր դեպքերում պարտադիր նյութական սահմանել երբ չափից ավելի խիստ բնույթի է խախտումը», -ներկայացրեց պարոն Ղազարյանը:

 

Իրավաբանը նաև մատնանշեց ՍԴ մի որոշում, որի համաձայն, օրենսդրության մեջ իրավունքի բացը կարող է հակասահմանադրականության խնդիր առաջացնել: «Ահա այդ ամբողջը հիմքում մենք դիմեցինք ՍԴ` խնդրելով ասել, օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական ճանաչել: Եվ փառք Աստծո, ՍԴ-ն որոշեց, որ դա հակասահմանադրական է: ՍԴ որոշում կա, և դա ավելի բարձր է քան օրենքը, այսինքն` եթե ժամկետ էլ սահմանել է, ապա օրենսդիրը պետք է փոփոխություն կատարի օրենքում: Կարծում եմ, որ բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցումը, որպես ունիվերսալ իրավունք, բոլոր իրավահարաբերություններում քաղաքացին պետք է իրավունք ունենա հայցել փոխհատուցում», -նկատեց Արա Ղազարյանը:

 

Մասնագետն այն կարծիքին է, որ մինչև Եվրոպական դատարանը իր որոշումներով ճնշում չի գործադրում, Հայաստանում տեղաշարժեր չեն գրանցվում: «Իհարկե, կան ոլորտներ, որտեղ մենք ավելի բարձր չափանիշներ ենք սահմանել մարդու իրավունքների պաշտպանվածության, քան Եվրոպական դատարանն է արել: Բայց այս առումով ոչ մի քայլ չէր արվում: Այդքան երկար տարիներ խոսվում էր, թե ինչն էր պատճառը այն դեպքում, երբ օրինակ` Ռուսաստանի Դաշնությունը նման ինստիտուտ ունի», -ասաց պարոն Ղազարյանը:

 

Հարցին, թե հնարավո՞ր է այս որոշումից հետ զանգվածային լրատվամիջոցների դեմ արշավ սկսվի, Ղազարյանը պատասխանեց, որ նման զարգացումն հավանական չէ: «Դե, արդեն պետք է օրենսդիրը կարգավորներ մտցնի բոլոր հոդվածներում: Այստեղ վճռական խոսքը դատարաններինն է: Օրինակ, դատարանները մեկ տարվա ընթացքում զրպարտության և վիրավորանքի գործերով կարողացան լրատվամիջոցներին պաշտպանել բարձր փոխհատուցման պահանջներից: Այսինքն` դատական ստուգումը շատ կարևոր է` ինչպես դատարանները կմիջամտեն, այնպես էլ զարգացումները կգնան», -հավելեց մասնագետը:

 

Աղբյուրը` Panorama.am

Skip to content