2016 թվականի նոյեմբերի 1-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Հայաստանում լրագրողների դեմ բռնությունների կիրառման դեպքերի քննության վերաբերյալ իր կարծիքը: 

Փաստերը

22015թ. հունիսի 23-ին էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երևանի Բաղրաման պողոտայում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը և նստացույցը դադարեցնելու նպատակով ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառեց հատուկ միջոցներ, որի արդյունքում բազմաթիվ ցուցարարներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բռնություններ կիրառվեցին նաև  բազմաթիվ լրագրողների նկատմամբ, ովքեր Բաղրամյան պողոտայում լուսաբանում էին իրադարձությունները։ Բռնությունների արդյունքում մի շարք լրագրողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել ու ոչնչացվել է նրանց տեսաձայնագրող սարքերը, ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեություն։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) 2015թ հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), 164-րդ հոդվածի 2-րդ (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 185-րդ հոդվածի 1-ին մասով ((ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հարուցվել է թիվ 62217915 միասնական քրեական գործը: Մի շարք լրագրողներ ստացել են տուժողի կարգավիճակ, հարցաքննվել են որպես վկա։

2016թ. օգոստոդի 22-ին ՀՔԾ-ն տարածեց հայտարարություն այն մասին, որ ոստիկանության չորս աշխատակիցների՝ N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանի, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանի եւ Արթուր Այվազյանի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հիմքով առաջադրված մեղադրանքի շրջանակներում նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է վերահսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։ 

Նշված դեպքերից անցել է արդեն մոտ մեկ տարի և հինգ ամիս, սակայն որևէ քրեական գործ դեռ լուծում չի ստացել։ Ավելին, չի ավարտվել նաև գործերի մեծ մասի նախաքննությունը։ Թեև հայտարարվում է, որ նախաքննությունն ավարտվել է չորս գործով, սակայն նույն քրեական գործով տուժող են ճանաչվել 21 լրագրող եւ օպերատոր։

Սույն գործի տարբերությունը այլ քրեական գործերից այն է, որ հանգամանքների բերումով առկա են մեծ թվով տեսաձայնագրություններ լրագողների նկատմամբ առերևույթ բռնությունների մասին, որի պայմաններում պետք է որ քրեական գործի քննությունը չձգձվեր և նախաքննությունը պետք է որ ավարտված լիներ։ Ավելին, որոշ լրագրողներ, ինչպես օրինակ www.lragir.am լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը, ոստիկանությանը տրամադրել է տեսանյութեր առերևույթ բռնությունների մասին, սակայն դրանք ընդամենը կցվել են քրեական գործի նյութերին և դրանցում առկա տեղեկությունների առթիվ որևէ քննություն չի կատարվել։ Ըստ հավաքված տվյալների, որպես տուժող ճանաչված լրագրողների նկատմամբ ամիսներ շարունակ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել։

Վերը նշված իրավիճակը բարձրացնում է տուժած լրագրողների և ողջ լրագրողական համայնքի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների կամայականությունների ու անօրինականություններից պաշտպանվելու դեմ երաշխիքի խախտման հարց. իշխանությունները չեն ապահովում լրագրողական համայնքի ազատ արտահայտվելու իրավունքը այլոց ոտնձգություններից։ Ավելին, տվյալ դեպքում պետական մարմնի աշխատակիցներն են կատարել ոտնձգություն լրագրողական ազատության դեմ, որի առումով չի ապահովվում խախտումների արագ ու արդյունավետ քննություն։

Եզրահանգում

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված իրավիճակը կրկնվում է տարիներ շարունակ։ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղի ունեցած բռնությունների փաստով հարուցված քրեական գործերը նույնպես դեռ լուծում չեն ստացել։ Այդ դեպքերի առնչությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հրապարակային հայտարարությամբ՝ պահանջելով իշխանություններից հարուցել քրեական գործ ու կատարել մանրամասն ու անաչառ քննություն։ Բռնությունների փաստի առթիվ հրապարակայնորեն իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, հայարարելով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների անպատժելիությունը չի կարելի հանդուրժել։ Բռնությունների փաստերը հավաքագրվել ու վերլուծվել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից։ Դրանք հրապարակված են կոմիտեի կայքում (www.khosq.am)։ Թեև բռնությունների փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) կամ 149-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), այդուհանդերձ, որևէ գործով քննությունը դեռ չի ավարտվել և որևէ քրեական գործը նույնպես լուծում չի ստացել։

Ավելորդ չենք համարում նշել, որ բռնությունների և, ընդհանրապես, լրագրողական մասնագիտական պարտականությունների խոչընդոտման փաստերով արդյունավետ քննություն չկատարելը համընդհանուր սառեցնող ազդեցություն է թողնում հանրության համար կարևոր նշանակություն ունեցող դեպքերի վերաբերյալ տեղեկատվական նյութի ազատ հոսքի վրա, որից տուժում է տեղեկացված լինելու հանրային շահը։ Յուրաքանչյուր գործով արդյունավետ ու անկախ քննություն կատարելու հանգամանքը ոչ միայն ծառայում է տվյալ լրագրողի խախտված իրավունքի վերականգնմանը, այլ նաև նվազեցնում է ապագայում լրագրողի նկատմամբ ոտնձգություն կատարելու վտանգը։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, արդյունավետ քննություն կատարելու իշխանությունների պարտականությունը երբեք չի դադարում գործել, քանի որ հակառակ դեպքում այդ հանգամանքը կհանգեցնի անպատժելիության և անվտանգության բացակայության տվյալ տարածքում՝ այդպիսով ստեղծելով արատավոր շրջանակ (Yaşa v Turkey, No. 63/1997/847/1054, 2/09/1998)։Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն փաստագրել է լրագրողների նկատմամբ ճնշումների և բռնության դեպքերը 2008-2015թթ ժամանակահատվածում և պարզել, որի մի կողմից առկա է լրագրողների նկատմամբ բռնությունների հարյուրից ավելի դեպք, իսկ մյուս կողմից առկա է միայն մեկ կամ մի քանի լուծում ստացած քրեական գործ։

Վիճակագրական այս երկու տվյալների համադրությունը բացահայտում է վերը նշված արատավոր շրջանակի առկայություն, որի համար պատասխանատու են իշխանությունները, քանի որ վերը նշված ժամանակահատվածում բռնությունները ճնշող մեծամասնությամբ իրականացվել են ոչ թե մասնավոր անձանց, այլ պաշտոնատար անձանց կողմից։ Նման իրավիճակը բարձրացնում է իշխանությունների կողմից լրագրողական համայնքի նկատմամբ քաղաքական անհանդուրժողականության մասին հարց։ 

Այս կարծիքը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Խոսքի ազատության ոլորտում վեճերի արտադատական լուծումների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված տեսակետներն ու հետևությունները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետները:      

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական

գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան— Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content