2016 թվականի հունիսի 30 -ին Տեղեկատվական վեճերի խորհրուրդը հրապարակել է Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետի գործի վերաբերյալ իր կարծիքը: 

Գործի հանգամանքները

2016 թվականի ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճ հարցազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել ոստիկանապետին ոստիկանության բարեփոխումների մասին։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ոստիկանությունը շարունակում է քաղաքացիական ակտիվիստներին բերման ենթարկելու պրակտիկան, հետևաբար բարեփոխումները նկատելի չեն, ՀՀ ոստիկանապետը հակադարձել է. «դա տեսողության, լսողության եւ հասկանալու խնդիր է. ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի մարդիկ կան, որ ուզում են դա տեսնել, մարդիկ կան՝ չեն ուզում տեսնել։ Ես կարծում եմ, որ լրագրողները, եթե իհարկե նրանք լրագրողներ են, ոչ թե բեյջերը բաժանած տղաներ եւ աղջիկներ, բոլորս էլ գիտենք, որ ընտրություններում բեյջեր են բաժանում… երբ լրագրողը չի խոչընդոտում, կարող են լինել նաև սխալներ, բայց մենք տեսնում ենք մեր սխալները և ուղղում, բարեփոխվեք սիրելիներս, դուք շատ հին եք, դուք հին եք մնացել, դուք դեղնում եք, գունաթափվում եք»։ Այնուհետև լրագրող Սիրանույշ Պապյանը, հակադարձելով վերը նշված դիտարկմանը,  նշել է, որ «մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները», որին ի պատասխան ոստիկանապետը պատասխանել է «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։

Սույն թվի մայիսի 2-ին Սիրանույշ Պապյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանապետի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (քաղ. գործ թիվ ԵԿԴ/1676/02/16) Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման հիմքով։ Հայցվորը դատարանից խնդրել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետին ներողություն խնդրել հրապարակավ իրեն վիրավորելու համար։ Դատական վարույթն ընթացքի մեջ է, առաջին դատական նիստը նշանակված է սույն թվի հուլիսի 26-ին։ 

 

Եզրակացություն

 

Խորհուրդը իր նախկին որոշումներում բազմիցս անդրադարձել է այն հարցին, որ ժողովրդավարական հասարակարգում լրատվամիջոցները և լրագրողները ունեն հատուկ առաքելություն, այն է տարածել տեղեկություններ ու գաղափարներ հանրային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, իսկ հանրությունն իրավունք ունի ստանալու նման տեղեկությունների ու գաղափարների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիմնական կրողները լրագրողներն են ու լրատվամիջոցները։  ՀՀ Սահմադրական դատարանը այս առումով հայտարարել է, որ հասարակական և քաղաքական (հանրային) գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Ի տարբերություն վերջինների` հանրային և քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում: Դա բխում է նաև ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից, քանի որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաև հանրային ծառայության միջոցով, և այդ ծառայությունը կրող անձանց հանրային և մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ:  Այս վերջին պայմանը ստիպում է քաղաքական գործիչներին ու հանրային պաշտոնյաներին դրսևորել առավել մեծ հանդուրժողականություն ազատ խոսքի հանդեպ, քան մասնավոր քաղաքացիները։

 

Տվյալ դեպքում լրագրողը հարցազրույցի ընթացքում բարձրացրել է հանրային նշանակություն և հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրի մասին հարց. մի կողմից ոստիկանական համակարգում արդեն տևական ժամանակ ընթացող և այդ մասին լայնորեն ազդարարվող բարեփոխումները և մյուս կողմից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ շարունակվող հետապնդումները։  Այսինքն, լրագրողի հարցադրումը, որը որոշակի հռետորական բնույթի էր, նպատակ ուներ ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել բարեփոխումների քաղաքականության և հիմնարար իրավունքների շարունակվող խախտումների միջև հակասության վրա, որն անկասկած ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող և հանրությանը հուզող կարևոր հարց է։ Ի պատասխան նման հարցադրմանը, ոստիկանապետը անձնավորել է իր պատասխանը՝ թիրախավորելով լրագրողի անձը և սեռը։ Ցանկացած թիրախավորում ինքնին բարձրացնում է նաև խտրականության մասին հարց։

Նման պայմաններում հնարավոր չէ ասել, որ հանրային պաշտոնյան դրսևորել է անհրաժեշտ զսպվածություն ու հանդուրժողականություն, որի պայմաններում Խորհուրդը գտնում է, որ տեղի է ունեցել լրագրողի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անիրավաչափ միջամտություն։ 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան – անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան— Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content