2013 թվականի հուլիսի 31- ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է ՏՎԽ կարծիքը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բերված բողոքի կապակցությամբ: 

 

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

07.11.2012թ.-ին հարուցվել է քաղաքացիական գործ Գյումրի քաղաքի սննդամթերքի անվտանգության ծառայության կենտրոնի պետ Համբարձում Մաթևոսյանի կողմից ընդդեմ չորս քաղաքացիների` «Ազգ» օրաթերթում հրապարակված մի տեղեկատվության կապակցությամբ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից «Ազգ» օրաթերթը ներգրավվել է որպես երրորդ անձ, քանի որ որոշումը շոշափում էր լրատվամիջոցի օրինական շահերը։ 2013 թվականի հունվարի 21-ի դատական նիստում կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի, պատասխանողները պարտավորվել են վճռի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում գրավոր հերքում տալ «Ազգ» օրաթերթում, իսկ վերջինիս չգործելու դեպքում` «նույն տպաքանակով մեկ այլ թերթում, ինչպես նաև Ինտերնետ կայքում` www.hetq.am»: 

 

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն բողոքարկել է վճիռը Քաղաքացիական վերաքննիչ դատարան այն հիմքով, որ նշված ինտերնետային կայքի հիմնադիրն է, և հաշտության համաձայնությամբ ընկերության վրա դրվել է պարտականություն, մինչդեռ վերջինս ներգրավված չի եղել դատավարությունում որպես կողմ և այդ հիմքով զրկված է եղել իրավական պաշտպանության հնարավորությունից։ Ընկերությունը տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էր դատարանը պարտականություն սահմանել դատավարության կողմ չհամարվող իրավաբանական անձի նկատմամբ։ Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքն այն պատճառաբանությամբ, որ հաշտության համաձայնության մեջ «Հետք» ինտերնետային կայքի վերաբերյալ նշվածը ոչ թե դատարանի կողմից կայքի նկատմամբ սահմանված պարտականություն էր, ալլ պատասխանողների կողմից ստանձնած պարտավորություն: Ընկերության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն վերջինս վերադարձրել է բողոքը։

 

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի ներքո, յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների դատական պաշտպանության իրավունք։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի դատական քննության իրավունք։ Տվյալ դեպքում դատարանի կողմից հաստատվել է մի համաձայնագիր, որը լրատվամիջոցի համար սահմանում էր պարտականություն` այլոց հերքման տեքստի հրապարակում։ Հետևաբար, նշված դատաքննությամբ որոշվում էր լրատվամիջոցի պարտականության մասին հարց։ Նման հանգամանքի ներքո անհրաժեշտ էր լրատվամիջոցի համար ապահովել դատական քննության իրավունքից օգտվելու հնարավորություն` նրան ներգրավվելով որպես դատաքննության կողմ։ Քանի դեռ այս իրավունքից օգտվելու հնարավորություն չէր տրվել, դատարաններն իրավունք չունեին հաստատել հաշտության համաձայնությունը, քանի որ ՀՀ քաղաքացիական դատարանի 33-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո, դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Վերաքննիչ դատարանը և առաջին ատյանի դատարանը, փաստորեն, լրատվամիջոցին զրկել են իրավական պաշտպանության հնարավորությունից` կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի ներքո։ 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

Skip to content