Հունիսի 30, 2021թ.                                                                     

ք. Երևան

 

Գործի հանգամանքները

2021 թվականի ապրիլի 19-ին գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է դատական հայց ընդդեմ https://yerevan.today լրատվական կայքի՝ վերջինիս կողմից հրապարակված հետևյալ նյութի համար․

Զգուշացեք. Խաչատուր Սուքիասյանի բենզինը փչացնում է մեքենաները. Դեժավյու։

Վերջերս հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (մականունը Գռզո), որը փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օլիգարխը, ձեռք է բերել «Ran Oil» ընկերությունը: Թվում էր, թե չմեծացող շուկայի պայմաններում, նա լուրջ մրցակցություն կստեղծի և դաշտում գործող այլ ընկերություններից հաճախորդներ կփախցնի, այդպիսով հարստացնելով իր և Փաշինյանի անկուշտ ընտանիքների ախորժակը: Սակայն, բենզինի և դիզվառելիքի շուկայում յուրահատուկ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Իսկ իրականությունը և պարադոքսը կայանում է նրանում, որ այս ընթացքում, գրեթե բոլոր մրցակիցների մոտ, հաճախորդների աննախադեպ աճ է գրանցվել (Ֆլեշ, CPS, Max oil): Խնդիրը նրանում է, որ Սուքիասյան Գռզոն, ընկերությանը իր տիրապետության տակ առնելուց հետո, սկսել է ներկրել չափազանց ցածր գնով և անորակ վառելիք, ինչի հետևանքով հաճախորդների մեքենաների շարժիչները կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս: Այդ ինֆորմացիան արագ տարածվում է վարորդների շրջանում և նրանք համատարած հրաժարվում են սպասարկել «Ran Oil» բենզալցակայաններից: Սուքիասյանին և Փաշինյանին մեկ է, որ վարորդների մեքենաները շարքից դուրս են գալիս, իրենք իրենց եկամուտն են արագորեն հավաքում, որտեղից որքան կարող են, քանի Նիկոլը վարչապետ է:

Հայցվորը նշել է, որ հետևյալ արտահայտությունները զրպարտություն են․

«(…) Խաչատուր Սուքիասյանը, Ran Oil ընկերությունն իր տիրապետության տակ առնելուց հետո, սկսել է ներկրել չափազանց ցածր գնով և անորակ վառելիք, ինչի հետևանքով հաճախորդների մեքենաների շարժիչները կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս (…)»:
«(…) Վերջերս հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (մականունը Գռզո), որը փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օլ
իգարխը, ձեռք է բերել Ran Oil ընկերությունը (…)»:
-«(…) Սուքիասյանին և Փաշինյանին մեկ է, որ վարորդների մեքենաները շարքից դուրս են գալիս, իրենք իրենց եկամուտն են արագորեն հավաքում, որտեղից որքան կարող են, քանի Նիկոլը վարչապետ է(…)»:

Հայցվորը դատարանից պահանջել է լրատվամիջոցին պարտավորեցնել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և վճարել  փոխհատուցում:

Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է նույնաբովանդակ հայցեր նաև news.am, asekose.am, armday.am, yerkir.am, 168.am և pastinfo.am լրատվամիջոցների դեմ՝ պահանջելով պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, դատարանի վճիռը հրապարակել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել և վճարել փոխհատուցում։ Ընդ որում, armday.am լրատվական կայքի դեմ ներկայացված հայցի շրջանակներում դատարանը նաև բավարարել է հայցվորի միջնորդությունը և հայցագնի՝ 3,000,000 դրամի չափով արգելանք է կիրառել այդ ԶԼՄ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա։ Մնացած գործերով դատարանները արգելանքի մասին նույնանման միջնորդությունները մերժել են։

Ի հավելումն, նույն օրը «Մեգա Թրենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նույնաբովանդակ հայցեր է ներկայացրել ընդդեմ news.am, armday.am, asekose.am, 168.am և yerevan.today.am կայքերի դեմ՝ պնդելով, որ վիճահարույց հոդվածները զրպարտել են ընկերության գործարար համբավը։ Այս հայցերի կապակցությամբ ներկայացված արգելանքի վերաբերյալ դիմումները դատարանները նույնպես մերժել են։

Եզրակացություն

Վիճահարույց նյութը, որը yerevan.today-ից արտատպել են վերոհիշյալ կայքերը, վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի՝ ավտոմեքենաների համար ներկրվող  վառելիքի որակին, որն արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկման առարկա է հասարակության որոշ շրջանակների, հատկապես վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի մոտ։ Հրապարկումը քննադատորեն դիտարկում է ոչ միայն գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռան Օյլ» ընկերության կողմից վաճառվող ցածրորակ վառելիքի, այլ նաև այդ ընկերության հետ փոխկապակցված անձի հանրային գործունեության խնդիրը, որի շրջանակում լրագրողը նաև ակնարկել է երկրի քաղաքական ղեկավարության հետ  նրա սերտ կապերի մասին։ Նշված հանգամանքները բարձրացնում են հոդվածի հանրային նշանակությունը։ Թեև անձի կամ կազմակերպության գործարար համբավը նույնպես ենթակա է պաշտպանության ոտնձգություններից, այդ հանգամանքը չի կարող գերակայել հանրային ծառայության որակի վերաբերյալ առկա մտահոգությունների առնչությամբ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու լրատվամիջոցների ազատության իրավունքին։[1]

Այդուհանդերձ, նյութի բովանդակությունը չի ներկայացվել փաստերի ու  տվյալների հիման վրա։  Օրինակ, հեղինակը չի ներկայացրել, թե ինչու էր գտնում, որ ընկերության կողմից ներմուծվող բենզինը «ցածր գնով ու անորակ վառելիք է», որ «մեքենաների շարժիչները կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս»: Նման եզրահանգումները չեն հիմնավորվել փաստերով, տվյալներով, տեղեկություններով:

Մասնագիտական սկզբունքների համաձայն, բարեխիղճ լրագրողը պարտավոր է մինչև նյութի հրապարակումը ստուգել տեղեկությունների հավաստիությունը, սահմանազատել փաստերը, տեղեկությունները և տվյալները կարծիքներից, վերլուծություններից ու մտահանգումներից։ Խնդրո առարկա նյութում այդպիսի սահմանազատում չկա։ Արդյունքում, նյութն ամբողջությամբ հիմնված լինելով հեղինակի վերացական պատկերացումների ու ենթադրությունների վրա՝ կարող է վնաս հասցնել գործարար համբավին և անձի արժանապատվությանը։ Նման մոտեցումը չի համապատասխանում ճշգրիտ և անկողմնակալ տեղեկություններ հրապարակելու մասնագիտական պահանջին։

Նկատենք, որ հոդվածի հրապարակման պահին Խաչատուր Սուքիասյանը դեռ չէր ներկայացրել քաղաքական գործունությամբ զբաղվելու հանրային հայտ, մինչդեռ ավելի ուշ նա ընտրվել է Ազգային ժողովի իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր, և նոր իրավիճակում դատավարությունները կարող են դիտարկվել այլ՝ իշխանության ներկայացուցչի կողմից լրատվամիջոցի նկատմամբ ճնշում գործադրելու համատեքստում։ Ուստի Խորհուրդը հորդորում է պատգամավորին հետ վերցնել իր հայցերը և տեղեկատվական վեճերը լուծելու համար օգտվել արտադատական մեխանիզմներով՝ դիմելով Հայաստանի ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին փորձագիտական կարծիք տրամադրելու խնդրանքով, ինչպես նաև՝ կիրառելով հերքման կամ պատասխանի իրավունքը։

Խորհուրդը նաև առաջարկում է Հայաստանի ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին քննարկման առարկա դարձնել խնդրո առարկա տեղեկատվական վեճը՝ լրագրողական էթիկայի տեսանկյունից և կարծիք հրապարակել այդ առնչությամբ։

[1] Տե՛ս, նման հանգամանքներում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ BERGENS TIDENDEն ու այլող ընդդեմ Նորվեգիայի, թիվ 26132/95, 02/05/2000։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան — Փաստաբան

 

 

 

Skip to content