Գործի հանգամանքները

2021 թվականի ապրիլի 16-ին hayeli.am և news.am լրատվական կայքերը տեսանյութ են տեղադրել լրագրող Անի Գևորգյանի՝ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի վերաբերյալ։ Տեսանյութում[1], պատասխանելով վարողի հարցերին, Անի Գևորգյանը, մասնավորապես, հայտարարել է․


«
․․․ Եթե իրենք պաշտոնյա են, պետք է պատրաստ լինեն պատասխանելու ցանկացած հարցի, և նաև հարգանք պետք է լինի լրագրողների նկատմամբ, որովհետև, երբ դու կանգնում ես, խոսում ես այն բանի մասին, որից քեզ, ընդհանրապես, ոչ մի լրագրող այդ պահին չի հարցրել, լրագրողը դա կարող է մեկ հանդուրժել, երկու հանդուրժել, բայց պարբերաբար նման վարքագիծը հանդուրժել լրագրողները չեն կարող և չեն էլ պատրաստվում: Ըըը, ուզում եմ ասել, որ այս ճղճիմ պահվածքին, այս ճղճիմ գործողություններին շատ անդրադառնալ էլ պետք չէ: ․․․ Տեսեք, եթե իշխանությունները այս ամենի հետ կապ չունեն… Ակնհայտ է, որ իմ նկատմամբ տեղի է ունենում հանցագործություն, ըստ էության: Իմ մանկահասակ երեխան է թիրախավորվել անգամ: Եթե իրենք կապ չունեն, իսկ ես վստահ եմ, որ կապ ունեն: Ավելին, ես վստահ եմ, որ սա անմիջապես Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, որովհետև սա հաջորդել է հենց Ալեն Սիմոնյանի վարքագծին Խորհրդարանում: Ես դրանում, էսպես, վստահ եմ: …»:

2021 թվականի մայիսի 13-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը (որը նույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո ստանձնեց ԱԺ նախագահի պաշտոնը) հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Անի Գևորգյանի (դատական գործ թիվ ԵԴ/21669/02/21)։ Ըստ հայցվորի՝ ասուլիսին հնչեցրած այն միտքը, թե Անի Գևորգյանի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունը և նրա մանկահասակ երեխայի թիրախավորումն անմիջապես Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, հրապարակային հայտարարություն է, որը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Ուստի բարձրաստիճան պաշտոնյան պահանջել է պարտավորեցնել Անի Գևորգյանին՝ հրապարակայնորեն հերքել նշված արտահայտությունը՝ հերքման տեքստը հրապարակելով news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ պատասխանողի Ֆեյսբուքյան էջում, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով։ Հայցվորը նաև պահանջել է պատասխանողից փոխհատուցում 2 միլիոն դրամի չափով, վճարված պետական տուրքի դիմաց՝ 44,000 դրամ, փաստաբանի վարձատրության համար՝ 480,000 դրամ։

Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա դատարւանը «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերությանը ներգրավել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

2022 թվականի մայիսի 23-ին դատարանը կայացրել է վճիռ, որով մասնակի բավարարել է հայցը։ Ելնելով պատասխանողի հայտարարության բովանդակությունից և դիտարկելով այն նյութի ընդհանուր համատեքստում՝ դատարանը գտել է, որ Ալեն Սիմոնյանին վերագրվող գործողությունը օբյեկտիվորեն հակաիրավական արարք է, որը հանրության մոտ կարող է ձևավորել բացասական կարծիք։ Հետևաբար, լրագրողի վերոհիշյալ արտահայտությունները արժանապատվությունը արատավորող են, և դրանց ճշմարտացիությունն Անի Գևորգյանը չի հիմնավորել ու ապացուցել։ Ընդ որում, ըստ դատարանի, հնչած արտահայտությունները նաև չեն կարող որակվել որպես գնահատողական դատողություններ։ Ի պատասխան Անի Գևորգյանի այն պնդումների, թե նշված արարքը նա վերագրել է Ալեն Սիմոնյանին այն պատճառով, որ իրենց՝ լրագրողի և ԱԺ փոխխոսնակի միջև ստեղծվել էին լարված հարաբերություններ, ինչի ապացուցման համար պատասխանողը ներկայացրել էր տեսանյութեր, դատարանը, ուսումնասիրելով դրանք, գտել է, որ արձանագրված դեպքերի և Անի Գևորգյանի ու նրա երեխայի նկատմամբ հրապարակային ոտնձգությունների միջև պատճառահետևանքային կապ չի եղել։

Արձանագրելով վերը նշված խախտումը՝ դատարանը վճռել է  պարտավորեցնել Անի Գևորգյանին՝ հերքել խնդրո առարկա հայտարարությունը և փոխհատուցել հայցվորին 150,000 դրամ ոչ նյութական վնասի համար և 100,000 դրամ՝ փաստաբանական ծախսի դիմաց։ Փոխհատուցման այս չափերը որոշելիս դատարանը հիմնվել է համաչափության սկզբունքի վրա։

2022 թվականի հուլիսի 13-ին Անի Գևորգյանը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Օգոստոսի 12-ին այս ատյանը բողոքն ընդունել է վարույթ, սակայն դատական նիստի օր դեռ չի նշանակվել։

 

  1. Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ՝ ԵԴ/23423/02/20 դատական գործը

Գործի հանգամանքները

2020 թվականի հուլիսի 20-ին iravunk.com լրատվական կայքում և ֆեյսբուքյան «Իրավունք թերթ» էջում հրապարակվել է «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերնագրով հոդված, որում, մասնավորապես, նշվել է.

«Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետությունն արտակարգ դրության ռեժիմում է գտնվում: Իշխանություններն արդեն մի քանի ամիս է, ինչ կրկնում են հետևյալ նախադասությունը. «Այն պատճառները, որոնցով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ, և դրանց արձագանքելու պատշաճ և արդյունավետ մեխանիզմներ ապահովելու համար անհրաժեշտ է կրկին երկարաձգել արտակարգ դրության ժամկետը»:
Շատերի կարծիքով` արտակարգ դրության երկարաձգումը պարզապես քաղաքական խաղ է, մասնավորապես` սոցիալական բունտերից խուսափելու հիանալի միջոց:

Տևական ժամանակ է, ինչ ՀՀ-ում «հպարտ քաղաքացիները» հայտնվել են ծայրահեղ ծանր սոցիալհոգեբանական իրավիճակում: Հիասթափության ալիքն օր օրի ավելի է մեծանում, իսկ գործող իշխանությունները, օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է:
Մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ որոշել է մարտահրավեր նետել ժողովրդին և հատկապես այն մարդկանց, ովքեր դժգոհում են այս իրավիճակից: Վերջինս կարծում է, որ օգոստոսին արտակարգ դրության ռեժիմը չպետք է երկարաձգել
․․․ »:

2020 թվականի օգոստոսի 4-ին Ազգային ժողովի փոխնախագահ (այժմ՝ ԱԺ նախագահ) Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի՝ պահանջելով հերքել վերոհիշյալ հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել 2 միլիոն դրամ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, 44,000 դրամ որպես պետական տուրքի և 800,000 դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար վճարված գումար։

Հայցվորը վիճահարույց հրապարակման մեջ զրպարտող բնույթի հայտարարություն է համարել հետևյալ արտահայտությունը․ «իսկ գործող իշխանությունները, օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է», ու պնդել է, որ դրանով արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը, թե՛ որպես քաղաքացու և թե՛ որպես քաղաքական գործչի:

2021 թվականի սեպտեմբերի 29-ին դատարանը կայացրել է վճիռ, որով մասնակի բավարարել է հայցը՝ պարտավորեցնելով «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։

Դատարանը վճռի հիմքում դրել է այն եզրահանգումը, որ «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է» նախադասությունն իրեն նախորդող մտքի համատեքստում պարունակում է բացասական երանգ, նկարագրում է ՀՀ քաղաքացիների ծանր սոցիալ-հոգեբանական վիճակը, որի ստեղծման պատճառը, ըստ հեղինակի, ՀՀ իշխանություններն են և նրանց կողմից հայտարարված արտակարգ դրությունը։ Ապա՝ արտահայտելով «հիասթափության ալիքի» օրեցօր մեծանալու մասին միտքը, այդ համատեքստում հեղինակը մեջբերել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ու նրան վերագրել այդ նախադասությունը։

Վճռվել է նաև կազմակերպությունից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 4,000 դրամ՝ որպես հայցի բավարարված մասով պետական տուրքի նախապես վճարված գումար, ինչպես նաև 200,000 դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Դատարանն ամբողջությամբ մերժել է 2 միլիոն դրամի չափով փոխհատուցման պահանջն այն հիմքով, որ տվյալ դեպքում, երբ բավարարվել է հերքում տպագրելու հայցվորի պահանջը, իրավական պաշտպանության այդ մեկ միջոցի տրամադրումը համաչափ ու բավարար է, և երկու միջոցների միաժամանակ կիրառելու անհրաժեշտություն չկար։

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Սույն թվականի ապրիլի 29-ին այս ատյանը բավարարել է բողոքը, բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության։ Վերաքննիչ ատյանի այս որոշումն ընդունվել է այն հիմքով, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցված չի եղել դատական քննության օրվա մասին, ինչի պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել դատական նիստին, և վճիռը կայացվել է նրա բացակայությամբ։

Ներկայումս գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ վերսկսվել է դատական քննությունը։

Այս տեղեկատվական վեճում էական է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի հուլիսի 9-ին, այսինքն՝ խնդրո առարկա հոդվածի լույս տեսնելուց 11 օր առաջ,  aravot.am լրատվական կայքը հրապարակել է  «Սա լկտիություն, հանցագործություն եւ անշնորհակալ միջավայր է». Ալեն Սիմոնյանի թեժ զրույցը՝ ԱԺ-ում» վերնագրով հարցազրույց ու տեսանյութ, որոնց բովանդակությունից պարզվում է, որ ԱԺ փոխնախագահն իրականում չի արտահայտել այն միտքը, որն իրեն է վերագրել iravunk.com կայքը։ Հակառակը՝ ի պատասխան լրագրողի համառ հարցերի Ալեն Սիմոնյանն ասում է. «Նվիրյալը մնում է նվիրյալ: Ես իմ գործի նվիրյալն եմ…» և թղթակցի հարցադրմանը՝ եթե պարգևավճար չստանաք, չե՞ք աշխատելու, հակադարձում է. «Էլի աշխատելու ենք…»։ Այդուհանդերձ, այն փաստը, որ iravunk.com-ի կողմից Ալեն Սիմոնյանին վերագրված միտքը խեղաթյուրված է և չի համապատասխանում իրականությանը, հայցվորն իր դիմումում չի մատնանշել, և դատարանը չի անդրադարձել դրան՝ պահպանելով դատական պրակտիկայում ձևավորված այն սկզբունքը, որ  գործերը պետք է քննվեն հայցապահանջների շրջանակներում։

 

Եզրահանգում

Ալեն Սիմոնյանը, որպես Ազգային ժողովի նախկին փոխնախագահ և ներկայիս նախագահ, իր պաշտոնեական գործունեությանը վերաբերող հրապարակումների առնչությամբ  ներկայացրել է բազմաթիվ դատական հայցեր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների՝ վիրավորանքի և զրպարտության հիմքերով։ Տեղեկատվական վեճերի խորհուրդն այս փաստը մտահոգիչ է համարում։ Իր նախկին եզրակացություններում[2] Խորհուրդը հետևողականորեն արտահայտել է այն դիրքորոշումը, որ պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն և ձեռնպահ մնան վիրավորանքի ու զրպարտության հիմքերով դատական հայցեր ներկայացնելուց՝ հատկապես լրագրողների ու լրատվամիջոցների դեմ, եթե վերջիններիս լուսաբանած փաստերը հանրային հետաքրքրություն են ներկայացնում։

Նշված դիրքորոշումը բխում է միջազգային իրավունքի սկզբունքից, ըստ որի՝ քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց նկատմամբ նշված սահմանափակումը պայմանավորված է երեք հիմքերով: Առաջին. հանրային մարմինների նկատմամբ քննադատությունը ժողովրդավարական կառավարման անհրաժեշտ պայման է, մինչդեռ նման դատական հայցերը խոչընդոտում են հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ ազատ քննարկումներ անցկացնելը։ Երկրորդ. վիրավորանքի ու զրպարտության վերաբերյալ օրենքները հետապնդում են անձնական հեղինակությունը պաշտպանելու նպատակ, մինչդեռ հանրային մանդատով ընտրված մարմինների հեղինակությունը պատկանում է հանրությանը։ Այսինքն՝ որևէ հանրային, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմին չի կարող ասել, որ ունի սեփական, անձնական հեղինակություն՝ իր էությամբ լինելով հանրային։ Երրորդ՝ կառավարություններն ունեն սուր քննադատությունից պաշտպանվելու լայն  հնարավորություններ, և  պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից դատական հայցեր ներկայացնելը դիտարկվում է որպես հարկատուների գումարների վատնում, քանի որ քննադատության նկատմամբ անհանդուրժող կեցվածք ունեցող կառավարությունների համար դա չարաշահումների լայն դաշտ է բացում։[3]

Հաշվի առնելով այս ամենը՝ Խորհուրդը վերահաստատում է իր նախորդ դիրքորոշումն առ այն, որ քաղաքական գործիչները և պաշտոնատար անձինք պետք է ձգտեն վիրավորանքի ու զրպարտության հիմքով իրենց վեճերը լուծել արտադատական մեխանիզմներով և հնարավորինս ձեռնպահ մնալ լրատվամիջոցների ու լրագրողների դեմ դատական վարույթներ հարուցելուց։

Սա ընդհանուր դիտարկում է հայցվորի և նրա հայցերի բնույթի մասին։ Ինչ վերաբերում է կոնկրետ վերոհիշյալ երկու դատական գործերին, ապա դրանց վերաբերյալ Խորհուրդն ահրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ դիտարկումները։  

Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անի Գևորգյանի՝ թիվ ԵԴ/21669/02/21 դատական գործի առնչությամբ Խորհուրդը գտնում է, որ պատասխանողը հայցվորին վերագրել է անձի արժանապատվությունը արատավորող բնույթի արարքներ, որոնք ոչ միայն օրենքով պատասխանատվություն սահմանող հակաիրավական գործողություններ են (ԱԺ պաշտոնատար անձի կողմից լրագրողի և նրա երեխայի թիրախավորում), այլ նաև հասարակական պատկերացումների առումով են անթույլատրելի։ Թեև ոչ ասուլիսի ընթացքում արած հայտարարությունից, ոչ էլ դատական ակտի բովանդակությունից պարզ չէ, թե հայցվորի կոնկրետ ո՞ր գործողություններն է պատասխանողը բնութագրել որպես «թիրախավորում» կամ «հանցագործություն», էական է այն, որ Անի Գևորգյանը փաստացի հրապարակավ կատարել է այդպիսի հայտարարություններ։ Հետևաբար՝ նա կրում է դրանք ապացուցելու պարտականություն։

Սակայն պատասխանողը դատաքննության ընթացքում նշել է, որ իր ասածները ոչ թե փաստացի տվյալներ են, այլ՝ գնահատողական դատողություններ, այսինքն՝ արտահայտել է համոզմունք, դիրքորոշում, կարծիք առ այն, որ սոցիալական ցանցերում իր և իր երեխայի վերաբերյալ վիրավորական և զրպարտող արտահայտությունների ու սպառնալիքների տարածման կազմակերպիչը եղել է Ալեն Սիմոնյանը։ Անի Գևորգյանը նաև վկայակոչել է որոշ հրապարակումներ, որոնց հեղինակները նման կասկածներ են հայտնել և, բացի այդ, հղում է կատարել մի տեսանյութի, որում Ալեն Սիմոնյանը մեղադրել է նրան պատվիրված հոդվածներ գրելու մեջ։ Սրա հիման վրա, ինչպես դատարանում հայտարարել է պատասխանողը, նա ասուլիսի ժամանակ արտահայտել է կարծիք, ենթադրություն Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։

Խորհուրդը չի կարող համաձայնվել Անի Գևորգյանի դիրքորոշման հետ։ Խնդրո առարկա հայտարարությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատասխանողը խոսել է ոչ թե դեպքերի ենթադրաբար, այլ դրանց փաստացի տեղի ունեցած լինելու մասին։ Անի Գևորգյանը, լինելով մասնագիտությամբ լրագրող, պետք է որ հեշտությամբ կողմնորոշվեր, թե տվյալ հանգամանքում ինքը հնչեցրել է փաստացի տվյալներ, թե գնահատողական դատողություններ։

ՀՀ վճռաբեկ դատարանը վերջին շրջանի նախադեպային որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ, հրապարակելով որևէ գնահատողական դատողություն, լրագրողը պարտավոր է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար, ու անգամ, եթե լրագրողի դատողությունը հիմնվում է որևէ անձի հայտնած փաստերի վրա, որպես իրավահարաբերության արհեստավարժ մասնակից՝ լրագրողը պարտավոր է առնվազն փորձել լսել տեղեկատվության հասցեատիրոջ կարծիքը, որից հետո միայն հրապարակել իր գնահատողական դատողությունը[4]: Ինչ վերաբերում է փաստացի տվյալներին, այս առումով Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ դրանք հրապարակող լրագրողը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը, և որ հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված:

Եթե ընդունենք, որ պատասխանողն իր ասուլիսի ժամանակ արտահայտել է գնահատողական դատողություն, ապա բացակայում է որևէ փաստ, որ նա միջոցներ էր ձեռնարկել իր վկայակոչած տվյալների իրականությանը համապատասխանելը պարզելու համար, մասնավորապես՝ որ Ալեն Սիմոնյանն ուղղորդել կամ պատվիրել էր նրա դեմ վիրավորական ու զրպարտող բնույթի հրապարակումներ։ Գնահատողական դատողությունը, որը զուրկ է փաստական հիմքերից, արտահայտվելու ազատության չարաշահում է։ Ինչպես նշվեց վերևում, Խորհուրդը հակված է եզրահանգելու, որ վիճահարույց արտահայտությունները հնչեցվել են որպես փաստացի տվյալներ։ Այդ պարագայում պատասխանողի կողմից ապացուցման պարտականությունից հրաժարվելը կամ ապացույց չներկայացնելը հիմնավորում է, որ հայտարարությունը զրպարտություն էր։

Խորհուրդը նաև նկատում է, որ դատարանը էապես նվազեցրել է փոխհատուցման չափերը՝ հայցվող 2 միլիոն դրամի պահանջը իջեցնելով 150,000 դրամի, իսկ փաստաբանի վարձատրության համար հայցվող 480,000 դրամից բավարարելով միայն 100,000 դրամը։ Ըստ Խորհրդի՝ դրանով դատարանը արդյունավետորեն կիրառել է  համաչափության սահմանադրաիրավական երաշխիքը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի կարևորագույն սկզբունքը։

Եզրափակելով՝ Խորհուրդը գտնում է, որ սույն տեղեկատվական վեճում պատասխանողը խախտել է հայցվորի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը՝ նրա վերաբերյալ հրապարակայնորեն տարածելով զրպարտող տեղեկություններ։ Ի հերթին, դատարանը վճռում արդարացիորեն փոխհավասարակշռել է հանրային ու մասնավոր շահերը, այդ թվում նաև սահմանված փոխհատուցման չափերը՝ հաշվի առնելով տեղեկատվական վեճի բնույթը և  պատասխանողի մասնագիտական գործունեությունը։

Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի՝ թիվ ԵԴ/23423/02/20  դատական գործում, որում, ինչպես նշվել է, վիճահարույց հայտարարությունն է «փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է», հայցվորը գտել է, որ այս արտահայտությունը արատավորել է իր բարի համբավը բոլոր այն մարդկանց շրջանում, ովքեր ծանոթ են նրա ծավալած գործունեությանը, ինչպես նաև՝ պատիվն ու արժանապատվությունը թե՛ որպես քաղաքացու, թե՛ որպես քաղաքական գործչի: Դատարանը հիմնավոր է համարել այս պնդումը և եզրահանգել, որ նշված արտահայտությունը պարունակում է «բացասական երանգ», քանի որ դրա հետ մեկտեղ նկարագրվել է ՀՀ քաղաքացիների ծանր սոցիալ-հոգեբանական վիճակը, որի պատճառը, ըստ հրապարակման, իշխանություններն են և նրանց կողմից հայտարարված արտակարգ դրությունը։ Իսկ խնդրո առարկա արտահայտությունը վերագրվել է հայցվորին իշխանությունների նկատմամբ «հիասթափության ալիքի» ընդհանուր համատեքստում։

Դատարանի նման եզրահանգումը հակասում է տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատության իրավունքի հայտնի սկզբունքին, ըստ որի այդ իրավունքը ներառում է ոչ միայն այնպիսի տեղեկություններ, որոնք ընդունվում են բարյացակամորեն կամ անտարբերությամբ, այլ նաև այնպիսիք, որոնք ցնցում, անհանգստություն են պատճառում, և նույնիսկ սադրող և վիրավորական բնույթի արտահայտությունները որոշակի համատեքստում կարող են իրավաչափ համարվել։[5]

Այդպիսի արտահայտությունների օգտագործումը համաչափ է հիմնականում հանրային գերակա շահի լույսի ներքո։ Այս սկզբունքը սահմանված է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում՝ որպես զրպարտություն բացառող հանգամանք։ Նույն սկզբունքը կիրառվել է նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում առ այն, որ նշված հոդվածում  զրպարտության սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։[6]

Ի հակադրություն վերը նշվածի, դատարանը  կիրառել է «բացասական երանգ» չափանիշ և հայտարարության արատավորող բնույթը «որոշել» է՝ ելնելով նրանից, թե արդյո՞ք հրապարակային այդ արտահայտությունը կատարվել է «բացասական երանգ ունեցող հոդվածի համատեքստում»։ «Բացասական երանգ» հասկացությունը իրավական կատեգորիա չէ։ Ամենայն հավանականությամբ, դատարանը դա նշել է որպես ներքին համոզմունքի արտահայտում՝ դրանով ակամայից սահմանելով անիրավաչափ խոսքի նվազագույն շեմ, որն իրականում ավելի ցածր է, քան սահմանված է օրենսդրությամբ, Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով։ Այսպիսի մոտեցումը վտանգում է արտահայտվելու ազատությունը, հանրային կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու լրատվամիջոցների և լրագրողների իրավունքը, սահմանափակում է բաց և ազատ հանրային բանավեճերի հնարավորությունը։ Ինչպես նշվեց վերևում, անբարյացակամորեն, այդ թվում նաև «բացասական երանգ» ունեցող ցանկացած խոսք չի կարող համարվել անիրավաչափ։

Բացի վերը նշվածից, անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ Ալեն Սիմոնյանին վերագրվածը, այն է՝ իրեն նվիրյալ չհամարելը և առանց պարգևավճարի աշխատելը անտրամաբանական համարելը, օրենսդրությամբ սահմանված հակաիրավական գործողություն կամ  ըստ հասարակական պատկերացումների՝ անձի արժանապատվությունը արատավորող արարքներ չեն հանդիսանում։ Հետևաբար, վիճահարույց արտահայտությունը այդ հիմքով նույնպես չի կարող համարվել զրպարտություն Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով։

Այդուհանդերձ, Խորհուրդը գտնում է, որ տվյալ տեղեկատվական վեճի համակողմանի և ամբողջական քննությանը չի նպաստել այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանն իր հայցում չի մատնանշել իրեն վերագրված արտահայտության խեղաթյուրված լինելու և իրականությանը չհամապատասխանելու փաստը, ինչի հետևանքով դատարանը չի անդրադարձել դրան և քննությունը տարել է այլ հունով՝ կիրառելով նաև ոչ իրավաչափ մոտեցում։ Եվ քանի որ aravot.am լրատվական կայքի հրապարակած՝ Ալեն Սիմոնյանի հետ հարցազրույցը, որում արծարծված է խնդրո թեման, դատական ակտում չի վկայակոչվել որպես ապացույց, դա կաշկանդում է Խորհրդին առավել հանգամանալից և հիմնովին դիտարկելու այն սույն եզրակացության մեջ։

Ինչ վերաբերում է գործի լուծման այլ հարցերին, ապա ուշագրավ է, որ հայցվորի կողմից ներկայացված 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջը դատարանն ամբողջությամբ մերժել է՝  հաշվի առնելով, որ տվյալ պարագայում միայն հերքում հրապարակելուն պարտավորեցնելը արդարացի ու բավարար իրավական պաշտպանության միջոց է, և անհրաժեշտություն չկար սահմանել նաև դրամական փոխհատուցում։ Դատարանը եկել է այս եզրահանգման՝ նկատի ունենալով հայցվորի քաղաքական դիրքը և գույքային դրությունը, ինչպես նաև՝ պատասխանող կազմակերպության զանգվածային լրատվամիջոց հանդիսանալու փաստը։ Առաջնորդվելով նույն սկզբունքով, վճռվել է փաստաբանի վարձատրության համար հայցվող 800.000 դրամի փոխհատուցման պահանջը բավարարել միայն 200.000 դրամով։ Խորհուրդը գտնում է, որ դատարանը արդյունավետորեն կիրառել է համաչափության սահմանադրաիրավական սկզբունքը։

ԱՄՓՈՓՈՒՄ․ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, այժմ՝ նախագահ Ալեն Սիմոնյանի շարունակական դատական հայցերն ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների մտահոգիչ են։ Բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է դրսևորեն զսպվածություն իրենց հասցեին ուղղված քննադատության հանդեպ և փորձեն տեղեկատվական վեճերը հնարավորինս լուծել արտադատական կարգով։

Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անի Գևորգյանի՝ թիվ ԵԴ/21669/02/21 գործով դատարանը կայացրել է իրավաչափ ակտ, քանի որ պատասխանողը հրապարակայնորեն տարածել է հայցվորի արժանապատվությունը արատավորող, զրպարտչական բնույթի արտահայտություններ։ Միևնույն ժամանակ, դատարանը նշանակել է համաչափ դրամական հատուցում՝ հաշվի առնելով տեղեկատվական վեճի բնույթը և պատասխանողի մասնագիտական գործունեությունը։

Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի՝ թիվ ԵԴ/23423/02/20  գործով դատարանը կայացրել է անիրավաչափ ակտ, որով խախտել է պատասխանող լրատվամիջոցի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը, արտահայտման ազատությունը։ Այդուհանդերձ, այս գործով նույնպես դատարանը էապես նվազեցրել է լրատվամիջոցից հայցվող դրամական պատասխանատվության չափը՝ հաշվի առնելով ԶԼՄ-ի գործունեության հանրային նշանակությունը։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

[1] Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով․ https://hayeli.am/?p=631926&l=am

[2] Տե՛ս, օրինակ, Խորհրդի եզրահանգումը ՏՎԽ-71 որոշումը Խաչատուր Սուքիասյանի գործով, որում ՏՎԽ-ն հորդորել է ազգային ժողովի պատգամավորին հետ վերցնել լրագրողների ու լրատվամիջոցների դեմ իր հայցերը և տեղեկատվական վեճերը լուծելու համար օգտվել արտադատական մեխանիզմներով։

[3] Defamation and Freedom of Expression. Selected documents.  Council of Europe. H/ATCM (2003) 1. Media Division. Directorate General of Human Rights Strasbourg, March 2003. Էջ 13։

[4] Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ թիվ ԵԱԴԴ/2612/02/16  քաղաքացիական գործով որոշում։

[5] Հանդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորությանը, թիվ  5493/72, 7/12/1976, կետ 49:

[6] Թիվ Դ/0749/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27/04/2012թ․ որոշում։

Skip to content