Գործի հանգամանքները

2021 թվականի դեկտեմբերի 16-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Սիվիլիթաս» հիմնադրամը (այսուհետ՝ միասին նաև «հայցվորներ») հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան (դատական գործ թիվ ՎԴ/13212/05/21)` ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի (այսուհետ` պատասխանող)` խնդրելով պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրել ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 1613-Ա որոշման հիման վրա «Արդյունաբերական ընկերություն» կազմակերպության հետ կնքված՝ բաժնետոմսերի նվիրատվության վերաբերյալ պայմանագրի պատճենը։ Վարչական դատարանի 2022թ. հուլիսի 19-ի որոշմամբ «Արդյունաբերական ընկերություն»-ը ներգրավվել է որպես երրորդ անձ:

Հայցվորները հայտնել են, որ 2021թ. նոյեմբերի 23-ին հարցում են կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների համաձայն, ինչպես նաև՝ հաշվի առնելով արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառությունները, ընդերքօգտագործման բնագավառում օրենսդրությամբ սահմանված հրապարակայնության պահանջները, խնդրել են ՀՀ կառավարությանը տրամադրել վերոհիշյալ պայմանագրի պատճենը, որով որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում «Արդյունաբերական ընկերությանը» սեփականության իրավունքով պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը: Պատասխանողը մերժել է տրամադրել նշված փաստաթուղթը, հայտնելով, որ նվիրատվության պայմանագիրը առևտրային գաղտնիք է, և Հայաստանի Հանրապետությունը գործարքի մյուս կողմի հանդեպ ստանձնել է դրա դրույթների գաղտնիությունը պահպանելու պարտավորություն։ Բացի այդ, ըստ պատասխանողի՝ խնդրո առարկա հարցը առնչվում է ոչ թե ընդերքօգտագործման հանգամանքին, որը հանրային նշանակության խնդիր է, այլ բաժնետիրական իրավահարաբերություններին և բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրին, որոնք մասնավոր իրավահարաբերություններ են, և դրանց նկատմամբ պետք է կիրառվի գաղտնիության ռեժիմ, քանի որ կողմերը դա են ցանկացել պայմանագիրը կնքելիս։

2022 թվականի նոյեմբերի 2-ին վարչական դատարանը կայացրել է վճիռ, որով բավարարել է հայցապահանջը և պարտավորեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին տրամադրել հայցվորներին «Արդյունաբերական ընկերության» հետ կնքված պայմանագրի պատճենը:
Կառավարությունը բողոքարկել է վճիռը։

Եզրահանգում

Մինչ դատական գործի բովանդակությանն անդրադառնալը՝ Խորհուրդն անհրաժեշտ է համարում որոշել, թե արդյո՞ք սույն վեճը տեղեկատվական բնույթի է, քանի որ միայն այդ դեպքում է հայտնում մասնագիտական կարծիք և այն տրամադրում կողմերին։
Վեճը տեղեկատվական բնույթի է, եթե ծագել է տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու ու տարածելու իրավունքի իրականացման արդյունքում։ Այդ հարցը լուծվում է դատական կամ արտադատական գործընթացներում։ Տվյալ դեպքում հայցվորները պահանջել են տեղեկատվություն, իսկ պատասխանողը մերժել է՝ պատճառաբանելով, որ դա առևտրային գաղտնիք է։ Այսինքն, պատասխանողը ճանաչել է հայցվորների՝ տեղեկություն հայցելու իրավունքը, իսկ հայցվորներն էլ ճանաչել են պատասխանողի՝ տեղեկությունը տնօրինելու իրավունքը։ Խորհուրդն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ հայցվոր կազմակերպությունները տեղեկատվությունը պահանջել են հենց տարածելու նպատակով, քանի որ դա բխում էր իրենց կանոնադրական նպատակներից։ Այս իմաստով նաև կարևոր փաստ է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը civilnet.am լրատվական կայքի հիմնադիրն է, և այդ լրատվամիջոցը հիմնադրամի ընդհանուր գործունեության առանցքային մաս է կազմում։
Վերը նշվածն ի մի բերելով՝ Խորհուրդը գտնում է, որ վեճն իր բնույթով տեղեկատվական է, հետևաբար, ենթակա է քննման՝ մասնագիտական կարծիք արտահայտելու նպատակով։
Հայցվորները հասարակական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ են։ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ»-ը զբաղվում է արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով։ «Սիվիլիթաս» հիմնադրամն իրականացնում է հասարակական նախաձեռնություններ ու ծրագրեր՝ արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների, տարածաշրջանային երկխոսության և այլ հանրային նշանակության ուղղություններով։ Այս կազմակերպությունների հանրային գործունեությունը էական հանգամանք է տեղեկատվության ազատության առումով մասնավոր ու հանրային շահերը համադրելիս ու անհրաժեշտ որոշում կայացնելիս։ Ըստ այդմ՝ տվյալ դեպքում տեղեկատվությունը հայցվել է ոչ թե մասնավոր գործունեության, մասնավոր շահերի հետապնդման նպատակով (օրինակ, առևտրային գործունեություն կամ առևտրային շահ), ինչպես փորձ է արել ներկայացնել պատասխանող կողմը (հղում կատարելով նրան, որ ՀՀ կառավարությունը ստանձնել է պայմանագրի գաղտնիությունը ապահովելու պարտավորություն), այլ՝ հանրային նշանակության գործունեության (հանքարդյունաբերության) մասին տեղեկություններ ստանալու հասարակական շահը բավարարելու համար։ Նման հանգամանքում տեղեկատվության ազատության հայեցակարգերը առավելություն են տալիս հանրային շահին։
Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել պետական, ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիքներով՝ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի։ Այդ գաղտնիքներից յուրաքանչուրը կարգավորվում է նաև առանձին օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով։ Հետևաբար, տեղեկատվության մերժումը պետք է ունենար իրավական հիմքեր։ Մինչդեռ՝ վարչական դատարանը, ուսումնասիրելով այդ հարցը, գտել է, որ հայցվող տեղեկությունը չէր պարունակում օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք, և մերժումը կատարվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտմամբ։ Ավելին, դատարանը նաև նկատել է, որ պատասխանող կողմը, տեղեկատվությունը մերժելիս, հղում չի կատարել որևէ իրավական նորմի վրա, ինչպես նաև չի ներկայացրել, թե որ հիմքով է հայցվող պայմանագիրը ձեռք բերել գաղտնի փաստաթղթի բնույթ։
Խորհուրդը համամիտ է վարչական դատարանի այդ եզրահանգումների հետ ու գտնում է, որ տեղեկատվության մերժումը չի համապատասխանել օրենսդրությանը, մասնավորապես՝ չի հիմնավորվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկով։ Պայմանագրի պատճենի տրամադրման մերժումը հակասել է նաև «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» եվրոպական կոնվենցիային, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից և ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 22-ին։
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան— «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

Skip to content