Փաստեր

 Գործ 1

2020 թվականի օգոստոսի 8-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (ներկայումս՝ ՀՀ պաշտպանության նախարար) Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայցադիմում Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Hzham.am» լրատվական կայքի հիմնադիր «Աննա Գևորգյան» ԱՁ-ի (գործ թիվ՝ ԵԴ/25436/02/20)։ Հայցվորը պահանջել է զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել և փոխհատուցում վճարել։ Վեճի առիթ է դարձել «Hzham.am» կայքում 2020թ․ մայիսի 15-ին հրապարակված՝ «ՔՊ-ականները հետաքրքրված են անշարժ գույքի շուկայով» հոդվածը, որտեղ, մասնավորապես, ասվում է, թե մարզպետները՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում տներ են ձեռք բերում՝ «առանց ձեռքը գրպանը տանելու», մատուցում են ծառայություններ՝ որպես նվիրատվություն բնակարան պահանջելով[1]։ Մինչև հայցադիմում ներկայացնելը Սուրեն Պապիկյանը հերքման պահանջով խմբագրությանը չի դիմել։

2022թ. մարտի 31-ին դատարանը վճռել է Սուրեն Պապիկյանի հայցը մերժել: Որպես հիմնավորում է բերվել այն փաստը, որ վիճարկվող հոդվածի վերջնամասում հրապարակվել է նաև հեղինակի անունը, այսինքն՝ պատշաճ հղում է արվել տեղեկատվության աղբյուրին՝ հեղինակին, և սա բավարար է համարվել, որ գործով պատասխանողն ազատվի պատասխանատվությունից՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն:

Ապրիլի 29-ին հայցվորը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Այս ատյանը բավարարել է բողոքը՝ վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանն իր այս որոշումն ընդունել է այն հիմքով, որ թեև առաջին ատյանի դատարանը կիրառել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ կետի կարգավորումը, սակայն ուշադրություն չի դարձրել, որ նշված դրույթը սահմանում է երկու պայմաններ, մինչդեռ գործը քննելիս անդրադարձ է կատարվել դրանցից միայն մեկին։ Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ հոդվածի վերջում նշվել է ոմն «Արմեն Սարգսյան»՝ որպես տեղեկատվության աղբյուր, ու, ըստ այդմ որոշելով, որ հայցը պետք է ներկայացվեր ընդդեմ նշված անձի, չի կիրառել նույն դրույթի առաջին պայմանը, համաձայն որի, անհրաժեշտ էր նաև պարզել, թե արդյո՞ք հոդվածը նշված անձի տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ աղբյուրի ձևական նշելը բավարար չէր լրատվամիջոցին պատասխանատվությունից ազատելու համար։ Անհրաժեշտ էր, որ խմբագրությունը դա աներ այնպես, որ ընթերցողների ու դատարանի համար ակնառու լիներ, որ «Արմեն Սարգսյան» անունով անձը որպես տեղեկատվության աղբյուր գոյություն ունի, և հենց նա է հրապարակման հեղինակը։ Այդ պարագայում, հղում կատարելով նրան, ԶԼՄ-ն կարող էր ազատվել պատասխանատվությունից: Ավելին, ըստ Վերաքննիչ դատարանի, առանց բավարար անհատականացման տվյալների «Արմեն Սարգսյան» նշումն օբյեկտիվորեն անհնարին է դարձրել հրապարակված նյութն այդ անձի տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն հանդիսանալու փաստի պարզումը, այսինքն՝ արդյո՞ք պատասխանողը ներկայացրել է նյութն առանց խմբագրման և (կամ) փոփոխման և (կամ) վերարտադրության բարեխղճությունը բացառող այլ պայմաններով:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի նոր քննության առաջիկա նիստը նշանակվել է 2023 թվականի ապրիլի 5-ին։

 

Գործ 2

 

2021 թվականի հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայցադիմում Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Yerevan.today լրատվական կայքի հիմնադիր «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին հերքել այդ կայքում 2021 թվականի հունիսի 11-ին հրապարակված «Հայաստանի նոր միլիոնատերերը. Պապիկյանը 3 տարում ասֆալտի վրա դարձել է դոլարային միլիոնատեր» հոդվածում տեղ գտած զրպարտող բնույթի արտահայտությունները (գործ թիվ՝ ԵԴ/27170/02/21)։ Մինչև դատարան դիմելը Սուրեն Պապիկյանը  լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջ չի ներկայացրել։

2022 թվականի հուլիսի 21-ին դատարանը բավարարել է հայցը ու պարտավորեցրել է պատասխանողին հերքում հրապարակել և վճարել 200․000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար և 4000 դրամ՝ պետական տուրք։ Վճռի դեմ բողոք չի ներկայացվել, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Կայքը հոկտեմբերի 17-ին հրապարակել է հերքում։

Այս դեպքում էլ հայցվորը վեճը արտադատական կարգով լուծելու միջոցներ չի ձեռնարկել, մասնավորապես, չի ներկայացրել հերքման կամ պատասխանով հանդես գալու պահանջ։ Այդուհանդերձ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պաշտոնապես դիմել է «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությանը՝ հոդվածում տեղ գտած որոշ արտահայտություներ հերքելու պահանջով, որը մերժվել է։

Վերը նշված երկու դատական գործերին ՏՎԽ-ն անդրադարձել 2021 թվականի հոկտեմբերին, թիվ 74 կարծիքում։ Այդ ժամանակահատվածում դրանք դեռ ընթացքի մեջ էին առաջին ատյանի դատարանում։

 

Եզրահանգում

ՏՎԽ-ն իր թիվ 74 կարծիքում նշել է պետական մարմնի կողմից պաշտոնատար անձի անունից հերքման պահանջով լրատվամիջոցին դիմելու անթուլատրելիության մասին, ինչը արձանագրված է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-996 որոշման մեջ։ Սրա հետ մեկտեղ Խորհուրդը մեկ անգամ ևս շեշտում է մինչև դատարան դիմելը լրատվամիջոցներին հերքման կամ պատասխանի իրավունքից օգտվելու պահանջ ներկայացնելու անհրաժեշտությունը ու նպատակահարմարությունը։ Կարևոր է, որ դրան առանձնակի ուշադրություն դարձնեն քաղաքական գործիչները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր պետք է հնարավորինս ձեռնպահ մնան ԶԼՄ-ների դեմ շարունակաբար հայցեր ներկայացնելուց։ Հնարավոր է, որ այս դատական գործերը չլինեին, եթե Սուրեն Պապիկյանը մինչև դատարան դիմելն անձամբ, առանց իր ղեկավարած պետական մարմնի աջակցության, լրատվամիջոցներից  պահանջեր հերքում կամ պատասխանի հնարավորության տրամադրում։

Թիվ 74 կարծիքում Խորհուրդը նաև եզրակացրել է, որ խնդրո առարկա երկու հոդվածներում հեղինակները բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ պարզելու վիճահարույց տվյալների ճշմարտությունը և հիմնավորվածությունը, և այդ տվյալները չեն ներկայացրել հավասարակշռված և բարեխղճորեն, ինչը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների խախտում է։

Առաջին գործի վերաբերյալ ՏՎԽ-ն, ի թիվս այլ եզրահանգումների, նշել է, որ վիճարկվող հոդվածում աղբյուրները վկայակոչվել են «վերացական կերպով», ինչպես նաև՝ որ հոդվածագիրը չէր կարող օգտվել «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանությունից, քանզի բավարար միջոցներ չէր ձեռնարկել պարզելու համար իր պնդումների համապատասխանելը իրականությանը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, փաստորեն, համահունչ է Խորհրդի նշված կարծիքին։ ՏՎԽ-ն նաև կարևորում է դատարանի եզրահանգումն առ այն, որ արատավորող բնույթի հայտարարություններ տարածելիս աղբյուրի վկայակոչումը ինքնին չի կարող պատասխանատվությունից ազատվելու հիմք հանդիսանալ և որ անհրաժեշտ է նաև հիմնավորել, որ աղբյուրի տրամադրած տեղեկությունները վերարտադրվել են բարեխղճորեն։ Ի դեպ, դա և՛ իրավական, և՛ էթիկական պահանջ է։

Երկրորդ գործի վերաբերյալ ՏՎԽ-ն իր 2021 թվականի հոկտեմբերի 13-ի կարծիքում նշել էր, որ խնդրո առարկա հոդվածում հեղինակը ներկայացրել էր տեղեկություններ կառավարության և «Կոքս քնսալթ» ընկերության միջև կնքված մի շարք գործարքների մասին՝ վկայակոչելով բաց աղբյուրներից վերցրած փաստաթղթեր։ Խորհուրդը նաև ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ հոդվածագրի տեղեկատվությունն առ այն, որ «Կոքս քնսալթ» ընկերությունը իրականացնելու էր տեխնիկական հսկողություն 143.45 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների շինարարության որակի նկատմամբ, և որ այդ ծառայության համար սահմանված վճարը կազմում էր պայմանագրի գումարի 5 տոկոսը, նույնպես հաստատվում էր հրապարակման մեջ ներկայացված փաստաթղթերով։

Սրա հետ մեկտեղ ՏՎԽ-ն նկատել էր, որ հեղինակի հետագա պնդումներն այն մասին, որ «իշխանությունը ճանապարհներ է ասֆալտ արել ոչ թե նրա համար, որ բնակչությունը լավ ճանապարհներով երթևեկի, այլ որ Սուրեն Պապիկյանը և այլոք փող աշխատեն» ու որ «Պապիկյան Սուրենը արդեն 2020 թվականին դարձել է դոլարային միլիոնատեր», կարող են բնութագրվել որպես ենթադրություններ։ Սակայն այն հարցը, թե ներկայացված փաստերի շրջանակում որքանո՞վ են դրանք իրավաչափ, կարող էր լուծվել՝ կախված այն հանգամանքից, թե որքանով հոդվածագիրը կկարողանար ապագա դատական նիստերում հիմնավորել «իր կողմից ներկայացված փաստերի և եզրահանգման միջև ռացիոնալ կապը»։ Ըստ Խորհրդի՝ այն պահի դրությամբ հեղինակը բավարար ջանքեր չէր կիրառել այդ կապը առարկայական ներկայացնելու համար՝ այնպես, որ դա բավարարեր օրենսդրական ու էթիկական նորմերից բխող պահանջներին։

Ուսումնասիրելով սույն գործով կայացված վերջնական դատական ակտը՝ ՏՎԽ-ն նշում է, որ պատասխանողին չի հաջողվել դատական քննության ընթացքում հիմնավորել իր ենթադրությունները։ Դատարանն այս առումով իրավացիորեն եզրակացրել է, որ հրապարակման հեղինակը կատարել է ոչ թե գնահատողական դատողություններ, այլ փաստացի հայտարարություններ, որոնք ունեն անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ, որոնց ճշմարտացիությունը չի հիմնավորվել։ Այս հանգամանքում Խորհուրդը գտնում է, որ լրատվամիջոցն անցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի գործունեության քննադատության թույլատրելի շրջանակները և թույլ է տվել նրա պատվի և արժանապատվության հարգման իրավունքի խախտում։

Եզրափակելով, Խորհուրդը նաև ընդգծում է, որ ենթադրյալ կոռուպցիոն երևույթների մասին մակերեսային, բավարար խորությամբ չուսումնասիրված, չստուգված փաստերի վրա հիմնված հրապարակումները, մի կողմից, առաջացնում են հասարակության շրջանում չափազանցված կասկածներ և անվստահություն պետական, հանրային կառույցների նկատմամբ, մյուս կողմից, խոչընդոտում, ստվերում են որակյալ լրագրողական հետաքննությունները, նվազեցնում են վստահությունն ամբողջ մեդիա դաշտի նկատմամբ, վնաս հասցնելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

[1] http://hzham.am/articles/1666759386392681.html

Skip to content