Փաստերը

2023 թվականի մայիսի 10-ին infocom.am լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.

  1. Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի ընտանիքի անդամ Արմինե Հարությունի Պետրոսյանը ինչո՞ւ 2021-ին չի ներկայացրել համապատասխան հայտարարագիր։
  2. Ի՞նչ գործողություններ է ձեռնարկել ԿԿՀ-ն Պետրոսյանի հայտարարագրի առկայությունն ապահովելու համար։
  3. Արդյո՞ք ծանուցվել է Պետրոսյանը նման պարտականության վերաբերյալ, և ի՞նչ արձագանք է եղել։

Հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, Հանձնաժողովի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում տեղադրվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված հարցմանն ի պատասխան» վերտառությամբ հրապարակում հետևյալի մասին. «Հաշվի առնելով «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ infocom.am լրատվական կայքի և նույն լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանի կրկնվող վարքագիծը, այն է՝ ներկայացված փաստերը վերարտադրվում են դրանք խեղաթյուրելով, մոլորեցնելով ընթերցողին, ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության, ճշգրտության վերաբերյալ, այսուհետ նույն լրատվական կայքից և վերջինիս լրագրողներից ստացվող հարցումներին պատասխան տրվելու է բացառապես հրապարակային կարգով»:

Այնուհետև Հանձնաժողովը իր պաշտոնական կայքում հրապարակել է լրագրող Մկրտիչ Կարապետյանի տեղեկություն ստանալու վերոնշյալ հարցումը և Հանձնաժողովի պաշտոնական պատասխանը, որում մեկ անգամ ևս նշվել է, որ այսուհետ լրագրողի հարցումների պատասխանները տրվելու են բացառապես հրապարակային կարգով։

Ս. թ. մայիսի 23-ին Հանձնաժողովի կայքում հրապարակվել է մայիսի 12-ին լրատվամիջոցից ստացած հաջորդ հարցումը և Հանձնաժողովի պաշտոնական պատասխանը։

Infocom.am լրատվական կայքի խմբագրությունը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել փորձագիտական կարծիք, թե արդյո՞ք լրագրողի տեղեկություն ստանալու հարցումներին հրապարակային եղանակով պատասխանելը, լրագրողից առաջ եւ առանց նրա համաձայնության նրա հեղինակային աշխատանքի մաս համարվող գրավոր հարցման և դրան տրված պաշտոնական պատասխանի հրապարակումը չի հանգեցրել լրագրողի հեղինակային իրավունքի և տեղեկություն ստանալու իրավունքի խախտման։

Նշենք նաև, որ լրատվամիջոցի և Հանձնաժողովի միջև առկա է մեկ այլ տեղեկատվական վեճ։ Հանձնաժողովը ս.թ. մայիսի 10-ին դիմել էր խմբագրությանը՝ պահանջելով հերքում և պատասխանի հրապարակում մեկ այլ նյութի առիթով, ինչպես նաև ամբողջությամբ հեռացնել մայիսի 6-ին կայքում հրապարակված «ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել. վարույթ չի նախաձեռնվել» վերնագրով հոդվածը։ Լրատվամիջոցը մերժել է Հանձնաժողովի պահանջը։

 

 

Եզրահանգում

Խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքի։ Նախ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու այնպիսի կարգ, երբ պետական մարմինը դիմողին գրավոր պատասխան ուղարկելու փոխարեն այն հարցման հետ մեկտեղ հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Տվյալ դեպքում, փաստորեն, պահանջվող տեղեկությունը տրամադրվել է օրենսդրությամբ չնախատեսված կարգով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտմամբ։  Այս գործողությամբ խախտվել է նաև Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Կոնվենցիան, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից և ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 22-ին։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածից բխում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, այսինքն Հանձնաժողովը գործել է կամայականորեն և չի առաջնորդվել օրենքով։

Երկրորդ. օրենքի գերակայության սկզբունքից բխում է, որ հանրային մարմինները պարտավոր են պատճառաբանել իրենց որոշումները՝ որպես նվազագույն պահանջ առնվազն վկայակոչելով օրենսդրական նորմը, որի վրա հիմնվել են։ Դա կարևոր է, որպեսզի հնարավոր լինի վերահսկել, թե արդյո՞ք պետական կառույցները գործել են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում։ Լրագրողի հարցմանն օրենքով չսահմանված կարգով պատասխանելիս Հանձնաժողովն առաջնորդվել է  ենթադրությամբ, դեռեւս գոյություն չունեցող հոդվածում լրագրողական  բարեխղճության իր սուբյեկտիվ գնահատմամբ, այլ ոչ թե իրավական նորմով։

Երրորդ. Խորհուրդը վիճելի է համարում հարցման տեքստի հրապարակումը Հանձնաժողովի կայքում՝ լրագրողից առաջ և առանց նրա նախնական համաձայնության։ Թեև հարցման տեքստի նկատմամբ լրագրողի հեղինակային իրավունքի տարածման հանգամանքը միանշանակ չէ, և հարցման՝ որպես հեղինակային իրավունքի օբյեկտ լինել-չլինելու վերաբերյալ առկա են տարբեր իրավաբանական մեկնաբանություններ, այնուամենայնիվ, մի բան հստակ է, որ առանց խմբագրության հետ համաձայնեցնելու վերջինիս ուղարկած գրավոր հարցման և դրա պատասխանի հրապարակումը պետական մարմնի պաշտոնական կայքում լրագրողին և լրատվամիջոցին զրկել է հայցվող տեղեկատվության հիման վրա առաջինը (էքսկլյուզիվ) նյութ պատրաստելու և հրապարակելու հնարավորությունից, ինչի հետևանքով խաթարվել է ստեղծագործական պրոցեսը։

Չորրորդ. Խորհուրդը խիստ վիճելի է համարում հարցման տեքստի հետ մեկտեղ լրագրողին նույնականացնող անձնական տվյալների (լրագրողի անունը, ազգանունը, աշխատավայրը և Հանձնաժողովին հարցմամբ դիմելու հանգամանքը միասին վերցված) հրապարակումը առանց լրագրողի նախնական համաձայնության, առանց իրավական հիմքի և օրինական նպատակի, որը հանգեցրել է անձնական տվյալների մշակման օրինականության և համաչափության սկզբունքների խախտման  («Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներ։) Բացի այդ,  անձնական տվյալների եւ գործունեության հանգամանքների մասին տեղեկությունների հրապարակմամբ լրագրողի համար որոշակի ռիսկեր կարող են առաջանալ, ինչն անթույլատրելի է հատկապես լրագրողական հետաքննություն իրականացնողի նկատմամբ հնարավոր ճնշումների տեսանկյունից։ Այս պայմաններում լրագրողը նաև զրկված է լինում իր իրավունքներին միջամտությունները կանխատեսելու եւ արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից։

Եզրափակելով՝ Խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովը խախտում է թույլ տվել երկու հիմքով. 1) լրագրողի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել է օրենքով չսահմանված կարգով, և 2) առանց դիմողի համաձայնության հրապարակել է նրա հարցումը։

Հանրային մարմնի գործողությունները հակասում են տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության ներպետական և միջազգային նորմերին։ Մասնավորապես, խախտվել են այդ իրավունքները երաշխավորող ՀՀ Սահմանադրության 34-րդ և 51-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածները, ինչպես նաև «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» և «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

 

 

Skip to content