Փետրվարի 28, 2025 թ․
Փաստերը
«Aravot.am» լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել փորձագիտական եզրակացություն «ՕքսԵՋեն» հիմնադրամի հրապարակած՝ «Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» զեկույցում տվյալ ԶԼՄ-ին վերաբերող գնահատականների առնչությամբ։ Ըստ դիմումատուի՝ զեկույցը արատավորել է լրատվամիջոցի համբավը՝ ներկայացնելով, որ կայքը տարածել է գենդերային ապատեղեկատվություն, որ մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է 55 ապատեղեկատվական հրապարակում, և հետազոտված լրատվամիջոցների շարքում «Aravot.am»-ը գենդերային ապատեղեկատվություն պարունակող նյութերի քանակով զբաղեցրել է երկրորրդ հորիզոնականը։ Աննա Իսրայելյանը հայտնել է, որ թեև զեկույցում մեջբերված են եղել բազմաթիվ օրինակներ այլ ԶԼՄ-ների հրապարակումներից, «Aravot.am»-ի վերաբերյալ չի ներկայացվել ոչ մի օրինակ՝ որպես ապացույց, որ խմբագրության աշխատակիցները թիրախավորել են որևէ կին պաշտոնյայի։ Դիմումատուն նշել է, որ լրատվամիջոցի համար ապատեղեկատվություն տարածելը ծանր մեղադրանք է, ու թեև հարթակում տեղ են գտել քննադատական արտահայտություններ պաշտոնյաների հասցեին, որոնց մի մասը կանայք են, սակայն դրանք եղել են ուրիշի ուղղակի խոսքի վերարտադրություն։ Աննա Իսրայելյանը նաև տեղեկացրել է, որ ըստ «Առավոտ»-ի վարքականոնի՝ լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի և ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները, իսկ սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը որոշել է քննել դիմումը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով տեղեկացրել է «ՕքսԵՋեն» հիմնադրամին (այսուհետ՝ նաև Հիմնադրամ) այդ մասին՝ առաջարկելով ներկայացնել նկատառումներ բարձրացված խնդրի վերաբերյալ։ Հիմնադրամի աշխատակիցներն առցանց քննարկման ընթացքում նշել են, որ զեկույցը պատրաստվել ու հրապարակվել է հասարակությանը գենդերային խտրականության մասին իրազեկելու նպատակով, որ համապատասխան մշտադիտարկում իրականացնելու համար մշակվել է մեթոդաբանություն, և խնդիրը եղել է ոչ թե լրատվամիջոցներին թիրախավորելը, այլ լրատվական նյութերում նման խտրականության ու ապատեղեկատվության բացահայտումը և դրանք հասարակությանը ներկայացնելը։ Սա իրավաչափ նպատակ է և բխում է կազմակերպության առաքելությունից՝ խոցելի խմբերի, տվյալ դեպքում կանանց շահերի պաշտպանությունը։ «ՕքսԵՋեն»-ի ներկայացուցիչները նաև նշել են, որ զեկույցը պատրաստելիս առաջնորդվել են այդ փաստաթղթի 7-րդ էջում ձևակերպված՝ «գենդերային խտրականություն» հասկացության սահմանումով, և այդ առումով «Aravot.am»-ի լրագրողները վիճահարույց հրապարակումներում դիտավորյալ կերպով տարածել են գենդերային ապատեղեկատվություն։ Ընդ որում՝ այդ տերմինը, ըստ զեկույցի հեղինակների, պետք է հասկանալ անգլերեն լեզվում disinformation, ոչ թե misinformation եզրույթի իրավական բովանդակությանբ, ու այդ իմաստով դիտավորության հանգամանքը հաստատվում է զեկույցում ներկայացված «Aravot.am»-ի երկու հրապարակումների վերնագրերի ընտրությամբ։
Մեկը «Հո դուք ղառ-ղառ չեք, հարգելի ընդդիմություն… Հո դուք ջադու չեք». Արթուր Հովհաննիսյանի պատասխանը ՀՅԴ-ին» վերտառությամբ նյութն է, որտեղ խնդրահարույց է գնահատվել հետևյալ արտահայտությունը․
«․․․ հո դուք ղառ-ղառ չեք, հարգելի ընդդիմություն, էս ի՞նչ եք խոսում: Իմ պետության, ՀՀ սուվերեն պետության մասին չհամարձակվե՛ք անեծքով խոսել, հո դուք ջադու չեք, դուք քաղաքական ընդդիմություն եք, խոսեք քաղաքական լեքսիկոնով, չի կարելի անիծել ՀՀ-ին ու ժողովրդին, դուք դա եք անում»:
Զեկույցում նշվել է, որ թեպետ նյութն ինքնին ամբողջությամբ մեջբերում է, բայց արտահայտության հենց գենդերային ապատեղեկատվություն պարունակող մասն օգտագործելով որպես վերնագիր, կայքը դառնում է գենդերային ապատեղեկատվության ընդգծողն ու տարածողը, թեև ոչ ստեղծողը (էջ 21)։
Երկրորդ օրինակը «Եթե կինը չարամիտ է, խառնակիչ ու ոչնչացնող, ուրեմն շատ վտանգավոր հետեւանքներ պետք է սպասել» վերնագրով նյութն է, որում ներկայացված է ընդհարձակ մեջբերում «Հայելի» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանի հարցազրույցից։ Զեկույցում նշվել է, որ թեև տվյալ հրապարակումը նույնպես «հիմնված է մեջբերումների վրա, բայց կրկին վերնագրի մակարդակում՝ ընտրելով հենց գենդերային ապատեղեկատվության մասը ընթերցողին ներկայացնել որպես վերնագիր, կայքը դրանով իսկ դառնում է հենց գենդերային ապատեղեկատվության տարածողը» (էջ 23)։
Առցանց քննարկման ընթացքում դիմումատուն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերոնշյալ մեջբերումները բացակայել են հրապարակված զեկույցի նախնական տարբերակում, և դրանք ավելացվել են հետագայում, երբ նա մինչ Խորհրդին դիմելը Հիմնադրամին խնդրել է պարզաբանել, թե ինչ փաստերի հիման վրա են արվել եզրահանգումները լրատվամիջոցի կողմից գենդերային ապատեղեկատվություն տարածելու մասին։ Հիմնադրամի ներկայացուցիչները չհերքեցին այդ փաստը։
Առցանց քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հիմնադրամը մեկ օր հետո Խորհրդին ու դիմումատուին կտրամադրի «Aravot.am»-ին վերաբերող գնահատականների հիմք դարձած բոլոր 55 հրապարակումների հղումները։ Այդուհանդերձ, սույն կարծիքի հրապարակման պահի դրությամբ այդ հղումները չեն տրամադրվել։ Հետևաբար, Խորհրդի կարծիքը հիմնվում է բացառապես զեկույցում ներկայացված երկու մեջբերումների վրա։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Ըստ էության, վերոհիշյալ զեկույցի հրապարակմամբ տարածվել են տեղեկություններ, գնահատականներ ու որակումներ, որոնք դիմումատու Աննա Իսրայելյանի պնդմամբ՝ չեն համապատասխանում իրականությանը և վնաս են հասցնում «Aravot.am»-ի հեղինակությանը։ Իսկ այդ զեկույցը հեղինակած Հիմնադրամի ներկայացուցիչները կտրականապես համաձայն չեն նրա տեսակետի հետ՝ համարելով, որ իրականացված մոնիտորինգը և տվյալների վերլուծությունը օբյեկտիվ են։ Այսպիսով, առկա է վեճ, որի բնույթը տեղեկատվական է, քանի որ վերաբերում է կոնկրետ տեղեկությունների և գնահատականների տարածմանը։ Հետևաբար, այս առնչությամբ մասնագիտական կարծիք հայտնելը բխում է Խորհրդի գործունեության պրակտիկայից։
Խորհուրդը նկատում է, որ կողմերը չեն վիճարկում խնդրո առարկա հրապարակումներում շարադրված փաստերի ճշմարտացիությունը։ Այսինքն՝ վեճը ոչ թե այդ փաստերին է վերաբերում, այլ՝ դրանցից բխեցված գնահատականներին։ Ըստ Հիմնադրամի, լրատվամիջոցը տարածել է գենդերային ապատեղեկատվություն, որը, համաձայն զեկույցում այդ հասկացության ձևակերպման՝ կեղծ և ապակողմնորոշող բովանդակություն է, որը տարածվում է միտումնավոր մոլորեցնելու մտադրությամբ և անձին կամ անձանց վնաս հասցնելու նպատակով։ Այսպիսով, Հիմնադրամը գտել է, որ վկայակոչված երկու հրապարակումներում, այդ թվում նաև ենթադրաբար մի քանի տասնյակ այլ նյութերում, «Aravot.am»-ը տարածել է սեռի կամ գենդերի հիմքով կեղծ ու ապակողմնորոշող բովանդակություն՝ ընթերցողներին մոլորեցնելու մտադրությամբ և այդ հրապարակումներում թիրախավորված կանանց վնաս հասցնելու նպատակով։ Դիտավորության այս տարրերի առկայությունը, որպես տվյալ նյութերի բովանդակությունը գենդերային ապատեղեկատվություն որակելու օբյեկտիվ հատկանիշ, հաստատեցին նաև Հիմնադրամի ներկայացուցիչները առցանց քննարկման ընթացքում։ Ուստի Խորհրդի քննարկման առարկան այն է, թե արդյո՞ք այդ գնահատականները օբյեկտիվորեն արդարացված են՝ հաշվի առնելով լրատվական գործունեության հանրային նշանակությունը, նպատակները, խնդիրները և առանձնահատկությունները։ Վեճը քննելիս Խորհուրդը նաև հաշվի է առնում այն, որ Հիմնադրամը նույնպես իրականացնում է հանրային նշանակության գործունեություն՝ ուղղված խոցելի խմբերի պաշտպանությանը, այդ թվում նման զեկույցների միջոցով։
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հանրային պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում բազմիցս նշել է, որ ԶԼՄ-ները իրականացնում են կարևոր առաքելություն ժողովրդավարական հասարակությունում՝ տարածելով տեղեկություններ ու գաղափարներ հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր դեպքերի մասին, ու այդ առումով լրագրողները օգտվում են իրավական պաշտպանության հատուկ երաշխիքներից։ Այդպիսի երաշխիքներից է լրագրողների պաշտպանված լինելը այլոց խոսքը, օրինակ՝ հարցազրույցի ընթացքում զրուցակցի արտահայտած մտքերը տարածելու հետևանքներից, հատկապես, եթե լրագրողը միջոցներ է ձեռնարկել տարանջատելու իր անձը հեղինակի մտքերից, չներկայացնելու դրանք որպես իր սեփական մտքեր։[1]
Այս պայմանը գործում է նաև այն դեպքում, երբ հարցազրույցում հնչել են որոշակի խմբին թիրախավորող, անհանդուրժողականություն ու ատելություն սերմանող արտահայտություններ, մինչդեռ լրագրողը դրանք ներկայացրել է որպես հեղինակի խոսք, լրատվական նյութը պատրաստելիս չի առաջնորդվել ատելության շարժառիթով[2]։ Բոլորովին այլ իրավիճակ է, երբ լրագրողն անձամբ է հրահրում, տարածում ռասիստական, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանող արտահայտություններ որոշակի խոցելի խմբի վերաբերյալ, և այդ դեպքում նա զրկվում է վերոնշյալ պաշտպանությունից։ Այդպիսի դիրքորոշում է արտահայտել ՄԻԵԴ-ը սույն թվականի հունվարի 7-ին՝ «Մինասյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած որոշման մեջ, եզրահանգելով, որ «չի կարող ընդունել որպես պատասխանատու լրագրության օրինակ այն հոդվածը, որը քարոզում է ատելություն, թշնամանք և խտրականություն փոքրամասնության … դեմ»։[3]
«Aravot.am»-ի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի միջև ծագած վեճում բացակայում են փաստեր, որոնք ցույց կտային, որ խմբագրությունը կամ լրագրողները խնդրո առարկա հրապարակումները պատրաստելիս առաջնորդվել են ատելության շարժառիթով, հանդիսացել են սեռի, գենդերի հատկանիշներով անհանդուրժողականություն սերմանող արտահայտությունների հեղինակ։ Ընդհակառակը, հոդվածագիրները դրսևորել են բավարար խնամք ու լրագրողական բարեխղճություն՝ հրապարակումներում իրենց անձը վիճահարույց մտքերի հեղինակներից տարանջատելու համար։
Ուշագրավ են նաև Հիմնադրամի ներկայացուցիչների՝ առցանց քննարկման ընթացքում բերած փաստարկն առ այն, որ թեև խնդրո առարկա հրապարակումներում հեղինակները մեջբերել են այլոց խոսքերը, և դրանք լրագրողների մտքերը չեն, այդուհանդերձ, այն հանգամանքը, որ տեքստի գենդերային ապատեղեկատվություն պարունակող հատվածն օգտագործվել է որպես վերնագիր, վկայում է դիտավորության մասին։ Սրանով են զեկույցի հեղինակները հիմնավորել իրենց այն եզրահանգումը, որ «Aravot.am» կայքը դարձել է «գենդերային ապատեղեկատվություն ընդգծող ու տարածող, թեև ոչ ստեղծողը»:
Խորհուրդը գտնում է, որ գենդերային ապատեղեկատվություն տարածելու դիտավորությունը զուտ մեկ փաստական հիմքով գնահատելն ամենևին բավարար չէ։ Օբյեկտիվորեն ատելության շարժառիթը հիմնավորվում է փաստերի համակցությամբ, քանի որ մեծամասամբ այդ շարժառիթն իրացվում է քողարկված, ոչ թե բացահայտ եղանակով։ Իրավական գործընթացներոււմ, ՀՀ ներպետական իրավական համակարգում կամ միջազգային փաստաթղթերում ատելության շարժառիթի առկայությունը որոշվում է այնպիսի գործոնների համադրությամբ, ինչպիսին են արտահայտության սոցիալական և քաղաքական համատեքստը, հեղինակի անձը, նրա նախկին վարքագիծը, խոսքի բովանդակությունը, ձևը, սրության աստիճանը և հանրային հնարավոր վտանգավորությունը։[4]
Փաստորեն, տվյալ դեպքում գենդերային ապատեղեկատվություն տարածելու դիտավորությունը որոշվել է միայն խոսքի բովանդակության ու ձևի վերլուծությամբ՝ վերնագրի ընտրությամբ, ինչը խիստ անբավարար հիմնավորում է։ Բացի այդ, վերնագրի ընտրությունը նույնպես լրագրողական ազատության տարր է՝ ամրագրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, որը պաշտպանում է ոչ միայն հրապարակման բովանդակությունը, այլև ոճը։[5] Լրագրողը վերնագիրն ընտրում է այնպես, որ դա արտահայտի նյութի բովանդակությունը։ Սա լրագրողական էթիկայի նորմ է։[6] Այս իմաստով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է նույնիսկ սադրող բնույթի խոսքի պաշտպանությունը, որի շրջանակում դիտարկվում է նաև վերնագիրը։ Լրագրողն իրավունք ունի իր հոդվածի վերնագրի համար ընտրել տեքստի ամենասադրող մասը, որպեսզի լավագույնս ներկայացնի խնդրի էությունը կամ սրությունը, և բացառապես լրատվական գործունեություն իրականացնողն է որոշում իր հրապարակումների բովանդակության, ոճի, նյութի մատուցման եղանակի հետ կապված հարցերը։ Հետևաբար, քանի դեռ լրագրողը չի գործում ատելության խոսք տարածելու, հանիրավի վիրավորանք հասցնելու չարամիտ ու անթաքույց դիտավորությամբ, վերնագրի ընտրությունը, ցնցող, անհանգստություն պատճառող, սադրող և նույնիսկ վիրավորական խոսքի օգտագործումը չեն կարող մեկնաբանվել ի վնաս տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատության։
Տվյալ դեպքում տեղին է նաև հիշել Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի՝ Ընդհանուր քաղաքականության թիվ 15 հանձնարարականը ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ, որում, սահմանելով ատելության խոսքի իրավական բովանդակությունը, այդուհանդերձ միջազգային այս կառույցը նշել է, որ ատելության խոսք չի կարող համարվել «օբյեկտիվ տեղեկատվական և վերլուծական լրագրությունը, որը զուտ վիրավորում, վնասում կամ տագնապ է պատճառում»։[7] Հանձնարարականում նույնպես առաջարկվում է ատելության դրդապատճառի առկայությունը ստուգել համալիր գործոններով՝ առաջարկելով վեց խումբ «հատուկ հանգամանքների» առկայություն[8], որոնք ավելին են, քան նրանք, որոնք առաջարկվում է վերևում վկայակոչված Ռաբաթի գործողությունների ծրագրով։
Բնավ կասկածի տակ չդնելով Հիմնադրամի կատարած աշխատանքի նպատակների (այն է՝ գենդերային ապատեղեկատվության կանխարգելումը և նման դրսևորումների մասին հանրությանն իրազեկելը) իրավաչափությունն ու կարևորությունը, Խորհուրդը եզրակացնում է, որ հրապարակված զեկույցի՝ «Aravot.am»-ին վերաբերող հատվածներում, որտեղ տրվել են գնահատականներ առ այն, որ կայքի լրագրողները գենդերային ապատեղեկատվություն են տարածել (ինչը դիտավորություն է ենթադրում և առնվազն բերված օրինակներով չի հաստատվում), վերոհիշյալ նպատակները բավարար կերպով չեն համադրվել ու չեն փոխհավասարակշռվել խոսքի ազատության իրավունքի, լրագրողների՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու հանրային առաքելության հետ։ Հետևաբար, զեկույցում արատավորվել է լրատվամիջոցի համբավը։
Միաժամանակ, Տեղեկատվական վեճերի խորհուրդը դիմել է Էթիկայի դիտորդ մարմին՝ առաջարկելով կարծիք հայտնել լրատվամիջոցի հրապարակումների վերաբերյալ էթիկայի տեսանկյունից։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան
[1] Ռումյանա Իվանովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 36207/03, 14/02/2008, կետ 62:
[2] Ջերսիլդն ընդդեմ Դանիայի, թիվ 15890/89, 23/09/1994, կետեր 35-36:
[3] Մինասյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի, թիվ 59180/15, 07/01/2025, կետ 69: Սույն գործի փաստերը վերաբերում են iravunk.am լրատվական կայքի խմբագիր Հովհաննես Գալաջյանի կողմից ատելության խոսք տարածելուն, որում նա ոչ թե մեջբերել կամ վերարտադրել է այլոց արտահայտությունները, այլ ինքն է հանդիսացել ԼԳԲՏ համայնքի դեմ պարբերաբար տարածվող ատելության խոսքի հեղինակ։
[4] Տե՛ս այս չափանիշների ամրագրումը Ռաբաթի գործողությունների ծրագրում։
[5] Ջերսիլդն ընդդեմ Դանիայի, թիվ 15890/89, 23/09/1994, կետեր 31: Տե՛ս նաև EGYESÜLETE AND INDEX.HU ZRT-ն ընդդեմ Հունգարիայի, թիվ 22947/13, 2/02/2016, կետ 76:
[6] Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրք․ հոդված 1.5, որը սահմանում է, որ ճշգրտություն և անկողմնակալություն ապահովելու նպատակով լրագրողը պետք է ձգտի, որ վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից։
[7] Տե՛ս կետ 13-ում։
[8] Տե՛ս կետ 16-ում։