ՓԱՍՏԵՐԸ
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ս․ թ․ ապրիլի 9-ին դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել կարծիք «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության «Առաջին ԹիՎի» տեսալսողական ծրագրով Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում՝ մարտի 15-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի օգտին քարոզող տեսահոլովակի և հաղորդումների տարածման օրինականության վերաբերյալ։ Այդ դիմումի առիթը Դիտորդ մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացած գրությունն է, որում հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինը տեղեկացրել է, որ իր դիտարկումների համաձայն՝ նշված լրատվամիջոցը նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս տարածել է «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանին վերաբերող տեսահոլովակը, իսկ տվյալ ընտրություններին նվիրված հաղորդումներին տաղավար են հրավիրվել նույն դաշինքի ներկայացուցիչները կամ աջակիցները, որոնք հանդես են եկել ի օգուտ այդ ուժի և դրա թեկնածուի։ Մինչդեռ, ըստ ՀՌՀ-ի, եթե վերոհիշյալ տեսալսողական նյութերը նախընտրական քարոզչություն են, ապա «Առաջին ԹիՎի»-ն պետք է հրապարակեր դրա համար վճարովի եթերաժամ տրամադրելու մասին տեղեկատվություն, ինչը չի արվել, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչը հանձնաժողովին բանավոր հայտնել է, որ այդ տեսանյութերը հեռարձակվել են անվճար։ Այս փաստերի առնչությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խնդրել է Դիտորդ մարմնին ներկայացնել դիրքորոշում, թե արդյո՞ք «Առաջին ԹիՎի»-ն չի խախտել Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը, որն այդ լրատվամիջոցն ստորագրել է։ Սակայն, մինչև ՀՌՀ-ին եզրակացություն տրամադրելը, Դիտորդ մարմինը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ՝ ակնկալելով ստանալ մասնագիտական կարծիք առ այն, թե արդյո՞ք խնդրո առարկա տեսանյութերի հրապարակումն իրավաչափ է իրականացվել, և արդյո՞ք նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամ տրամադրելու մասին տեղեկություն չհրապարակելը օրենքի խախտում է։
Վիճարկվող տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումով։
Ավելի ուշ՝ ապրիլի 28-ին, Դիտորդ մարմինը հաղորդել է ՏՎԽ-ին, որ «Առաջին ԹիՎի»-ից տեղեկություն է ստացվել առ այն, որ լրատվամիջոցը մարտի 1-ին հայտարարություն է հրապարակել՝ համայնքներում անցկացվելիք ընտրություններին մասնակցող ուժերին վճարովի եթերաժամ չտրամադրելու և, այդուհանդերձ, բոլոր ցանկացող թեկնածուներին հյուրընկալելու և լուսաբանում ապահովելու պատրաստակամության վերաբերյալ։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան ընտրական ցուցակների գրանցման ժամկետի հաշվարկի սկզբից 5 օր առաջ, իրենց եթերով պարտավոր են հրապարակել իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը։ Իսկ 20.1 հոդվածը, որը կարգավորում է համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցի կողմից նախընտրական քարոզչության կարգը, սահմանում է, որ քարոզչական նյութերի հրապարակումը պետք է ուղեկցվի «Նախընտրական քարոզչություն» լուսագրով, իսկ քարոզչական տեսանյութերի դեպքում՝ դրանց վրա «Նախընտրական քարոզչություն» լուսագրի անընդմեջ տեղադրմամբ։ Նույն պահանջը, ի դեպ, սահմանված է նաև «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով։
Այսպիսով, եթե տեսանյութերի բովանդակությունը թույլ է տալիս ընդունել, որ դրանք նախընտրական քարոզչություն են, իսկ այդպիսին են այն տեսալսողական նյութերը, որոնք, ըստ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1.1. կետի, նպատակ ունեն համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին, ստացվում է, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն պետք է նախօրոք, օրենքով սահմանված ժամկետում հրապարակած լիներ նախընտրական քարոզչության իրականացման համար վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, և եթե դա չի արել, խախտել է Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջը։
Այս առումով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի փաստարկն առ այն, որ «Առաջին ԹիՎի» առցանց տեսալսողական ծրագրով մարտի 1-ին տարածվել է հայտարարություն` ընտրություններին մասնակցող ուժերին վճարովի եթերաժամ չտրամադրելու, բայց բոլոր ցանկացող թեկնածուներին հյուրընկալելու և լուսաբանում ապահովելու պատրաստակամության մասին, դժվար է հիմնավոր համարել։ Նախ՝ տեղի է ունեցել ժամկետի խախտում․ ըստ օրենքի՝ քարոզարշավի ընթացքում հարթակից օգտվելու վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվեր ոչ ուշ, քան փետրվարի 25-ին։ Բացի այդ, հայտարարության բովանդակությունը շատ անորոշ է, մասնավորապես՝ չի հստակեցվում, թե արդյո՞ք բոլոր թեկնածուները կարող էին անվճար տեղադրել իրենց նախընտրական տեսահոլովակը, ինչպես դա արվել է նրանցից մեկի պարագայում։
Եթե ենթադրենք, որ քարոզչական նյութը «Առաջին ԹիՎի»-ում անվճար հրապարակելու հնարավորությունից օգտվել է միայն Լևոն Բարսեղյանը, ապա նույնիսկ այդ դեպքում տեսալսողական ծառայություն մատուցողը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտավոր էր անընդմեջ պատկերել «Նախընտրական քարոզչություն» լուսագիրը։ Վերը նշված օրենքներից ոչ մեկով սահմանված չէ, որ քարոզչական նյութերը անվճար հրապարակելիս լրատվամիջոցն ազատվում է դրանք այդ լուսագրով ուղեկցելու պարտականությունից։ Եվ վերջապես, եթե տեսալսողական ծառայություն մատուցողը որոշել էր միայն կոնկրետ թեկնածուի տրամադրել նախընտրական քարոզարշավի համար անվճար եթերաժամ, ապա պարտադիր այդ մասին պետք է նախօրոք տեղեկացներ եթերով՝ ապահովելու համար Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի՝ մարզկենտրոնների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններն ունեն օրենսգրքով սահմանված չափով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերաժամերից հավասար պայմաններով անվճար օգտվելու իրավունք։
Այսպիսով, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության «Առաջին ԹիՎի» տեսալսողական ծրագրով Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում՝ մարտի 15-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, քարոզչական նյութերի տարածումը կատարվել է Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 20.1 հոդվածի 3-րդ մասի, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտումներով։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան