Փաստերը
2025 թվականի նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իմնեմնիմի» փոդքասթի վարող Վազգեն Սաղաթելյանի (դատական գործ թիվ ԵԴ2/12193/02/25)։ Հայցվորը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ տեղադրելով համապատասխան հայտարարություն ֆեյսբուքյան անձնական էջում կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում՝ այդ տեքստում նշելով հետևյալը․ «09․11․2025.-ին www.youtube.com կայքով ուղիղ եթեր հեռարձակվող «LIVE. 3-րդ նախագահի հետ մեր թողարկման, դրա արձագանքների և հիստերիկ նոպաների մասին «Իմնեմնիմի # 223» վերնագրով փոդքաթի ժամանակ կատարել եմ արտահայտություններ պարոն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ իմ կողմից կատարված արտահայտություններն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»։ Հայցով պահանջվում է նաև բռնագանձել պատասխանողից 1 միլիոն դրամ՝ որպես տեսանյութում տեղ գտած վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև 410 հազար դրամ’ որպես դատական ծախսերի հատուցում։ Սույն փաստաթղթի պատրաստման պահի դրությամբ դատարանը դեռ չէր կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում։
Նույն օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման հայց է ներկայացրել նաև ընդդեմ «Իմնեմնիմի» փոդքասթի մյուս վարողի՝ Նարեկ Սամսոնյանի (դատական գործ թիվ ԵԴ2/12196/02/25)` միևնույն փաստական հիմքերով և պահանջներով։ Սույն գործով նույնպես վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չի կայացվել։
Դատական հայցերը ներկայացնելու հաջորդ օրը՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ին, Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են։ Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր[1], որոնցում երևում է, թե ինչպես է դա իրականացվել։ Ավելի ուշ խուզարկություն է կատարվել փաստերի ստուգման և տեղեկատվական antifake.am կայքի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել:
Քննչական կոմիտեի խոսնակի հաղորդմամբ՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Նոյեմբերի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է իր դիմումի հիման վրա՝ այն բանի համար, որ նրանք եթերում իր հասցեին հնչեցրել են վիրավորանքներ ու սպառնալիքներ, և որ այդ գործողությունները նաև խուլիգանական արարքներ էին։ Նոյեմբերի 14-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը երկու առանձին դատական ակտերով կալանավորվել են երկու ամիս ժամկետով։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Մինչև ձերբակալվելն ու կալանավորվելը, Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը համատեղ հեղինակել և վարել են «Իմնեմնիմի» փոդքասթը, որը antifake.am տեղեկատվական կայքի մաս է կազմում: Այդ փոդքասթի թողարկումներն ունեն պարբերականություն, մշտական անվանում և հերթական համար, տարածվում են առցանց տիրույթի մի քանի հարթակներում՝ անսահմանափակ թվով անձանց համար։ Արծարծվող թեմաները, որպես կանոն, վերաբերում են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն ու դրա դերակատարներին։ Նշված փաստերը թույլ են տալիս բնորոշել տվյալ կայքը և դրա մաս կազմող փոդքաստը որպես լրատվական գործունեություն իրականացնող՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի հիմքով։ Հետևաբար, «Իմնեմնիմի»-ի համահեղինակների ու վարողների վրա տարածվում են լրագրողական ազատությունների և պարտականությունների մասին ներպետական և միջազգային իրավունքի նորմերը։
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) իրավական համակարգում արդեն ավելի քան երկու տասնամյակ ամրագրվել է այն կայուն մոտեցումը, որ զրպարտության կամ վիրավորանքի համար բանտարկությունն անթույլատրելի է, և որ նման միջոցը համաչափ է միայն այն դեպքում, երբ վիրավորանքը կամ զրպարտությունը ուղեկցվել են ատելության խոսքով և բռնության կոչով։ Այս մասին ԵԽ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է համապատասխան հանձնարարական[2]։ ԵԽ նախարարների կոմիտեն էլ առաջարկել է Մասնակից Պետություններին վերանայել իրենց օրենսդրությունը և պրակտիկան այնպես, որ դրանցում արտացոլվեն արտահայտվելու ազատության երաշխիքները՝ հանրային շահի, համաչափության, ողջամիտ հրապարակման և այլ համապատասխան իրավական պաշտպանության հիմքերը։ Հաշվի առնելով, որ քրեական հետապնդումը և բանտարկությունը լրջորեն վտանգում են արտահայտվելու ազատությունը, ԵԽ նախարարների կոմիտեն նաև առաջարկել է Մասնակից Պետություններին առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով, ըստ որոնց՝ բանտարկությունը լրագրության հետ կապված իրավախախտումների համար պետք է թույլատրելի լինի միայն բացառիկ հանգամանքներում, մասնավորապես, երբ նման իրավախախտումներին զուգահեռ լրջորեն խախտվել են այլ հիմնարար իրավունքներ, օրինակ, հնչեցվել է բռնության կոչ կամ ատելության խոսք։[3]
Վերոհիշյալ փոդքասթի խնդրո առարկա թողարկման ընթացքում վարողները հնչեցրել են հայհոյանքներ և այլ անվայելուչ արտահայտություններ, ինչը Խորհուրդը խիստ անթույլատրելի է համարում։ Սանձարձակ բառապաշարն ու վիրավորանքները չեն կարող ընդունվել որպես հանրության հետ հաղորդակցվելու ձև և պետք է ստանան իրավական գնահատական։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ այդ գնահատականը և դրանից բխող պատասխանատվությունը լինի համաչափ, հիմնավորված և արդարացի։
Տվյալ դեպքում, ինչպես ցույց են տալիս փաստերը, նույն արարքի առնչությամբ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ հարուցվել են և՛ քաղաքացիական դատական գործեր, և՛ քրեական հետապնդում։ Խորհուրդը սա անընդունելի է համարում։
Տեսականորեն հնարավոր է, որ միևնույն փաստերի հիմքով անձը ենթարկվի և՛ քաղաքացիական, և՛ քրեական պատասխանատվության, սակայն լրատվական գործունեություն իրականացնելու պարագայում դա կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ քրեական պատասխանատվությունը չի նախատեսում բանտարկություն։ Լրատվամիջոցի ներկայացուցչի բանտարկությունը վիրավորանքի կամ զրպարտության համար, անկախ դրանց ծանրության աստիճանից, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում։ Այս լույսի ներքո են ներկայումս դիտարկվում հասարակական հարաբերությունները Եվրոպայի խորհրդի տարածքում։ Ավելին՝ քրեական հետապնդման շրջանակում նույնիսկ նվազագույն գումարի չափով տուգանք սահմանելը խնդրահարույց է, քանի որ այդպիսի սանկցիայի առկայությունը ինքնին արտահայտվելու ազատության իրավունքի վրա սառեցնող ազդեցություն է թողնում (Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 29369/10, ՄԻԵԴ, 23/04/2015, կետ 176): Հետևաբար, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելը և նրանց բանտարկելը Խորհուրդը դիտարկում է որպես անհամաչափ միջոցներ։ Նրանց արարքը՝ վիրավորանքը, պետք է իրավական գնահատականի արժանանա միայն քաղաքացիական օրենսդրության շրջանակում։
Ինչ վերաբերում է քրեական հետապնդման մարմնի դիրքորոշմանը, որ փոդքաստի վարողների օգտագործած վիրավորական արտահայտությունները խուլիգանություն է, Խորհուրդը դա համարում է վտանգավոր նախադեպ։ Հրապարակային վիրավորանքը խուլիգանություն որակելով՝ այդ մարմինը, ըստ էության, քողարկված կերպով վերականգնում են նախկին քրեական օրենսգրքի տխրահռչակ 137.1 հոդվածը (ծանր վիրավորանքը), որը խստորեն քննադատվել էր Հայաստանի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների կողմից ու այդ պատճառով հեռացվեց օրենսգրքից՝ որպես ազատ խոսքը վտանգող նորմ։
Վերը նշվածի համատեքստում պետք է դիտարկել նաև antifake.am կայքի գրասենյակի խուզարկությունը և խմբագրության տեխնիկայի առգրավումը։ Դատելով նրանից, որ խնդրահարույց արտահայտությունները հնչեցվել են հրապարակայնորեն՝ առցանց տիրույթում, տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ ուժային կառույցի՝ ԱԱԾ-ի, բիրտ գործողությունների կարիքը չի եղել․ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղսագրված խուլիգանության հանցակազմի ապացույցներն առկա են համացանցում ու հասանելի են բոլորին, և խուզարկության և տեխնիկայի առգրավման միջոցով դրանց հայտնաբերման և ամրագրման անհրաժեշտությունը բացակայել է։ Անկախ նրանից, թե քննչական մարմինը ինչ նպատակ է հետապնդել’ նման գործողություններ կատարելով, փաստ է, որ դրանց արդյունքում խաթարվել է լրատվական գործունեությունը, որը շոշափում է հանրային շահը։
Անընդունելի է Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու եղանակը։ Նախ՝ ձերբակալողների թիվը մի քանի անգամ գերազանցում էր ձերբակալվողների թվին, երբ վերջիններս ոչ մի դիմադրություն ցույց չէին տալիս։ Բացի այդ, հարց է ծագում՝ ի՞նչ նպատակով էր տեսանկահարանվում ձերբակալման ընթացքը, երբ քրեական հետապնդման մարմնի մի քանի աշխատակիցներ ձերբակալվողների թևերը ոլորելով նրանց դուրս էին հանում իրենց բնակարաններից՝ ընտանիքի անդամների, հարևանների, հասարակության ներկայացուցիչների աչքի առջև։ Կամ, ի՞նչ հիմքով էր ձերբակալում իրականացնող ծառայողը արգելում քաղաքացուն տեսանկարահանել հասարակական վայրում կատարվող ուժային գործողությունը։ Խորհուրը հայտարարում է, որ ձերբակալման ժամանակ կիրառվել է անհամաչափ կոշտ ուժ, ինչի նպատակն էր ոչ թե ապահովել հասարակական անվտանգությունը, ձերբակալվողներին անվտանգ տեղափոխելը կամ նրանց անօրինական դիմադրությունը չեզոքացնելը, այլ այդ անձանց նվաստացնելը։ Խորհուրդը հույս է հայտնում, որ, անկախ համապատասխան դիմումի առկայությունից, իրավասու պետական մարմինը անհրաժեշտ քննություն կիրականացնի վատ վերաբերմունքի փաստի մասով, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Եզրափակելով’ Խորհուրդը գտնում է, որ իշխանությունները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արարքին արձագանքել են ոչ համաչափ, ինչպես նաև՝ նրանց ենթարկել են արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունքի։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
[1] Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսանյութը հասանելի է այս հղումով, իսկ Վազգեն Սաղաթելյանինը՝ հետևյալ հղումով։
[2] ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի թիվ 1577 (2007) հանձնարարական. Դեպի դեֆամացիայի ապաքրեականացում։ Կետ 17.1 և 17.5:
[3] ԵԽ նախարարների կոմիտեի CM/Rec(2016)4[1] հանձնարարականը լրագրության պաշտպանության և լրագրողների և այլ մեդիա դերակատարների անվտանգության պաշտպանության մասին։ Կետ 6: