ՓԱՍՏԵՐԸ
Ազգային ժողովի աշխատակազմը 2025 թվականի դեկտեմբերի 10-ից 24-ը իրականացրել է ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Նույն ամսվա 12-ին «Գործընթաց» երկշաբաթաթերթի խմբագիր Իրինա Դանիելյանը գրավոր դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով այդ լրատվամիջոցից հավատարմագրել իրեն և Ինարա Դանիելյանին։ Դիմումին կից ներկայացվել են նաև Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգով (այսուհետ նաև՝ Կարգ) սահմանված փաստաթղթերը, այդ թվում՝ «Գործընթաց» թերթից օրինակ, իրավաբանական անձի պետական ռեգիստրի քաղվածք։
2025թ․ դեկտեմբերի 24-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը գրավոր տեղեկացրել է, որ լրատվամիջոցի ներկայացրած տվյալները չեն բավարարել վերոհիշյալ Կարգի 8-րդ կետի պահանջներին, և որ այդ Կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին հավատարմագրելու դիմումը ենթակա է մերժման: Գրության մեջ չի մասնավորեցվել, թե կարգի 8-րդ կետի կոնկրետ որ պայմանին չեն համապատասխանել խմբագրության կողմից տրամադրված տվյալները։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, «Գործընթաց» թերթի խմբագիրը ևս մեկ նամակ է հղել Դավիթ Առաքելյանին՝ խնդրելով հստակեցնել, թե ինչ հիմքով է մերժվել դիմումը։ Միաժամանակ Իրինա Դանիելյանը պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել այն փաստերի վրա, որ «Գործընթաց»-ը շարունակել է հրապարակվել իր երկշաբաթյա պարբերականությամբ, ունի Կարգով սահմանված բոլոր տվյալները, իսկ ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմին, ապա կառույցը չի պահպանել հավատարմագրման համար որոշում կայացնելու սահմանված ժամկետները։ Մասնավորապես, համաձայն Կարգի 15-րդ կետի՝ դիմումի առնչությամբ որոշումը պետք է ընդունվեր 5 օրում, դրա վերաբերյալ գրառում կատարվեր լրագրողների հավատարմագրման էլեկտրոնային մատյանում և այդ մասին եռօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացվեր լրատվական գործունեություն իրականացնողին։ Մինչդեռ, սահմանված ընթացակարգը չի պահպանվել. մերժումն ուղարկվել է դիմումից 12 օր հետո՝ դեկտեմբերի 24-ին, հավատարմագրման ժամկետի վերջին օրը:
2026թ․ հունվարի 5-ին ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, մասնավորապես, որ լրատվամիջոցի վերը նշված դիմումը փաստարկված չէ, և որ «երկշաբաթաթերթ» հասկացությունը չի նույնանում «շաբաթաթերթ» հասկացության հետ։
2026թ․ հունվարի 7-ին լրատվամիջոցի ղեկավարը գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ներկայացրել մի շարք առարկություններ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գործողությունների և հիմնավորումների վերաբերյալ։ Բացի խմբագրության դիմումին պատասխանելու ժամկետի խախտումը, ԱԺ-ն, ըստ խմբագրի, չի կայացրել հավատարմագրման մերժման մասին իրավական ակտ՝ որոշում, այլ վերացական բնույթի գրությամբ տեղեկացրել է, որ «ընդունվել է մերժման որոշում», ինչից պարզ չէ, թե ով է այն ընդունել և ինչ կարգով։
Խորհրդարանի ղեկավարին հղած նամակում խմբագիրը նաև նշել է, որ լրատվամիջոցների պարբերականությանը վերաբերող տերմինները կամայականորեն են մեկնաբանվել. քանի որ երկշաբաթյա պարբերականությունը որևէ ակտում նշված չէ, դա բավարար հիմք է համարվել դիմումը մերժելու համար։ Մինչդեռ, Կարգի 10-րդ կետում գործածված «պարբերական» հասկացության իրավական բովանդակությունը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, ըստ որի՝ պարբերականը պետք է ունենա մշտական անվանում, հերթական համար, ամսաթիվ, պարբերական թողարկումներ, որոնց բոլորին համապատասխանում է «Գործընթաց» երկշաբաթաթերթը։ Բերվել է ևս մեկ փաստարկ. ըստ խմբագրի՝ լրատվամիջոցը բախվել է խտրական վերաբերմունքի։ Մասնավորապես, նույն կերպ գործելով և նույն տվյալները ներկայացնելով՝ թերթը ստացել էր հավատարմագրում ԱԺ նախորդ նստաշրջանի նիստերը լուսաբանելու համար, և սա վկայում է նույնանման իրավիճակում տարբեր վերաբերմունքի մասին:
Ի պատասխան՝ 2026թ․ հունվարի 8-ին ԱԺ աշխատակազմի ղեկավարը լրատվամիջոցին գրավոր տեղեկացրել է, որ խորհրդարանում լրագրողների հավատարմագրումն իրականացվել է Կարգի հիման վրա, և որ այդ գործընթացում «Ազգային ժողովի կողմից վարչարարություն չի իրականացվում»։ Նաև նշվել է, որ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ հավատարմագրման մերժման գործընթացում սահմանված ժամկետները պահպանվել են:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածից բխում է, որ հավատարմագրումն իրավունք է, որը հանրային մարմինները պարտավոր են ճանաչել։ Դա նշանակում է, որ այդ մարմինները, հավատարմագրման վերաբերյալ դիմումի առկայության և դիմումատուի՝ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանելու դեպքում, պետք է միայն արձանագրեն (գրանցեն) այդ իրավունքը, այլ ոչ թե տրամադրեն թույլտվություն կամ մերժեն այն։
Օրենքի այդ հոդվածի բովանդակությունն արտահայտված է նաև Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման Կարգում, որում նույնպես ամրագրվել է իրազեկման, այլ ոչ՝ թույլտվության ինստիտուտը։ Կարգի 8-րդ և 10-րդ կետերում սահմանված են մի շարք պահանջներ, որոնց բավարարելու դեպքում լրագրողները պետք է անվերապահորեն հավատարմագրվեն։
Հավատարմագրվելու իրավունքի սահմանափակման հիմքերը պետք է համապատասխանեն արտահայտվելու ազատության սահմանափակման երեք հայտնի սկզբունքներին՝ օրինականությանը, նպատակի իրավաչափությանը և կիրառվող միջոցների համաչափությանը։ Ընդհանուր առմամբ, հավատարմագրումը չպետք է իրականացվի որպես «թույլտվության տրամադրում»։ Տվյալ գործընթացում թույլտվության կառուցակարգը, ըստ միջազգային իրավունքի, արտահայտվելու և տեղեկատվության ազատության անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց է[1]։
Դիտարկվող վեճում ԱԺ աշխատակազմի ղեկավարը հավատարմագրման դիմումի մերժման մասին դիմումատու լրատվամիջոցին տեղեկացրել է սովորական գրությամբ։ Այս փաստն ինքնին լրատվամիջոցի ազատության իրավունքի անօրինական միջամտություն է։ Ազգային ժողովը պարտավոր է հավատարմագրման դիմումի մերժումը կատարել վարչական ակտի ընդունմամբ՝ համապատասխան վարչարարություն իրականացնելով։ Այս պահանջը նույնանման հանգամանքում արդեն սահմանվել է ՀՀ վճռաբեկ դատարանի և վարչական դատարանի կողմից։ Մասնավորապես, լրագրող Քնարիկ Մանուկյանն ընդդեմ ԱԺ աշխատակազմի և դրա ղեկավարի գործով Վճռաբեկ դատարանի 2024թ․ ապրիլի 16-ին կայացրած նախադեպային որոշման (թիվ ՎԴ/1751/05/24) մեջ սահմանվել է, որ հավատարմագրման դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները հանրային, ոչ թե մասնավոր բնույթի են, հետևաբար՝ դրա հետ կապված վեճերը ենթական են քննության վարչական, ոչ թե քաղաքացիական դատարաններում, իսկ լրագրողին ուղղված ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրությունը համարվում է վարչական ակտ։ Նույն այդ գործով ՀՀ վարչական դատարանը 2025թ․ հունիսի 16-ին վճռել է, որ պետական մարմինը վարչական վարույթի վերաբերյալ անձին պատշաճ ծանուցելու իր պարտականությունը չի իրականացրել, վարչական վարույթի՝ օրենքով սահմանված ընթացիկ փուլ չի անցկացրել և վարչական վարույթը սահմանափակել է միայն եզրափակիչ փուլով, ինչի արդյունքում չի ապահովվել լրագրողի լսված լինելու իրավունքը։ Այսպիսով նա՝ որպես վարչական վարույթի մասնակից, զրկվել է իր իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը լիարժեք իրականացնելու հնարավորությունից:
Թե՛ «Գործընթաց» թերթի հետ ծագած վեճում և թե՛ Քնարիկ Մանուկյանի վերոնշյալ գործում ընդհանուր խնդիրն այն է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը գրությամբ, այլ ոչ թե վարչական ակտ կայացնելով է տեղեկացրել լրատվամիջոցի հավատարմագրման դիմումը մերժելու կամ, Քնարիկ Մանուկյանի դեպքում, լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մասին, այսինքն՝ որոշումները չեն ընդունվել օրենքով սահմանված ընթացակարգով։ Մասնավորապես՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը թերթի հիմնադիր-տնօրենին հղած գրության մեջ հստակորեն նշել է, որ «այդ գործընթացում ՀՀ Ազգային ժողովի կողմից վարչարարություն չի իրականացվում»: Այսպիսով, ԱԺ-ում հավատարմագրվելու համար լրատվամիջոցի դիմումը մերժվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ։
Օրինականության տեսանկյունից խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ դիմումատու լրատվամիջոցի նկատմամբ ԱԺ աշխատակազմի կողմից, առանց ողջամիտ բացատրության կամ հիմնավորման, դրսևորվել է տարբերակված վերաբերմունք էապես նույնական իրավիճակում։ Ինչպես փաստել է «Գործընթաց»-ը, նախորդ նստաշրջաններում ԱԺ-ն չի մերժել թերթի լրագրողներին հավատարմագրելու դիմումները, մինչդեռ այն ժամանակ էլ խմբագրությունը ներկայացրել է նույն տվյալները, ինչ խնդրո առարկա դեպքում։
Անդրադառնալով համաչափության սկզբունքին՝ Խորհուրդը խնդրահարույց է համարում ԱԺ աշխատակազմի կողմից «երկշաբաթաթերթ» և «շաբաթաթերթ» հասկացությունների զուգաբանությանը հատուկ ուշադրություն հրավիրելը։ Թեև ԱԺ աշխատակազմը՝ որպես վարչական մարմին, ունի իրերը յուրովի գնահատելու վարչական հայեցողություն, դա չպետք է հանգեցնի լրատվամիջոցի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի սահմանափակմանը։ Ըստ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի՝ կարևորվում է սուբյեկտի որոշակի պարբերականությամբ հանդես գալը, և այդ իմաստով էական չէ, թե ինչպիսին է լրատվական գործունեություն իրականացնողի թողարկումների պարբերականութունը։ Հետևաբար՝ ԱԺ աշխատակազմի ներկայացրած պատճառաբանությունն առ այն, որ դիմող լրատվամիջոցը ոչ թե շաբաթաթերթ է, այլ երկշաբաթաթերթ, վերաբերելի ու անհրաժեշտ հիմք չէ հավատարմագրումը մերժելու համար։ Նման կամայական և օրինականության տեսակետից խոցելի մեկնաբանությունները և դրանց կիրառումը հետագայում բացառելու համար կարևոր է վերանայել և բարեփոխել վերոհիշյալ Կարգի այս հարցին վերաբերող և մի շարք այլ դրույթներ։
Ի մի բերելով վերոգրյալը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը և դրա ղեկավարը «Գործընթաց» թերթի լրագրողներին հավատարմագրելու հարցը լուծելիս խախտել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի պահանջները, մեկնաբանել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներն ի վնաս լրատվամիջոցի, վերջինիս նկատմամբ դրսևորել են խտրական վերաբերմունք և, մերժելով հավատարմագրումը, անհիմն սահմանափակել են խմբագրության՝ տեղեկություններ, կարծիքներ ու գաղափարներ տարածելու իրավունքը։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
[1] Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն։ Մամուլի ազատութայն հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ։ Արտասահմանյան լրագրողների հավատարմագրումը ԵԱՀԿ-ի տարածքում։ Էջ 13: