ՓԱՍՏԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկայի և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Իրազեկման, խորհրդատվութան և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սուսաննա Սիմոնյանի (դատական գործ թիվ ԵԴ/48584/02/22) ու հայտնել, որ վերջինս իրեն հրապարակավ վիրավորել է։ Հայցադիմումում նշվել է, որ  2022թ․ օգոստոսի 14-ին, երբ մայրաքաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հայտնի պայթյունը, բազմաթիվ լրատվամիջոցներ կապ են հաստատել իր հետ՝ դեպքի հետ կապված տեղեկություններ ստանալու նպատակով։ Այդ և հաջորդ օրերին պատասխանել է լրագրողների հարյուրից ավելի հեռախոսազանգերի: Եղել են զանգեր, որ բաց է թողել, բայց պարտադիր հետ է զանգել կամ գրավոր պատասխանել է:

Դեպքից երկու օր հետո՝ օգոստոսի 16-ին, «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սուսաննա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր անձնական էջում կատարել է հետևյալ գրառումը․ «Ելենա Զոհրաբյանի նման խոսնակներին, որոնց առաքելությունը նստել փող ստանալ ու մեկ-մեկ շեֆի վրից թոզ մաքրելն է, առաջարկում եմ այսուհետ անվանել «Մամուլի Խոզանակ»։ Որոշ ժամանակ անց գրությունը խմբագրվել ու տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ․ «Քաղշինի հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանի նմաններին, որոնց առաքելությունը նստել փող ստանալ ու մեկ-մեկ շեֆի վրից թոզ մաքրելն է, առաջարկում եմ այսուհետ անվանել «Մամուլի Խոզանակ»: Խմբագրված տարբերակում մատնանշվել է Ելենա Զոհրաբյանի հանրային պաշտոնը։ Հայցվորը դատարանից խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքի համար և վճարել փոխհատուցում 2 միլիոն դրամի չափով։

Պատասխանողն առարկել է հայցի դեմ ու ներկայացրել, որ որպես լրագրող լուսաբանել է տեղի ունեցած պայթյունը և դրա հետևանքները, և որպես աղետի համար պատասխանատու պետական կառույց է մատնանշել ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, որտեղ հասարակայնության հետ կապերով զբաղվել է Ելենա Զոհրաբյանը։ Հրատապ հարցերի պատասխաններ ստանալու համար Սուսաննա Սիմոնյանը բազմիցս փորձել էր կապ հաստատել հայցվորի հետ, սակայն վերջինս իր զանգերին չի պատասխանել: Ելենա Զոհրաբյանի հետ փորձել է կապ հաստատել նաև օրաթերթի մեկ այլ աշխատակից, բայց նրա զանգերն էլ էին մնացել անպատասխան։ Ցույց տալու համար, թե ինչպես էր հանրային մարմնի պաշտոնատար անձն իր անգործությամբ անհնարին դարձրել լրագրողների գործունեությունը, որոշել է սոցիալական ցանցում կատարել վերոհիշյալ գրառումը՝  շեշտելով հատկապես այն փաստը, որ անհրաժեշտ աշխատանք չէր կատարվում, որ տվյալ դեպքում Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվական և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը խուսափում էր լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրելուց։

Ըստ պատասխանողի՝ «Շեֆի վրից թոզ մաքրել» արտահայտությունը օգտագործել է՝ որակելու համար պաշտոնյայի կողմից իր պարտականությունների չկատարելը, և դա ժողովրդի լեզվով բնորոշում է անգործություն: Ինչ վերաբերում է «մամուլի խոզանակ» ձևակերպմանը, ապա այն, լրագրողի պնդմամբ, հումորային է, և դրանով բնորոշվել է վերոնշյալ «թոզ մաքրելը», որը չի պարունակում այն աստիճանի բացասական իմաստ, որը հավասարազոր է անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորմանը: Սուսաննա Սիմոնյանը նաև նշել է, որ չի ճանաչում Ելենա Զոհրաբյանին, նրան երբևիցե չի հանդիպել, հետևաբար՝ նրա անձը վիրավորելու միտում և դիտավորություն բնավ չի ունեցել, և խնդրո առարկա արտահայտություններն օգտագործել է բացառապես հայցվորի հանրային գործունեությանը գնահատական տալու նպատակով։

2024 թվականի նոյեմբերի 11-ին դատարանը մասնակի բավարարել է հայցապահանջը՝ գտնելով, որ լրագրողը վիրավորել ու արատավորել է հայցվորի արժանապատվությունը։ Վճռվել է պարտավորեցնել Սուսաննա Սիմոնյանին հրապարակավ ներողություն խնդրել hայցվորից և վերջինիս վճարել փոխհատուցում 100 հազար դրամի չափով։ Մնացած մասով փոխհատուցման պահանջը մերժվել է։

Պատասխանողը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը 2025 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված որոշումով բեկանել է առաջին ատյանի դատարանի ակտը և ամբողջությամբ մերժել հայցապահանջը։ Վերաքննիչ ատյանն այս որոշումը հիմնավորել է նրանով, որ վիճահարույց գրառումը ոչ այնքան Ելենա Զոհրաբյանի մասին էր կամ ոչ այնքան միտված էր վերջինիս անձը վիրավորելուն, որքան լրագրողի անհանգստության դրսևորում էր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պետական իրավասու մարմինների կողմից դրսևորվող հնարավոր անգործության կապակցությամբ։ Ըստ դատարանի՝ գրառման մեջ որևէ ուղղակի վիրավորանք առկա չէ, իսկ «մամուլի խոզանակ» արտահայտությունն անգամ հանրային խոսույթում չկա, այն առաջին անգամ է հանդիպում ու էպիզոդիկ բնույթ ունի: Վերաքննիչ ատյանը նաև նշել է, որ այդ բառակապակցությունը  ավելի շատ փոխաբերական իմաստով է օգտագործվել և շատ նման է հորինված արտահայտության, ինչից հասկացվում է, որ ըստ պատասխանողի՝ մամուլի խոսնակը իր պարտականությունները չէր կատարում։

Միաժամանակ դատարանը ընդունել է, որ վիճահարույց գրառումը կարող էր իրոք տհաճ լինել Ելենա Զոհրաբյանի համար, սակայն վերջինս պետք է հաշվի առներ, որ ի պաշտոնե նա ունի ուղղակի պարտականություններ՝ շփվելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդ ընթացքում ակնհայտորեն արձագանքները կարող էին առաջ բերել նաև այնպիսի քննադատության, որը հաճելի չէր: Վերաքննիչ դատարանը նաև հիմնավոր է համարել բողոքի այն պնդումները,  որ պատասխանողը չի ունեցել հայցվորին վիրավորելու նպատակ, իսկ վիճարկվող միտքն արտահայտվել է փոխաբերական ու վերացական իմաստով։

Վերաքննիչ ատյանի այս ակտը հայցվորը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որը դիմումի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել։

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց գրառումը չէր կարող համարվել փաստացի տվյալներ պարունակող, ինչպես որոշել էր առաջին ատյանի դատարանը, քանի որ լրագրողը փոխաբերական իմաստով տվել է գնահատական հանրային ծառայության պաշտոնյայի գործունեությանը։ Հետևաբար, դա գնահատող դատողություն է, որը, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ենթակա չէ ապացուցման (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, 08/07/1986): Այդ իմաստով Խորհուրդը համամիտ է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիրքորոշմանը, որ վիճահարույց արտահայտությունները հորինված են և օգտագործվել են փոխաբերական իմաստով։

Այդուհանդերձ, գնահատող դատողությունների վերաբերյալ դատարանի եզրահանգումը պատշաճ հիմնավորված և հստակ ձևակերպված չէ։ Մինչդեռ այդ հանգամանքը կարևորագույնն է սույն վեճի լուծման համար, քանի որ արտահայտությունների փոխաբերական իմաստով օգտագործելու իրավաչափությունը որոշելիս առանցքային է այն, թե արդյո՞ք դրանք բխում էին որոշակի փաստական հիմքերից։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների՝ գնահատողական դատողությունը չի կարող արտահայտվել վերացական կերպով, այլ պետք է հիմնված լինի որոշակի փաստակազմի վրա (Վճռաբեկ դատարանի 18/10/2019թ․ որոշումը թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով):

Այս առումով Խորհուրդը, ի տարբերություն վերաքննիչ դատական ատյանի, գտնում է, որ տվյալ դեպքում փոխաբերական իմաստով արված գնահատող դատողությունները զուրկ էին բավարար փաստական հիմքերից, ու այդ հանգամանքը պատշաճ կերպով չի հետազոտվել դատարանի կողմից։ Մասնավորապես, առավելագույն ուշադրության է արժանացել այն, որ առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո լրագրողը մոտ կես ժամվա ընթացքում չորս հեռախոսազանգ է կատարել հայցվորին, և դրանք մնացել են անպատասխան, սակայն անհրաժեշտ նշանակություն չի տրվել այն փաստին, որ նույն առիթով բազմաթիվ լրատվամիջոցներից մոտ հարյուր հեռախոսազանգեր են եղել, և բոլորին նույն պահին հնարավոր չէր պատասխանել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Տեսչական մարմնում ինտենսիվ խորհրդակցություններ էին անցնում իրավիճակի գնահատման և օպերատիվ գործողություններ իրականացնելու համար, և այդ քննարկումներին կառույցի մամուլի պատասխանատուն պետք է մասնակցեր, որ իմանար՝ ինչ հաղորդել հանրությանը։ Եվս մեկ կարևոր հանգամանք, որին դատարանը գրեթե նշանակություն չի տվել. հանրային մարմնի պաշտոնյան հետ է զանգել լրագրողին, բայց դա մնացել է անարձագանք։ Այսինքն՝հայցվորը չի խուսափել լրատվամիջոցի ներկայացուցչի հետ զրուցելուց։ Բայց հաջորդ օրը լրագրողն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վիճահարույց գրառումը։

Խորհուրդը գտնում է, որ առկա փաստակազմը բավարար հիմք չի տալիս պնդելու, որ հայցվորը, որպես հանրային ծառայության պաշտոնատար անձ, չի կատարել իր պարտականությունները։ Հետևաբար՝ լրագրողի կողմից տրված որակումը վիրավորական է։ Նման գրառման համար անհրաժեշտ էին տևական ժամանակ կրկնվող վարքագծի այնպիսի դրսևորումներ, որոնք կստվերեին տվյալ պաշտոնյայի գործունեությունը և դրա թափանցիկությունը։  Բավարար փաստական հիմքերի բացակայությունը նաև վկայում է, որ պատասխանողն ունեցել է վիրավորելու մտադրություն։

Տվյալ դեպքում Խորհուրդը հիմնավորված չի համարում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ «ԶԼՄ-ի գործունեության շրջանակներում կարող է լինել նաև կոշտ քննադատություն, առավել ևս այն դեպքում, երբ բացակայում է էլեմենտար կոմունիկացիան հանրային հնչեղություն ունեցող դեպքը լուսաբանող լրագրողի և պետական մարմնի իրավասու աշխատակցի միջև», քանի որ այդպիսի եզրահանգման համար նույնպես անհրաժեշտ էր ունենալ փաստերի բավարար շրջանակ և առավել օբյեկտիվորեն վերլուծել վեճի հանգամանքները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանին չի հաջողվել արդարացիորեն փոխհավասարակշռել պատասխանողի արտահայտվելու ազատությունը հայցվորի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքի հետ՝ ի խախտումն ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխիքի։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ՝

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

 

Skip to content