2012թ.-ի նոյեմբերի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամների և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՏՎԽ-ի գործունեության զարգացման հեռանկարները:
Ներկաներին ողջունեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը. “Ես շատ եմ կարևորում ՏՎԽ-ի աշխատանքը, քանի որ այստեղ հավաքված մարդիկ շատ մեծ փորձ ունեն, կարող են որպես փորձագետներ հանդես գալ դատարաններում: Ես խորհուրդ կտամ դատարաններում օգտագործել ՏՎԽ-ի կարծիքները”: Օ. Մկքոյը նաև հավելեց, որ այսուհետ ևս ԵԱՀԿ Երևանի գրասենյակը աջակցելու է նման նախաձեռնությունները: Այնուհետև, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանը ներկայացրեց Տեղեկատվական վեճերի խորհրդի անցած 1.5 տարվա աշխատանքային ուղին՝ նշելով, որ “Տեղեկատվական վեճերի խորհուրդն իր գործունեության ընթացքում բազմապիսի վերաբերմունքի է արժանացել՝ գովասական, ողջունող խոսքերից մինչև քննադատություն, անհիմն մեղադրանքներ”:
“Տեղեկատվական վեճերի խորհուրդն արդեն 24 կարծիք է հրապարակել, որից 5-ի դեպքում կողմերից մեկի նախաձեռնությամբ, իսկ մնացած դեպքերում՝ սեփական նախաձեռնությամբ: Եվ եթե սկզբում ՏՎԽ-ն կարծիք էր հրապարակում վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերի ընթացքում, ապա այս տարվա մայիսից սկսած կարծիք է հրապարակում միայն դատական քննության ավարտից հետո, որով էլ բացառում է միջամտությունը, կողմնակալ կարծիքի ձևավորմանը արդարադատության իրականացման վրա”,-իր խոսքում նշեց Շ. Դոյդոյանը:
Աշխատանքային քննարկման բանախոս “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արայիկ Ղազարյանն էլ իր խոսքում նշեց, որ “ՎԽ-ն անդրադարձել է միայն այն գործերին, որոնց կողմը ԶԼՄ է: Ա. Ղազարյանի ներկայացրած վիճակագրությունը ցույց տվեց, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերը 2012թ.-ին զգալիորեն նվազել են 2010 և 2011թթ..-ի համեմատությամբ: Այս նվազման միտումն ի շնորհիվ 2011թ. հոկտեմբերին Սահմանադրական Դատարանի կայացրած որոշման է նաև, ինչին 2012թ. ապրիլին միացավ ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ իր նախադեպային որոշմամբ. “2012 թվականի ընթացքում բոլոր դատական ակտերը կայացվել են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի սահմանած ուղեցույցներով”:
Բանախոսը նաև անդրադարձավ փոխհատուցման գումարի խնդրին. “Սկսած 2012 թվականի սկզբից՝ նոր հարուցված կամ ընթացքի մեջ գտնվող նախկին գործերով դատարանները սկսել են հետևողականորեն նվազեցնել փոխհատուցման չափերը՝ դատական ծախսերի և ոչ նյութական վնասի փոխհատուցման մասերով: Ավելին, դատարանները սկսել են փոխհատուցման չափը որոշելիս հաշվի առնել պատասխանող լրատվամիջոցի գույքային դրությունը, վիճահարույց տեղեկատվության տարածման եղանակը, հայցվորի կարգավիճակը (դատարանները էականորեն նվազեցնում կամ մերժում էին այն հայցապահանջները, որոնք բերվել էին քաղաքական գործիչների, օլիգարխների կամ հանրային բարձր պաշտոնյաների կողմից), ինչպես նաև, թե ընդհանուր առմամբ սահմանված փոխհատուցման չափը ինչ բացասական ազդեցության կարող է գործել լրատվամիջոցի գործունեության վրա, որը դիտվում էր որպես հանրային շահ: Այսինքն՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում դատարանները սկսել էին տեսնել նաև հանրային իրավահարաբերություններ (լրատվամիջոցների ազատ արտահայտվելու իրավունքը և քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը), որի հետևանքով դատարանները սկսել են կիրառել հանրային և անհատական բախվող շահերը փոխհավասարակշռելու սկզբունքը”:
Ա. Ղազարյանը ներկայացրեց ՏՎԽ-ի մոտեցումը գործերի ընտրության հարցում. “ՏՎԽ-ն կարող է ամբողջ գործից ընտրել միայն մի երևույթ՝ հաշվի առնելով դրա կարևորությունը”: ՏՎԽ-ի հիմնական գործառույթներից է, ինչպես նշեց բանախոսը, քաղաքականության մշակումը, ինչի արդյունքում էլ ՏՎԽ-ն չի անդրադարձել կրկնվող, նմանատիպ գործերի: Խորհրդի յուրաքանչյուր կարծիք վերաբերել է կոնկրետ մի խնդրի. Օրինակ՝ հայցային վաղեմության խնդրին, փոխհատուցման գումարի չափին և այլն: Ա. Ղազարյանն անդրադարձավ նաև վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերի վիճակագրությանը՝ ներկայացնելով գործերի քանակը տարբեր ժամանակահատվածներում, դատարանների որոշումների բնույթը, ձևավորվող դատական պրակտիկայի տենդենցները: Բանախոսների ելույթներին հաջորդեց ակտիվ քննարկում: Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Մանանա Ասլամազյանը նշեց, որ “ՏՎԽ-ի անդամները երկար տարիներ զբաղվում են լրատվամիջոցների կարգավորման հարցերով: Լինում են դեպքեր, երբ հենց լրատվամիջոցներն են սխալ լինում: Եվ ՏՎխ-ի դերը, կարծում եմ, նաև լրատվամիջոցների կարգավորմանն է ուղղված: ՏՎԽ-ն իր գործունեությամբ, իր որոշումներով օգնում է լրագրողներին առավել պրոֆեսիոնալ գործել”:
ՀՀ դատական դեպարտամենտի աշխատանքային խմբի անդամներից ոմանք մտահոգություն հայտնեցին, որ ՏՎԽ-ն իր որոշումներով կարող է հասարակության մեջ դատական համակարգի նկատմամբ անվստահություն սերմանել, ինչին ՏՎԽ անդամ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ “Դատական որոշումների վերաբերյալ ցանկացած պարագայում լինում են քննարկումներ: Եվ ավելի լավ է մասնագիտական քննարկումներ լինեն”: Բացի այդ, Բ. Նավասարդյանի կարծիքով, ՏՎԽ-ի գործունեության շնորհիվ դատական համակարգի դերը բարձրացել է:
Քննարկման ընթացքում առաջարկ հնչեց, որ կարելի է Տեղեկատվական վեճերի խորհրդին տալ համապատասխան կարգավիճակ, որն էլ կօգնի ՏՎԽ-ին հանդես գալու հաշտարարի՝ միջնորդի դերում: Շուշան Դոյդոյանն էլ առաջարկեց, որ կարելի է ձևավորել մի նախադեպ, որ դատարանները դիմեն ՏՎԽ-ին ՝ զրպարտության և վիրավորանքի գործերով մասնագիտական կարծիք ստանալու համար: Մանանա Ասլամազյանն էլ հավելեց, որ ՏՎԽ-ն կարող է կարծիք տալ լեզվաբանական, լրագրողական էթիկայի տեսանյունից:
ՀՀ դատական դեպարտամենտի աշխատանքային խմբի անդամները սկզբունքորեն որևէ խնդիր չտեսան այս մոտեցման առումով, միայն շեշտեցին, որ պետք է հստակ մեխանիզմներ գտնել այն իրականացնելու համար: Իսկ ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի տեղակալ Սերգեյ Սահակյանն էլ առաջարկեց, որ ՏՎԽ-ն կարծիք հայտնի մինչդատական փուլում, ինչը կօգնի դատարանների բեռնաթափմանը, նաև չի ստեղծի կանխակալ կարծիք դատական գործի վերաբերյալ:
Աշխատանքային քննարկման ավարտին մասնակիցները կարևորեցին նմանատիպ քննարկումների օգտակարությունն առկա խնդիրները վերհանելու հարցում: Արսեն Բաբայանն էլ առաջարկեց և պատրաստակամություն հայտնեց շարունակել ՏՎԽ-դատական դեպարտամենտ համագործակցությունը: