Սուրեն Պապիկյանն՝ ընդդեմ Yerevan.today լրատվական կայքի

Գործի հանգամանքները

Սույն թվականի հունիսի 17-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայցադիմում Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Yerevan.today լրատվական կայքի հիմնադիր «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել պատասխանողին հերքել այդ կայքում հունիսի 11-ին հրապարակված «Հայաստանի նոր միլիոնատերերը. Պապիկյանը 3 տարում ասֆալտի վրա դարձել է դոլարային միլիոնատեր» հոդվածում տեղ գտած զրպարտող բնույթի արտահայտությունները։

2020 թվականի օգոստոսի 24-ին Սուրեն Պապիկյանը նաև հայցադիմում էր  ներկայացրել նույն դատարան՝ ընդդեմ Hzham.am լրատվական կայքի հիմնադիր «Աննա Գևորգյան» ԱՁ-ի՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողին հերքել այդ կայքում մայիսի 15-ին հրապարակված «ՔՊ-ականները հետաքրքրված են անշարժ գույքի շուկայով»  հոդվածում տեղ գտած զրպարտող բնույթի արտահայտությունները։

Երկու գործերով էլ հայցվորն անձամբ մինչև դատարան դիմելը վեճը արտադատական կարգով լուծելու միջոցներ չի ձեռնարկել, մասնավորապես, չի ներկայացրել հերքման կամ պատասխանի իրավունքով հանդես գալու պահանջներ։ Փոխարենը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է պաշտոնապես դիմել «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությանը՝ հոդվածում տեղ գտած զրպարտող բնույթի արտահայտությունները հերքելու պահանջով, որը մերժվել է։

Երկու գործերով էլ դատական վարույթներն ընթացքի մեջ են։

Եզրակացություն

Նախ՝ Խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել, որ անթույլատրելի է, երբ պետական մարմինը պաշտոնատար անձի փոխարեն հերքման պահանջ է  ներկայացնում լրատվամիջոցին։ Քաղաքացիաիրավական վեճը մասնավոր իրավահարաբերության առարկա է, և պետական մարմինը չի կարող ներգրավվել որպես կողմ այս գործընթացում։ Դա անթույլատրելի է նաև տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատության իրավունքի տեսանկյունից․ պետական մարմնի ներգրավումը վարչական ռեսուրսի օգտագործում է, որի պայմաններում լրատվամիջոցը հայտնվում է անհավասար պայմաններում։

Սահմանադրական դատարանն այս հարցին անդրադարձել է դեռ 2011 թվականին՝ նշելով, որ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, ինչպես նաև միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի՝ ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը։[1] Այսպիսով, վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող դատական գործերով պետական մարմնի միջամտության բացառումը սահմանադրաիրավական երաշխիք է, և դրան անհրաժեշտ է անշեղորեն հետևել։

Ինչ վերաբերում է հոդվածների բովանդակությանը, ապա կասկածից վեր է, որ  հեղինակներն արծարծել են հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Ժողովրդավարության պայմաններում լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան անկաշկանդ հրապարակել պաշտոնատար անձանց և պետական մարմինների կողմից հանրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ հոդվածներ, խթանել բաց բանավեճեր և, այդպիսով, իրականացնել հանրային «պահապան շան» իրենց գործառույթը։ Այդուհանդերձ, այս գործառույթը չի երաշխավորում արտահայտվելու անսահմանափակ ազատություն նույնիսկ այն հրապարակումների առնչությամբ, որոնք նվիրված են հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Եվրոպական դատարանի մեկնաբանության` արտահայտվելու ազատությունն իրացնելիս «պարտավորությունները և պատասխանատվությունը» ենթադրում են, որ ընդհանուր հետաքրքրության խնդիրների մասին տեղեկություններ հայտնելու կապակցությամբ լրագրողներին 10-րդ հոդվածով տրամադրվող պաշտպանությունը ենթակա է այն նախապայմանին, որ «լրագրողները գործում են բարեխղճորեն` տրամադրելու համար ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն` լրագրողական էթիկայի նորմերին համապատասխան»։[2] ՄԻԵԴ-ի այս դիրքորոշումը արտահայտված է նաև ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում, համաձայն որի՝ փաստացի տվյալները հրապարակելը զրպարտություն չէ, եթե «դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները»:

Առաջնորդվելով վերը նշված նորմով՝ Խորհուրդը նկատում է, որ, ինչպես նշվեց վերևում, երկու հոդվածներում էլ հեղինակներն անդրադարձել են ընդհանուր նշանակության խնդիրների և երկու հոդվածներում էլ վիճահարույց արտահայտությունները պարունակում են փաստացի տվյալների մասին պնդումներ։ Հետևաբար, հարցի լուծումը նրանում է, թե արդյո՞ք այդ տվյալները ստացվել և հրապարակվել են բարեխղճորեն, այլ կերպ ասած՝ արդյո՞ք հեղինակները ողջամտության սահմաններում ձեռնարկել են միջոցներ՝ պարզելու հրապարակված տվյալների, փաստեր պարունակող հայտարարությունների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև՝ թե արդյո՞ք հավասարակշռված ու բարեխղճորեն են ներկայացվել այդ տվյալները։ Այս հարցին պատասխանելիս Խորհուրդը հաշվի է առնում կոնկրետ հոդվածն իր ամբողջության մեջ՝ առանձին հայտարարությունների բովանդակությունը, դրանք մատուցելու եղանակը, ողջ համատեքստը՝ այդ թվում նաև ֆորմատը, արտահայտչամիջոցները և այլ հատկանիշներ։

Առաջին հոդվածում հեղինակը ներկայացրել է, որ կառավարությունը «Կոքս քնսալթ» ընկերության հետ կնքել է մի շարք գործարքներ՝ այդ թվում նաև մեկ անձից գնման ընթացակարգով, և որ վերը նշված ընկերությունը, ըստ պայմանագրի, իրականացնելու էր նաև տեխնիկական հսկողություն 143.45 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների շինարարության որակի նկատմամբ, և այդ ծառայության համար սահմանված վճարը պայմանագրի գումարի 5 տոկոսն էր։ Այս փաստացի տվյալները հեղինակը հիմնավորել է հոդվածին կից հրապարակված փաստաթղթերով, որոնք նա վերցրել է բաց աղբյուրներից։ Բացառություն է միայն 5 տոկոսի վերաբերյալ պնդումը, որը, սակայն, հեղինակը հիմնավորել է «դեռևս 2019 թվականին ՀՀ տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի կողմից տեխնիկական հսկողության համար սահմանված 5%-ը» արտահայտությամբ, բայց այն կոնկրետ հղում չունի աղբյուրին, թե որտեղ է ասվել 5%-ի մասին կամ որտեղ է դա արձանագրվել։ Ներկայացված փաստական տվյալներից հեղինակն այնուհետև բխեցրել է եզրահանգում, որ «իշխանությունը ճանապարհներ է ասֆալտ արել ոչ թե նրա համար, որ բնակչությունը լավ ճանապարհներով երթևեկի, այլ որ Սուրեն Պապիկյանը և այլոք փող աշխատեն» ու որ «Պապիկյան Սուրենը արդեն 2020 թվականին դարձել է դոլարային միլիոնատեր», որոնք էլ դարձել են սույն դատական վեճի առարկա: Խորհուրդը նկատում է, որ նման եզրահանգման համար որևէ փաստական տվյալ, փաստաթուղթ, հետազոտություն կամ որևէ այլ տեսակի աղբյուր չի վկայակոչվել։ Դա բացառապես հեղինակի կարծիքն էր։ Հարցը, թե որքանով էր իրավաչափ նման եզրահանգում կատարելը ներկայացված փաստերի շրջանակում, կախված կլինի նրանից, թե որքանով հեղինակը կկարողանա դատարանում հիմնավորել իր կողմից ներկայացված փաստերի և եզրահանգման միջև ռացիոնալ կապը։ Մինչդեռ՝ Խորհուրդը գտնում է, որ հեղինակը բավարար ջանքեր չի կիրառել այդ կապը առարկայական ներկայացնելու համար, որը կբավարարեր վերը նշված իրավական և էթիկական պահանջներին։

Ինչ վերաբերում է երկրորդ հրապարակմանը, ապա այն, ի տարբերություն առաջինի,  աչքի է ընկնում հակիրճ բովանդակությամբ, տեղեկատվության աղբյուրների բացակայությամբ և վերացական եզրահանգումներով։ Հեղինակը, ըստ երևույթի, օգտվելով գաղտնի աղբյուրի պաշտպանված լինելու հանգամանքից՝ նախընտրել է չբացահայտել այդ աղբյուրը, որից Խորհուրդը եզրահանգում է, որ լրագրողը նախընտրել է փաստերի ապացուցման բեռը վերցնել իր վրա։

Աղբյուրների գաղտնիությունը լրագրողական ազատության կարևոր երաշխիք է, և այն անհրաժեշտ է պաշտպանել։ Այդուհանդերձ, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ կետը լրագրողին չի ազատում գաղտնի աղբյուրից օգտվելով փաստացի տվյալներ հրապարակելիս զրպարտության համար պատասխանատվությունից։ Հետևաբար, վճռորոշ նշանակություն ունեն վերը նշված օրենսդրական սկզբունքները, այն է՝ արդյո՞ք տվյալները ձեռք են բերվել և հրապարակվել են բարեխղճորեն, արդյո՞ք հեղինակները ողջամտության սահմաններում ձեռնարկել են միջոցներ՝ պարզելու հրապարակված տվյալների, փաստեր պարունակող հայտարարությունների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, արդյո՞ք հավասարակշռված ու բարեխղճորեն են ներկայացվել այդ տվյալները։

Խորհուրդը չի գտնում, որ այս հրապարակումը պատրաստելիս օրենքի վերոնշյալ պահանջները ապահովվել են։ Այն ամբողջությամբ կազմված է վերացական պնդումներից։ Աղբյուրները նույնպես վկայակոչված են վերացական կերպով։ Հրապարակման մեջ բացակայում են փաստերի, տվյալների, իրադարձությունների որևէ համադրություն և վերլուծություն։ Վերջին պարբերությունում, որը վերաբերում է հայցվորին, թեև հեղինակը հղում  է կատարել գաղտնի աղբյուրի վրա,  սակայն լրագրողական բարեխղճությունը հուշում է, որ ցանկացած տեղեկություն, հատկապես, եթե դա անձնական կյանքի կամ արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքի լուրջ և խորը միջամտություն է, որը նույնիսկ կարող է հանգեցնել անձի քրեական հետապնդմանը, հարկ է, որ ստուգվի առնվազն մեկից ավելի աղբյուրներով։ Այս մոտեցումը պայմանավորված է նաև «ողջամիտ հրապարակում» պաշտպանական սկզբունքով, համաձայն որի՝ օրենքը պետք է պաշտպանության տակ վերցնի լրագրողին նույնիսկ այն դեպքում, երբ հոդվածում տեղ են գտել ոչ ստույգ և զրպարտող բնույթի տվյալներ, բայց նա հոդվածը պատրաստել է բարեխղճորեն, և տվյալ հանգամանքում առկա էր նյութը տարածելու հրատապություն, որի պայմաններում հապաղելը կարող էր առարկայազուրկ դարձնել հասարակության՝ կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը։[3] Սակայն նույնիսկ այս տեսանկյունից հարցին մոտենալիս Խորհուրդը գտնում է, որ ոչինչ չէր հուշում, որ հոդվածում ներկայացված իրադարձություններն ունեին մեծ հրատապություն, և անհրաժեշտ էր այդ տեղեկությունները տարածել այնպես, ինչպես դա արվել է, և որ փաստերի լրացուցիչ ստուգումը կարող էր բացասաբար անդրադառնալ հանրության տեղեկացված լինելու իրավունքի վրա։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ նշված երկու հոդվածներում հեղինակները ողջամիտ բավարար միջոցներ չեն ձեռնարկել պարզելու վիճահարույց տվյալների ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես  նաև այդ տվյալները չեն ներկայացրել հավասարակշռված և բարեխղճորեն՝ ի խախտումն Քաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների։

[1] ՍԴՈ-997 որոշում։ Կետ  6:

[2] Bladet Trօmsօ-ն ևStensaas-ը ընդդեմ Նորվեգիայի, 1999թ. մայիսի 20-ի վճիռ, կետ  62։

[3] Զրպարտության սահմանումը․ արտահայտվելու ազատության և արժանապատվության պաշտպանության սկզբունքները։ Միջազգային չափանիշների շարք։ ԱՐՏԻԿԼ 19: Տե՛ս սկզբունք 9․ ողջամիտ հրապարակում։ Հասանելի է հետևյալ հղումով․ https://www.article19.org/wp-content/uploads/2018/02/defining-defamation.pdf

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան — Փաստաբան

 

Skip to content