«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության fip.am փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը գրավոր դիմել է Տեղեկատվական վեճեր խորհրդին՝ խնդրելով տրամադրել մասնագիտական կարծիք՝ հարթակում հրապարակված մի հոդվածի վերաբերյալ, որը վեճ է առաջացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հաշվի առնելով իր գործառույթները և դիմումի բովանդակությունը՝ Խորհուրդը որոշեց անդրադառնալ այդ վեճին։

Վեճի հանգամանքները

2022 թվականի հունվարի 31-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության fip.am փաստերի ստուգման հարթակում հրապարակվել է «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» վերնագրով հոդվածը։ Դրանում, մասնավորապես, նշվել է, որ Երևանի Աբովյան փողոցի 62 շենքի  6 բնակարանի համասեփականատերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, ով չի հայտարարագրել այդ գույքը։ Հոդվածում ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի 2011թ․ մայիսի 4-ի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի 2011թ․ նոյեմբերի 22-ի որոշումների լուսապատճեները՝ որպես բնակարանի սեփականաշնորհման փաստը հիմնավորող պաշտոնական փաստաթղթեր։

Հրապարակման մեջ նաև նշվել է, որ Ալեն Սիմոնյանը չի հայտարարագրել մայրաքաղաքի Եկմալյան փողոցի 1/1 հասցեում գտնվող բնակարանը, որը նա գնել է 2017 թվականին 22 մլն դրամով և երկու տարի անց վաճառել է 125 մլն դրամով, ինչպես նաև, որ նույն թվականին Ալեն Սիմոնյանը նույն շենքում գնել է մեկ այլ՝ 143,23 քմ մակերեսով բնակարան՝ 114 մլն դրամով, որը նա հայտարարագրել է որպես համատեղ սեփականություն, մինչդեռ բնակարանը, կադաստրային փաստաթղթերի համաձայն, պատկանել է միայն իրեն։

Հոդվածում նաև նշվել է, որ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, չի ներկայացրել իր ունեցած գույքի և եկամուտների հայտարարագիրը ամուսնու՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ, ինչը պարտավոր էր «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ որպես բարձրաստիճան պաշտոնյայի փոխկապակցված անձ։

Հրապարակումից մեկ օր անց Ալեն Սիմոնյանը արձագանքել է հոդվածին՝ հայտարարելով, որ դրանում առկա  է զրպարտություն։[1] Հաջորդ օրը հարթակում հրապարակվել է «Փաստաթուղթ․ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարության» վերնագրով նյութ, որում ներկայացվել է Կադաստրի կոմիտեի կողմից 2021թ․ հոկտեմբերի 6-ին տրված տեղեկանքի պատճենը, որում այդ մարմինը նշել է, որ, ըստ իր էլեկտրոնային արխիվի տվյալների, Աբովյան փողոցի 62 շենքի  6 բնակարանը գրանցված է Ալեն Սիմոնյանի անունով՝ որպես ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույք։ Տեղեկանքում նաև նշվել է, որ Եկմալյան 1/1 հասցեի 103 բնակարանի գույքի նկատմամբ նույնպես գրանցված է սեփականության իրավունք Ալեն Սիմոնյանի անունով։

Սույն թվականի փետրվարի 2-ին Կադաստրի կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարածել է հայտարարություն առ այն, որ վերոհիշյալ տեղեկանքում առկա է վրիպակ, որը պայմանավորված է կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում» 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով, և որ Աբովյան փողոցի 62 շենքի  6-րդ բնակարանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի  սեփականության իրավունքը օտարվել է 2016 թվականին։ Նույն օրը fip.am փաստերի ստուգման հարթակը հրապարակել է «Վրիպակ է»․ Կադաստրի կոմիտեի պարզաբանումը Ալեն Սիմոնյանի գույքի մասին Fip.am-ի հրապարակման վերաբերյալ» վերնագրով նյութ, որում ներկայացրել է Կադաստրի կոմիտեի պարզաբանումն ամբողջությամբ։ Այդ հրապարակումը տեղադրվել է fip.am կայքի գլխավոր էջում, իսկ facebook.com սոցիալական ցանցում՝ գովազդի ներքո, ճիշտ այնպես, ինչպես խնդրո առարկա առաջին հոդվածը։

Սույն թվականի փետրվարի 8-ին Ալեն Սիմոնյանը դիմել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ին՝ պահանջելով հերքել fip.am կայքում «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հրապարակված հոդվածում տեղ գտած պնդումները հետևյալ տեքստով․

«Հերքում

www.fip.am կայքում և ֆեյսբուքյան էջում 2022 թվականի հունվարի 31-ին «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» վերտառությամբ հոդվածում հրապարակվող նյութի վերաբերյալ հայցում ենք մեր ներողամտությունը՝ լրագրողական էթիկայի շրջանակներից դուրս գալու համար և հավելում ենք, որ Ալեն Սիմոնյանը՝ չի թաքցրել Երևան քաղաքի Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի համասեփականատեր լինելու փաստը, քանի որ տվյալ գույքն օտարվել է դեռևս հայտարարատու անձ հանդիսանալուց առաջ։

Ինչ վերաբերվում է Երևանի քաղաքի Եկմալյան 1/1 հասցեում գտնվող բնակարանի սեփականության իրավունքի տեսակին, ապա հիշյալ գույքը Ալեն Սիմոնյանը ձեռք է բերել համատեղ ամուսնության ընթացքում, ինչը գործող օրենսդրության համաձայն՝ հանդիսանում է համատեղ սեփականություն։

Իսկ ինչ վերաբերվում է Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, ապա իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ վերջինս հայտարարագրերը ներկայացրել է պատշաճ կարգով, հետևաբար «Սիմոնյանի կնոջ թերի հայտարարագիրը» ենթավերնագրի ներքո զետեղված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»:

Հղում անելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքին, Ալեն Սիմոնյանը պահանջել է հերքման տեքստը հրապարակել fip.am կայքում, ինչպես նաև facebook.com սոցիալական ցանցում՝ գովազդի ներքո, ինչպես տեղադրվել է խնդրո առարկա հոդվածը։ Նա նշել է, որ հերքում չհրապարակելու դեպքում կդիմի դատարան։

Եզրակացություն

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները պաշտոնական փաստաթղթերի բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Տվյալ դեպքում փաստերի ստուգման հարթակում հրապարակվել է տեղեկատվական բնույթի նյութ, որում ներկայացվել են բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի հայտարարագրման վերաբերյալ իրականացված հետաքննության արդյունքները։ Նման նախաձեռնությունը լիովին տեղավորվում է ժողովրդավարության շրջանակում, իսկ քաղաքացիները, որոնք հանրային իշխանության սուբյեկտներ են, իրավունք ունեն նման գործիքակազմով, ինչպիսին է fip.am փաստերի ստուգման հարթակը, իրականացնել ժողովրդավարական կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը, որը երաշխավորված է ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածով։ Հարթակի հեղինակների՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը կոչված է նպաստելու պետական հաստատությունների նկատմամբ վերահսկողության իրականացմանը։ Fip.am–ի՝ որպես լրատվամիջոցի, կարևոր առաքելությունը ժողովրդավարական հասարակությունում հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների և երևույթների մասին տեղեկություններ հաղորդելն է` այդպիսով իրականացնելով նաեւ պետական մարմինների նկատմամբ «հսկող շան» գործառույթ։  Հետևաբար, խնդրո առարկա հրապարակման հեղինակները, ինչպես նաև հարթակն ամբողջությամբ, պետք է օգտվեն ազատ խոսքի պաշտպանության այն իրավական երաշխիքներից, որոնք տարածվում են մեդիայի վրա, քանի որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։ Այս լույսի ներքո անկասկած է, որ վիճահարույց նյութի հրապարակումը հետապնդել է իրավաչափ նպատակներ։

Խորհուրդը փաստում է, որ հեղինակները օգտվել են պաշտոնական, մասնավորապես, ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական համայնքի և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում զետեղված փաստաթղթերից։ Դրանք հրապարակման մեջ ներկայացվել են ամբողջությամբ ու առանց խմբագրման, մատչելի են ընթերցելու, ներբեռնելու և այլ կերպ օգտագործելու համար։ Հոդվածի հեղինակների եզրահանգումները բխում են վկայակոչված փաստաթղթերի բովանդակությունից։ Վերլուծությունները, մեկնաբանությունները, փաստերի համադրումը առերևույթ կամայական, անհիմն ու ապակողմնորոշող չեն, ինչը չի կարելի ասել հերքման տեքստի մասին, որում, օրինակ, չի պարզաբանվել, թե ինչու է ամուսնության ընթացքում համատեղ գույք ձեռք բերելու հանգամանքը դիտարկվել որպես գույք չհայտարարագրելու հիմք, և որում վերացական կերպով նշվել է, որ կնոջ հայտարարագրերը ներկայացվել են օրենքի համաձայն։

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա հայտարարությունները պաշտոնական փաստաթղթերի բովանդակած տեղեկատվության բառացի և բարեխիղճ վերարտադրությունն են, և դրանք տարածելիս հղում է կատարվել աղբյուրին (հեղինակին): Այդքանը բավարար է պնդելու համար, որ հրապարակման հեղինակները օգտվում են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի իրավական պաշտպանությունից։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Կադաստրի պետական կոմիտեն հերքել է իր իսկ տրամադրած տեղեկության ճշմարտացիությունը, այդ հանգամանքը էական չէ, քանի որ fip.am-ն այդ տեղեկությունը հետգրությամբ նույնպես ներկայացրել է, ու դրան հնարավոր է ծանոթանալ հրապարակման առաջնային տեքստի հետ միասին։ Բացի այդ, Խորհուրդը նշում է, որ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համակարգում առկա խնդիրների արդյունքում սխալ տեղեկատվության տարածումը չի կարող վերագրվել լրատվամիջոցին՝ հատկապես երբ վերջինս գործել է բարեխղճությամբ։

Սույն մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին առ այն, թե արդյո՞ք հոդվածի հեղինակը կարող է կանչվել պատասխանատվության, եթե հրապարակված նյութը ներառում է փաստացի անճշտություն։ Դատարանը գտել է, որ լրատվամիջոցների՝ մասնավոր անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող փաստացի տվյալների ստուգելու պարտականությունը չի գործում այն դեպքում, երբ առկա են հատուկ հիմքեր, ու նման հիմքերից է, օրինակ, երբ խնդրահարույց հայտարարությունը պատկանում է ոչ թե լրատվամիջոցին, այլ «բխում է կամ ուղղակիորեն վկայակոչվել է պաշտոնական փաստաթղթից», և այդ համատեքստում լրագրողի բարեխղճությունը պետք է գնահատվի այն տեղեկության և իմացության հիման վրա, որին լրագրողը տիրապետել է հոդվածը գրելու դրությամբ ((ERLA HLYNSDÓTTIR-ը ընդդեմ Իսլանդիայի (թիվ 3), թիվ 54145/10, 02/06/2015, կետ 63 և կետ 71):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս դիրքորոշումը վերահաստատում է Խորհրդի մոտեցումն առ այն, որ խնդրո առարկա հրապարակման մեջ պաշտոնական փաստաթղթերի վկայակոչումը և դրանցում առկա տեղեկությունների բարեխիղճ վերարտադրությունը ազատում են հեղինակներին զրպարտության համար որևէ պատասխանատվությունից։

[1] տե՛ս https://www.youtube.com/watch?v=aKilQw1lfHI&ab_channel=Factortv

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան — Փաստաբան

 

 

 

 

 

Skip to content