Փաստերը
2022 թ․ օգոստոսի 2-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որը հայտնի է նաև ԱՆԻՖ հապավմամբ, հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Փաստինֆո» ՍՊԸ-ի՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի հիմքով։ Առիթը ՍՊԸ-ին պատկանող «Փաստինֆո» լրատվական կայքում նույն թվականի հունիսի 25-ին հրապարակված «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» հոդվածն է: Հայցվորը նշել է, որ այդ հոդվածում տեղ են գտել զրպարտող հետևյալ երկու արտահայտությունները․ «Փաստացի՝ ԱՆԻՖ-ն օգտագործում է օտարերկրացիների անունը տարաբնույթ մութ գործարքները քողարկելու համար» և «.․.տնօրինությունը որոշել է գրաքննել Տնօրենների խորհրդի և Ներդրումային կոմիտեի օտարերկրացի անդամներին ուղղված պաշտոնական նամակները՝ զերծ պահելով նրանց քաղաքական կոռուպցիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց»։ Ըստ ՓԲԸ-ի՝ այս արտահայտություններով ԱՆԻՖ-ին վերագրվել են գործողություններ, որոնք արատավորել են նրա գործարար համբավը։ Մասնավորապես՝ ներկայացվել է, թե ընկերությունն իրականացրել է քաղաքական կոռուպցիոն «մութ» գործարքներ, և դրանք քողարկելու նպատակով օգտագործել է օտարերկրացի գործընկերների անունները։ Հայցվորը խնդրել է դատարանին պարտավորեցնել «Փաստինֆո» ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները և նրանից հօգուտ ՓԲԸ-ի բռնագանձել 5,000,000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Պատասխանողն առարկել է հայցի դեմ՝ պնդելով, որ իրականացրել է Սահմանադրության 42-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ու հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ տարածելու իր իրավունքը։ «Փաստինֆո» ՍՊԸ-ն նշել է, որ հոդվածում արծարծված՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի վերաբերյալ հարցերը հանրային նշանակություն ունեն, և քանի որ լրատվամիջոցների առաքելությունն է նպաստել այդպիսի հարցերի բաց քննարկմանը և պետական մարմինների աշխատանքի թափանցիկությանը, խմբագրությունը փորձել է պարզել, թե որքանով են իրավաչափ ԱՆԻՖ-ի իրականացրած գործողությունները: Բացի այդ, պատասխանողը դատարանին տեղեկացրել է, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու կոմբինատին առնչվող գործարքի մանրամասները, սակայն իր ջանքերն արդյունք չեն ունեցել, ինչից հետո միայն խմբագրությունն ամբողջ գործընթացը բարեխղճորեն և հավասարակշռված ներկայացրել է հոդվածում: Այսպիով, «Փաստինֆո» ՍՊԸ-ն պնդել է, որ իրացրել է կարծիքի ազատ արտահայտման իր իրավունքը, և հրապարակման մեջ տեղ գտած այն արտահայտությունները, որոնք դարձել են դատական վեճի առարկա, զրպարտություն որակվել չեն կարող։
2023 թվականի ապրիլի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով հայցն ամբողջությամբ մերժել է։ Վճռի հիմքում դրել է այն եզրահանգումը, որ վիճահարույց արտահայտությունները գնահատողական դատողություններ են, ոչ թե փաստացի տվյալներ, հետևաբար՝ դրանք չեն կարող որակվել որպես զրպարտություն և ենթակա լինեն հերքման։ Ըստ դատարանի՝ լրատվամիջոցի կողմից այդ դատողությունները արվել են բավարար փաստական հիմքերի վրա, և ըստ այդմ՝ իրավաչափ են։
Վճռի դեմ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն 2023թ. օգոստոսի 1-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վարույթ է ընդունվել սեպտեմբերի 8-ին։ Այս ատյանում քննությունն իրականացվել է գրավոր կարգով։ 2024թ. մայիսի 13-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակել է իր որոշումը, համաձայն որի՝ հայցվորի բողոքը մերժվել է և առաջին ատյանի վճիռը մնացել անփոփոխ։
Եզրահանգում
Խորհուրդը համամիտ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշման հետ, որ հրապարակման վիճահարույց արտահայտությունները գնահատողական դատողություններ են, ոչ թե փաստացի տվյալներ։ Այդ արտահայտությունները վերաբերում են ԱՆԻՖ-ի կոնկրետ գործողություններին, ու թեև ձևակերպումները կարող են համարվել չափազանց խիստ (օրինակ՝ «մութ գործարքներ», «քաղաքական կոռուպցիոն գործարքներ»), սակայն որպես այդպիսին տեղավորվում են լրագրողական թույլատրելի ազատությունների շրջանակում, քանի որ, ինչպես հայտնի է, ազատ խոսքի պաշտպանության տակ են գտնվում ոչ միայն չեզոք կերպով ընկալվող արտահայտությունները, այլև այնպիսի խոսքը, որը սադրող է, ցնցող, անհանգստություն պատճառող։ Հետևաբար, էական է ոչ թե տվյալ արտահայտության չափազանց խիստ լինելը, այլ, թե արդյո՞ք լրագրողն իր այդ դատողությունը բխեցրել է բավարար փաստական հիմքերից՝ դրսևորելով բարեխղճություն։
Խմբագրությունը մինչև հոդվածը հրապարակելը ողջամիտ ջանքեր է ձեռնարկել՝ պարզելու կոնկրետ հանգամանքներ։ Օրինակ, կատարել է պաշտոնական հարցումներ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին, թե նրանք արդյո՞ք ուսումնասիրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)՝ ՀՀ կառավարութան սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ընկերության կառավարմանը հանձնելու գործընթացի օրինականությունը։ Կամ՝ ինչու՞ են հավատարմագրային կառավարման հանձնվել բաժնետոմսեր, որոնք դատական վեճի առարկա են։ Կամ՝ արդյո՞ք տնօրենների խորհրդի անդամները, ներդրումային կոմիտեի նախագահն անձամբ մասնակցել են ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը և այլն։
Հոդվածի հեղինակի առաջադրած այս բոլոր հարցերը ունեցել են հանրային նշանակություն, արտահայտել են հասարակության շրջանում տևական ժամանակ ծավալվող իրավաչափ մտահոգություններ։ Ի վերջո, խնդիրները վերաբերել են հանրային մարմնի բաց կառավարման սկզբունքի երկու կարևոր հատկանիշներին՝ հաշվետվողականությանը ու թափանցիկությանը, որոնք մեծ կարևորություն ունեն կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության համար։ Այս հանգամանքները հոդվածին հաղորդում են լրացուցիչ պաշտպանվածություն՝ ցանկացած միջամտությունից, ինչպիսին է, օրինակ, լրատվամիջոցի դեմ բերված սույն դատական հայցը։ Ակնհայտ է, որ տվյալ դեպքում խմբագրության կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանրային շահը գերակայում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի գործարար համբավի նկատմամբ։
Այդ հարցերին պատասխան չստանալով՝ հոդվածի հեղինակը կատարել է ողջամիտ եզրահանգում առ այն, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն թափանցիկ ու հաշվետու չի գործում, մասնավորապես, որ ընկերության տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամները մեկուսացվել են ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից։ Փաստորեն, վեճի պատճառ է հանդիսացել այն, որ տվյալ եզրահանգումը ներկայացվել է չափազանց խիստ, փոխաբերական իմաստ ունեցող արտահայտություններով։ Սակայն դրանք, ինչպես իրավացիորեն նշել է դատարանը, վերացական, գնահատող դատողություններ են, որոնք բխել են կոնկրետ փաստական հանգամանքներից։ Սա շատ կարևոր է և թույլ է տալիս այդ դատողությունները որակել որպես համարժեք և իրավաչափ։
Այս մոտեցումը հիմնավորված և հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում[1], ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումներում[2], ինչպես նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշման մեջ։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը նույնպես անդրադարձել է այդ խնդրին իր նախկին եզրակացություններում։[3]
Այսպիսով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և «Փաստինֆո» լրատվական կայքի հիմնադրի միջև տեղեկատվական վեճին տրվել է իրավաչափ լուծում՝ պաշտպանության տակ առնելով լրատվամիջոցի՝ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան
[1] Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 17488/90, 27/03/1996:
[2] Վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով, էջ 9, պարբ․ 3:
[3] Տեղեկատվական վեճերի խորհրդի՝ Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ Էդգար Բարսեղյանի դատական գործի վերաբերյալ թիվ 31 Կարծիք։