Փաստերը
2023 թվականի ապրիլի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական հայցեր է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Նյուզ Էյեմ» ՍՊԸ-ի (դատական գործ թիվ ԵԴ2/1995/02/23), «Հայելի ակումբ» հասարակական կազմակերպության (ԵԴ2/1901/02/23), «24 Նյուզ» ՍՊԸ-ի (ԵԴ2/2000/02/23) և «168 Ժամ» ՍՊԸ-ի (ԵԴ2/2063/02/23)։ Կուսակցությունը հայցերում նշել է, որ այդ կազմակերպություններն իրենց կողմից գործարկվող news.am, hayeli.am, 24news.am և 168.am լրատվական կայքերով տարածել են կուսակցության հեղինակությունը և համբավը արատավորող, զրպարտող հայտարարություններ։ Մասնավորապես, հայցվորը հայտնել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2023թ. մարտի 26-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրությունների օրը պատասխանող կազմակերպություններն իրենց լրատվական կայքերում հրապարակել են այդ ընտրություններում մասնակցող «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության Սիսիան համայնքի ստորաբաժանման նախընտրական շտաբի հայտարարությունը, որում նշվել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրախախտումներ է կատարել, ինչը զրպարտություն է։
Թիվ ԵԴ2/1901/02/23 դատական գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Առաջիկա նիստը նշանակված է 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Թիվ ԵԴ2/2063/02/23 դատական գործի քննությունը նույնպես ընթացքի մեջ է։ Այն նկատելիորեն ձգձգվել է, քանի որ դատավորի լիազորությունները դադարեցվել էին, ու գործով նշանակվել էր նոր դատավոր։
Թիվ ԵԴ2/2000/02/23 գործով դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 25-ին կայացրել է վճիռ, որով գտել է, որ «24 Նյուզ» ՍՊ ընկերությունը արատավորել է հայցվորի հեղինակությունը՝ ի խախտումն Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի։ Այս դիրքորոշումը դատարանը հիմնավորել է նրանով, որ թեև պատասխանողը պնդում էր, որ բարեխղճորեն վերահրապարակել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Սիսիան համայնքի նախընտրական շտաբի հայտարարությունը, այդուհանդերձ, հրապարակված տեքստի և լրատվամիջոցի կողմից որպես ապացույց դատարան ներկայացված այդ հայտարարության տեքստի միջև էական տարբերություններ են նկատվել։ Լրատվամիջոցը հրապարակել է հետևյալ տեքստը․
«ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունը»
«ՔՈ նախընտրական շտաբը օպերատիվ ռեժիմով տեղեկատվություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այդ մասին հայտնում են շտաբից:
«Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։
Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել։
Ընտրակաշառքը վերջին այլանդակ ընտրախախտումն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նույնականացնում է այն քաղաքական ուժերի հետ, որոնց դեմ պայքարում էին այդ կուսակցության բազմաթիվ ազնիվ համակիրներ տարիներ առաջ։
Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է և առաջին հերթին՝ ՔՊԿ առաջնորդներինը։
ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հայտարարում է, որ նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու, առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ դադարեցնում է որևէ գործողության իրականացումը։
Պետության և կառավարող ուժի հեղինակության մասին նախ և առաջ պետք է մտածի իշխող ուժը, որին հավատացել է հասարակ քաղաքացին 2018թ․-ին»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները»:
Դատարանը գտել է, որ վերը նշված տեքստը և որպես ապացույց ներկայացված տեքստը նույնական չեն, քանի որ հրապարակված նյութի՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունը» վերնագիրը պատասխանող լրատվամիջոցի ինքնուրույն ձևակերպումն է, և, բացի այդ, ՔՈ նախընտրական շտաբի հայտարարության մեջ բացակայում էր «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» արտահայտությունը։ Դատարանը նաև նշել է, որ հրապարակման մեջ տեղ գտած «․․․Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է և առաջին հերթին՝ ՔՊԿ առաջնորդներինը» արտահայտության վերջին մասը՝ «և առաջին հերթին՝ ՔՊԿ առաջնորդներինը» բացակայել է սկզբնաղբյուրում, ավելացվել է խմբագրության կողմից, իսկ «․․․ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հայտարարում է» բառակապակցությունը նախընտրական շտաբի հայտարարության մեջ ներկայացված է եղել «…ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հիշեցնում է» ձևակերպմամբ։ Այսինքն՝ այստեղ լրատվամիջոցը «հիշեցնում է» բառը փոխարինել է «հայտարարում է» բառով։ Բացի այդ, ըստ դատարանի, նախընտրական շտաբի հայտարարության մեջ «Նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու, առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ պարտավոր է զբաղվել ՀՀ ոստիկանությունը» նախադասությունում «պարտավոր է զբաղվել ՀՀ ոստիկանոթյունը» մասը փոխարինվել է «դադարեցնում է որևէ գործողության իրականացումը» արտահայտությամբ։ Իսկ նույն փաստաթղթի «Պետության և կառավարող ուժի հեղինակության մասին նախ և առաջ պետք է մտածի իշխող ուժը, որին հավատացել է ՀՀ քաղաքացին 2018թ․-ին» նախադասությունում «ՀՀ քաղաքացին» փոխարինվել է «հասարակ քաղաքացին» բառակապակցությամբ։
Վերոգրյալի արդյունքում դատարանը եզրակացրել է, որ պատասխանողի կողմից հրապարակված նյութը ՔՈ կուսակցության նախընտրական շտաբի հայտարարության բարեխիղճ և բառացի վերարտադրությունը չէ, հետևաբար՝ պատասխանողը չի կարող օգտվել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի իրավական պաշտպանությունից։ Օրենսդրական այս դրույթի հիմքով էլ արձանագրվել է խախտում, և ընդդեմ լրատվամիջոցի հայցը զրպարտության մասով բավարարվել է։ Դատարանը բավարարել է նաև ոչ նյութական վնասի դիմաց հայցվորի ներկայացրած 200,000 դրամի փոխհատուցման և 26,000 դրամ պետական տուրքի վճարման պահանջները։ Իսկ փաստաբանի վարձատրության մասով ներկայացված 360,000 դրամի պահանջը դատարանը նվազեցրել և սահմանել է 200,000 դրամի չափը։ Սույն վճիռը դեռ չի մտել ուժի մեջ։
Ի տարբերություն վերը ներկայացված գործի՝ նույն հայցվորն ընդդեմ «Նյուզ Էյեմ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ2/1995/02/23 դատական գործի քննության ընթացքում պատասխանողն ապացուցել է, որ իրեն պատկանող «News.am» կայքում նյութը հրապարակվել է այնպես, ինչպես այն ի սկզբանե 2023թ. մարտի 26-ին, ժամը 16:29-ին տարածվել է Սիսիանի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցություն կողմից։ Այդ խմբակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված՝ «ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հետագայում այդ տեքստը ենթարկվել է փոփոխությունների, այսինքն՝ սկզբնական տարբերակը եղել է այնպես, ինչպես հրապարակվել է news.am կայքում: Ինչ վերաբերում է նյութի վերնագրին, ապա թեև այն տարբերվում է հայտարարության վերնագրից, այդուհանդերձ, ինչպես փաստարկել է լրատվամիջոցի ներկայացուցիչը, կայքի դրած վերնագիրն ուղղակիորեն բխում է հրապարակման տեքստից և արտացոլում դրա բովանդակությունը:
Դատարանը 2024թ․ օգոստոսի 12-ին մերժել է հայցը՝ գտնելով, որ լրատվամիջոցը ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունը հրապարակել է բարեխղճորեն՝ առանց փոփոխելու տեքստը և հղում կատարելով սկզբնաղբյուրին՝ Սիսիանի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցության ֆեյսբուքյան էջին։ Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը[1], առաջին ատյանի դատարանը նշել է, որ «տեղեկատվություն հրապարակողը, եթե նույնիսկ հրապարակել է տեղեկատվության բովանդակությունը բառացի կամ բարեխիղճ և հղում է կատարել աղբյուրին, չի կարող ազատվել պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ տվյալ տեղեկությունը վերահրապարակելիս գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ տեղեկության` զրպարտություն լինելու մասին, որի պարագայում առկա է զրպարտելու դիտավորությունը»: Սակայն տվյալ դեպքում դատարանը որոշեց, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որ պատասխանող լրատվամիջոցը գիտեր կամ պետք է իմանար «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարության զրպարտություն լինելու մասին։ Թեև հայցվոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պնդել է, թե ընտրախախտումները հաստատող որևէ դատական ակտի բացակայությունը ինքնին վկայում է, որ նախընտրական շտաբի հայտարարությունը կեղծ էր և որ լրատվամիջոցը չէր կարող տեղյակ չլինել նշված հանգամանքների կեղծ լինելու մասին, դատարանը վճռել է, որ ընտրությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելու մամուլի ազատությունն այն աստիճան կարևոր է, որ ընտրախախտումների վերաբերյալ դատական ակտի բացակայությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ խախտումների մասին տեղեկություններ տարածելու մամուլի ազատությունը սահմանափակելու համար։ Ինչ վերաբերում է դատական ծախսերին, ապա վճռվել է փաստաբանի վարձատրության համար պատասխանող կողմի ներկայացված պահանջը նվազեցնել 500,000 դրամից մինչև 150,000 դրամ. դա տվյալ հանգամանքում համարվել է փոխհատուցման արդարացի ու ողջամիտ չափ։
2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկել է այս վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Հոկտեմբերի 21-ին բողոքը վերադարձվել է թերությունները վերացնելու նպատակով։
Եզրահանգում
Մինչ դատական ակտերի բովանդակությանն անդրադառնալը՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդը վերահաստատում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն այն մասին, որ քաղաքական կուսակցությունները պետք է ձեռնպահ մնան զրպարտության հիմքով դատական հայցեր ներկայացնելուց՝ հատկապես ընդդեմ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և հանրային նշանակության գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների։[2] Դա նախևառաջ պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները պետք է ունենան պետական ու հանրային մարմիններին քննադատելու անկաշկանդ հնարավորություն, որը ժողովրդավարության կարևոր պայման է։ Մինչդեռ՝ երբ քաղաքական կուսակցությունը և հատկապես իշխող ուժն ընդդեմ լրատվամիջոցների դատական գործեր է նախաձեռնում, դրանով կարող է կաշկանդել քաղաքացիներին իրականացնել այդ քննադատությունը։
Երկրորդ պատճառն այն է, որ պետական մարմինների ու քաղաքական կուսակցությունների հեղինակությունը ի վերջո հանրային է՝ ի տարբերություն մասնավոր կազմակերպությունների, որոնք շահագրգռվածություն ունեն իրենց գործարար համբավի նկատմամբ։ Երրորդը՝ հանրային մարմիններն ունեն քննադատությունից պաշտպանվելու լայն հնարավորություններ, այդ թվում՝ արագորեն ու ազդեցիկ արձագանքելու բազմաթիվ միջոցներ՝ քաղաքական, տեղեկատվական, լոբիստական և այլ հարթակներ ու ռեսուրսներ, և նման հնարավորությունների պայմաններում կուսակցությունների, առավելևս՝ իշխող ուժի կողմից դատական հայց ներկայացնելը հանրային վստահության ռեսուրսի վատնում է։ Նաև պետք է նկատի ունենալ, որ շատ հաճախ հանրային մարմինների ներկայացրած հայցերի իրական նպատակը ոչ թե արժանապատվության պաշտպանությունն է, այլ այդ մարմիններին քննադատությունից զերծ պահելը, իրենց հասցեին քննադատությունը լռեցնելը։ Հետևաբար, նման հայցերը անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում։
Ինչ վերաբերում է դատական ակտերի բովանդակությանը, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «24 Նյուզ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ2/2000/02/23 դատական գործով Խորհուրդը համամիտ չէ դատարանի եզրահանգման հետ, որ լրատվամիջոցը բարեխղճորեն ու բառացիորեն չի հրապարակել «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունը։ Դատարանը չի պարզել, որ իրականում 2023 թվականի մարտի 26-ին շտաբը տարածել է հայտարարության երկու տարբերակ։ Մասնավորապես՝ դա երևում է Սիսիանի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցության ֆեյսբուքյան էջում այդ օրը տեղադրված տեքստի «Տեսնել փոփոխությունների պատմությունը» (View edit history) բաժնում. հայտարարության սկզբնական տարբերակը խմբագրվել է, դրանում կատարվել է չորս փոփոխություն։ Համեմատելով այդ փոփոխությունները «24news.am» կայքում տեղադրված խնդրո առարկա հայտարարության հետ՝ պարզվում է, որ լրատվամիջոցը 2023թ․ մարտի 26-ին հրապարակել է ՔՈ-ի կողմից տարածած տեքստի սկզբնական տարբերակը, իսկ ամիսներ անց որպես ապացույց դատարան է ներկայացրել արդեն փոփոխված տեքստը, քանի որ դատական քննության պահին նախկին տարբերակն այլևս հասանելի չէր հանրությանը որպես պաշտոնական հայտարարության։ Լրատվամիջոցը չի կարող պատասխանատվություն կրել աղբյուրի կողմից տեքստի հետագա փոփոխության համար։ Կարևոր է, որ հայտարարությունը հրապարակելիս խմբագրությունը կատարել է այդ պահի դրությամբ եղած տեքստի բառացի և բարեխիղճ վերարտադրում՝ Քաղաքացիական օրենսգրքի 10871. հոդվածի 6-րդ կետի իմաստով։ Հետևաբար, լրատվամիջոցը ՔՈ նախընտրական շտաբի հայտարարության բովանդակությունը տարածել է օրենքով սահմանված կարգով։
Հրապարակված տեքստում միակ փոփոխությունը, որը վերագրվում է լրատվամիջոցին, վերնագրի մեջ տեղ գտած «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» արտահայտությունն է, որը բացակայել է ՔՈ նախընտրական շտաբի հայտարարության թե՛ սկզբնական, թե՛ փոփոխված տարբերակներում։ Ուշագրավ է, որ այդ վերնագիրը խմբագրությունը չի ներկայացրել որպես մեջբերում հայտարարությունից և չի ներառել չակերտների մեջ։ Հրապարակման միայն երկրորդ պարբերությունից չակերտներ օգտագործելն ու հայտարարության մեջբերումը նշանակում է, որ վերնագիրը և առաջին պարբերությունը լրատվամիջոցի հեղինակած տեքստն է։ Խորհուրդը գտնում է, որ եթե նույնիսկ նախընտրական շտաբի հայտարարության մեջ ընտրակաշառք բաժանելու մասին միտքն արտահայտված է ոչ այնքան կատեգորիկ և միանշանակ (տեքստում օգտագործվում է «հնարավոր է» խոսքը), որքան հրապարակման վերնագրում, այդուհանդերձ, տվյալ վերնագիրը համապատասխանում է ստորև հրապարակված հայտարարության բովանդակությանը, որը, ինչպես նշեցինք, վերարտադրվել է բարեխղճորեն և բառացի։ Ի մի բերելով վերը նշվածը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ այս գործով դատարանի վճիռը լրատվամիջոցի խմբագրական ազատության անհամաչափ միջամտություն է։
Ի տարբերություն վերը նշվածի՝ թիվ ԵԴ2/1995/02/23 գործով (ՔՊ-ն ընդդեմ «Նյուզ Էյեմ» ՍՊԸ-ի) դատարանը համադրել է «News.am» լրատվական կայքում հրապարակված հայտարարությունը սկզբնաղբյուրում՝ Սիսիանի ավագանու ՔՈ խմբակցության ֆեյսբուքյան էջում, 2023թ․ մարտի 26-ին տեղադրված տեքստի և նույն ֆեյսբուքյան էջի «Տեսնել փոփոխությունների պատմությունը» բաժնում առկա դրա այլ տարբերակի հետ, հետազոտել է Սիսիան համայնքի ավագանու 2023թ. ապրիլի 14-ի թիվ 04-Ա որոշման պատճենը ու եկել է եզրահանգման, որ լրատվամիջոցը վիճահարույց նյութը վերարտադրել է բարեխղճորեն ու բառացիորեն՝ հրապարակելով տարածած հայտարարության առաջին տարբերակն առանց փոփոխությունների։
Խորհուրդը համամիտ է դատարանի եզրահանգման հետ։ Այդուհանդերձ, բացթողում կարելի է համարել այն, որ դատարանը չի անդրադարձել կայքում հրապարակված նյութի և նախընտրական շտաբի տարածած հայտարարության վերնագրերի նույնական չլինելու փաստին։ Այս առումով Խորհուրդը վերևում արդեն ներկայացրել է իր կարծիքը, որ խմբագրության կողմից դրված վերնագիրն ընդհանուր առմամբ համապատասխանում է հայտարարության բովանդակությանը։
Վերոհիշյալ երկու համանման դատական գործերով վճիռների համեմատությունն ակնհայտ է դարձնում, որ ստեղծել է հակասական իրավիճակ, երբ միևնույն հայտարարության հրապարակման համար մի դեպքում դատարանը արձանագրել է խախտում, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Հասկանալի է, որ քաղաքացիական դատավարությունը իրականացվում է մրցակցային սկզբունքով, և դատարանները իրենց որոշումները կայացնում են այնքանով, որքանով կողմերին հաջողվում է ապացուցել իրենց պնդումները կամ հերքել դատավարական հակառակորդի պնդումները։ Այդ առումով դատական ակտից չի երևում, որ «24 Նյուզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարանում փաստել է, որ ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունը հետագայում ենթարկվել է փոփոխությունների։ Այդուհանդերձ, խնդիրը դիտարկելով ոչ միայն քաղաքացիական դատավարության առանձնահատկությունների, այլ նաև խոսքի ազատության և լրագրողների իրավունքների լույսի ներքո, Խորհուրդը վիճահարույց է համարում, որ «24news.am» լրատվամիջոցի հիմնադիրը ենթարկվել է պատասխանատվության մի հայտարարության հրապարակման համար, որը հետագայում այն տարածողի կողմից ենթարկվել է փոփոխության։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան
[1] Վճռաբեկ դատարանի №ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012թ. որոշում, էջ 11, պարբ․ 4։
[2] Տե՛ս Տեղեկատվական վեճերի խորհրդի ՏՎԽ-99 որոշումը։