19 օգսոստոսի, 2025 թ.
ՓԱՍՏԵՐԸ
2025 թ․ հուլիսի 9-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ստացել է դիմում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրորղ Սոնա Գրիգորյանից, որը խնդրել է տրամադրել փորձագիտական կարծիք իր և ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի միջև ծագած խնդրի մասին։ Դիտորդ մարմինը քննության է առել դիմումը և հրապարակելու է վեճի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ հիմնվելով Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի վրա։ Միաժամանակ, Դիտորդ մարմինը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրի իրավական կողմերը վերլուծելու և դրանց առնչությամբ եզրակացություն ստանալու ակնկալիքով։ Այս հիմքով էլ ՏՎԽ-ն քննել է վեճը և ներկայացնում է սույն կարծիքը։
Ըստ փաստերի՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսենջեր» հավելվածով դիմել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյո՞ք համապատասխանում են իրականությանը խմբագրությանը հասած տեղեկություններն այն մասին, որ անհետ կորած մի քանի զինծառայողների ծնողներ, ՀՀ վարչապետի հետ հանդիպումից դուրս գալիս, Կառավարության շենքի մոտ տեսել են Թորոսյանին, և, ըստ Սոնա Գրիգորյանի գրության՝ «ծնողներից երկուսը բռնել են Արսեն Թորոսյանի օձիքից, վեր բարձրացրել, ասել, թե՝ ստախոս ես դու, թուրք ես, որովհետև մեր երեխաների ԴՆԹ հետազոտությունները խառնաշփոթ ես դարձրել»։ Արսեն Թորոսյանը լրագրողին պատասխանել է, որ հրաժարվում է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը և կպատասխաներ, եթե այլ լրատվամիջոց դիմեր։ Այդուհանդերձ, շարունակվող գրագրության ընթացքում պատգամավորը լրագրողի շարադրած տեղեկատվության վերաբերյալ նշել է, որ «օրաթերթին կա՛մ սուտ ինֆորմացիա են տվել, կա՛մ ինքն է սուտ ինֆորմացիա հորինել, ինչպես հաճախ»։ Նույն օրն Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սոնա Գրիգորյանի հետ իր նամակագրությունը տվյալ հարցի վերաբերյալ՝ նշելով․ «Սպասենք հերթական լուտանքին այս լրատվամիջոցի կողմից»։
Հաջորդ օրը Սոնա Գրիգորյանն իր ունեցած տեղեկությունները հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթում և «ArmLur.am» կայքում՝ «Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է»՝ վերնագրի ներքո և Արսեն Թորոսյանի լուսանկարով։
Արսեն Թորոսյանն այդ հրապարակումից 20 օր անց ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է թեմային՝ հրապարակելով տեսանյութ, որը, ըստ պատգամավորի, ապացուցում է, որ լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Լրագրող Սոնա Գրիգորյանի կողմից փորձագետներին հղած դիմումի գլխավոր հարցն այն է, թե որքանո՞վ են իրավաչափ Արսեն Թորոսյանի գործողությունները (մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռք բերած և ճշտման համար նրան ներկայացված տեղեկություններն առանց խմբագրության հետ համաձայնեցնելու լրատվամիջոցից շուտ հրապարակելն ու մեկնաբանելը), և արդյո՞ք տվյալ դեպքում նա չի խախտել պատգամավորական էթիկան։
Ուսումնասիրելով վեճի փաստական տվյալները և համադրելով դրանք օրենսդրական կարգավորումների հետ՝ Խորհուրդն արձանագրել է, որ այս առումով չկա որևէ իրավական նորմի խախտում։ Անձն ազատ է ինքնուրույն որոշելու իրեն հասու դարձած տեղեկատվությունը հրապարակելու կամ չհրապարակելու հարցը (այդ թվում՝ երբ և որտեղ), հատկապես՝ եթե այդ տեղեկատվությունն իրեն է վերաբերում, և ավելին՝ դրանում առկա է պատվի ու արժանապատվության պաշտպանության խնդիր։
Այդուհանդերձ, տվյալ վեճում Արսեն Թորոսյանի վարքագիծն ու գործելաոճը խնդրահարույց են «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերի հիմքերով, ըստ որոնց՝ ԱԺ պատգամավորը պարտավոր է իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը և, ի թիվս այլի, հարգալից վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ։ Այդպիսի վերաբերմունքի պահանջը բխում է հանրային ծառայության բարեկրթության և հարգալիրության հիմնարար սկզբունքներից՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի։ Սոնա Գրիգորյանի հետ գրագրության հենց սկզբից Արսեն Թորոսյանը խտրականություն է դրսևորել՝ նշելով․ «Այ, որ ուրիշ օրաթերթի լրագրող լինեիք, կարձագանքեի», և, ըստ էության, լրատվամիջոցները բաժանել է «յուրայինների» և «օտարների»։ Սա ոչ միայն չի նպաստում հայաստանյան լրատվական դաշտի բևեռացման հաղթահարմանը, այլ հակառակը՝ խորացնում է այդ արատավոր երևույթը և, արդյունքում, նվազեցնում է Ազգային Ժողովի նկատմամբ հանրային վստահությունը և հարգանքը։ Ավելին՝ այդ խտրական վերաբերմունքը հակասում է հանրային ծառայության բարեվարքության համակարգի օբյեկտիվության սկզբունքին՝ ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի։
Ամենևին չվիճարկելով հարցազրույց կամ մեկնաբանություն տալու կամ դրանից հրաժարվելու պատգամավորի իրավունքը՝ Խորհուրդը նշում է, որ ամեն դեպքում մերժումը պետք է հիմնավորվի և հասկանալի լինի թե՛ լրագրողի, թե՛ հանրության համար։ Սա նույնպես հարգալից վերաբերմունքի բաղկացուցիչ մաս է։ Մինչդեռ՝ ծագած տեղեկատվական վեճին առնչվող հետագա գրագրության ընթացքում Թորոսյանը շարունակում է լրատվամիջոցի և այն ներկայացնող լրագրողի նկատմամբ դրսևորել քամահրական վերաբերմունք և տոնայնություն, ինչը նույնպես հակասում է վերոհիշյալ օրենքի նշված դրույթի պահանջին։
Իրավական առումով ուշագրավ է նաև պատգամավոր Թորոսյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը, որը, ամենայն հավանականությամբ, վերցված է ՀՀ կառավարության շենքի անվտանգությունը վերահսկող տեսախցիկների արձանագրումներից։ Այստեղ էլ հարցեր են ծագում, մասնավորապես՝ որքանո՞վ է այդ տեսանյութի ստանալն օրինական եղել, և արդյո՞ք այն ամբողջական է։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ դիտարկվող վեճը մասնավոր բնույթ ունի, իսկ պետական պահպանության ենթակա օբյեկտի՝ առնվազն ծառայողական գաղտնիք համարվող անվտանգության խցիկի տեսանյութը ձեռք բերելը, ամենայն հավանականությամբ, իրականացվել է պաշտոնեական և քաղաքական դիրքը օգտագործելով և օրենքով սահմանված ընթացակարգերը շրջանցելով, որն անթույլատրելի է։
Խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «Ժողովուրդ» օրաթերթում և «ArmLur.am» կայքում հրապարակված վերոհիշյալ նյութին։ Թեև Սոնա Գրիգորյանն իր դիմումում չի ակնկալում ստանալ փորձագիտական կարծիք դրա վերաբերյալ, այդուհանդերձ, հրապարակման վերլուծությունը կարևոր է, քանի որ գլխավորապես հենց դրա բովանդակությամբ է պայմանավորած դիտարկվող վեճը։ Իր նյութում հեղինակն օգտագործել է փաստացի տվյալներ պարունակող արտահայտություններ, որոնք տարածվել են հրապարակայնորեն՝ լրատվամիջոցներով, և որոնք օբյեկտիվորեն՝ հասարակական պատկերացումներով, անձի արժանապատվությունը արատավորող են։ Հետևաբար, այդ արտահայտությունները կարող են որակվել որպես զրպարտություն, քանի դեռ լրագրողը չի ապացուցել դրանց ճշմարտացիությունը՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի հիմքով։ Տվյալ դեպքում նա իր տեղեկատվությունը հիմնավորել է՝ հղում կատարելով ինչ-ինչ աղբյուրներին, որոնք չի ցանկացել բացահայտել։ Լրագրողն, անկասկած, ունի իր աղբյուրները չբացահայտելու իրավունք՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի հիմքով, որը առավել լայնորեն մեկնաբանվել է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1234 որոշմամբ։ Ըստ այդմ՝ անձի արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելը զրպարտություն չէ, եթե փաստացի տվյալներ ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները։
ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքում սահմանված այս երաշխիքը իրավաբանական գրականության մեջ ու դատական պրակտիկայում այլ կերպ կոչվում է «ողջամիտ հրապարակում» կամ «արդարացի մեկնաբանություն» («fair comment») և կիրառվում է այն դեպքերում, երբ տվյալ հրապարակումն ունի մեծ հանրային նշանակություն և հետաքրքրություն։ Սա թույլ է տալիս լրագրողին սխալվել, եթե հրապարակման հապաղումը կարող է վնասել այդ տեղեկությունները հրատապ ստանալու հանրային շահը։ Հակառակ դեպքում, եթե նման հանգամանքում լրագրողից պահանջվի մանրամասնորեն ստուգել բոլոր փաստերը, լրատվական նյութը կարող է կորցնել իր հրատապությունն ու նշանակությունը, դառնալ ժամանակավրեպ, չծառայել տեղեկություններ ստանալու հանրության իրավունքին։
Հետևելով այս սկզբունքին, Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում, թեև հրապարակված նյութը ներկայացնում էր ընդհանուր հանրային հետաքրքրություն, դրա տարածումը չուներ այնպիսի հրատապություն, որը ժամանակային առումով կսահմանափակեր լրագրողի հնարավորությունները ստուգելու խնդրո առարկա փաստերը։ Նույնիսկ եթե այդ նյութը տարածվեր օրեր անց կամ ավելի ուշ, որևէ կարևոր տեղեկատվական խնդիր հանրության համար չէր առաջանալու։
Տվյալ վեճում առանցքային նշանակություն ունի այն փաստը, որ Սոնա Գրիգորյանը խմբագրության տրամադրության տակ հայտնված տեղեկությունների իսկությունը ճշտելու համար դիմել է Արսեն Թորոսյանին, որը (թեկուզև վիրավորական տոնով) պատասխանել է, որ ներկայացված տվյալները սուտ են, սակայն լրագրողն այդ արձագանքը (ըստ էության՝ հերքումը) չի ներառել նյութի մեջ։ Հակառակը՝ չվկայակոչելով որևէ այլ արժանահավատ աղբյուր, նա գրել է. «Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է»։ Սա չի համապատասխանում «ողջամիտ հրապարակում» եզրույթի սկզբունքներին և վկայում է հեղինակի կողմնակալության և անձին նսեմացնելու նպատակ ունենալու մասին։
Ի մի բերելով վերոգրյալը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթում և «ArmLur.am» կայքում հրապարակված խնդրո առարկա նյութում օգտագործվել են Արսեն Թորոսյանի արժանապատվությունը արատավորող, զրպարտչական արտահայտություններ։ Հակառակը հնարավոր կլինի պնդել, եթե հրապարակման հեղինակը ապացուցի, որ դրանում տեղ գտած փաստացի տվյալները համապատասխանել են իրականությանը։ Արսեն Թորոսյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ պայմանավորված չէին գերակա հանրային շահով, և լրագրողը պետք է ողջամտության սահմաններում ձեռնարկեր հավելյալ միջոցներ՝ պարզելու համար իր ձեռքի տակ հայտնված տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։
Միևնույն ժամանակ Խորհուրդը եզրակացնում է, որ լրագրողի հետ շփվելիս ԱԺ պատգամավորը դրսևորել է այնպիսի վարքագիծ, որն անհամատեղելի է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ բարեվարքության համակարգի հարգալիրության և օբյեկտիվության սկզբունքների հետ, որոնցից վերջինը արտահայտված է նաև «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթներում։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ՝
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան