30 սեպտեմբերի, 2025 թ․
ՓԱՍՏԵՐԸ
2025 թվականի հուլիսի 24-ին «Արմենպրես» լրատվական գործակալության armenpress.am կայքում հրապարակվել է «Հեղինակության կառավարումը Հայաստանում. զրույց «Աքսել Մոնդրիան» ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանի հետ» նյութը: Երկու օր անց՝ հուլիսի 26-ին, հրապարակումը հեռացվել է գործակալության կայքից և ֆեյսբուքյան էջից։ Այդ որոշումը կայացրել է «Արմենպրեսի» տնօրենը՝ խմբագրակազմի հետ անցկացրած խորհրդակցությունից հետո։
Տեղեկատվական վեճերի խորհրդին հասցեագրված դիմումում Շուշան Հարությունյանը նշել է, որ նյութի հեռացումը համարում է «գրաքննություն հանրային իշխանության կողմից, քանի որ «Արմենպրես» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից, և այդ ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը»։ Ըստ դիմումատուի՝ հրապարակումը հեռացվել է առանց հիմնավոր պատճառաբանության և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված լրագրողների գործունեության ազատության սկզբունքի խախտմամբ։ «Մեր մտահոգությունն ենք հայտնում` նկատի ունենալով, որ նյութն իր բովանդակությամբ չի պարունակել վիրավորանք, զրպարտություն, ատելության խոսք կամ այլ հակաիրավական տարր, այլ ընդամենը ներկայացրել է մասնագիտական կարծիք», — նշել է դիմումատուն:
ՏՎԽ-ն դիմել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը որոշ պարզաբանումներ ստանալու համար, ինչին ի պատասխան գործակալության տնօրենը հայտնել է, որ նյութը հեռացվել է դրա «պատրաստման և հրապարակման ընթացքում տիկին Շուշան Հարությունյանի կողմից միջամտության պատճառով»։ Մասնավորապես նշվել է, որ մինչև հրապարակումը Շուշան Հարությունյանը առարկություններ է հայտնել գործակալության թղթակցի պատրաստած տեքստի վերաբերյալ, երբ այն նախօրոք ուղարկվել էր Շուշան Հարությունյանին՝ համաձայնեցնելու համար։ Դրանից հետո Շուշան Հարությունյանը գործակալությանը ներկայացրել է նյութի նոր՝ իր հեղինակած տարբերակը։ Սակայն գործակալության խմբագիրը կապ է հաստատել իր թղթակցի հետ՝ նշելով, որ Շուշան Հարությունյանի առաջարկած տեքստը «հեռու է հարցազրույցի ժանրից», որից հետո թղթակիցը փոփոխել է տեքստը՝ ներկայացնելով հարց ու պատասխանի ձևաչափով։ Այնուհետև նյութը հրապարակվել է հուլիսի 24-ին։
Դրանից կարճ ժամանակ անց Շուշան Հարությունյանը Արմենպրեսից խնդրել է հրապարակել նյութի՝ իր հեղինակած տարբերակը։ Խմբագրի որոշմամբ հրապարակվել է այդ տարբերակը։ Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին, խմբագրակազմի ժողովի ընթացքում գործակալության տնօրենը որոշում է կայացրել հեռացնել նյութը լրատվական կայքից։ Ինչպես ՏՎԽ-ին պարզաբանեց «Արմենպրեսի» ղեկավարը, այդ որոշման մասին նա «Մեսենջեր» հավելվածի միջոցով գրավոր տեղեկացրել է Շուշան Հարությունյանին, և մոտ կես ժամ հետո հրապարակումը հեռացվել է։ Ըստ տնօրենի՝ նա պատրաստվում էր հրավիրել Շուշան Հարությունյանին գործակալություն և անձամբ ներկայացնել նրան իր որոշման պատճառները, սակայն քանի որ Շուշան Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակայնորեն փորձել է խնդրին տալ «քաղաքական երանգավորում», այլևս անիմաստ է համարել դա անել։
Տեղեկատվական վեճերի խորհուրդը պարզաբանումներ է խնդրել նաև Շուշան Հարությունյանից։ Վերջինս նշել է, որ նյութը հեռացվելուց առաջ հարցն իր հետ նախապես չի քննարկվել, իսկ հրապարակումը փաստացի հեռացնելուց անգամ իրեն որևէ պատճառաբանություն կամ հիմնավորում չի ներկայացվել։ Ըստ Շուշան Հարությունյանի՝ նյութը հեռացվելուց մեկ շաբաթ անց նա էլեկտրոնային փոստով «Արմենպրեսին» ծանուցել է, որ օգտվելու է հանրային հասանելիության այլ հարթակներում հրապարակումը տարածելու իր իրավունքից, որից հետո այդ թեմայով գրառում է արել Ֆեյսբուքում, հետևաբար՝ «Արմենպրեսը» ունեցել է մեկ շաբաթ նյութի հեռացման հիմնավորումը տրամադրելու համար։
Անդրադառնալով վիճահարույց տեքստի ժանրին՝ Շուշան Հարությունյանը կարծիք է հայտնել, որ դա հարցազրույց չէր, այլ` մասնագիտական կարծիք։
Գործակալության տնօրենը նույնպես ՏՎԽ-ի հետ զրույցում նշել է, որ վիճահարույց տեքստը, թեև կազմված էր հարց-պատասխան ձևաչափով, դասական իմաստով չէր համապատասխանում հարցազրույցի ժանրին։
Կողմերը նաև տեղեկացրել են, որ իրենց համագործակցությունը հիմնված է եղել 2023թ․ հունիսի 1-ին կնքած պայմանագրի վրա, որի պատճենը (առանց կոմերցիոն գաղտնիք պարունակող հատվածի) Շուշան Հարությունյանը տրամադրել է Խորհրդին։ Ոչ դիմումատուն, ոչ «Արմենպրեսի» տնօրենը չեն առարկել, որ ՏՎԽ-ն ուսումնասիրի պայմանագիրը։ Նյութը հեռացնելուց կարճ ժամանակ անց պայմանագիրը խզվել է։ ՏՎԽ-ին տված պարզաբանումներում կողմերը չեն վկայակոչել պայմանագրի որևէ նորմ, որը խախտվել է վերը նշված գործողությունների արդյունքում։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Շուշան Հարությունյանը Խորհրդին ուղղված իր դիմումում խնդրել է տրամադրել կարծիք, թե արդյո՞ք գործակալությունը չի իրականացրել գրաքննություն կամ չի խախտել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված լրագրողների ազատ գործելու երաշխիքը, երբ հեռացրել է հրապարակված նյութը։
Խորհուրդը գտնում է, որ այն հանգամանքները, որ «Արմենպրեսը» միակողմանիորեն հեռացրել է հրապարակումն իր լրատվական կայքից և որ գործակալության հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, չեն կարող ինքնաբերաբար հանգեցնել եզրակացության, որ տեղի է ունեցել գրաքննություն։ Գրաքննության նպատակը տեղեկություններ ու գաղափարներ ազատորեն տարածելու իրավունքի ճնշումն է, բազմախոհության արգելքը։ Մինչդեռ «Արմենպրեսի» տնօրենը ՏՎԽ-ին ներկայացրած պարզաբանման մեջ նշել է, որ խնդրո առարկա հրապարակումը կայքից հեռացվել է այն պատճառով, որ գործակալությունն անընդունելի է համարել, որ ի սկզբանե հարցազրույցի ժանրով պատրաստված նյութը վերափոխվել և ստացել է այլ տեսք, ընդ որում՝ երկու տարբերակով, և Շուշան Հարությունյանը միջամտել է խմբագրության որոշմանը, թե դրանցից որը պետք է հրապարակվի։ Ըստ տնօրենի՝ դա հակասել է գործակալության խմբագրական քաղաքականությանը և կարող էր ստեղծել վտանգավոր նախադեպ։
Առհասարակ այն հարցը, թե որ նյութը պետք է հրապարակվի, իսկ որը՝ ոչ, բացարձակապես լրատվամիջոցի որոշելիքն է։ Եվ ամենևին էլ ոչ բոլոր դեպքերում է, երբ խմբագրությունները մերժում են բերված հոդվածների կամ այլ տեքստերի հրապարակումը, դա կարող է մեկնաբանվել որպես ուղիղ կամ թաքնված գրաքննության իրականացում։ Մասնավորապես տվյալ վեճում գրաքննության առկայության մասին պնդումն ակնհայտորեն անտեղի է։ Ընդհակառակը՝ գործակալության որոշումը տեղավորվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված լրատվական գործունեություն իրականացնողների ազատության իրավունքի շրջանակում։ Այս համատեքստում Խորհուրդը նաև արձանագրում է, որ վերոհիշյալ 4-րդ հոդվածի հասցեատերը ոչ թե Շուշան Հարությունյանն է, այլ լրատվամիջոցն ու լրագրողները, և գործակալությունը՝ իր հայեցողությամբ հեռացնելով իր հարթակում իր կողմից հրապարակված նյութը, չի խախտել նշված օրենքի որևէ դրույթ։ Համենայնդեպս այդպիսի գործողության արգելք չկա։
Իր բանավոր պարզաբանումներում դիմումատուն ընդունել է, որ խնդրո առարկա նյութը հարցազրույց չէր։ Գործակալությունը նույնպես նշել է, որ հեռացված նյութը «հեռու էր հարցազրույցի ժանրից»։ Քանի որ «Հեղինակային ու հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեղինակային իրավունքը գործում է հարցազրույցի նկատմամբ (հոդված 12), որի պարագայում հարցազրույց տվողը և հարցազրույց վերցնողը համահեղինակներ են, տվյալ դեպքում «Արմենպրեսը» և Շուշան Հարությունյանը չեն կարող հայցել այդ օրենքով սահմանված որևէ իրավունքի խախտումից պաշտպանություն, օրինակ՝ հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքներ, մասնավորապես, հետկանչի, հեղինակային նյութի ամբողջականության, աղավաղումներից ու փոփոխություններից պաշտպանության իրավունքները։
Քանի որ վեճի կողմերը համագործակցել են դեռևս 2023թ․ հունիսի 1-ին կնքած պայմանագրի հիման վրա, տրամաբանական է և իրավաչափ իրենց տարաձայնությունները դիտարկել պատվիրատու-կատարող հարաբերությունների շրջանակում։ Սակայն, ինչպես ցույց տվեց այդ պայմանագրի ուսումնասիրությունը, դրանում էլ առկա չեն նյութերի հեռացմանը վերաբերող կարգավորումներ։ Նման պայմաններում նույնպես գերակայում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը՝ լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների գործունեության ազատության մասին։
Այդուհանդերձ, Խորհուրդը գտնում է, որ պայմանագրային համագործակցությունը ենթադրում է, որ կողմերն իրենց տարաձայնություններն ու խնդիրը պետք է լուծեն երկխոսության, բանակցությունների, փոխադարձ զիջումների և համաձայնության գալու միջոցով, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելով։ Այս իմաստով հարցեր են ծագում․ եթե գործակալությունը նյութի հեռացման որոշման մասին նախապես «Մեսենջեր»-ով տեղեկացրել է Շուշան Հարությունյանին, ապա որքանո՞վ էր արդարացված գրությունն ուղարկելուց ընդամենը կես ժամ հետո այդ հեռացումը փաստացի իրականացնելը։ Արդյո՞ք այդ ժամանակը ողջամտորեն բավարար էր, որ գործընկերը տեղեկանար և արձագանքեր։ Իսկ եթե նախնական ծանուցում ընդհանրապես չի եղել, ապա որքանո՞վ է դա համապատասխանում համագործակցության սկզբունքներին ու մասնագիտական նորմերին։ Կամ՝ արդյո՞ք հիմնավոր են «Արմենպրեսի» ղեկավարի փաստարկները՝ նյութի հեռացման պատճառները Շուշան Հարությունյանին և գուցե նաև ընթերցողներին չներկայացնելու առնչությամբ։ Բայց այս հարցերը գերազանցապես մասնագիտական էթիկայի տիրույթում են և դուրս են օրենսդրության կարգավորումից։ Ուստի Խորհուրդը դրանց վերաբերյալ եզրակացությունը պատվիրակում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին և համապատասխան դիմում կհղի այդ կառույցին։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան