ՓԱՍՏԵՐԸ
2024 թվականի հունիսի 3-ին «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Asekose.am լրատվական կայքի հիմնադիր «Ասեկոսե» ՍՊԸ-ի դեմ՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 3-րդ մասի հիմքով (դատական գործ թիվ ԵԴ2/4333/02/24)։ Հայցվորը հայտնել է, որ լրատվամիջոցը YouTube սոցիալական ցանցի իր էջում 2024թ․ մայիսի 1-ին հրապարակել է Facebook-ի օգտատեր Հայկ Մանասյանի տեսանյութը «Կամ սուտ լուր ես տարածում, կամ շպիոն ես․ Հայկ Մանասյանը՝ Հովսեփ Խուրշուդյանին» վերնագրով։ Ըստ հայցվորի՝ այդ վերնագիրը զրպարտություն է, քանի որ դրանով իրեն հասցեագրվում է արժանապատվությունը արատավորող և իրականությանը չհամապատասխանող հրապարակային արտահայտություն։ Հովսեփ Խուրշուդյանը նշել է, որ լրատվամիջոցը ընտրել է այնպիսի ձևակերպում, որը շատ դիտումներ կապահովի՝ անտեսելով, որ այն իր բնույթով զրպարտչական է։ Նա նաև նշել է, որ վերնագրի բովանդակությունը «կապ չունի» տեսանյութի բովանդակության հետ, որը, փաստորեն, խեղաթյուրվել է։ Հայցվորը խնդրել է դատարանից պատասխանող ընկերությանը պարտավորեցնել YouTube սոցիալական ցանցի Asekose․am էջից հեռացնել խնդրո առարկա տեսանյութը, զրպարտություն տարածելու համար հրապարակային ներողություն խնդրել Հովսեփ Խուրշուդյանից՝ հետևյալ բովանդակությամբ. «Ասեկոսե» ՍՊԸ-ն ներողություն է խնդրում «Կամ սուտ լուր ես տարածում, կամ շպիոն ես. Հայկ Մանասյանը՝ Հովսեփ Խուրշուդյանին» վերնագրով հրապարակման համար», իսկ ներողությունը տեսաձայնագրության միջոցով տեղադրել նույն յութուբյան ալիքում։ Բացի այդ, հայցվորը լրատվամիջոցից պահանջել է վճարել փոխհատուցում 1 միլիոն դրամի չափով։ Դատական քննությունը շարունակվում է։
Ներկայումս վիճահարույց նյութը YouTube-ում հասանելի չէ, սակայն այն առկա է www.asekose.am կայքում հետևյալ վերնագրով․ «Չեն կարող ստանալ հաշվետվություն՝ կամ սուտ լուր ա տարածում, կամ շպիոն ա․ Հայկ Մանասյանը՝ Հովսեփ Խուրշուդյանին»։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասում սահմանված է, որ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, «եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները ․․․ այլ անձի հրապարակային ելույթի հրապարակման, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)»։ Տվյալ դեպքում լրատվամիջոցը YouTube-ի իր ալիքում տեղադրել է ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Մանասյանի տեսանյութը, որն ավելի վաղ նա հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում։ Այդ վերահրապարակումն ամբողջական է՝ առանց որևէ փոփոխության։ Սակայն ուսումնասիրելով տեսանյութի բովանդակությունը և այն համադրելով խմբագրության կողմից դրված վերնագրի հետ՝ Խորհուրդն արձանագրեց դրանց ակնհայտ անհամապատասխանությունը։
Հայկ Մանասյանը տեսանյութի 10:00-16:00 րոպեների միջակայքում խոսում է այն մասին, որ եթե Հովսեփ Խուրշուդյանը իր վիճահարույց հայտարարության տվյալները, որոնք համարվում են բանկային գաղտնիք, ստացել է որևէ այլ անձից, ապա այդ անձը կամ սուտ լուր է տարածել, կամ, եթե լուրը սուտ չէ, ուրեմն այդ անձը ունեցել է հասանելիություն բանկային գաղտնիքի, ինչը նշանակում է, ըստ Հայկ Մանասյանի, որ «այստեղ շպիոնաժ կա»։ Նյութի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայկ Մանասյանն իր հայտարարությունը կամ որակումները հասցեագրել է երրորդ անձի, այլ ոչ թե Հովսեփ Խուրշուդյանին, մինչդեռ լրատվամիջոցը տեսանյութի վրա դրել է այնպիսի վերնագիր, որն օբյեկտիվորեն ցանկացած անաչառ անձի կամ դիտորդի մոտ ստեղծում է կարծիք, որ այդ խոսքերը Հայկ Մանասյանն ուղղել է հենց Հովսեփ Խուրշուդյանին։
Պատասխանող կազմակերպության փաստարկն այն մասին, որ YouTube-ում տեխնիկական պատճառով հնարավոր չի եղել հրապարակել տեսանյութի իրական վերնագիրը (որն էր՝ «Չեն կարող ստանալ հաշվետվություն՝ կամ սուտ լուր ա տարածում, կամ շպիոն ա․ Հայկ Մանասյանը՝ Հովսեփ Խուրշուդյանին»), էական չէ, քանի որ այդ սոցիալական ցանցը ընդամենը տրամադրում է հարթակ՝ իր հստակ ու նախապես հայտնի պայմաններով, իսկ ցանկացած նյութ հրապարակելու եղանակը, ձևը, ոճը որոշում են օգտատերերը/հեղինակները։ Հետևաբար, բոլոր դեպքերում, պատասխանատվությունը կրում է հրապարակողը, ոչ թե առցանց հարթակ տրամադրողը։ Սոցիալական ցանցերում կոնտենտ արտադրողները կրում են պատասխանատվություն իրենց նյութերի բովանդակության իրավական հետևանքների համար։ Այդ մասին նշված է նաև YouTube-ի օգտագործման կանոններում։
Լրատվամիջոցների ազատությունների շրջանակում «բարեխիղճ վերահրապարակումը» կարևոր իրավական երաշխիք է, որը պաշտպանում է խմբագրություններին այլ աղբյուրներից վերցրած բովանդակության տարածման համար պատասխանատվությունից։ Մեկնաբանելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի «բարեխիղճ վերարտադրում» հասկացությունը՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդիրի պահանջը նպատակ է հետապնդում «ապահովել աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը»[1]։ Տվյալ դեպքում, ինչպես նշվեց վերևում, լրատվամիջոցը վերարտադրված տեսանյութը վերնագրել է այնպիսի ձևակերպմամբ, որը ոչ միայն չի համապատասխանում բուն նյութի բովանդակությանը, այլ նաև արատավորում է անձի արժանապատվությունը։
Այսպիսով, Խորհուրդը եզրակացնում է, որ Asekose.am-ը խնդրո առարկա վերնագրով տեսանյութը տարածել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի խախտումով։
Սրա հետ մեկտեղ, Խորհուրդը գտնում է, որ նման վեճերը ցանկալի է լուծել արտադատական կարգով, մանավանդ որ Asekose.am-ը, ինչպես ՏՎԽ-ին հաղորդել է այդ լրատվամիջոցի հիմնադիրը, պատրաստակամություն է ունեցել հարթել տարաձայնությունը։ Այս պարագայում, հայցվորը կարող էր կապ հաստատել խմբագրության հետ և պահանջել փոխել վերնագիրը, ավելին՝ տրամադրել պատասխանով հանդես գալու հնարավորություն, իսկ մերժման դեպքում դիմել ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմին կամ ՏՎԽ։
Ինչ վերաբերում է դրամական փոխհատուցման պահանջին, ապա կարևոր է նկատի ունենալ, որ դատավարության երկու կողմերն էլ ծավալում են հասարակությանն ուղղված գործունեություն, և երկուսի համար էլ ժողովրդավարական ինքնակառավարումը և դրա պայման հանդիսացող՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիայի ազատ հոսքը գործունեության նպատակներ են։ Մինչդեռ, որպես փոխհատուցում պահանջված գումարի չափը, եթե դատարանն այն բավարարի, կարող է «սառեցնող» ազդեցություն ունենալ լրատվամիջոցի վրա և վնասել հետագայում զգայուն թեմաների և իրադարձությունների վերաբերյալ անկաշկանդ լրատվություն տարածելուն։ Այս իմաստով նպատակահարմար կլիներ գումարային պահանջը նվազեցնել կամ չեղարկել։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
[1] Վճռաբեկ դատարանի՝ Բորիս Աշրաֆյանի վերաբերյալ թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012թ․ որոշում, Էջ 10-րդ։