Փաստերը
Սույն դատական գործի փաստերը, հայցը վարույթ ընդունելուց մինչև վճռի հրապարակումը, շարադրված են Տեղեկատվական վեճերի խորհրդի թիվ 80 կարծիքի մեջ։ Հաշվի առնելով, որ դատական քննությունը շարունակվել է վերաքննիչ ատյանում, և տեղի են ունեցել կարևոր զարգացումներ, Խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դրանց սույն փաստաթղթում։
Վերոհիշյալ թիվ 80 կարծիքում նշվել էր, որ կողմերը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էին Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ 2022 թվականի հուլիսի 22-ին այդ ատյանը բավարարել է հայցվորի՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բողոքը մի քանի հիմքերով, բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի վճիռը և փոփոխել է այն։ Իր որոշման մեջ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ առաջին ատյանի դատարանը առանց հիմնավորման չի անդրադարձել հայցվորի հետևյալ պահանջներին․ առաջին, որ «Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները» արտահայտությունը զրպարտություն էր, և երկրորդ, որ այդ արտահայտության և «հանցագործ» բառի համար չէր տրամադրվել դրամական փոխհատուցում։ Կրկին քննելով գործն իր ամբողջ ծավալով՝ Վերաքննիչ դատարանը կատարել է հետևյալ եզրահանգումները․
- Թեհմինե Ենոքյանը միտումնավոր քննադատության թիրախ է դարձրել հայցվորին՝ վերջինիս վերագրելով որոշակի և հստակ ուղղվածություն ունեցող գործողություններ և վարքագիծ, որոնք իրենց բնույթով արատավոր են,
- մասշտաբային գործունեություն իրականացնող կազմակերպության հասցեին նման արատավորող բնույթի տեղեկություններ տարածելը կարող է համապատասխանել իրավաչափության պայմանին այն դեպքում, եթե տարածողն ունեցել է ծանրակշիռ և բավարար փաստական կազմ, կամ էլ տեղեկությունները տարածելիս չի իմացել, որ դրանք կեղծ էին ու իրականությանը չհամապատասխանող, մինչդեռ տվյալ դեպքում պատասխանողը չի ներկայացրել փաստեր՝ հիմնավորելու համար իր տեղեկությունների ու գնահատականների ճշմարտացիությունը, ինչպես նաև դրանց իրականությանը չհամապատասխանելու մասին տեղյակ չլինելը,
- պատասխանողը չի ներկայացրել փաստեր, որ ձեռնարկել է միջոցներ այդ տեղեկությունների ճշմարտացի լինելը պարզելու համար,
- պատասխանողի կողմից դատարան ներկայացված ապացույցները հիմք էին հետևություն անելու համար, որ նա գիտեր, որ ընկերությանը վերագրվող գործողությունները հիմնված չէին փաստերի վրա, և որ արտահայտությունները կատարվել են դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ՝ տուժողին վնաս պատճառելու դիտավորությամբ,
- պատասխանողի ներկայացրած տեսագրություններում արտացոլված են Ամուլսարի շահագործման վերաբերյալ անհայտ անձանց կարծիքները, դիրքորոշումները, վիճաբանությունները, որոնք նրանց սուբյեկտիվ դատողություններն են և չեն կարող դիտարկվել որպես փաստեր՝ հայցվորին վերաբերող արտահայտությունները ճշմարիտ և հիմնավորված գնահատելու համար,
- բացակայել է զրպարտության դեպքում պատասխանատվությունից ազատելու լրացուցիչ փաստակազմը, մասնավորապես, հանրային շահից բխող հայտարարությունները, և եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, դրանք պատժելի չեն միայն այն դեպքում, եթե կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության։
Վերաքննիչ ատյանը նաև գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանը անիրավաչափորեն և առանց հիմնավորումներ ներկայացնելու է մերժել ընկերության պահանջները փոխհատուցում բռնագանձելու մասին։ Ուստի, բեկանելով ստորադաս ատյանի վճիռը՝ Վերաքննիչ դատարանը որոշել է վիրավորանքի («հանցագործ» բառի) և զրպարտության համար նշանակել 500,000-ական դրամի փոխհատուցում (ընդհանուր՝ 1 միլիոն դրամ), ինչպես նաև 200,000 դրամ փաստաբանական ծախսերի դիմաց և 64,000 դրամ որպես պետական տուրք։ Այս որոշմամբ պատասխանողին նաև պարտավորեցրել են սոցիալական ցանցով և առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող թերթի միջոցով տարածել հերքում։ Փաստորեն դատարանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը համարել է զանգվածային լրատվության միջոց։
Պատասխանողը բողոքարկել է վերաքննիչ ատյանի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան, որն այս գործի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։
Եզրահանգում
Տվյալ դատական վեճը ծագել է հանքարդյունահանման ձեռնարկության և լրագրողական ու իրավապաշտպան գործունեություն իրականացնող Թեհմինե Ենոքյանի միջև։ Վերջինս երեք դատական ատյաններում բազմիցս նշել է, որ խնդրո առարկա իրադարձություններում նա հանդես է եկել որպես բնապահպան ու այդ կարգավիճակում կատարել է հրապարակային ելույթ՝ իրականացնելով տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իր իրավունքը։ Դատարանները նրա հրապարակային ելույթը և սոցիալական ցանցի միջոցով դրա հեռարձակումը դիտարկել են որպես տեղեկատվության տարածում։ Թեհմինե Ենոքյանը դատարանի այդ եզրահանգմանը չի առարկել։ Խորհուրդը նույնպես գտնում է, որ վեճի առիթը եղել է տեղեկատվության տարածումը, հետևաբար՝ այդ վեճը տեղեկատվական է, և ՏՎԽ-ն կարող է այն դարձնել քննարկման առարկա և դիրքորոշում արտահայտել։
Խորհուրդը վերահաստատում է իր 80-րդ կարծիքում ներկայացված եզրահանգումները պատասխանողի կողմից հասարակական նշանակության գործունեություն իրականացնելու և այդ առումով ազատ խոսքի պաշտպանությունից օգտվելու մասին։
Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրություն չի դարձրել, որ Թեհմինե Ենոքյանը վիճահարույց արտահայտությունները կատարել է իր հասարակական գործունեության շրջանակում, որ բարձրացված խնդիրներն ունեն հանրային նշանակություն, դրանց վերաբերյալ արդեն տևական ժամանակ ընթանում են բաց և հաճախ շատ սուր քննարկումներ, որոնք հարուցել են տարբեր սոցիալական խմբերի, տեղի համայնքների մտահոգությունը։
Բացի այդ, վերաքննիչ ատյանը հաշվի չի առել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ իր որոշումը բնապահպանության բնագավառում իրավապաշտպան գործունեության վրա, մասնավորապես՝ լարված հարաբերությունների պայմաններում հասարակական գործիչների կողմից տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատության վրա։ Թեև դատարանը անդրադարձել է նշվածին, սակայն դա արել է հպանցիկ, չի փորձել փոխհավասարակշռել հանրային ու մասնավոր շահերը և խնդիրը դիտարկել նաև արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։
Ընկերության վերաբերյալ հնչեցված որոշ հրապարակային արտահայտություններ դատարանը վերլուծել է դրանց բառացի իմաստով՝ առանց փորձ անելու դրանք դիտարկել իրադարձությունների համատեքստում՝ որպես գնահատողական դատողություններ։ Պատասխանողի ներկայացրած փաստերը, որոնք ներառում էին հասարակության տարբեր ներկայացուցիչների կարծիքները Ամուլսարի հանքի գործարկման հնարավոր վտանգների մասին, դատարանը որակել է որպես սուբյեկտիվ՝ արտահայտված անհայտ անձանց կողմից, և դրանք չի համարել «ընդունված և/կամ հաստատված փաստեր»։
Ի տարբերություն Վերաքննիչ դատարանի, Խորհուրդը գտնում է, որ դրանք օբյեկտիվ փաստեր են, որոնք հիմնավորում են, որ պատասխանողի հրապարակային գնահատականները որոշակի փաստական հիմքեր են ունեցել և առերևույթ կամայական չեն եղել։ Դատական ակտում արտահայտված դիրքորոշումից կարելի է եզրահանգել, որ հրապարակային խոսույթում դատարանների համար ընդունված կամ հաստատված փաստեր կարող են հանդիսանալ միայն մասնագիտական փորձագիտական կարծիքները, ինչը բավականին կարծր մոտեցում է։ Հասարակական բանավեճերում էական է ոչ միայն այս կամ այն փաստի բացարձակ ճշմարտացի լինելը, այլև այն, թե արդյո՞ք հրապարակային հայտարարություն կատարած անձինք գործել են բարեխղճորեն, հիմնվել են որոշակի փաստական հանգամանքների վրա, այլ ոչ թե արել են ամբողջությամբ հիմնազուրկ, կամայական արտահայտություններ։ Հակառակ դեպքում, եթե առաջ է քաշվում իրավական պահանջ, որ հանրային գործիչներն իրենց յուրաքանչյուր հրապարակային դատողության համար ներկայացնեն ապացույցներ, դա լուրջ խոչընդոտ կհանդիսանա ազատ խոսքի և անկաշկանդ բանավեճերի ծավալման, հետևաբար՝ նաև ժողովրդավարական գործընթացների համար։
Մտահոգիչ է նաև Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ հայցվոր ընկերությունը «վիրավորվել է» պատասխանողից, քանի որ վերջինս հրապարակայնորեն նրան անվանել է «հանցագործ»։ Բազմիցս նշվել է, որ կազմակերպությունների/ընկերությունների և ֆիզիկական անձանց միջև պետք է տարբերություն դրվի, երբ խոսքը վերաբերում է նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ օգտագործելուն։ Եթե ֆիզիկական անձանց համար վիրավորանքը բարոյական հարված է, ապա կազմակերպությունների դեպքում պետք է քննել ոչ թե բարոյական վնասի, այլ գործարար կամ առևտրային համբավն արատավորելու հարցը։ Ցանկալի է, որ դատարանները այս տարբերակումը ընդգծեն իրենց վճիռներում ու որոշումներում և առևտրային կազմակերպություններին չվերագրեն մարդկային հատկանիշներ։
Խորհուրդն առանձնապես անընդունելի է համարում այն, որ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցվորի ներկայացրած դրամական փոխհատուցման պահանջը, ինչի արդյունքում իրավապաշտպանը հայտնվել է ծանր գույքային բեռի տակ։ Տվյալ գործի վերաբերյալ իր նախորդ կարծիքում ՏՎԽ-ն առաջին ատյանի դատարանի կողմից այդ պահանջի մերժումը գնահատել էր որպես համաչափության սկզբունքի հաջող կիրառում։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ճիշտ հակառակն է արել՝ առանց քննելու, թե կոնկրետ ինչ (նյութական կամ ոչ նյութական) վնասներ է կրել հայցվոր ընկերությունը խնդրո առարկա հրապարակային հայտարարություններից, ինչպես նաև՝ թե ինչպիսին է պատասխանողի գույքային դրությունը։ Վերջինը Սահմանադրական դատարանի հստակ պահանջն է , որն անտեսել է վերաքննիչ ատյանը։
Անընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունն առ այն, որ պատասխանողի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով հայտարարության տարածելը հավասարազոր է լրատվական գործունեություն իրականացնելուն։ Այս հիմքով էլ դատարանը տվյալ փաստի նկատմամբ կիրառելի է դարձրել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի կարգավորումը, ըստ որի՝ եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն պետք է հերքել զրպարտություն համարվող տվյալները։
Մինչդեռ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում բացակայում է որևէ նորմ, որից կարելի է բխեցնել, որ սոցիալական ցանցում անձի անհատական էջից հայտարարություն տարածելն ինքնին հավասարազոր է լրատվական գործունեություն իրականացնելուն, որի ուժով էլ տվյալ հարթակի օգտատերը կարող է դառնալ լրատվական գործունեություն իրականացնող, այսինքն՝ լրատվության միջոց։ Որպեսզի ֆիզիկական անձը համարվի լրատվական գործունեություն իրականացնող անձ, անհրաժեշտ է, որ նրա գործունեությունը համապատասխանի «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով սահմանված բազմաթիվ հատկանիշներին, օրինակ՝ ունենա մշտական անվանում, հերթական համար, թողարկման ամսաթիվ, պարբերականություն և այլն։ Այս ամենի վերաբերյալ, սակայն, դատարանը եզրահանգումներ չի արել։
Խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև վերահաստատել իր 80-րդ կարծիքում արտահայտած այն տեսակետը, որ սույն գործով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն իրականում ցանկանում է լռեցնել իրավապաշտպանների և այլոց քննադատությունը ընկերության գործունեության վերաբերյալ։ Այս նպատակն առավել ուրվագծվում է նրա կողմից ներկայացվող անհամաչափ պահանջներով, այդ թվում՝ գումարային, ինչպես նաև այն փաստով, որ տվյալ դատական գործը միակը չէ, որ հարուցվել է «Լիդիան Արմենիա»-ի հայցով՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով։
Ամփոփելով վերլուծությունը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոհիշյալ որոշումը Թեհմինե Ենոքյանի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անհամաչափ միջամտություն է։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան — Փաստաբան