Փաստերը

2021 թվականի դեկտեմբերի 27-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայց ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողին` տրամադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի համար լրատվամիջոցների ուղարկած հարցերը ու այդ լրատվամիջոցների ցանկը (դատական գործ թիվ ՎԴ/13452/05/21)։ Ըստ հայցվորի՝ ի պատասխան նշված տեղեկությունները ստանալու իր դիմումի` ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, առանց որևէ օրենսդրական նորմ նշելու, հայտնել է, որ «հայցվող տեղեկատվությունը վերաբերում է ներքին գործավարության շրջանակում կազմված ցանկին, որը նպատակահարմար չէ տրամադրել»։

Դատական քննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը դիրքորոշում է արտահայտել, որ տեղեկատվության մերժման համար օրենսդրական նորմ չվկայակոչելը չի կարող ինքնին այդ մերժումն անօրինական ճանաչելու հիմք հանդիսանալ։ Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված հարցերը վարչապետի աշխատակազմ են ուղարկվել ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային հաղորդագրություններով, որոնք  պարունակում են անձնական տվյալներ, իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է անձնական տվյալները տրամադրել երրորդ կողմին առանց այդ տվյալների օգտատերերի համաձայնության։

Ի պատասխան` հայցվորը դատարանում հայտնել է իր փաստարկն առ այն, որ տեղեկատվության դիմումի մերժելը նման պատճառաբանություններով  անիրավաչափ է, քանի որ պատասխանողը պարտավոր էր հղում կատարել օրենքի կոնկրետ նորմին և հիմնավորել, թե որքանով է այդ մերժումը հետապնդել հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակ:

2022 թվականի հոկտեմբերի 18-ին վարչական դատարանը վճռել է մերժել հայցը՝ ըստ էության հիմք ընդունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի պատճառաբանությունները, այն է. լրատվամիջոցների ու կազմակերպությունների հարցերն ուղարկվել են էլեկտրոնային նամակներով, որոնք պարունակում են անձնական տվյալներ, իսկ պետական մարմինն իրավասու չէ առանց այդ տվյալների սուբյեկտի համաձայնության դրանք փոխանցել երրորդ անձանց կամ վերջիններիս տրամադրել տվյալներից օգտվելու հնարավորություն։ Ըստ դատարանի՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը թույլ է տալիս նման հիմքով մերժել դիմումը։ Դատարանը նաև գտել է, որ կազմակերպությունների մասին տեղեկատվության մերժումը նույնպես օրինական է, քանի որ հայցվող տվյալների ստանալու նպատակը հայտնի չլինելու պայմաններում առկա է եղել կասկած, որ այդ տեղեկությունների տրամադրման և դրանց հրապարակման դեպքում կարող էին խախտվել կազմակերպությունների հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները՝ ինչպես սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով։

Վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ վարչական դատարան: Առաջիկա նիստը նշանակվել է 2023 թվականի մայիսի 23-ին։

 

Եզրահանգում

Խորհուրդը գտնում է, որ վարչական դատարանի վճիռը չի համապատասխանում պետական մարմիններից տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքի բովանդակությանը, հակասում է տեղեկատվության ազատության ներպետական և միջազգային նորմերին։

Իրավապաշտպան կազմակերպության դիմումը մերժելիս վարչապետի աշխատակազմը չի վկայակոչել օրենսդրական որևէ նորմ։ Այդ հանգամանքը օրինականության կոպիտ խախտում է։ Օրենքի գերակայության սկզբունքից բխում է, որ հանրային մարմինները պարտավոր են պատճառաբանել իրենց որոշումները՝ որպես նվազագույն պահանջ առնվազն վկայակոչելով օրենսդրական նորմը, որի վրա հիմնվել են։ Դա կարևոր է, որպեսզի հնարավոր լինի վերահսկել, թե արդյո՞ք պետական կառույցերը գործել են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում։

Այս սկզբունքն ամրագրված է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածում, որի համաձայն պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար, վարչապետի աշխատակազմն իրավունք չուներ տեղեկատվություն հայցող դիմումը մերժել այն հիմնավորմամբ, որ այդ տեղեկությունների տրամադրումը աննպատակահարմար է։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի սահմանում մերժման այդպիսի հիմք։ Եթե նման հիմնավորումն օրինական լիներ, վարչական մարմինները կստանային որոշումներ կայացնելու անվերահսկելի, անկառավարելի հայեցողություն, ինչն անհամատեղելի է տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու ու տարածելու ազատության հետ։[1]

Այս համատեքստում  Խորհուրդը չի կարող չնկատել, որ ներկայումս շրջանառության մեջ դրված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ մերժման է ենթակա նաև «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը», Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում կարող է իրավական հիմք հանդիսանալ նմանատիպ մերժումները արդարացնելու և ավելի հաճախակի կիրառելու համար։ Սա մտահոգիչ է, քանի որ վարչական մարմինները կօժտվեն, ինչպես նշվեց վերևում, անվերահսկելի հայեցողությամբ՝ տեղեկություններ տրամադրելու կամ չտրամադրելու հարցերում։

Ի հավելումն, ըստ Խորհրդի, վճիռն անիրավաչափ է նաև այն պատճառով, որ դատարանը բերել է հիմնավորումներ, որոնք վարչապետի աշխատակազմը տեղեկատվությունը մերժելիս չի վկայակոչել։ Այսպես, դատարանը նշել է, որ հայցվող տեղեկությունները պարունակում էին անձնական տվյալներ, որոնք պատասխանողն իրավունք չի ունեցել փոխանցել երրորդ կողմին։ Մինչդեռ, տեղեկատվությունը մերժելիս, վարչապետի աշխատակազմը նման պատճառաբանություն չէր ներկայացրել։ Նույնիսկ, եթե տեսականորեն ընդունենք, որ Վարչական դատարանը իրավասու էր դա անել որպես ex officio՝ ըստ իր լիազորությունների, այդուհանդերձ, տվյալ ատյանը չի հետազոտել, թե արդյո՞ք վարչապետի աշխատակազմը ունեցել է պայմանավորվածություն ԶԼՄ-ների հետ, որ վերջիններիս ներկայացուցիչների կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկած հարցերը և դրանց հեղինակների անձնական տվյալները համապատասխան պահանջի դեպքում չէին տրամադրվելու որևէ երրորդ անձի։ Դատական ակտում ոչինչ նշված չէ այդպիսի հետազոտման մասին։ Բնականաբար, հարց է ծագում, թե ինչպե՞ս է Վարչական դատարանը որոշել, որ վարչապետի աշխատակազմը չէր կարող առանց տվյալների օգտատերերի համաձայնության նրանց տվյալները փոխանցել այլոց, եթե դատական գործում բացակայում է նման համաձայնության ստացված լինելու կամ չլինելու մասին որևէ փաստական տվյալ։ Ի վերջո, եթե լրատվամիջոցները վարչապետի մամուլի ասուլիսի առնչությամբ հարցեր են ուղղում նրան, ապա, ելնելով հաստատված պրակտիկայից, դրանով ինքնաբերաբար տալիս են համաձայնություն այդ հարցերի հրապարակայնության և դրանց հեղինակներին ներկայացնելու վերաբերյալ։ Հակառակ դեպքում առ ոչինչ է դառնում մամուլի ասուլիսի գաղափարն ու էությունը։

Նմանատիպ մոտեցմամբ Վարչական դատարանը որոշել է, որ տեղեկատվության տրամադրումը կարող էր խախտել նույն ԶԼՄ-ների կամ լրագրողների հեղինակային իրավունքը։ Մինչդեռ այդպիսի հանգամանք վարչապետի աշխատակազմը չէր նշել տեղեկատվությունը մերժելիս, և հայտնի էլ չէ, թե արդյո՞ք կատարվել է փորձ ԶԼՄ-ներից ստանալ նախնական համաձայնություն հեղինակային իրավունքների հետ կապված հարցերի  կարգավորման շուրջ։ Այս առնչությամբ Խորհուրդը համոզմունք է հայտնում, որ ցանկացած ասուլիսի դեպքում, երբ լրագրողն իր հարցը ձևակերպելուց առաջ ներկայացնում է իրեն՝ անուն ազգանունով և նշում, թե որ ԶԼՄ-ի աշխատակիցն է, ինքնաբերաբար լուծվում է նաև հեղինակային իրավունքի խնդիրը, որի մասին տվյալ դեպքում խոսելն իսկ իմաստազուրկ է։

Ստացվում է, որ և՛ վարչապետի աշխատակազմը, և՛ դատարանը իրենց մոտեցումները հիմնավորել են մտացածին, վերացական, գործի փաստերից չբխող եզրահանգումներով։  Ավելին՝ այս հանգամանքում ստեղծվում է տպավորություն, որ Վարչական դատարանը ստանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի փաստաբանի դերը՝ փորձելով սրբագրել գործով պատասխանող կողմի սխալները։

Վերոնշյալ խախտումներն այն աստիճանի լուրջ են ու իրենց բնույթով կամայական, որ Խորհուրդը նպատակահարմար չի գտնում մանրամասնորեն անդրադառնալ նաև այն հարցին, որ ո՛չ վարչապետի աշխատակազմը, և ո՛չ էլ դատարանը չեն փորձել տեղեկատվության մերժման իրավաչափությունը գնահատել հանրային շահի լույսի ներքո՝ ինչպես նշել է հայցվորն իր հայցադիմումում։ Այս իրավախախտումն առերևույթ է։

Եզրափակելով՝ Խորհուրդը գտնում է, որ վարչապետի աշխատակազմը և Վարչական դատարանը խախտել են դիմումատու կազմակերպութան տեղեկատվության ազատության իրավունքը, որը երաշխավորված է ՀՀ սահմանադրության 51-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներով։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

 

 

[1] Այս հարցին անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մելտեքս ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով որոշման մեջ։ Տես՝ եզրահանգումը 82-83 կետերում, որոնցում ՄԻԵԴ-ը քննադատել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կիրառած լիզենզավորման կարգը, ըստ որի՝ հանձնաժողովը չէր պատճառաբանում իր որոշումները, ինչի արդյունքում ստանում էր անվերահսկելի հայեցողության շրջանակ, որն անհամատեղելի էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ։

Skip to content