Փաստերը
«Ֆոտոլուր» լրատվական գործակալության (Գործակալություն) տնօրեն Մելիք Բաղդասարյանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել մասնագիտական կարծիք իր ղեկավարած ընկերության հեղինակային իրավունքների խախտման մասին։ Մասնավորապես, նա իր բողոքում (տե՛ս Հավելված 1) նշել է, որ մի շարք լրատվամիջոցներ, ինչպես օրինակ՝ armday.am, freenews.am, analitik.am, hayeli.am, noyantapan.am, civic.am, mediahub.am և այլ կայքեր, հաշվի չառնելով հեղինակային իրավունքի նորմերը և չհանդիսանալով «Ֆոտոլուր»-ի բաժանորդ, բազմիցս օգտագործել են գործակալության թողարկած լուսանկարները: Որպես ապացույց ներկայացվել է մոտ չորս տասնյակ ակտիվ հղում տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք, ըստ դիմողի, վկայում են հեղինակային իրավունքի խախտման մասին։
Տեղեկատվական վեճերի խորհրդի բանավոր հարցմանն ի պատասխան՝ Մելիք Բաղդասարյանը հայտնել է, որ դիմել է տարբեր լրատվամիջոցների, քննարկել խնդիրը, նախաձեռնել է դատական գործընթացներ, օրինակ՝ ընդդեմ «Նոյան Տապան» մեդիա հոլդինգի, սակայն այդ ամենը արդյունք չի տվել։ Նույնիսկ, երբ խմբագրությունների ղեկավարները ներողություն են խնդրել և հավաստիացրել, որ թյուրիմացության արդյունք է, և որ այլևս նման բան չի կրկնվի, շարունակել են առանց թույլտվության ու պատշաճ հղումների օգտագործել գործակալության լուսանկարները։ Իսկ Hayeli.am լրատվական ակումբն իր պատասխանում նշել է, որ լուսանկարները վերցվել են Google-ից, «որտեղ «Ֆոտոլուր» գործակալության լոգոն արդեն իսկ կտրված է եղել», որ անճշտությունը «կապված է Google-ի հետ», և ակումբի «միակ սխալը առանց լոգո լուսանկարը ․․․ կայքում տեղադրելն է եղել»։ Hayeli.am-ն առաջարկել է խնդիրը պարզաբանել Google-ի հետ ու ներողություն է խնդրել թյուրիմացության համար (Հավելված 2)։
Եզրահանգում
Դիմումի էությունն այն է, որ մի շարք լրատվամիջոցներ առանց թույլտվության օգտագործել են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ խախտելով հեղինակային իրավունքը։ Դիմումատուն խնդրել է հայտնել մասնագիտական կարծիք դրա վերաբերյալ։
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրականության, գիտության և արվեստի բնագավառներում ստեղծագործական աշխատանքի արդյունքը հեղինակային իրավունքի օբյեկտ է։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լուսանկարչական ստեղծագործությունը հեղինակային իրավունքի օբյեկտ է։ Հետևաբար, տվյալ դեպքում Գործակալության լուսանկարները գտնվում են այդ իրավունքի պաշտպանության ներքո։
Ըստ վերոհիշյալ Օրենքի 9-րդ հոդվածի՝ «Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով»: Այսինքն՝ հեղինակային իրավունքը օրենքով սահմանված կարգով չգրանցելը կամ այդ իրավունքի պահպանության նշանը ստեղծագործության վրա չզետեղելը հիմք չեն տվյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը չկիրառելու համար։
Նույն հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքի պահպանության նշանը զետեղվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա, ու այդ նշանը բաղկացած է շրջանակի մեջ վերցված լատինական «C» տառից կամ բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձի անունից կամ անվանումից, կամ ստեղծագործության առաջին լույսընծայման տարեթվից: Տվյալ դեպքում ներկայացված հրապարակումների մի մասում լուսանկարների վրա նշված են գործակալության անվանումը և հեղինակի անունը, ինչով ծանուցվում է, որ լուսանկարները պաշտպանված են հեղինակային բացառիկ գույքային իրավունքով։ Իսկ հրապարակված լուսանկարների մյուս մասում հեղինակային իրավունքի պահպանության նշանները բացակայում են։ Այդուհանդերձ, ինչպես նշվեց, այդ հանգամանքը հեղինակային իրավունքի բացակայության հիմք չէ, քանի որ նշանի զետեղումը զուտ ծանուցման նպատակ է հետապնդում։
Հեղինակն իր ստեղծագործության նկատմամբ ունի երկու տեսակի հեղինակային իրավունք՝ ոչ գույքային և գույքային։ Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ ոչ գույքային իրավունքներն են ստեղծագործության հեղինակ ճանաչված լինելու, ստեղծագործությունն իր անվամբ կամ կեղծանվամբ օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու, ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու, ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ գործողությունն այլ անձի վերապահելու իրավունքները։
Դատելով սույն վեճի փաստերից՝ դիմումատուի նշած բոլոր լրատվամիջոցների կողմից առանց թույլտվության «Ֆոտոլուրի» պատրաստած լուսանկարների օգտագործումը ցանկացած եղանակով, նույնիսկ հեղինակային իրավունքի պահպանության նշանի առկայությամբ, խախտել է գործակալության ոչ գույքային հեղինակային իրավունքները, որոնք սահմանված են Օրենքի 12-րդ հոդվածով։ Պնդումը, թե լուսանկարները վերցվել են այլ աղբյուրներից, հիմնավոր չէ, քանի որ էական է դրանց օգտագործման հանգամանքը, անկախ նրանից, թե դա արվել է դիտավորությամբ, թե՝ ոչ։
Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` նրան տալով բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումն այնպիսի եղանակներով, ինչպիսիք են վերարտադրելը, տարածելը, վարձույթով տալը, վերամշակելը և այլն, ինչպես նաև դրանց օգտագործման դիմաց վարձատրություն ստանալը։ Տվյալ դեպքում «Ֆոտոլուրի» գույքային իրավունքները նույնպես խախտվել են, քանի որ լրատվամիջոցները կատարել են հոդվածում նշված գործողություննրից առնվազն մեկը կամ մի քանիսը՝ առանց հեղինակի իմացության և թույլտվության։
Օրենքի 22-րդ և 22.1 հոդվածները սահմանում են հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների ազատ օգտագործման իրավունքը։ 22-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում դրա նկատմամբ հեղինակի օրինական շահերը: Որպես կանոն, հատկապես երբ խոսքը վերաբերում է լրատվական ոլորտին, ազատ օգտագործման տիրույթը սահմանափակվում է ստեղծագործությունից քաղվածքների օգտագործմամբ՝ աղբյուրի պարտադիր վկայակոչմամբ և տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով (22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը` հոդվածի ընդհանուր համատեքստում, և 22.1 հոդվածը):
Այդուհանդերձ, անկախ վերարտադրման ծավալից, լրատվական նյութերից որոշ հատվածների օգտագործումը չպետք է բացահայտի սկզբնաղբյուր հանդիսացող հրապարակման էական մասը, իսկ նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Հաշվի առնելով նշված կարգավորումները՝ ՏՎԽ-ն եզրակացնում է, որ տվյալ դեպքում լրատվամիջոցների կողմից «Ֆոտոլուրի» հեղինակած լուսանկարների հրապարակումը ստեղծագործության ազատ օգտագործման տիրույթի մեջ չէ։ Այդ լուսանկարները զետեղվել են կայքերում պարբերաբար, ամբողջական ծավալով, որոշ դեպքերում առանց սկզբնաղբյուրի և հեղինակի նշման, իսկ բոլոր դեպքերում՝ առանց հեղինակի թույլտվության։ Մինչդեռ՝ լուսանկարների հրապարակումը հետապնդել է նաև ֆինանսական շահ ստանալու նպատակ։
Ելնելով վերը նշված խախտումների բնույթից ու ծավալից, «Ֆոտոլուր» գործակալությունը իրավունք ունի դիմել դատական պաշտպանության՝ քաղաքացիական դատարանից հայցելով ինչպես գույքային վնասների փոխհատուցում, այնպես էլ լուսանկարները հրապարակելու ժամանակավոր արգելանք (դատական քննության ընթացքում) և մշտական արգելք (դատական վերջնական որոշման հիման վրա)՝ որպես իրավական պաշտպանության միջոցներ:
Եթե հեղինակային իրավունքի խախտումը պատճառել է 500 հազար դրամից ավելի վնաս, դա կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Ընդ որում, 2022 թվականին ընդունված նոր Քրեական օրենսգրքի համաձայն՝ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել նաև կազմակերպությունները։
Այդուհանդերձ, Խորհուրդը հորդորում է տվյալ վեճը լուծել այլ՝ արտադատական ճանապարհով․ բանակցելու, գործակալությանը որոշակի փոխհատուցումներ վճարելու, պայմանագրային հիմունքներով համագործակցելու միջոցով։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան