2021թ.-ի մարտի 31-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է իր կարծիքը վիրավորանքի և զրպարտության ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների մասին:

ԿԱՐԾԻՔ

Սույն թվականի մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը, որով նախատեսվում է կատարել փոփոխություններ 1087.1 հոդվածում՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։

 

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է օրենսգրքի 226-րդ հոդվածի ներքո, որը սահմանում է ատելության խոսքի քրեաիրավական բովանդակությունը, ավելացնել 226.3 և 226.4 հոդվածները, որոնք սահմանում են քրեական պատասխանատվություն համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու (հոդված 226.3) և կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու համար։ Նախագիծը դեռ չի ընդգրկվել ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգ։

Նույն Ալեն Սիմոնյանը ևս մեկ նախագիծ է առաջարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որով առաջարկվում է օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ կետը փոփոխել՝ վերջում ավելացնելով հետևյալ արտահայտությունը․ «բացառությամբ, եթե աղբյուրը կեղծանուն է»։ Այս նախագիծը նույնպես դեռ չի ընդգրկվել ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգ։ 

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ www.e-draft.am էլեկտրոնային հանրային հարթակում տեղադրելով Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ (հոդված 317.1)։ Նույն հոդվածով սահմանվում է պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, եթե վիրավորելը կամ զրպարտելը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակներով։

 

Վերլուծություն և եզրակացություն

 

Խորհուրդը մտահոգված է նշված օրենսդրական նախագծերով։ Օրենսդրական նախագծերով առաջարկվող կարգավորումները վտանգում են տեղեկություններ ու գաղափարների տարածելու ազատությունը, դրանք սառեցնող ազդեցություն կարող են ունենալ լրագրողների կողմից այդ իրավունքի ազատ իրականացման վրա, որի արդյունքում վնասվելու է տեղեկություններ ու գաղափարներ ստանալու հանրային շահը։ ⦁ Նախագծերի հիմքերում ուրվագծվող սկզբունքները մերժվել են ազատ արտահայտվելու իրավունքի՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում զարգացման արդյունքում։ Այդ իմաստով առաջարկվող փոփոխությունները կարելի է որակել որպես իրավական անախրոնիզմ: Առաջին նախագծում վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման առաջարկվող վերին սահմանագծերը անհամաչափորեն բարձր են։ Քաղաքացիական օրենսգիրքը նույնիսկ կյանքի իրավունքի կամ խոշտանգումների արգելքի իրավունքի խախտման դիմաց չի նախատեսում փոխհատուցման այնպիսի բարձր չափեր, ինչպիսին նախագծով առաջարկվում է զրպարտության համար։  Օրինակ, զրպարտության համար նախագծով առաջարկվում է սահմանել երկու անգամ ավելի բարձր փոխհատուցման վերին շեմ, քան կյանքի իրավունքի կամ խոշտանգման արգելքի խախտման դիմաց։ Ավելին, և՛ վիրավորանքի, և՛ զրպարտության համար նախատեսվում է ավելի բարձր սահմանագիծ, քան ազատությունից անօրինական զրկելու խախտումների համար (հոդված 162.1 և 1087.2 հոդվածները)։  Քրեական օրենսգրքով սահմանված պատիժների չափը նույնպես էապես ցածր է նախագծերով սահմանված փոխհատուցման չափերից։ Օրինակ, միջին ծանրության բազմաթիվ հանցագործությունների համար Օրենսդիրը սահմանում է ութ հարյուր հազար դրամի չափով տուգանքը՝ որպես պատիժ (շորթում, թմրամիջոցների արտադրում, ձեռքբերում ու պահում, պոռնկագրական նյութերի տարածում, դիակը կամ թաղման վայրերն անարգելը,  համակարգչային սաբոտաժը, փաստաթղթեր կեղծելը, և այլն), որը մի քանի անգամ ցածր է նախագծով սահմանված փոխհատուցման չափերից։  Նշված օրինակներն արդեն իսկ բավարար պատկերացում են տալիս առաջարկվող կարգավորման անհամաչափության մասին։ Մինչդեռ, խնդիրը պետք է դիտարկել նաև լրագրողական ազատությունների և տեղեկություններ ստանալու հանրային շահի տեսանկյունից։ Փոխհատուցման բարձր շեմ սահմանող նորմերը զուտ իրենց գոյությամբ արդեն իսկ կարող են սահմանափակել հանրային հնչեղություն ունեցող դեպքերի, օրինակ, քաղաքական լարված իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու լրագրողների ազատությունը։  Նույնիսկ ներկա դատական պրակտիկայի պայմաններում լրագրողների ու լրատվամիջոցների դեմ որոշումներ կայացնելիս դատարանները բավարարում են վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված առավելագույն նշաձողից 8-10 անգամ նվազ չափի գումարներ, որպեսզի դատական ակտերը բացասաբար չանդրադառնան տեղեկությունների ազատ հոսքի և լրագրողական ազատությունների վրա։ Հետևաբար, փոխհատուցման առավելագույն չափերի էական բարձրացումները, որոնք առաջարկվում են սույն նախագծերով, պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Միակ եզրահանգումն այն է, որ փոխհատուցման չափի էական բարձրացումները հետապնդում են ոչ թե փոխհատուցելու, այլ պատժելու քողարկված նպատակ, որը քաղաքացիական պատասխանատվության իրավաչափ նպատակ չէ։   Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի, առաջարկվում է բացարձակ արգելք սահմանել կեղծանուն աղբյուրի միջոցով համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու և կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու համար, ապա նման կարգավորումները նույնպես էապես կաշկանդելու են հանրային դեպքերի վերաբերյալ ինֆորմացիայի ազատ հոսքը լրագրողների, լրատվամիջոցների, ինչպես նաև այլ սուբյեկտների կողմից, որոնք տարածում են տեղեկություններ ու գաղափարներ։  Դա ներառում է նաև Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի առաջարկվող փոփոխությունը, ըստ որի, արգելվում է ինֆորմացիայի բարեխիղճ վերարտադրությունը, եթե դրա աղբյուրը կեղծանուն է։ Անանունությունը, նույնն է թե՝ կեղծանվամբ հանդես գալը, աստիճանաբար ձեռք է բերում ինքնուրույն իրավունք հանդիսանալու ճանաչում միջազգային իրավական համակարգում։ 2015 թվականի մայիսին ՄԱԿ-ի արտահայտվելու ազատության հարցերով հատուկ հանձնակատարը Մարդու իրավունքների հանձնաժողովի 29-րդ նիստում ներկայացված զեկույցում նշել է, որ անանունությունը և ծածկագրված հաղորդակցությունը պետք է պաշտպանվեն և աջակցություն վայելեն պետությունների կողմից՝ համացանցի ազատության համատեքստում, քանի որ դրանք ապահովում են անձնական գաղտնիություն և անվտանգություն, որոնք անհրաժեշտ են թվային դարաշրջանում տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի իմաստալից իրականացման համար։  Հատուկ հանձնակատարն ընդգծել է, որ անանուն և ծածկագրված խոսքը անհրաժեշտ է իրավապաշտպանների, լրագրողների և բողոքի ակցիաների մասնակիցների համար, և առաջարկել է, որ օրենսդրությամբ սահմանվեն դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավապաշտպաններին ու լրագրողներին օգտվել համացանցի նման տեխնոլոգիաներից իրենց հաղորդակցության գաղտնիությունը ապահովելու նպատակով։ Անկասկած է, որ դա ներառում է նաև աղբյուրների գաղտնիությունը։  Ի հավելումն,  Հատուկ հանձնակատարը նաև առաջարկել է, որ նման տեխնոլոգիաների օգտագործումը վտանգող կամ սահմանափակող ցանկացած օրենսդրական նախագիծ, մինչև ընդունելը, դրվի հանրային քննարկման, եւ որ նման նախագծերը չընդունվեն արագացված ընթացակարգերով։ Փաստորեն, վերը նշված օրենսդրական նախաձեռնությունները թե՛ իրենց բովանդակության, և թե՛ ձևի մեջ ամբողջությամբ իրականացվում են Մարդու իրավունքների հատուկ հանձնակատարի զեկույցի ոգուն ու բովանդակությանը հակառակ։  Մասնավորապես, նախագիծը տրամադրում է հանցագործության չափազանց լայն ու անորոշ սահմանում։  Ըստ նախագծի՝ կեղծանուն աղբյուրի միջոցով ու դիտավորյալ կերպով ցանկացած տեղեկության տարածումը, այնքանով, որքանով դա վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի, համարվում է հանցագործություն։ Հարց է բարձրանում․ արդյո՞ք անհրաժեշտ է նման կարգավորումը ժողովրդավարական հասարակությունում․ արդյո՞ք անանուն եղանակով ու դիտավորյալ կերպով տարածված ցանկացած տեղեկություն, եթե վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ դեպքի, օրինակ՝ քաղաքական որևէ իրադարձությանը, ինքնին ներկայացնում է այնպիսի հանրային մեծ վտանգավորություն, որ դրա համար անհրաժեշտ է քրեական իրավունքի միջամտություն։ Իհարկե՝ ոչ։ Նման կարգավորումն իրավիճակի անհամարժեք արձագանք է։  Նախագծի հեղինակներն անտեսել են մեկ այլ կարևոր հանգամանք․ ժողովրդավարական հասարակարգում նույնիսկ անօրինական հիմքեր ունեցող խոսքը կարող է համարվել իրավաչափ, եթե դա իր մեջ պարունակում է հանրային նշանակության, հանրային անհրաժեշտության ինֆորմացիա։ Այլ կերպ ասած՝ նույնիսկ վիրավորական խոսքը կարող է իրավաչափ արժեք ունենալ լայն հասարակության համար, ու այդ համատեքստում քրեական պատասխանատվության սահմանումը անհամարժեք արձագանք է տեղեկությունների ազատ հոսքի հանրային իրավունքին, քանի որ առաջարկվող կարգավորումները հնարավորություն չեն տալիս նման խոսքը հավասարակշռել հանրային շահի հետ։ Նախագծի հեղինակները հաշվի չեն առել նաև լրագրողական աղբյուրի գաղտնիության իրավունքը, որի մասին հպանցիկ նշվեց վերևում։ Լրագրողական աղբյուրների գաղտնիությունը տեղեկություններ ու գաղափարների տարածելու իրավունքի անքակտելի մաս է՝ ինքնուրույն հիմնարար իրավունք։ Լրագրողները իրավունք ունեն չբացահայտել իրենց աղբյուրները, որն էլ նշանակում է, որ իշխանություններն ունեն պոզիտիվ պարտավորություն՝ ապահովել այդ աղբյուրների գաղտնիությունը։ Այդ իրավունքը պաշտպանված է Զանգվածային լրատվության մասին օրենքի 5-րդ հոդվածով, որի վերլուծության հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը սահմանել է երեք նեղ բացառություններ, որոնց դեպքում աղբյուրը բացահայտելու պահանջը կարող է համարվել իրավական ու օրինաչափ․, եթե դա անհրաժեշտ է անձի կյանքը պաշտպանելու, անձին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունից պաշտպանելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքը ապահովելու համար։   Տվյալ դեպքում նախագծի հեղինակները հաշվի չեն առել, որ կեղծանուն  աղբյուրից օգտվելու արգելքը բախվում է աղբյուրի գաղտնիության լրագրողական իրավունքի հետ։ Այս հակասությունը որևէ լուծում չի ստանում առաջարկվող նախագծերում։ Բացի այդ, եթե լրագրողը տեղյակ է կեղծանունով հանդես եկող աղբյուրի ինքնության մասին, ինչպե՞ս է լուծվում հակասությունը ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դրույթի հետ, համաձայն որի, հրապարակողը ազատվում պատասխանատվությունից այն դեպքում. երբ տեղեկատվությունը բառացիորեն կամ բարեխղճորեն վերաշարադրելիս հղում է կատարում մի աղբյուրի, որը համարվում է «տեղեկատվության աղբյուր» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` հանդիսանում  է տեղեկատվության «հեղինակ», այսինքն՝ գոյություն ունեցող, իրական ֆիզիկական կամ իրավաբանական անձ։ Նախագծի հեղինակներն այս հակասություններին որևէ լուծում չեն առաջարկում։  Նախագծի հեղինակները հաշվի չեն առել նաև միջազգային իրավունքում տարածված այն սկզբունքային մոտեցումը, որ նույնիսկ կեղծանվան ներքո գործող աղբյուրը կարող է հանրային նշանակության տեղեկատվություն տրամադրել և, մասնավորապես, լրագրողները, ինչպես նաև, օրինակ, ազդարարները, չպետք է պատասխանատվության ենթարկվելու վտանգից դրդված՝ ձեռնպահ մնան նման աղբյուրի վկայակոչմամբ արժեքավոր տեղեկություններ հրապարակելուց, քանի որ հակառակ դեպքում կնվազի տեղեկությունների ազատ հոսքը դեպի հասարակություն, մինչդեռ հասարակությունը ուզում է տեղեկատվություն և իրավունք ունի ստանալ այն։ Վերհիշենք, որ 2020 թվականի պատերազմական գործողությունների վերաբերյալ արժեքավոր տեղեկությունները  հաճախ տարածվում էին հենց անանուն կամ կեղծանուն աղբյուրներից, մինչդեռ պետական մարմինները այդ ընթացքում լռում կամ տրամադրում էին ապատեղեկատվություն։ Եթե սույն նախագծերն այդ ժամանակամիջոցում արդեն ընդունված լինեին, որոշ տեղեկությունների հրապարակումը կամ վերահրապարակումը կհանգեցնեին քրեական պատասխանատվության, մինչդեռ դրանք ոչ միայն հանրային մեծ նշանակություն ունեցող տեղեկություններ էին, այլև հետագայում ապացուցվեց, որ ճշմարտացի էին, մինչդեռ այդ ժամանակահատվածում դրանք համարվում էին կեղծ և իրականությանը չհամապատասխանող անօրինական տեղեկություններ՝ ենթակա վարչական կամ քրեական պատասխանատվության։ Նախագծի հեղինակները հաշվի չեն առել նաև այն հանգամանքը, որ լրագրողական ազատությունը հնարավորություն է տալիս լրագրողին նաև սխալվել, եթե վերջինս գործել է բարեխղճորեն և լրագրողական էթիկական նորմերի համաձայն։ Հետևաբար, տեղեկատվության վերարտադրումը կեղծանունով հանդես եկող աղբյուրից ինքնաբերաբար չպետք է հանգեցնի պատասխանատվության և չպետք է արգելվի օրենքով։ Հակառակ դեպքում հնարավոր չի լինի գնահատել այդ տեղեկատվության հանրային նշանակությունը։  Ելնելով այն հիմնարար սկզբունքից, որ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու և ստանալու իրավունքին միջամտող ցանկացած կարգավորում պետք է արվի այնպես, որ չխաթարի տեղեկությունների ազատ հոսքը, ու սա պետք է դիտարկվի որպես հիմնարար սկզբունք՝ ցանկացած օրենսդրական կարգավորում նախաձեռնելիս, Խորհուրդը գտնում է, որ օրենսդիրը բոլոր դեպքերում պետք է ձգտի սահմանել ոչ թե բացարձակ, աներկբա արգելքներ, այլ սկզբունքներ, որոնց ներքո իրավակիրառողները հնարավորություն ունենան հավասարակշռել հանրային ու մասնավոր շահերը։ Բացարձակ արգելքների դեպքում դա հնարավոր չէ իրականացնել, ինչի արդյունքում տուժում է տեղեկատվության ազատ հոսքը։   Անդրադառնալով Գլխավոր դատախազության օրենսդրական նախաձեռնությանը, որով քրեական պատասխանատվություն է  նախատեսվում պաշտոնատար անձանց վիրավորելու կամ զրպարտելու համար՝ Խորհուրդը հիշեցնում է, որ նման նորմերը Եվրոպայի խորհրդի կառուցակարգում վաղուց արգելված են։ Դրանք հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, և, հաշվի առնելով այդ սկզբունքի համընդհանուր ճանաչումը ԵԽ տարածքում, կարելի է վստահաբար ասել, որ նախագիծը հակասում է եվրոպական հանրային կարգին։ Նման նորմերի անթույլատրելիությունը համընդհանուր կերպով հաստատվել է դեռ մոտ երկու տասնամյակ առաջ։ Սույն նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը անմիջապես կհայտնվի Եվրոպայի խորհրդի մարմինների քննադատության թիրախում, և կարճ ժամանակ անց դա ճանաչվելու է հակասահմանադրական կամ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային հակասող։     

Եզրափակելով՝

Խորհուրդը գտնում է, որ նշված օրենսդրական նախագծերը վտանգում են լրագրողական ազատությունը, տեղեկատվության ազատ հոսքը դեպի հանրություն։ Հետևաբար, դրանք անհրաժեշտ ու պիտանի չեն ժողովրդավարական հասարակությունում։ 

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահԱրա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրենԲորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահԱրամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրԱշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահՕլգա Սաֆարյան — ՓաստաբանԴավիթ Սանդուխչյան — Փաստաբան

Skip to content