Հունիսի 7-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ և իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի դեմ “Մինաս Ավետիսյան” մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի դատական հայցի վերաբերյալ իր կարծիքը:
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
2011 թվականի օգոստոսի 9-ին “Մինաս Ավետիսյան” մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ և իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի` պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել www.asparez.am կայքում հրապարակված վիրավորող և զրպարտող բնույթի հրապարակումների համար: Պահանջել է նաև փոխհատուցել 2 մլն դրամ` վիրավորանքի եւ զրպարտության համար, և 200.000 դրամ` դատական ծախսերի դիմաց:
Ըստ գործի փաստերի, երեք վիճահարույց հոդվածները հրապարակվել են հետևյալ հերթականությամբ. “Կան բաներ, որ չեն ներվում՚ վերնագրով հոդվածը հրապարակվել է 11.06.2011թ.-ին, “Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով” վերնագրով հոդվածը հրապարակվել է` 15.06.2011թ.-ին և վերջին` “Ընտանեկան կապալին էին հարվածելու” վերնագրով հոդվածը հրապարակվել է 16/06/2011թ.-ին: 23/06/2011թ.-ին Արման Ավետիսյանը նամակ է ուղարկել Լևոն Բարսեղյանին` պահանջելով տպագրել հերքում կամ հրապարակել իր նամակի բովանդակությունը` որպես պատասխան: Լևոն Բարսեղյանը Ա. Ավետիսյանի ուղարկած տեքստը հրապարակել է 30/06/2011թ: 04.08.2011թ.-ին Արման Ավետիսյանը հայցադիմումով դիմել է դատարան, որը մուտքագրվել է 09.08.2011թ: Պատասխանողը, ի թիվս այլ պնդումների, դատաքննության ընթացքում դատարանին է ներկայացրել “Հայցային վաղեմություն կիրառելու մասին” դիմում` պնդելով, որ հայցային վաղեմության ժամկետը լրացել է 23.07.2011թ.-ին, մինչդեռ հայցը ներկայացվել է 04.08.2011թ-ին:
2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Խորհուրդը գտնում է, որ սույն գործով առկա են հայցային վաղեմութուն կիրառելու նախապայմաններ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի ներքո, որը նշում է հետևյալը. “Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում”:
Գործի փաստերից ակնհայտորեն պարզ է, որ հայցվորը վիճահարույց հոդվածների մասին իմացել է առնվազն 23.06.2011թ.-ին, երբ վերջինս նամակով դիմել է Լևւոն Բարսեղյանին` հերքման կամ պատասխանի պահանջով: Հրապարակային դատաքննության ընթացքում հայցվորն ընդունել է այս փաստը: Հետևաբար, հայցվորը դատական հայցը պետք է ներկայացրած լիներ նամակի ամսաթվից հետո մեկ ամսվա ընթացքում` մինչև 23.07.2011թ.-ը, մինչդեռ դատական հայցը ներկայացվել է 04.08.2011թ.-ին:
Նման հանգամանքներում հայցվորը չի կարող օգտվել 1087.1 հոդվածի 13-րդ մասով սահմանված հայցային վաղեմության վեցամսյա ժամկետի պաշտպանությունից, քանի որ այդ դրույթով իրականում սահմանված է հայցային վաղեմության ոչ թե երկու, այլ մեկ ժամկետ` բաղկացած երկու տարրից: Առաջին տարրով սահմանված ժամկետի խախտումը առ ոչինչ է դարձնում երկրորդ տարրով սահմանված ժամկետի կիրառությունը, քանի որ դրանք գործում են որպես մեկ ամբողջություն: Այսինքն, եթե անձը բաց է թողել հայցային վաղեմության առաջին ժամկետը` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացվելու հետո մեկ ամսվա ընթացքում դատարան դիմելու հնարավորությունը, ապա չի կարող հիմնվել երկրորդ` վիրավորանքի կամ զրպարտության պահից հետո վեց ամսվա ընթացքում դատարան դիմելու ժամկետի վրա: Անթույլատրելի է նաև պնդելը, որ դատական ավելի լայն պաշտպանություն սահմանելու առումով կարելի է հիմնվել միայն երկրորդ ժամկետի վրա: Հակառակ դեպքում օրենսդիրը կսահմաներ մեկ ընդհանուր ժամկետ` վեց ամիս` առաջարկելով ավելի պարզ իրավակարգավորում: Մինչդեռ օրենսդիրը, նպատակ ունենալով մեծացնել լրատվամիջոցների պաշտպանությունը դատական հայցերից, սահմանել է սահմանափակ ժամկետով առաջնային պայման` մեկ ամիս վիրավորանքի կամ զրպարտության մասին հրապարակման հայտնի դառնալու պահից հետո: Երկրորդ ժամկետը (6-ամսյա ժամկետը) ածանցյալ է առաջին ժամկետին և այն անկախ կիրառություն չունի: Դա երևում է թեկուզ տեքստի տառացի մեկնաբանությունից, որտեղ երկու նախադասությունները միմյանցից բաժանվում են ոչ թե “կամ”, այլ “սակայն” շաղկապով, այսինքն` օրենսդիրը սահմանում է ոչ թե առաջնային իրավակարգավորումից այլընտրանքային, այլ ածանցվող իրավակարգավորում:
Ցավոք, այս խնդրին հստակորեն չի անդրադարձել ՀՀ Վճռաբեկ դատարանը իր թիվ ԵԿԴ/2293/02/10 վճռում, որում, ելնելով 1087.1 հոդվածի հիմքով միատեսակ դատական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից, արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ: Այս խնդրին չի անդրադարձել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը իր հայտնի ՍԴՈ-997 որոշումով: Այդուհանդերձ, նույնիսկ նման հանգամանքներում, ելնելով 1087.1 հոդվածի 13-րդ մասի դրույթների տառացի մեկնաբանությունից, Խորհուրդը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման` ժամկետանց լինելու հիմքով:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -“Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան — “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն