Փետրվարի 8-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Գուրգեն Աղաջանյանն ընդդեմ “Ժողովուրդ” օրաթերթի հայցի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը:

Ամփոփագիր

ՀՀ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի հայցի վերաբերյալ ՏՎԽ կարծիքի

“Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը դիմել էր Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով կարծիք հայտնել օրաթերթի դեմ ՀՀ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանի ներկայացրած հայցի կապակցությամբ։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը քննելով սույն գործը՝ հրապարակում է իր մասնագիտական եզրակացությունը:

06/08/2011թ. “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը փոստային ծառայության միջոցով ստացել է անստորագիր նամակ, որը պարունակում էր տեղեկություններ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի և նրա տեղակալ Աշոտ Մարկոսյանի կողմից կատարված չարաշահումների մասին: Ծրարի վրա նշվել են ուղարկողի հետևյալ տվյալները. ուղարկող՝ Գուրգեն Աղաջանյան, հասցեն՝ Տիգրան Մեծի 4, ք. Երևան: Նամակն ուղարկվել է հետադարձ ծանուցմամբ, որտեղ հետադարձ հասցեն նշվել է Պետական գույքի կառավարման վարչության հասցեն: Թերթը պարզաբանումներ ստանալու նպատակով խոսել է Կարինե Կիրակոսյանի հետ եւ 09/08/2011թ. համարում հրապարակել “Գալուստի որդուց պահանջում են” վերնագրով հոդված, որում ներկայացվել են նամակում շարադրված փաստերը և Կարինե Կիրակոսյանի պատասխանն այն մասին, որ նամակում նշված փաստերն իրականությանը չեն համապատասխանում և նամակագիրն այդ նամակը գրել է չարությունից դրդված, քանի որ մի քանի տարի առաջ կատարված չարաշահումների պատճառով նրան հեռացրել են աշխատանքից: 

Հաջորդ օրը Գուրգեն Աղաջանյանը ներկայացել է խմբագրություն և պնդել, որ ինքը չէ նամակի հեղինակը, որ նշված փաստերի վերաբերյալ ինքը նամակ չի պատրաստել և որևէ մեկին չի ուղարկել: Այնուհետև ներկայացրել է գրավոր պատասխան և պահանջել այն հրապարակել թերթում՝ որպես հերքում: “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը հրաժարվել է տպել հերքման տեքստը՝ պատճառաբանելով, որ տեքստում չէր պահպանված հերքման տեքստի բովանդակային պահանջը: 

Գուրգեն Աղաջանյանը դիմել է դատարան ընդդեմ օրաթերթի և պահանջել տպագրել հերքում՝ 804 հազար դրամ փոխհատուցում (500,000 ՀՀ դրամ զրպարտության, 300,000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության և 4,000 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի դիմաց):

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ թեև իրավական առումով լրատվամիջոցը իրավունք ուներ հրապարակել վիճահարույց նամակի բովանդակությունը, սակայն պրոֆեսիոնալ բարեխղճության տեսանկյունից նպատակահարմար կլիներ նամակը հրապարակել՝ առանց նշելու հեղինակի անունը (որպես անանուն աղբյուրից ստացված տեղեկատվություն) կամ հեղինակի անունը տալով միաժամանակ նշվեր, որ լրատվամիջոցը վստահ չէ, թե ով է հանդիսանում նամակի իրական հեղինակը, քանի որ հնարավոր չի եղել ստուգել նամակագրի ինքնությունը: Քանի որ դա չի արվել, ապա նյութի հրապարակումից հետո ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր քաղաքացուն տրամադրել հերքման կամ պատասխանի հնարավորություն՝ այնքանով, որքանով դա անհրաժեշտ էր նշելու համար, որ Գուրգեն Աղաջանյանը չէր հանդիսանում վիճահարույց նամակի հեղինակը: 

Խորհուրդը նաև գտնում է, որ հայցվորի նյութական փոխհատուցման պահանջներն անհամաչափ են եւ արդարացված չեն, քանի որ չեն ծառայում իրենց բուն նպատակին և որպես այդպիսին անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակարգում:

Skip to content