2011թ. հունիսի 27-ին Տեղեկատվական վեճերի խորհրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է 13.01.2011թ. “Երկիր” օրաթերթի 3/2326-րդ համարում հրապարակված “131 դեմք ու դիմակ” վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին և հրապարակել իր մասնագիտական կարծիքը:
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
13.01.2011թ. “Երկիր” օրաթերթի 3/2326-րդ համարում հրապարակվել է “131 դեմք ու դիմակ” վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Վերոնշյալ հոդվածում տեղ գտած` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի հայցով Տ. Արզաքանցյանը 11.02.2011թ. դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
08.06.2011թ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սույն գործով կայացրել է վճիռ, որով Տ. Արզաքանցյանի հայցը բավարարվել է մասնակի:
2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացությունների կազմումն ու հրապարակումը` Խորհուրդը որոշել է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել վիճարկվող հոդվածը և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:
3. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն. “Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցովª անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է…”:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն. “Մարդու և քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով…ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում…այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները”:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ կամ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն. “1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ընթացակարգերով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` … այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով”:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածից և ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը`
“նախատեսված է օրենքով”, “ծառայում է հոդվածում թվարկված “իրավաչափ նպատակներից” առնվազն մեկին, տվյալ դեպքում` անձի “պատվի և բարի համբավի” կամ “հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն” և “անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում”:
Այս վերջին պայմանը պահանջում է, որպեսզի ՄԻԵԴ-ը որոշի, թե արդյոք գանգատի առարկա միջամտությունը բխո՞ւմ է “հրատապ հասարակական կարիքից”, արդյոք այն համաչա՞փ է իր առջև դրված “օրինական նպատակին”, և արդյոք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները “վերաբերելի՞ են և բավարար”:
4. ՎԻՃԱՐԿՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Վիճարկող հոդվածների, հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների իրավաչափության գնահատումը հիմնված է ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների վրա:
5. “131 դեմք ու դիմակ” վերտառությամբ Տիգրան Արզաքանցյանին վերաբերող հոդվածի վերաբերյալ
Ընդհանուր համատեքստը և հոդվածի հանրային նշանակությունը. Վիճարկվող հոդվածը պատկանում է “Երկիր” օրաթերթի` “131 դեմք ու դիմակ” խորագրով հոդվածների շարքին, որոնցով օրաթերթը նպատակ է ունեցել հասարակությանը տեղեկատվություն ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի 131 պատգամավորներից յուրաքանչյուրի վերաբերյալ: Մինչ Տ. Արզաքանցյանին նվիրված վիճարկվող հոդվածի հրապարակումը` վերոնշյալ շարքում արդեն հրապարակվել էին թվով 17 ԱԺ պատգամավորների վերաբերող հոդվածներ: Համապատասխան խորագրով հոդվածների շարքը շարունակվել է նաև Տ. Արզաքանցյանի վերաբերյալ հրապարակումից հետո, ինչը վկայում է տվյալ հոդվածաշարը հրապարակելու լրատվամիջոցի նպատակի և դրա հանրային նշանակության մասին:
Վիճարկվող հոդվածով ներկայացվում են պատգամավորի կենսագրության որոշ տվյալներ, նրա աշխատանքային պարտականությունների կատարման, գույքային դրության, կենսաոճին ու որոշ նախասիրություններին վերաբերող տեղեկություններ: Նշված տեղեկությունները, անշուշտ, ներկայացնում են հանրային հետաքրքրություն, հաշվի առնելով, առաջին հերթին, հայցվորի կարգավիճակը, նրա` որպես ընտրովի պաշտոնատար անձի և քաղաքական գործչի գործունեության բնույթը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վճարվելու հանգամանքները:
Հոդվածի շարադրման ընդհանուր ոճը և երանգավորումը. Հոդվածն ընդհանուր առմամբ շարադրված է հումորային ոճով և երանգավորմամբ, ինչը արտահայտվելու ազատության իրավունքի լրացուցիչ պաշտպանություն է ենթադրում, քանի որ այս ոճն ինքնին ենթադրում է որոշակի չափազանցություն: Հոդվածը պարունակում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Արզաքանցյանի վերաբերյալ հետևյալ արտահայտությունները, որոնք վերջինս վիճարկել է նաև դատարանում.
5.1
“Այս պատգամավորը առաջին անգամ խորհրդարան մտավ որպես ստիլյագ”: “Բրենդային իր հագուստների, կոշիկների մասին խոսում էր բոլորի հետ և շարունակ գլուխ էր գովում, թե ինչպես է ինքնաթիռներով գեղեցկուհիներ բերում ու տանում այս կամ այն երկիր”: “Հայտնի է նաև որպես “կազինոների” մշտական հաճախորդ”: “Շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի”: “Ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է և չի հաճախում ԱԺ նիստերին”: “Անցնող նստաշրջանում միայն մեկ անգամ է երևացել Ազգային ժողովի միջանցքներում”: “Տիգրան Արզաքանցյանը իր խոսքում շարունակ մեջբերումներ է անում մոր խոսքերից”: “Հայտնի է, որպես ռուս երգչուհիների համար ինքնաթիռ վարձող և այստեղ-այնտեղ, այդ թվում` Հայաստան տանող-բերող գործարար”: “Խոսում է մի քանի օտար լեզվով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով”:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը անհրաժեշտ է համարում տարանջատում կատարել հոդվածում տեղ գտած փաստերի և գնահատողական դատողությունների միջև: Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատողական դատողությունները ապացուցելի չեն. գնահատողական դատողությունների ապացուցումն անհնարին է, քանի որ դրանք վերաբերում են համոզմունքների, նախապատվությունների ոլորտին: Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը նշել է, որ գնահատողական դատողություն արտահայտելու իրավունքը բացարձակ չէ և որ նման դատողության հիմքում պետք է ընկած լինեն որոշ փաստական հիմքեր: Այդ փաստական հիմքերի և դատողության միջև կապի անհրաժեշտությունը տարբեր է` կախված կոնկրետ գործի հանգամանքներից, հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության համար առկա են եղել բավարար փաստական հիմքեր:
Վերոնշյալ արտահայտությունները գնահատողական դատողություններ են կամ փաստական տվյալներ, որոնք որպես այդպիսին զուրկ չեն փաստական հիմքերից: Դրանք հիմնված են բավարար փաստական հիմքերի վրա, այն է` պատգամավոր Տ. Արզաքանցյանի սեփական հայտարարությունների, հարցազրույցների, այլ լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հոդվածների ու տեղեկատվության, ինչպես նաև պաշտոնական տեղեկատվության հիման վրա:
5.1.1.
Հրանտ Բագրատյանը, երբ “Պեռնո Ռիկարում” էր աշխատում, մի առիթով ասել է. “էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում”:
Ինչ վերաբերում է վերոգրյալ մեջբերմանը, ապա այն մի կողմից պարունակում է վիրավորական արտահայտություն (“լակոտ” արտահայտությունը), իսկ մյուս կողմից նշված արտահայտությունը հրապարակվել է չակերտների մեջ, որը նշանակում է, որ արտահայտությունը հանդիսանում է մեջբերում այլ անձի կողմից կատարված հայտարարությունից: Նման պարագայում էական է, թե արդյոք լրագրողը ցույց է տալիս այն աղբյուրը, որտեղից օգտվել է մեջբերումը կատարելիս: Դա պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասով հիմքով սահմանված իրավական պաշտպանության միջոցով, ըստ որի անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): Թեև ապացուցման բեռը նման հանգամանքներում պատասխանողի վրա է, սակայն հայցվորն իր վրա է վերցրել ապացուցման բեռը և դատարան ներկայացրել Հրանտ Բագրատյանի ստորագրությամբ գրավոր հայտարարություն, որով վերջինս հերքել է նման հայտարարություն կատարած լինելու փաստը: Ի պատասխան, լրագրողը չի վկայակոչել որևէ աղբյուր, որտեղից կատարել է մեջբերումը: Սա ինքնին նշանակում է, որ մեջբերումը կատարվել է անբարեխղճորեն: Նման հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ արժանապատվությունը արատավորելու նպատակային տարրի առկայությունը պնդելու համար, որը ՙվիրավորանք՚ հասկացության բաղկացուցիչ մասն է` ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի:
Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կառուցակարգը, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, լրագրողից չեն պահանջում յուրաքանչյուր դեպքում կատարել վկայակոչումներ տեղեկատվական աղբյուրի մասին: Դա լրջորեն կվնասի լրատվական նյութի որակը և լրագրողական ազատությունը: Ավելի հաճախ բավարար է ներկայացնել այլ անձի հրապարակային հայտարարության կամ հայտարարությունների վերարտադրումը, որը, բարեխիղճ կատարելու դեպքում, հնարավոր կլինի հեշտությամբ հիմնավորել` ներկայացնելով, օրինակ, նախկինում հրապարակված մի շարք լրատվական նյութեր տվյալ երևույթի կամ դեպքի մասին: Հենց այդ պաշտպանությունից էլ հաջողությամբ օգտվել է լրատվամիջոցը վերևում շարադրված բազմաթիվ գնահատական-դատողությունները հիմնավորելու համար, որն էլ ընդունել է դատարանը: Սակայն իրավիճակն այլ է, երբ լրագրողը կատարում է մեջբերում: Նման հանգամանքում լրագրողը, գիտակցաբար իր վրա վերցնելով պատասխանատվության ավելի մեծ բեռ, իրեն դնում է այնպիսի իրավական հարթության մեջ, որտեղ իրավական պաշտպանության միջոցներն ավելի սահմանափակ են:
Խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ “Երկիր” օրաթերթի փետրվարի 5-ի համարում հրապարակված` Հ. Բագրատյանի վերոնշյալ հայտարարությունը չի կարող համարվել պատշաճ հերքում, քանի որ չի համապատասխանում օրենքով սահմանված հերքմանը առաջադրված պահանջներին:
6. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների, վերլուծությունների և չափանիշների լույսի ներքո` միջամտությունը պատասխանող կողմ հանդիսացող լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքի իրականացմանը, հրապարակումների մեջ տեղ գտած գնահատողական դատողությունների, փաստերի շարադրանքի մասով, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, իսկ Հ. Բագրատյանի կողմից արված հայտարարությանը հղում կատարելու մասով (որը պարունակում է “լակոտ” վիրավորական արտահայտությունը)` միջամտությունը պետք է խիստ համաչափ լինի հայցվորի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասին` հաշվի առնելով գործի հանգամանքները, լրատվամիջոցի գույքային դրությունը, ինչպես նաև փոխհատուցման չափը գնահատելիս ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայում մշակված այլ սկզբունքները:
Խորհուրդը գտնում է, որ սույն գործով հայցվորի կողմից պահանջվող 3,000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով փոխհատուցման պահանջը վիրավորանքի և զրպարտության դիմաց չի բխում միջամտության համաչափության և անհրաժեշտության սկզբունքներից:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից սահմանված 200.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնասի դրամական փոխհատուցմանը, ապա սույն գործի հանգամանքների ներքո նշված փոխհատուցումն անհամաչափ է և դատարանը կարող էր բավարարվել լրատվամիջոցին` ներողություն հրապարակելուն պարտադրելով Հ. Բագրատյանի կողմից արված հայտարարությանը հղում կատարելու մասով (որը պարունակում է “լակոտ” վիրավորական արտահայտությունը): Հետևաբար, վճռով իրավունքի խախտման փաստի արձանագրումը ինքնին արդարացի փոխհատուցման բավարար միջոց է: Իսկ ինչ վերաբերում է դատական ծախսերի հիմքով սահմանված փոխհատուցման չափին, ապա սույն գործի հանգամանքների ներքո դա կարելի է համարել ողջամիտ:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -“Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան — “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն