Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է 14.10.2010թ. “Հայկական ժամանակ” օրաթերթի թիվ 188 (2623) համարում հրապարակվել է “Ութից յոթը ցուցակում են” վերտառությամբ հոդվածը, որն ուղեկցվել է ութ անձանց, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի լուսանկարների հրապարակմամբ, եւ հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:
ՀՀ Ազգային ժողովի վերոնշյալ պատգամավորները 08.11.2010թ. դիմել են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 07.02.2011թ. առաջին ատյանի դատարանը կայացրել է վճիռ` պարտավորեցնելով “Դարեսկիզբ” ՍՊԸ-ին` հերքելու “Հայկական ժամանակ” օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված “Ութից յոթը ցուցակում են” խորագրով հոդվածում հայցվորներ Ռ. Հայրապետյանի, Լ. Սարգսյանի, Ս. Ալեքսանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները եւ հերքումը տպագրել “Հայկական ժամանակ” օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում “Հերքում” խորագրի ներքո: Վճռվել է նաեւ “Դարեսկիզբ” ՍՊԸ-ից հօգուտ Ս. Ալեքսանյանի, Ռ. Հայրապետյանի, Լ. Սարգսյանի համապատասխանաբար բռնագանձել 2.044000-ական (երկու միլիոն քառասունչորս հազար) ՀՀ դրամ յուրաքանչյուրի համար, որից` 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: “Հայկական ժամանակ” օրաթերթը վճիռը բողոքարկել է, սակայն, ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, եւ ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը ետ է վերադարձրել:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածը եւ դատարանների վճիռները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ վիրավորանքի եւ զրպարատության գործերով ներկայումս լայնորեն ճանաչված սկզբունք է, որ որոշ հանգամանքների ներքո լրատվամիջոցները եւ լրագրողները պետք է պաշտպանված լինեն նույնիսկ իրականությանը չհամապատասխանող եւ զրպարտող բնույթի հայտարարությունների համար: Այս սկզբունքն արտահայտվում է մի շարք պաշտպանական կառուցակարգերով, որոնք հետեւյալն են` բարեխիղճ հայտարարություն (fair comment), ողջամիտ հրապարակում (reasonable publication), այլ անձանց հայտարարությունների վերարտադրում: Ըստ եվրոպական դատարանի, “Հարցազրույցի ընթացքում ուրիշի կողմից արված հայտարարությունների տարածմանն աջակցող լրագրողին պատժելը լրջորեն կխոչընդոտի` հանրային շահին առնչվող հարցերի քննարկմանը` մամուլի ունեցած նպաստին եւ նման պատիժ չպետք է նախատեսվի, եթե չկան դրա համար առանձնապես հիմնավոր պատճառներ”:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ եվրոպական դատարանի փորձի հիման վրա անհրաժեշտ է քննարկել լրատվամիջոցի տեղեկատվության աղբյուրի, այդ աղբյուրի վստահելիության, լրագրողի կողմից անհրաժեշտ ուսումնասիրություն կատարելու, լրատվանյութը հավասարակշռված կերպով տարածելու, լրատվամիջոցի կողմից զրպարտված անձանց իրենց պաշտպանելու ողջամիտ հնարավորություն ընձեռելու եւ փաստերը ստուգելու ողջամիտ հնարավորություն ունենալու հարցը: Հոդվածի հրապարակումից հետո լրատվամիջոցը բացահայտել է իր տեղեկատվության աղբյուրը` “Հայկական ժամանակ” օրաթերթի 2010թ. նոյեմբերի 2-ի համարում հրապարակելով լրատվամիջոցին համապատասխան տեղեկություններ տրամադրած անձի/տեղեկատվության աղբյուր/ հետ ընդարձակ հարցազրույցը, որով վերջինս ընդունել է համապատասխան տեղեկությունների տրամադրման փաստը եւ հաղորդել է նաեւ նշված հրապարակմանը առնչվող այլ մանրամասներ: Հատկանշական է, որ լրատվամիջոցն իր աղբյուրը բացահայտել է դեռ արտադատական փուլում` հայցվորներին ուղարկած նամակով:
Լրատվամիջոցի աղբյուրի բացահայտումը խոսում է լրագրողական բարեխղճության դրսեւորման, լրատվամիջոցի կողմից իր աղբյուրի նկատմամբ վստահության առկայության, ակնհայտ չարամտության (actual malice) բացակայության եւ լրատվամիջոցի կողմից զրպարտված անձանց` իրենց պաշտպանելու ողջամիտ հնարավորություն ընձեռելու մասին: “Բարեխիղճ հայտարարություն” չափորոշիչի կարեւոր տարրերից է նաեւ լրատվանյութի հասարակական հետաքրքրություն ներկայացնելու հանգամանքը:
Ինչ վերաբերվում է լրատվանյութի հավասարակշված կերպով տարածելու չափորոշիչին, ապա այս առումով հոդվածի հեղինակը խուսափել է հանցագործությունների կատարմանը “մասնակցություն” արտահայտության օգտագործումից, որն հակառակ դեպքում կենթադրեր համապատասխան հանցագործությունների կատարման մեջ հիշատակված պաշտոնատար անձանց ուղղակի մեղադրանքի առաջադրում:
Խորհուրդը գտնում է, որ դատարաններն իրենց որոշումներում չեն կիրառել վերը նշված չափորոշիչները: Ավելին, դատական վարույթն իրականացվել է այնպես, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը զրկվել է վերը նշված պաշտպանությունից օգտվելու համար իր փաստարկները եւ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորությունից: Այս ամենը հանգեցրել է լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ միջամտությանը:
Խորհուրդը համաձայն չէ նաեւ վերաքննիչ դատարանի այն եզրահանգման հետ, որ “պատասխանողը կարող էր ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե հոդվածում հստակ հղում կատարված լիներ այլ անձի հրապարակային ելույթին, որը տեղի է ունեցել մինչեւ հրապարակումը եւ որ այդ հրապարակումը լիներ այլ անձի հրապարակային ելույթի բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը”:
Խորհուրդը գտնում է, որ դատարանի նման եզրահանգումը խիստ սահմանափակող բնույթ ունի:
Մյուս կողմից, որպես նվազագույն պայման պահանջվում է, որպեսզի լրագրողն իրեն բավարար չափով տարանջատի զրպարտող կամ վիրավորող բնույթի հայտարարության բովանդակությունից: “Բավարար չափով” հասկացությունը որոշվում է յուրաքանչյուր գործի հանգամանքների ներքո, մասնավորապես, թե արդյոք լրագրողը կամ լրատվամիջոցը տվյալ հանգամանքների ներքո եւ ողջամտության սահմաններում կիրառե՞լ է նվազագույն ճիգեր տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու համար: Թեեւ յուրաքանչյուր գործ յուրահատուկ է իր փաստական հանգամանքներով, սակայն բոլոր դեպքերում ընթերցողը պետք է ստանա այն տպավորությունը, որ հրապարակվածը ոչ թե լրատվամիջոցի հայտարարությունն է կամ կարծիքը, այլեւ լրագրողական աղբյուրի հայտարարության վերարտադրությունն է` խուսափելով ընթերցողին մոլորության մեջ գցելուց:
Ինչ վերաբերում է սահմանված փոխհատուցման չափին, Խորհուրդը գտնում է, որ հայցվորների կողմից պահանջվող 6,000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամի չափով փոխհատուցման պահանջը ակնհայտորեն չի բխում միջամտության համաչափության եւ անհրաժեշտության սկզբունքներից, քանի որ լրատվամիջոցը հայտնվում է խիստ անհամաչափ ծանր ֆինանսական բեռի տակ, որի արդյունքում վտանգվում է լրատվամիջոցի բնականոն գործունեությունը, որը որպես այդպիսին որեւէ առնչություն չունի հայցվորների արդարացի փոխհատուցման պահանջի հետ: Միջամտության համաչափության հարցում ՄԻԵԴ-ի մոտեցման համաձայն` պահանջվող փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարանները պետք է հաշվի առնեն այն անձանց սահմանափակ միջոցները, որոնց դեմ բերվում են զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը: Դատավարական սահմանափակումներն անկասկած պատասխանող լրատվամիջոցին դատավարության մյուս կողմի համեմատ դրել են անհավասար պայմանների մեջ:
Այսպիսով, Տեղեկատվական վեճերի խորհուրդն արձանագրում է, որ վերոնշյալ սկզբունքների, վերլուծությունների եւ չափանիշների լույսի ներքո դատարանները դրսեւորել են անհամաչափ միջամտություն լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքին:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -“Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան — “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն