Հոկտեմբերի 3-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է “Իջևան ստուդիա” ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ “Իջևանի ՃՇՇ” ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր եզրակացությունը:

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող “Լրաբեր” լրատվական ծրագրով 21.06.2011 թվականին հեռարձակվել է “Որտե՞ղ են քանդված սալաքարերը” վերնագրով տեսանյութ, որը պատրաստվել էր Իջևանի հեռուստաընկերության կողմից: Տեսանյութը վերաբերում էր “Իջևանի ՃՇՇ” ՓԲ ընկերության կողմից Իջևան քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքներին: Տեսանյութում քննադատության է ենթարկվել ընկերությունը առանց համապատասխան թույլտվություն և համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Իջևան քաղաքի Իջևանյան փողոցի սալահատիկները քանդելու համար, որի արդյունքում փողոցը անանցանելի է դարձել մարդկանց և տրանսպորտի համար:

Մասնավորապես, հնչել են հետևյալ արտահայտությունները.

“գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն”, “երևի մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ”, “քանդել ու սալահատիկը ծածուկ վաճառել է”, “Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են”, “Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրևներից հետո”:

27.06.2011թ.-ին Իջևանի հեռուստատեսությունը հեռարձակել է “Սալիկները` ապահով հանգրվանում” վերնագրով լրատվական տեսանյութը, որտեղ “Իջևանի ՃՇՇ” ՓԲԸ-ի տնօրենի և այլ աշխատակիցների կողմից պարզաբանումներ են տրվել ներկայացված տեղեկությունների կապակցությամբ:

Ընկերությունը 19/07/2011թ.-ին դիմել է դատարան ընդդեմ Իջևանի հեռուստաընկերության և տեսանյութը պատրաստած լրագրող Նաիրա Խաչիկյանի՝ գործարար համբավը ոտնահարելու հետևանքով ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և 3.000.000 դրամ գույքային և ոչ գույքային վնասի դիմաց փոխհատուցում (այդ թվում 200.000 դրամը փաստաբանին վճարված վարձավճարի և 64.000 դրամ պետական տուրքը միասին՝ որպես դատական ծախս) պատասխանողներից համապարտության կարգով գանձելու համար:

Դատաքննության ընթացքում հայցվոր ընկերությունը պնդել է, որ վերը նշված վիրավորական ու զրպարտող արտահայտությունները վնասել են այլ սուբյեկտների հետ իրենց գործարար հարաբերությունները: Պարզաբանելով իր հայցապահանջը՝ հայցվորները հայտնել են, որ այդ արտահայտություններից առաջին երկուսը վիրավորական, իսկ մնացած երեքը՝ զրպարտող բնույթ ունեն: Պատասխանող կողմն էլ պնդել է, որ լրատվության միջոցով բարձրաձայնվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ՝ հանրային վայրի վերանորոգման աշխատանքների թերությունների մասին: Պատասխանողները նշել են նաև, որ 27.06.2011թ.-ի հաղորդման ժամանակ հայցվոր ընկերության տնօրենը և այլ աշխատակիցներ հնարավորություն են ստացել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց պարզաբանումներն ու տեսակետները, որից հետևում է, որ հայցվոր ընկերությունը ստացել է հերքման և պատասխանի հնարավորություն և, հետևաբար, չի կարող հայցել իրավական պաշտպանության այլ միջոցներ, տվյալ դեպքում գումարային փոխհատուցում՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 10-րդ մասի համաձայն:

Դատարանը իր 27/04/2012թ.-ի վճռում եզրահանգել է, որ առաջին երկու արտահայտությունները՝ “գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն” և “մասնագիտական որակների ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ” իրենց բնույթով գնահատողական դատողություններ են, որոնք վիրավորական չեն կարող համարվել: Թեև լրագրողը ընտրել է չափազանցություններ, սակայն այդպիսի ոճով արտահայտել է կարծիք, որն ինքնին արատավորող բնույթի չէ: Մնացած արտահայտությունները գնահատելով որպես փաստի մասին հայտարարություններ՝ դատարանը եզրահանգել է, որ “սալահատիկը քանդել և ծածուկ վաճառել են”, “Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են” և “36 միլիոն դրամի ծախսման ու մսխման” արտահայտությունները որպես փաստական տվյալներ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են կազմակերպության գործարար համբավը: Այդ հիմքով դատարանը սահմանել է, որ հեռուստաընկերությունը վնաս է հասցրել հայցվոր ընկերության գործարար համբավին՝ հեռարձակելով զրպարտող բնույթի տեղեկատվություն: Փոխհատուցման չափը որոշելիս դատարանը եզրահանգել է, որ հայցվոր ընկերության կրած վնասը մասամբ փոխհատուցվել է այն հանգամանքով, որ վերջինս հնարավորություն է ստացել իր տեսակետները ներկայացնել 27.06.2011թ.-ին Իջևանի հեռուստատեսությամբ հեռարձակված “Սալիկները` ապահով հանգրվանում” հաղորդումով և այդ հիմքով փոխհատուցման չափը նվազեցրել է՝ սահմանելով 50.000 դրամ:

Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննություն կատարելու համար: Հիմնվելով Վճռաբեկ դատարանի 27/04/2012թ. նախադեպի վրա՝ իր որոշումը դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ.

“Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը… զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները: Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր… հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով: …Տվյալ դեպքում անհասկանալի է, թե ինչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը հանգել այն հետևության, որ փոխհատուցման չափը պետք է լինի 50.000 ՀՀ դրամ այն պայմաններում, երբ հայկական երկրորդ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում ամբողջ հանրապետությունում, այսինքն՝ ամբողջ հանրապետությունով գործունեություն ծավալող ընկերության մասին հնչեցված արատավորող տեղեկությունները տարածվել են այդ ընկերության հետ գործարար կապերի մեջ գտնվող անձանց ամբողջ շրջանակում։ Գործում առկա չէ Նաիրա Խաչիկյանի գույքային դրությունը հաստատող որևէ վերաբերելի ապացույց… որի հիման վրա հնարավորություն կունենար պարզել պատասխանողի գույքային դրությունը և ըստ այդմ էլ սահմաներ հնչեցված վիրավորանքին և զրպարտությանը համարժեք փոխհատուցման ողջամիտ չափ: Դատարանն ինքն է արձանագրել այն փաստը, որ պատասխանողի գույքային դրության վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, սակայն, այդուհանդերձ, որպես փոխհատուցման չափ սահմանել է 50.000 ՀՀ դրամ”:

Վերաքննիչ դատարանը նաև կասկած է հայտնել, թե արդյոք 27.06.2011թ.-ին հեռարձակված հեռուստաընկերության երկրորդ թողարկումը կարելի է ընդունել որպես պատասխանողի կողմից կատարված հերքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորն ինքն է փորձել հերքել իր մասին տարածված տեղեկությունները, մինչդեռ հերքումը որպես այդպիսին պետք է տա տեղեկություններ տարածած անձը, այլ ոչ թե նա, ում մասին տարածել են տեղեկությունները: Այս հիմքով վերաքննիչ դատարանը պահանջել է նոր դատաքննության ընթացքում քննության առարկա դարձնել նաև այն հարցը, թե արդյոք հայցվորը մինչ դատական պաշտպանությունը դիմել է պատասխանողներին հերքելու իրենց հրապարակած տեղեկություններն այն նույն եղանակներով, ինչով որ տեղի է ունեցել տեղեկությունների տարածումը:

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Լրատվական նյութն ամբողջությամբ վերաբերում է մի խնդրի, որը ներկայացնում է հանրային հետաքրքրություն. քաղաքային համայնքին պատկանող տարածքի նորոգման աշխատանքների որակին և այդ աշխատանքների ընթացքում ենթադրաբար տեղ գտած չարաշահումներին: Լրատվական նյութի իրավաչափության՝ նման ելակետային պայմաններով հանդերձ, դատական ստուգում իրականացնելիս դատարանների կողմից անկասկած պահանջվում է հաշվի առնել մամուլի “հսկող շան” գործառույթները ժողովրդավարության պայմաններում, որի միջոցով քաղաքացիներն իրականացնում են հանրային վերահսկողություն պետական մարմինների նկատմամբ: Իր այս գործառույթներն իրականացնելիս մամուլն իրավունք ունի ներկայացնել իր սուբյեկտիվ գնահատականները և դրանցում օգտագործել սուր քննադատություն և արտահայտման չափազանցված եղանակներ: Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի, լրագրողների այս իրավունքը սահմանափակվում է այնտեղ, երբ “էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը”: Սա կարելի է համարել այն բաժանարար գիծը, որով պատասխանատու լրագրությունը տարանջատվում է ոչ պատասխանատու լրագրությունից:

Տվյալ դեպքում լրատվամիջոցը նպատակ է հետապնդել հանրության ուշադրությունը հրավիրել համայնքի միջոցներով քաղաքային համայնքում վերանորոգման աշխատանքների ընթացքում ենթադրաբար տեղ գտած չարաշահումների վրա և այդ առումով հրահրել հանրային բաց բանավեճ: Դա անելիս լրագրողը կատարել է սուր հարցադրումներ և իր կողմից մատնանշված փաստերի վերաբերյալ տվել է չափազանցված որակումներ: Այս ամենը միանգամայն տեղավորվում է ժողովրդավարության պայմաններում մամուլի գործառույթների շրջանակների մեջ և լրատվամիջոցը չի կարող պատասխանատվության ենթարկվել չարաշահումների մասին ահազանգ բարձրացնելու համար՝ նույնիսկ եթե դա արվել է լրագրողական չափազանցություններով: Այս ամենը հաշվի է առնվել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից վիճահարույց արտահայտություններից առաջինի և երկրորդի առնչությամբ: Դատարանները “գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն” և “երևի մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ” արտահայտությունները համարել են գնահատող դատողություններ, որոնք թեև չափազանցված են, սակայն ի վերջո ծառայում են հանրային շահին, ինքնին արատավորող չեն և որպես գնահատող դատողություններ ապացուցման ենթակա չեն: Նման մոտեցումը միանգամայն ողջունելի է:

Բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերվել մնացած երեք արտահայտությունների նկատմամբ, որոնք դատարանը դիտել է որպես փաստի մասին հայտարարություններ (“քանդել ու սալահատիկը ծածուկ վաճառել է”, “Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են” և “Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրևներից հետո”): Խորհուրդը նույնպես գտնում է, որ նշված արտահայտությունները փաստի մասին հայտարարություններ են և, հետևաբար, ենթարկվում են այլ իրավակարգավորման`դրանք ենթակա են ապացուցման: Այս հանգամանքը պետք է պարտավորեցնի լրագրողներին դրսևորել հատուկ զգոնություն և ջանասիրություն: Խորհուրդը նախկինում արձանագրել է, որ հաճախ փաստի մասին հայտարարություն կատարելիս լրագրողները բավարար ուշադրություն կամ խնամք չեն դրսևորում, որպեսզի իրենց անձը բավարար չափով տարանջատեն ուրիշի հեղինակած փաստացի հայտարարությունից, որի պատճառով ցանկացած օբյեկտիվ ընթերցողի մոտ ստեղծվում է տպավորություն, որ հայտարարության հեղինակը լրագրողն է, այլ ոչ թե այլ աղբյուր, որից օգտվել է լրագրողը: Նման հանգամանքներում հայտարարությունը վերագրվում է փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձին, որն էլ ի վերջո պատասխանատվություն է կրում դրա ճշմարտացիության ապացուցման համար: Եթե փաստերը ստուգելը լրագրողի սովորական պարտականությունն է, ապա խիստ ծանրակշիռ հանգամանքների առկայություն է պահանջվում, որպեսզի լրագրողը ազատվի դրանց համար պատասխանատվությունից: Նման հանգամանքների առկայությունը կախված է զրպարտող հայտարարության բնույթից և աստիճանից, տարածման եղանակից և թե ինչ աստիճանի վստահություն էր ներշնչում տվյալ պահին լրատվամիջոցի համար իր աղբյուրը: Վերաբերելի հատկանիշ է նաև անմեղության կանխավարկածը: Բոլոր դեպքերում, որքան լուրջ է զրպարտող հայտարարությունների բնույթը և դրա հնարավոր իրավական կամ ոչ իրավական (օրինակ՝ սոցիալական) հետևանքը անձի վրա, այնքան ավելի մեծ զգուշություն է պահանջվում ցուցաբերել փաստերի մասին հայտարարություն կատարելիս: Այս իմաստով տարածված հայտարարության համար սահմանված պատասխանատվությունը և հայտարարության հնարավոր բացասական հետևանքները պետք է գտնվեն համաչափության մեջ:

Տվյալ դեպքում փաստացի հայտարարությունները պարունակում էին մեղադրանքներ շինարարական նյութերի և գումարների յուրացման մասին: Նման հայտարարությունները կարող են հանգեցնել անձի քրեական հետապնդմանը և պատասխանատվությանը, ինչպես նաև ընկերության գործարար համբավը վնասելուն: Պատասխանող լրատվամիջոցը և լրագրողը որևէ ապացույց չեն ներկայացրել հայտարարությունները հիմնավորելու համար, միայն հայտարարել են, որ նշված հայտարարությունները “նկարահանման ժամանակ ժողովրդից լսված խոսքեր են”:

Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հայտարարությունները չափազանց լուրջ և արատավորող բնույթի էին, որպեսզի դրանց հիմքում ընկած փաստերը հիմնավորվեին նման անորոշ վկայություններով: Հետևաբար չի դրսևորվել անհրաժեշտ բարեխղճություն հայտարարության հիմքում ընկած փաստերը ստուգելու ուղղությամբ:

Նույն համատեքստում է Խորհուրդը դիտում նաև այն հանգամանքը, որ հայտարարությունը տարածվել էր մի քանի անգամ՝ Հայկական երկրորդ և “Երկիր Մեդիա” հեռուստաալիքներով, որոնք հեռարձակվում են ամբողջ հանրապետության տարածքում: Լրատվության տարածումը նման միջոցներով շատ ավելի ընդգրկուն է ներգործության առումով, քան ԶԼՄ-ների այլ տեսակներով:

Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ առաջին ատյանի դատարանը փոխհատուցման չափը որոշելիս գնահատման չէր արժանացրել այն հանգամանքը, որ տեղեկատվությունը տարածվել էր հանրապետության ողջ տարածքով հեռարձակվող հեռուստատեսությամբ, ինչպես նաև, որ առաջին ատյանի դատարանը գնահատման չէր արժանացրել պատասխանողների գույքային դրությունը, ապա Խորհուրդը, սկզբունքորեն համաձայն լինելով Վերաքննիչ դատարանի մոտեցումների հետ, առայժմ ձեռնպահ է մնում այս առումով կարծիք հայտնելուց, քանի որ նշված երկու հիմքերով դատական քննությունը դեռ գտնվում է ընթացքի մեջ: Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշմանը, որ հեռուստաընկերության 27.06.2011թ.-ի երկրորդ թողարկումը կարելի է ընդունել որպես պատասխանողի կողմից կատարված հերքում և, հետևաբար, հայցվորը չէր կարող հայցել դատական պաշտպանություն, ապա այս առումով Խորհուրդը համամիտ է Վերաքննիչ դատարանի մոտեցման հետ, համաձայն որի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս հրահանգել է գործի նոր քննության ընթացքում պարզել, թե արդյոք հայցվոր ընկերությունը մինչ դատական պաշտպանությունը դիմել է պատասխանողներին հերքելու իրենց հրապարակած տեղեկություններն այն նույն եղանակներով, ինչով որ տեղի է ունեցել տեղեկությունների տարածումը: Խորհուրդը գտնում է, որ այս հարցի պարզաբանումը գործով նոր դատաքննության ընթացքում կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Խորհուրդը գնահատում է նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը նկատելիորեն նվազեցրել է լրատվամիջոցի դեմ սահմանված դրամական փոխհատուցման չափը այն հիմնավորմամբ, որ հայցվորների կողմից հեռուստատեսությամբ ելույթ ունենալու և իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորությամբ մասամբ վերականգնվել է նրանց խախտված իրավունքը: Գնահատելի է նաև այն հանգամանքը, որ դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի բացթողումը, ըստ որի վերջինս առանց հայցվորից կրած վնասի վերաբերյալ որևէ ապացույց պահանջելու, բացառապես իր ներքին համոզման հիման վրա սահմանել է հայցվոր ընկերության կրած վնասի չափը: Դատարանը գործով նոր քննության շրջանակներում հրահանգել է քննության առարկա դարձնել նաև այդ հանգամանքը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդՇուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրենԲորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահԱրամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրԱրա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Skip to content