2013 թ.-ի հունվարի 21-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է “Միգ” հեռուստաընկերության և News.am լրատվական ծառայության դեմ Մարիամ Եփրեմյանի հայցի հիման վրա հարուցված դատական գործի վերաբերյալ իր կարծիքը:
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Վանաձորի բնակչուհի Մարիամ Եփրեմյանը դատական հայց է ներկայացրել Վանաձորի “Միգ” հեռուստաընկերության ու News.am լրատվական կայքի դեմ՝ 2012թ. մարտի 13-ի Վանաձորում վրաերթի հետևանքով զոհված ամուսնու մահվան մասին պատմող տեսակադրերը հեռարձակելու և դրանք Youtube տեսացանցում տեղադրելու համար:
Վրաերթից անմիջապես հետո պատասխանող լրատվական ընկերությունների աշխատակիցները եղել են դեպքի վայրում, տեսանկարահանել, ապա հեռարձակել են ռեպորտաժներն իրենց լրատվամիջոցներով ու այնուհետև տեղադրել Youtube-ում: Լրատվական նյութն ընդհանուր առմամբ 122 րոպե տևողություն ունի, որում մահացածի դին ցուցադրվել է երկու կադրերով՝ յուրաքանչյուրը 4-5 վայրկյան տևողությամբ: Երկու կադրերն էլ նկարահանվել են մոտ տարածությունից: Երկու դեպքում էլ մահացածի դեմքը չի երևում, սակայն հստակորեն պատկերում է պատահարից տուժած ու անօգնական գետնին ընկած մահացած անձի մարմինը:
Հայցվորը լրատվական նյութերը համարել է վիրավորական ու նվաստացուցիչ: Ըստ հայցապահանջի, տեսակադրերը տարածվել են հրապարակայնորեն և հոգեբանական ծանր ցնցումներ են պատճառել իրեն ու իր երեխաներին, վիրավորել ամուսնու պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Այդ ամենի արդյունքում Հայցվորը դատարանից պահանջել է պարտավորեցնել լրատվամիջոցներին համացանցից հանել տեսանյութերը և յուրաքանչյուրից բռնագանձել 500 հազար դրամ վիրավորանքի դիմաց, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը:
Ըստ “Միգ” հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանի, նման կադրերը զսպող ու նախականխող ազդեցություն ունեն ազգաբնակչության համար, հետևաբար հետապնդում են գերակա հանրային շահ: Բացի այդ, ըստ լրատվական ընկերության տնօրենի, արտակարգ պատահարների մասին հնարավոր չէ լրատվանյութ պատրաստել առանց նման տեսապատկերների, մինչդեռ տվյալ դեպքում կարևոր է այն հանգամանքը, որ համաչափությունը պահպանվել է, քանի որ մահացածի դեմքը խոշոր պլանով չի նկարահանվել, և 122 րոպե տևողությամբ տեսանյութից մոտ 10 վայրկյանն է ցուցադրում մահացածի մարմինը:
Թեև վիճահարույց լրատվական նյութը հրապարակվել է 2012թ. մարտի 14-ին, հայցվորը դատարան է դիմել առաջին անգամ 20/09/2012թ.-ին, սակայն դատարանը վերադարձրել է դիմումը սխալները շտկելու նպատակով և հայցվորը կրկին, երկրորդ անգամ դիմել է դատարան 08/10/2012թ.-ին: Դատական քննությունն ընթացքի մեջ է:
2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Հայցվորը դիմել է դատարան վիճահարույց հրապարակումներից ավելի քան վեց ամիս անց: Նույնիսկ եթե հայցվորը հիմնավորի, որ հայցապահանջը ներկայացրել է հրապարակումների մասին իմանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետի համաձայն վաղեմության ժամկետը սկսում է գործել նաև այն դեպքում, երբ հայցը դատարան է ներկայացվել հրապարակային հայտարարությունից հետո ավելի քան վեց ամսվա ընթացքում: Ընդ որում, այս պայմանից որևէ բացառություն չի սահմանվում: Ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի, “բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է վիրավորանքի կամ զրպարտության մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը”: Հետևաբար, տվյալ դեպքում հայցվորը բաց է թողել վաղեմության ժամկետը:
Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա անկասկած է, որ ցանկացած դեպքում դիակի ցուցադրումը ԶԼՄ-ներով առաջացնում է հոգեբանական սթրես ու լարվածություն, իսկ զոհի հարազատներին պատճառում հոգեկան ցնցում ու խորը ապրումներ: Ավելին, դիակի ցուցադրումը պատահարից անմիջապես հետո խորացնում է հարազատի մահը սգող ազգականների վիշտը: Այս հանգամանքը անկասկած անձնական կյանքի միջամտություն է, որը հիմք է, որպեսզի տեղեկատվություն տարածելու իրավունքը ենթարկվի որոշ սահմանափակումների: Հետևաբար, հարցը կայանում է նրանում, թե արդյոք տեղեկատվություն ստանալու հանրային շահը կարող է գերակայել հարազատի մահը սգող ազգականի` իր անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին:
Խորհուրդը գտնում է, որ դժբախտ պատահարի, հանցագործության կամ ինքնասպանության արդյունքում զոհված անձի դիակի լուսանկարը կամ տեսապատկերը հրապարակելը լրատվության միջոցներով զոհվածի հարազատների անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի կոպիտ միջամտություն է, որն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում: Նման հանգամանքներում էական չէ ո՛չ զոհվածի սոցիալական կարգավիճակը և նրա նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանը, և ո՛չ էլ հրապարակման եղանակը, միջավայրը ու նպատակները: Հարկ է նշել նաև, որ դիակը պատկերող լուսանկարը կամ տեսապատկերը հրապարակելուց ձեռնպահ մնալը որևէ կերպ չի խոչընդոտում լրատվամիջոցի՝ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հնարավորությանը: Այս իմաստով անհնարին է համաձայնվել պատասխանող ընկերության այն տեսակետի հետ, որ հնարավոր չէ պատահարների մասին լրատվանյութ պատրաստել առանց նման տեսապատկերների: Անընդունելի է նաև պատասխանող ընկերության հիմնավորումն առ այն, որ նման կադրերի հրապարակումը կարող է ճանապարհային պատահարների նախականխման արդյունք ունենալ, որը բխում է հանրային շահից: Խորհուրդը գտնում է, որ տեղեկատվություն տարածելու “շոկային թերապիայի” նման եղանակներն անհարիր են մարդու իրավունքները հարգելու այն պարտավորությունների հետ, որոնց մասին նշված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում:
Ինչ վերաբերում է փոխհատուցման պահանջին, ապա գտնում ենք, որ այնքանով, որքանով պահանջված դրամական պահանջների բավարարման դեպքում չի խաթարվի լրատվամիջոցի բնականոն գործունեությունը, փոխհատուցման պահանջը համարժեք է: Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, անհրաժեշտ է հաշվի առնել “օգտագործված միջոցի կամ եղանակի՝ տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը”, ինչպես նաև “տեղեկատվության տարածման շրջանակը”: Տվյալ դեպքում տեղեկատվությունը տարածվել է համացանցում և հեռուստատեսությամբ, որի պարագայում ԶԼՄ-ի այս երկու տեսակներն էլ ապահովում են շատ կարճ ժամանակահատվածում տեղեկատվության սփռման մեծ շրջանակ ու լսարան: Ավելին, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ համացանցում տեղադրված տեղեկատվությունը կարող է դառնալ անվերահսկելի ժամանակի ու տարածության մեջ՝ այդպիսով պատճառելով անդառնալի ու անվերականգնելի վնաս անձնական ու ընտանեկան կյանքին: Այս ռիսկը չի վերանում նույնիսկ այն ժամանակ, երբ տեղեկատվությունը տեղադրած ընկերությունը հանում է այդ տեղեկատվությունը համացանցից:
Տեղեկատվական վեճերի խորհուրդՇուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրենԲորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահԱրամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրԱրա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն