2011թ. հոկտեմբերի 28-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է 09.04.2011թ. “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի թիվ 322 համարում հրապարակված “Ճանաչել Փարավոնին” վերնագրով հոդվածի վերաբերյալ կարծիքը:

 

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

09.04.2011թ. “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի թիվ 322 համարում հրապարակվել է “Ճանաչել Փարավոնին” վերնագրով հոդված ՀՀ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի մասին:

Փարավոն Միրզոյանը դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ դատարան)` պահանջելով պարտավորեցնել “Կողմնակի անձանց Մ” ՍՊԸ-ին պատկանող “Չորրորդ ինքնիշխանություն” թերթին հերքել իր հեղինակությունն արատավորող տեղեկությունները, հօգուտ հայցվորի ՍՊԸ-ից բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի դիմաց եւ 360.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում իր կողմից կատարված դատական ծախսերի դիմաց: Դատարանը գործով դեռեւս վճիռ չի կայացրել:

2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացությունների կազմումն ու հրապարակումը` Խորհուրդը “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի դիմումի հիման վրա ուսումնասիրել է վիճարկվող հոդվածը եւ հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

 

3. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն. “Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցովª անկախ պետական սահմաններից: 

Լրատվամիջոցների և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է…”:

 

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն. “Մարդու և քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով…ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում…այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները”:

 

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ կամ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն. “1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ընթացակարգերով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` … այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով”:

  

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածից և ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը` 

“նախատեսված է օրենքով”, “ծառայում է հոդվածում թվարկված “իրավաչափ նպատակներից” առնվազն մեկին, տվյալ դեպքում` անձի “պատվի և բարի համբավի” կամ “հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն” և “անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում”: 

Այս վերջին պայմանը պահանջում է, որպեսզի ՄԻԵԴ-ը որոշի, թե արդյոք գանգատի առարկա միջամտությունը բխո՞ւմ է “հրատապ հասարակական կարիքից”, արդյոք այն համաչա՞փ է իր առջև դրված “օրինական նպատակին”, և արդյոք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները “վերաբերելի՞ են և բավարար”:

 

4. ՎԻՃԱՐԿՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Վիճարկվող հոդվածի` հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների գնահատումը հիմնված է ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի եւ լրագրողական էթիկայի պահանջների վրա:

Վիճարկվող հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանում ներառված արտահայտությունների մի մասը գնահատական-դատողություններ են եւ լրագրողի արտահայտած կարծիք, ինչը, որպես այդպիսին, պաշտպանված է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով: Սույն արտահայտությունները հրապարակելիս լրագրողն օգտվել է երգիծանքի ոճով ստեղծագործելու իր իրավունքից, ինչը եւս պաշտպանված է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունները, այլեւ դրանց մատուցման ոճը եւ եղանակը: Վիճարկվող արտահայտությունների մնացած մասը զուրկ չէ փաստական հիմքերից:

Միեւնույն ժամանակ, հայցվորի կողմից զրպարտչական բնույթի որակվող արտահայտությունները մինչ այդ հրապարկվել են մեկ այլ լրատվամիջոցի կողմից եւ “Չորրորդ ինքնշխանություն” թերթը եւս մեկ անգամ անդրադարձել է դրանց` սկզբնաղբյուր հանդիսացող լրատվամիջոցին համապատասխան հղում կատարելով:

Իրերը գնահատելով իրենց համատեքստում, Խորհուրդը գտնում է, որ սույն գործը լուծելիս նպատակահարմար է կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական պաշտպանության բարձր չափանիշ, այն է, որ յուրաքանչյուր դեպքում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության անհրաժեշտության հարցը պետք է գնահատվի ելնելով այն սկզբունքից, թե արդյոք միջամտության համար առկա է հասարակական սուր պահանջ եւ թե արդյոք նման միջամտությունն “անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում”:

Նպատակահարմար է, որպեսզի դատարանը տվյալ վեճը դիտի ոչ միայն մրցակցող անհատական շահերի, այլ նաեւ հանրային շահի տեսանկունից: Այսպիսով, որոշումը կայացնելիս դատարանը կարող է դուրս գալ մրցակցող կողմերի նեղ անձնական շահերի շրջանակներից եւ կայացնել այնպիսի որոշում, որը կարող է բարենպաստ հետեւանք առաջացնել ողջ հանրության համար:

5. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ վիճարկվող խնդիրը ոչ այնքան իրավական, որքան լրագրողական էթիկայի դաշտում է: Ուստի, ողջամիտ եւ արդյունավետ կլիներ, եթե հայցվորը հարցի քննությունը հանձներ ոչ թե դատարանին, այլեւ արտադատական մարմիններին` մասնավորապես, Էթիկայի դիտորդ մարմնին` վիճահարույց հոդվածը քննելու եւ գնահատական տալու համար:

Ի դեպ, “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը տեղեկացրել է Տեղեկատվական վեճերի խորհրդին, որ դիմել Էթիկայի դիտորդ մարմնին` ստանալու նաեւ նրա կարծիքը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -“Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

Skip to content