Մայիսի 30-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է “Հրապարակ” օրաթերթի դեմ փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցի հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թ. մարտի 7-ին կայացրած վճռի վերաբերյալ իր կարծիքը:

 

1. ԳՈՐԾԻՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

2012 թվականի մարտի 7-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը “Հրապարակ” օրաթերթի դեմ փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից բերված հայցի շրջանակներում կայացրել է վճիռ, որում արտահայտել է իրավական դիրքորոշումեր մի շարք խնդրահարույց հարցերի առնչությամբ, որոնք ներկայումս հանդիսանում են տարբեր երկրներում լրագրողական համայնքի քննարկման առարկա: Խոսքը վերաբերում է սոցիալական ցանցերից դեպի ավանդական ԶԼՄ-ների դաշտ հորդող տեղեկատվության պաշտպանվածության շրջանակներին` այնպիսի հանգամանքներում, երբ արդի պայմանների ներքո մեդիա տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ էլեկտրոնային մեդիան ակտիվ կերպով զուգամիտվում է տպագիր մամուլի հետ: Հաշվի առնելով հարցի կարևորությունը` Խորհուրդն իր նախաձեռնությամբ ներկայացնում է իր նկատառումները դատարանի արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ:

 

Նշված գործով հայցապահանջը բերվել էր լրատվամիջոցի էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածին ի պատասխան` մի խումբ ընթերցողների կողմից կատարված վեց մեկնաբանությունների հիմքով (այսուհետ` քոմենթներ), որոնցում, ըստ հայցվորի, հնչել էին վիրավորական և զրպարտող բնույթի արտահայտություններ: Քանի որ մեկնաբանություններ կատարած անձինք հայտնի չէին, հայցապահանջը բերվել էր լրատվամիջոցի դեմ` անկախ այն հանգամանքից, որ վիճահարույց արտահայտությունները լրատվամիջոցինը չէին: 

Իր որոշման պատճառաբանական մասում դատարանը սահմանել է, որ քանի որ հայցվորը մինչև դատարան դիմելը լրատվամիջոցին չի ներկայացրել մեկնաբանությունները ջնջելու և հեռացնելու մասին պահանջ, լրատվամիջոցը չէր կարող կրել այլ անձանց հեղինակած քոմենթները հեռացնելու պարտականություն, քանի որ այդպիսով կսահմանափակեր իր ընթերցողների ազատ արտահայտվելու իրավունքը, որը խոսքի ազատության այնպիսի միջամտություն է, որն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում: Շարունակելով իր եզրահանգումները` դատարանը գտել է, որ քանի որ քոմենթների հեղինակներն այլ անձինք են, իսկ լրատվամիջոցը սոսկ տրամադրել էր ֆորում այդ քոմենթների համար, ինչպես նաև այն, որ լրատվամիջոցը մի որոշ ժամանակ հետո ջնջել ու հեռացրել էր նշված քոմենթները, լրատվամիջոցի կողմից վիրավորելու կամ զրպարտելու դիտավորություն առկա չէր:

 

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդը ողջունում է սույն գործով դատարանի կայացրած վճիռը, քանի որ դատարանի վերոնշյալ մոտեցումը նկատելիորեն ընդլայնում է էլեկտրոնային լրատվամիջոցների պաշտպանվածության շրջանակները: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ ցանկալի կլիներ, որ դատարանն իր որոշմամբ անդրադառնար հարցի մյուս կարևոր կողմերին ևս: Այսպես, միջազգային իրավունքի և պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ լրատվամիջոցի պատասխանատվության հարցը լուծելիս դատարանները և կարգավորող իրավական նորմերը գնահատող հատկանիշներ են համարում նաև այնպիսի հանգամանքներ, ինչպիսին են լրատվական գործունեությունը իրականացնողի կողմից քոմենթների մասին իրազեկված լինելու և քոմենթների դաշտը որոշակիորեն վերահսկելու հանգամանքները: Այլ կերպ ասած, կարևոր է հաշվի առնելը, թե արդյոք լրատվություն տարածողը որոշակիորեն կառավարում է իր նորությունների պորտալի վրա տեղադրված քոմենթների հոսքը: Այնպիսի փաստական հանգամանքներ, ինչպիսին են, օրինակ, լրատվամիջոցի կողմից բանալի բառերի միջոցով որոնողական համակարգերի կիրառումը, ընթերցողներին վիրավորական կամ զրպարտող բնույթի քոմենթները ընդգծելու հնարավորության տրամադրելը, լրատվություն տարածողի կողմից հրապարակման ենթակա քոմենթների նախորոք ընտրությունը (այլ կերպ` որոշակի խմբագրական գործողությունների կատարումը), հանդիսանում են գնահատող հատկանիշներ լրատվամիջոցի կողմից քոմենթների պորտալը որոշակիորեն կառավարելու փաստը հաստատված համարելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանում լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատվության հարցը լուծելիս: Բոլոր դեպքերում, գնահատման առարկա պետք է հանդիսանա ոչ միայն այն հանգամանքը, թե արդյոք քոմենթների հեղինակը լրատվություն տարածողն է, թե ոչ, այլ նաև, թե արդյոք քոմենթների դաշտի կառավարումը լրատվամիջոցի կողմից զուտ մեխանիկական և պասիվ բնույթի է, թե` ոչ: Եթե լրատվամիջոցն իրականացնում է գործուն և ակտիվ բնույթի վերահսկողություն, ապա այս հանգամանքը կարող է հարց բարձրացնել լրատվամիջոցի պատասխանատվության մասին:

 

Տվյալ դեպքում թեև դատարանը հաշվի է առել այն փաստը, որ մինչև դատարան դիմելը հայցվորը վիճահարույց քոմենթները հեռացնելու պահանջով լրատվամիջոցին չէր դիմել և հետևաբար լրատվամիջոցը իրազեկված չի եղել իր հարթակում վիրավորական և զրպարտող բնույթի քոմենթների առկայության մասին, այդուհանդերձ, դատարանը բոլորովին քննության առարկա չի դարձրել վերը նշված երկրորդ հանգամանքի առկայությունը` թե որքանով էր լրատվամիջոցը կառավարում (վերահսկում) քոմենթների հոսքը իր էլեկտրոնային էջում:

 

Խորհուրդը գտնում է, որ դատական ստուգման նման շրջանակները չեն ապահովում արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություն: Ավելին, նման իրավակարգավորումը հակասում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ կետին, համաձայն որի` եթե տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը: Տվյալ դեպքում քոմենթների հեղինակները հայտնի չէին, սակայն այնքանով, որքանով այդ քոմենթները հրապարակայնորեն տարածվել են ընկերության տրամադրած միջավայրից, ընկերությունը, թեև անկախ իր կամքից, դառնում է իրավահարաբերության սուբյեկտ: 

 

Այս առումով Խորհուրդը համաձայն չէ “Հրապարակ” օրաթերթ՚ ՍՊԸ դիրքորոշման հետ դատական քննության ընթացքում, համաձայն որի ընկերությունը որևէ պարտականություն չի կրում իր էջում հրապարակված այլոց մեկնաբանությունների համար, քանի դեռ դրանք հոսում են սոցիալական ցանցերից և չեն պատկանում բովանդակություն արտադրողին: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ: Յուրաքանչյուր ոք ազատ խոսքի իրավունք ձեռք բերելու հետ միասին ձեռք է բերում նաև որոշակի պարտականություններ: Իրավունք և պարտականություն հասկացությունները քայլում են ձեռք ձեռքի տված: Այս ձևաչափը շարունակում է մնալ անփոփոխ` նույնիսկ մեդիա տեխնոլոգիաների սրընթաց զարգացման արդի ժամանակաշրջանում: Հետևաբար, զուտ այն հանգամանքը, որ լրատվամիջոցը տրամադրել է տեխնիկական հարթակ այլոց մեկնաբանությունների համար, լրատվամիջոցին չի ազատում իր պարտականություններից և պարտավորություններից: 

 

Խորհուրդը գտնում է, որ վերը շարադրված իրավակարգավորմամբ առաջնորդվելիս կապահովվի հանրային և անհատական շահերի, արտահայտվելու ազատության և անձի արժանապատվության իրավունքների միջև ողջամիտ հավասարակաշռություն:

 

Հաշվի առնելով նշվածը, Խորհուրդը. 

գտնում է, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ 997 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև էլեկտրոնային լրատվամիջոցների հարթակից տարածվող “քոմենթների” առնչությամբ,  կոչ է անում բոլոր ԶԼՄ-ներին իրականացնել ընթերցողների մեկնաբանությունների մոդերացիա՝ ազատ արտահայտվելու իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ներքո:  կոչ է անում էլեկտրոնային լրատվամիջոցներին մշակել և իրենց էլեկտրոնային էջում տեղադրել մոդերացիայի կանոններ, որպեսզի դրանք տեսանելի լինեն ընթերցողներին և այդպիսով ապահովվի մոդերացիայի կանոնների կիրառման հստակություն և թափանցիկություն: 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -“Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

Skip to content