2016թ.-ի ապրիլի 8-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Բավական Խաչատրյանն ընդդեմ Սարգիս Հացպանյանի, Առավոտ օրաթերթ ՍՊԸ-ի, Նյուս ԱՄ լրատվական-վերլուծական գործակալության և «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի դատական գործի կապակցությամբ իր կարծիքը:

Գործի հանգամանքները

2016 թվականի փետրվարի 16-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը http://www.nt.am/am/news/217181/։ Ասուլիսը նվիրված էր Ստամբուլի հայ համայնքին, սույն թվի փետրվար ամսին ՀՀ քաղաքացիների կողմից կատարված աղմկահարույց մի շարք հանցագործությունների հետ կապված զարգացումներին և դրանց բացասական ազդեցությանը հայ համայնքի վրա։ Ասուլիսի ընթացքում Սարգիս Հացպանյանը ցույց է տվել մի կնոջ լուսանկար և, նշելով նրա անուն ազգանունը, հայտարարել է, որ այդ կինը հայկական համայնքում հայտնի է որպես «մամ Ոոզա» և նա Հայաստանի տարբեր մարզերից հավաքագրում է կանանց ու տանում Թուրքիա թրաֆիքինգի նպատակով, և որ նա ունի չորս անձնագիր։ Սարգիս Հացպանյանը նաև հայտարարել է, որ լուսանկարում պատկերված կինը հետախուզվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ասուլիսին ներկա են եղել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև www.aravot.am առցանց լրատվամիջոցի լրագրողը։ Ասուլիսը հեռարձակվել է ուղիղ եթերով՝ ասուլիսի կազմակերպիչ «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի կողմից։ 

Սույն թվականի մարտի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատական հայց է ներկայացվել ֆիզիկական անձի կողմից ընդդեմ Սարգիս Հացպանյանի, «Առավոտ» լրատվամիջոցի, www.news.am լրատվական գործակալության և «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի դեմ՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Հայցվորը պնդում է, որ Սարգիս Հացպանյանը մամուլի ասուլիսի ընթացքում վիրավորել է իր արժանապատվությունը և զրպարտել հանցագործության կատարման մեջ՝ միաժամանակ ցուցադրելով իր լուսանկարը։ Ի հավելումն, հայցվորը նշել է, որ պատասխանող լրատվամիջոցները նույնպես վիրավորել ու զրպարտել են իրեն ասուլիսի հիման վրա  հրապարակված լրատվանյութերում։ Հայցվորը նույնանման հիմքով որպես պատասխանող է հրավիրել նաև «Նոյան Տապան» լրատվական գործակալությանը։ 

 

Եզրահանգում

 

Խորհուրդը գտնում է, որ մամլո ասուլիսի բանախոսի հրապարակած  տեղեկատվության տարածման համար լրատվամիջոցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել, քանի նրանք պաշտպանված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասով, որը սահմանում է հետևյալը. 

 

«Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)»: 

 

Փաստորեն, 6-րդ մասը սահմանում է հրապարակային արտահայտության «բարեխիղճ վերարտադրող» հասկացությունը, որը տարածվում է նաև մամլո ասուլիսը լուսաբանած լրատվամիջոցների վրա, եթե լուսաբանելը կատարվել է «բարեխղճորեն» և լրագրողական էթիկայի ու օրենքի պահանջների պահպանմամբ՝ աղբյուրի վկայակոչումը կատարվել է օրենքով սահմանված կարգով և վերարտադրելիս չի աղավաղվել տեղեկատվության բովանդակությունը։ 

 

Վերը նշվածից բխում է, որ 6-րդ կետով սահմանված պայմանի բացակայության դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտը բոլոր դեպքերում հրապարակային հայտարարության աղբյուրն է՝ հեղինակը։ Ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի (Վճռաբեկ դատարանի ԵԿԴ/2293/02/10 որոշում, էջ 14-15։) , «հեղինակը» ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։ Տվյալ դեպքում վիճահարույց հրապարակային արտահայտության հեղինակը Սարգիս Հացպանյանն է, քանի որ նա է ընչեցրել վիճահարույց արտահայտությունները հրապարակային եղանակով, մինչդեռ  լրատվամիջոցները զուտ վերարտադրել են հեղինակի հրապարակային խոսքը՝ հանրությանը տրամադրելով տեղեկատվություն։ Ինչ վերաբերում է մամլո ասուլիսի կազմակերպչին՝ «Նոյան Տապան» լրատվական կենտրոնին, ապա կազմակերպության դերակատարումը սահմանափակվել է միայն հեղինակին լրատվական հարթակ տրամադրելով, որի պարագայում լրատվական կենտրոնը նույնպես չի կարող պատասխանատվություն կրել հեղինակի հրապարակային արտահայտության համար։   

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content