ՀՀ քաղաքացի Աշոտ Մելոյանը (այսուհետ՝ դիմումատու) դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել կարծիք իր կողմից կատարված հրապարակային մի հայտարարության վերաբերյալ, որի հասցեատերը ՀՀ քաղաքացի Ենոք Աբրահամյանն է։ Վերջինս դիմել է դատարան ընդդեմ դիմումատուի՝ պնդելով, որ հայտարարության մեջ տեղ են գտել իր հասցեին վիրավորական և զրպարտող բնույթի մի շարք արտահայտություններ և հայցելով դատական պաշտպանություն։ Դատական քննությունը ընթացքի մեջ է։ Ստորև ներկայացվում է ՏՎԽ-ի կարծիքը վիճահարույց հայտարարության վերաբերյալ։  

 

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

Սույն թվի մարտի 31-ին դիմումատու դիմումատուն Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. 

 

“ԱՀԱ ԱՅՆ <<ԲԺՇԿԻ>> ԴԵՄՔԸ ՈՒՄ ՍԽԱԼ ԴԻԱԳՆՈԶԻ ՊԱՏՃԱՌՈՎ և ՍԽԱԼ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՅՐՍ ՄԱՀԱՑԱՎ

 

Ահա այն ստահակի դեմքը ով դեռ շարունակում է աշխատել որպես <<բժիշկ>> ողնաշարաբան….Լավ հիշեք այս դեմքը…Նա աշխատում է Վլադիմիր Ավագյանի բժշկական կենտրոնում…Ով չի հավատում որ նրա վրա քրեական գործ է հարուցված եղել, թող գրի ինձ և ես ցույց կտամ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները չորս անգամ կարճել են… Ցույց կտամ 5 դատաբժշկական փորձագետների իրարամերժ եզրակացությունները…դատական ձայնագրությունները, թե Յուրի Աբրահամյանը ոնց չէր կարողանում ինձ հետ դատարանում բժշկություն թեմաներով հիմնավորել իր արած կամ չարած գործողությունները, ոնց էր լեզուն կապ ընկել…Ահա այն ֆաշիստը որը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց, ոչ մայրիկիցս ոչ ինձանից, և ոչ էլ մեր ընտանիքից….Իսկ այսօր նրան ցույց են տալիս հեռուստատեսությունով…Թե ինչպես է մի ստահակ գերմանացի բժշկի հետ այստեղ Հայաստանում իրար հետ վիրահատություններ են կատարում….Այդ գերմանացի բժշկին արդեն քրեական պատասխանատվության են ենթարկել Գերմանիայում, և զրկել լիցենզայից…Երկու մարդասպանները իրար լավ գտել են…”

 

Աշոտ Մելոյանը գտնում է, որ իր մայրը մահացել է Ենոք Աբրահամյանի ուղղակի գործողությունների արդյունքում, մասնավորապես, որ վերջինս որպես օրթոպեդ-ողնաշարաբան իր մոր հիվանդության սխալ ախտորոշում է կատարել ու սխալ բուժում նշանակել, որը հանգեցրել է նրա մահվանը։ Դեռ 2007 դիմումատուն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ 2008-2012թ. ընթացքում, որը սակայն իր վերջո կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ 

Փաստերի առավել մանրամասն շարադրանքը ներկայացված է դիմումատի կից նամակում, որով վերջինս դիմել է ՏՎԽ-ին և որում մանրամասնորեն շարադրել է իր պնդումները այն մասին, թե ինչու է նա գտնում, որ հայտարարության հասցեատերը ուղղակի կապ ունի իր մոր մահվան հարցում։ 

 

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 

Անկասկած է, որ facebook սոցիալական ցանցում դիմումատուի՝ որպես օգտատիրոջ կողմից հրապարակված ստատուսը հրապարակային հայտարարութուն է, քանի որ այն տարածվել է «հասանելի է բոլորին» եղանակով։  Հետևաբար, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելի է նշված հայտարարության նկատմամբ։ 

Որպեսզի հրապարակային հայտարարությունը համարվի վիրավորական կամ զրպարտող, անհրաժեշտ է, նախ և առաջ, որպեսզի նման հայտարարությունը լինի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող։  Արատավորող են այն արտահայտությունները, որոնք «հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են»,  «հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում»,  որոնք «բովանդակում են… անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության…»  մասին տեղեկություններ։ 

 

Ղեկավարվելով վերը նշված առաջնորդող սկզբունքներով, Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց տեքստում արատավորող են «նրա վրա քրեական գործ է հարուցված եղել», «երկու մարդասպաններ իրավ լավ գտել են», «ով շարունակում է աշխատել որպես «բժիշկ», ,  «ստահակ» և «ֆաշիստը» արտահայտությունները։ 

Հաջորդ քայլը պետք է լինի նշված արտահայտությունները երկու խմբի՝ վիրավորանքի և զրպարտության բաժանելը, քանի որ իրավական պաշտպանության հիմքերը և եղանակները այս երկու հասկացությունների դեպքում տարբեր են։ 

 

Խորհուրդը գտնում է, որ «նրա վրա քրեական գործ է հարուցված եղել» փաստացի արտահայտությունը կարող է զրպարտություն համարվել, եթե դիմումատուն չհիմնավորի այդ հայտարարության ճշմարտացիությունը։ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն, անձը ազատվում է զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր կողմից հրապարակայնորեն կատարված արատավորող բնույթի հայտարարությունը հիմնված է ստույգ փաստերի վրա։   «Ստույգ փաստեր» եզրույթը մեկնաբանվում է որպես փաստեր, որոնք հիմնավորված են ապացույցներով՝ տեղեկատվության հրապարակման պահին։ Ստույգ փաստեր են նաև հանրահայտ փաստերը, որոնք ապացուցման անհրաժեշտություն չունեն։   Այսպիսով, դիմումատուն պետք է ապացուցի, որ Ենոք Աբրահամյանի նկատմամբ հարուցված է եղել քրեական գործ և/կամ, որ դա հանրահայտ փաստ է։ Հակառակ դեպքում նշված հայտարարությունը կհամարվի զրպարտություն։

 

«Երկու մարդասպաններ իրար լավ են գտել» արտահայտությունը Խորհուրդը նույնպես դիտում է որպես փաստացի հայտարարություն։ Հետևաբար, այս դեպքում նույնպես դիմումատուն պետք է «ստույգ փաստերի» կամ «ապացույցների» հիման վրա հիմնավորի իր հայտարարության ճշմարտացիությունը։ Եթե դա նրան հաջողվի, նշված արտահայտությունը չի համարվի զրպարտություն։ Նշված արտահայտությունը զրպարտություն չի համարվի նաև այն դեպքում, եթե առկա լինի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ մասով սահմանված պաշտպանական երեք հիմքերից առնվազն մեկը։ Դատելով գործի հանգամանքներից, նման հիմքերից ոչ մեկը առկա չէ։ Հետևաբար, քանի դեռ դիմումատուն չի ապացուցի իր կողմից հնչեցված հայտարարության ճշմարտացիությունը, նշված արտահայտությունը կհամարվի զրպարտող։ 

 

«Ով շարունակում է աշխատել որպես «բժիշկ»» արտահայտությունում Խորհուրդը չակերտների մեջ վերցրած «բժիշկ» արտահայտությունը դիտում է որպես գնահատողական դատողություն։ Որպես այդպիսին, այս արտահայտությունը պետք է դիտել վիրավորանքի, այլ ոչ թե զրպարտության հասկացության ներքո։ «Վիրավորանք» հասկացության սահմանումը չի ենթադրում, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք պաշտպանված չէ օրենքով։  Գնահատողական դատողությունները, նույնիսկ եթե դրանք բացասական իմաստ ունեն, կարող են որոշակի կոնտեքստում և որոշակի փաստական հանգամանքների առկայության դեպքում անցնել ազատ խոսքի պաշտպանության տակ։ Բացարձակապես որևէ փաստական հիմքերից զուրկ գնահատողական դատողությունը ազատ խոսքի պաշտպանության տակ չի անցնում։  Հաշվի առնելով նշվածը, Խորհուրդը գտնում է, որ նշված արտահայտությունը ընդհանուր առմամբ թույլատրելի շրջանակներում հնչեցրած սուր քննադատական խոսք է, որը բացարձակապես զուրկ չէ որոշ փաստական հիմքերից։ Հետևաբար, այդ արտահայտությունը տվյալ համատեքստում վիրավորանք չէ։

 

«Ստահակ» և «ֆաշիստ» արտահայտությունները նույնպես գնահատողական դատողություններ են։ Ինչպես նշվեց վերևում, նույնիսկ խիստ բացասական, ցնցող և վիրավորական արտահայտությունները կարող են անցնել ազատ խոսքի պաշտպանության տակ, եթե դրանք հնչեցվել են որոշակի համատեքստում և եթե դրանք զուրկ չեն որոշ փաստական հիմքերից։ Տվյալ դեպքում դիմումատուն իր հրապարակային հայտարարություններում ներկայացնում է մի շարք փաստական հիմքեր, որոնք հիմք են տվել նրան հնչեցնել վերը նշված քննադատական խոսքերը Ենոք Աբրահամյանի հասցեին։  Այդուհանդերձ, համեմատելով նշված խոսքերի ծայրահեղ բացասական իմաստը (հատկապես «ֆաշիստ» արտահայտությունը, որը ասոցացվում է ատելության խոսքի հետ) այն փաստական հիմքերի հետ, որոնք դիմումատուին ստիպել են հրապարակայնորեն հնչեցնել այդ խոսքերը, Խորհուրդը գտնում է, որ քննադատության նման եղանակը չի կարող համարվել իրավաչափ։ Հետևաբար, դրանք վիրավորական արտահայտություններ են։ 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Գեղամ Վարդանյան — Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content