2016 թվականի հոկտեմբերի 18-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է իր կարծիքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ինտերնետային տարբերակում պոռնոգրաֆիկ բովանդակությամբ դրվագներ ցուցադրելու վերաբերյալ: 

Փաստերը

 

2016 թվականի սեպտեմբերի 23-ին YouTube-ում «Կիսաբաց լուսամուտներ»-ի պաշտոնական ալիքով ցուցադրվել է հաղորդաշարի հերթական թողարկումը, որը վերաբերում էր ենթադրաբար սեռական բռնության ենթարկված մի անչափահաս տղայի պատմությանը։ Հաղորդումն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ http://merojax.tv/tv-shows/kisabac-lusamutner/item/50047-kisabac-lusamutner-gjvel-kareli-e-23-09-16-anons։

 

Հաղորդման ընթացքում ցուցադրվեցին պոռնոգրաֆիկ բնույթի դրվագներ և սեռական գործողության տեսարաններ մի ինտերնետային կայքից, որը հաղորդման փորձագետներից մեկը վերագրեց ՀՀ-ում գործող կրոնական մի կազմակերպությանը (տե՛ս 19:19-20:18)։ Դատելով հաղորդավարի հայտարարությունից՝ հաղորդումն ի սկզբանե պատրաստված է եղել հեռուստատեսությամբ հեռարձակելու համար (հաղորդավարը տեսանյութը ցուցադրելուց առաջ զգուշացրել է «էկրանների» առջևից հեռացնել երեխաներին)։ Բացի այդ, պոռնագրաֆիկ նյութերի ցուցադրման ժամանակ էկրանին հետևյալ տեքստն է հայտնվում «սա ցուցադրվել է հեռուստատեսությամբ ոչ ամբողջական տարբերակով։ Այդուհանդերձ, ըստ տեղեկությունների, հեռուստատեսությամբ հաղորդումը ցուցադրելիս նշված տեսարանները հեռացված են եղել։

 

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 22-րդ հոդվածն արգելում է պոռնկագրության տարածումը և էրոտիկ բնույթի կոնտենտի հեռարձակումը ժամը 06.00-ից 24.00-ը։ Սա հեռուստատեսության ոլորտում կոնտենտի կարգավորման օրինակներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտում առկա է պետական կարգավորում ի դեմս վերոնշյալ համապարփակ օրենքի և կարգավորող մարմինների (օրինակ՝ ՀՌԱՀ-ի): Սակայն նույնը չի կարելի է ասել համացանցի մասին։ Համացանցը մեծամասամբ ինքնավար է, ինքնակարգավորվող, իսկ ցանկացած փորձ այս ոլորտը կարգավորելու առումով ի սկզբանե դատապարտված է ձախողման՝ ելնելով համացանցի առանձնահատկությունից։ Սակայն դա չի նշանակում, որ բարոյականության, էթիկայի և օրենքի նորմերը դադարում են գործել այս տիրույթում։ Ատելության խոսքը, բռնության քարոզը, բարոյականության դեմ ուղղված կոնտենտը առաջացնում է քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվություն։ Սակայն խնդիրն այն է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը նպաստավոր պայմաններ են ստեղծում տարբեր տեղեկատվական հարթակների միավորման համար, որի պայմաններում վնասակար կոնտենտը հեշտությամբ հայտնվում է մի հարթակից մյուսը, որը հաճախ հանգեցնում է իրավական վակուումի՝ խախտման դեմ բացակայում է իրավական պաշտպանության միջոցը։

 

Տվյալ դեպքում հեռուստահաղորդման ընթացքում հրապարակայնորեն ցուցադրվել է մի կոնտենտ, որն առերևույթ ուղղված է բարոյականության հասարակական արժեքների դեմ։ Անկախ այն հանգամանքից, թե կոնտենտը քրեական իրավունքի հիմքով օբյեկտիվորեն համարվում է պոռնկագրական նյութ, թե ոչ (Քրեական օրենսգրքի 263-րդ հոդված — պոռնկագրական նյութեր տարածելը), այն առերևույթ հակասում է բարոյականության մասին հասարակական պատկերացումներին։ Հետևաբար, նման նյութի հրապարակային ցուցադրումը կարող էր ցնցել և անհանգստություն պատճառել հասարակության լայն շրջանակներին, այդ թվում նաև խոցելի խմբերին, օրինակ՝ անչափահասներին, սեռական բռնության զոհերին, իսկ տվյալ դեպքում նաև կրոնական փոքրամասնություններին): Հետևաբար, նման նյութի հրապարակային ցուցադրումը կարող է առաջացնել քրեական և/կամ քաղաքացիական պատասխանատվություն։

 

Եզրակացություն

 

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը հանրությանը մատուցվել է ոչ թե հեռուստատեսության, այլ համացանցի հարթակից։ Այս հանգամանքը էապես նվազեցրել է լսարանի շրջանակները, սակայն փոխարենը կոնտենտը դարձրել է հանրային սեփականություն՝ ժամանակի ու տարածության մեջ անվերահսկելի։ Եթե կոնտենտը տարածվեր հեռուստատեսային հաղորդման միջոցով, ՀՌԱՀ-ը լիովին իրավասու կլիներ միջամտել օրենքի ուժով և հեռուստատեսությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ ղեկավարվելով Հեռուստատեսության և Ռադիոյի մասին օրենքի24-րդ հոդվածով և դրա հիման վրա կայացված իր 15/02/2010 թիվ N1-Նորոշմամբ սահմանված չափորոշիչներով  Սակայն կոնտենտը տարածվել է ինտերնետ կայքի՝ www.youtube.com-ի միջոցով, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես տեղեկության մեդիում կամ կրիչ, որի պարագայում ՀՌԱՀ-ը իրավազորություն չունի միջամտել, քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը կիրառելի չէ նման իրավահարաբերությունների վրա։ Ստացվում է, որ նույն հաղորդումը հեռուստատեսությամբ հեռարձակելիս առաջացնում է պատասխանատվություն, իսկ համացանցով տարածելիս՝ ոչ։ Մինչդեռ, ինչպես Հայաստանում, այնպես էլ գլոբալ տիրույթում արագորեն զարգանում է ինտերնետ հեռուստատեսությունը և աստիճանաբար մրցակցություն կազմում եթերային հեռուստատեսությանը։ 

 

Այս կարծիքը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Խոսքի ազատության ոլորտում վեճերի արտադատական լուծումների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված տեսակետներն ու հետևությունները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետները: 

 

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական

գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան— Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

 

Skip to content