ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ 

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 29.05.2012թ-ին տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” (այսուհետ՝ Գրասենյակ) պետական հիմնարկի տնօրենին` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.

 

Ստացե՞լ են արդյոք պարգևատրումներ (պարգևավճարներ, նվերներ) “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ի աշխատակիցները 2011թ.-ին:  Եթե այո, ապա ովքե՞ր են պարգևատրվել (ըստ հաստիքների) և ինչքա՞ն գումարով (ի՞նչ նվերով):  Որքա՞ն է կազմել “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ի աշխատակիցների ստացած դրամական պարգևատրումների ընդհանուր գումարը:  Որքա՞ն է կազմել “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ի աշխատակիցների ստացած նվերներից յուրաքանչյուրի արժեքը և նվերների արժեքների ընդհանուր գումարը:

 

Գրասենյակը հրաժարվել է տրամադրել տեղեկատվություն վերը նշված 2-րդ հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ դա աշխատողի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն է: Մնացած բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է։ 

 

Կազմակերպությունը մերժումը վիճարկել է դատարանում՝ պնդելով, որ նշված տեղեկատվությունը խնդրել է ըստ հաստիքների, այլ ոչ թե անվանական, և որ նման պայմաններում տեղեկատվությունը չի բարձրացնում քաղաքացիական ծառայողի անձնական կյանքի անձեռնմխելիության մասին հարց։ Կազմակերպությունը խնդրել է դատարանին հաշվի առնել նաև տեղեկատվության հանրային նշանակությունը։ 

 

Մի շարք դատական վարույթներից հետո 2014թ.-ի հոկտեմբերի 2-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցը։ Դատարանը գտել է, որ Գրասենյակը տարին առնվազն մեկ անգամ պարտավոր է հրապարակել հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները,  ազգանունները և այլ անձնական տվյալներ և նման պայմաններում հայցվորները կարող են հեշտությամբ համադրել այդ տեղեկատվությունը 2-րդ հարցվով պահանջված տեղեկատվության հետ և այդպիսով բացահայտել տեղեկատվության սուբյեկտի անձնական տվյալները, այսինքն՝ թե ովքեր են ստացել խնդրո առարկա պարգևավճարները և դրանց չափը։ Դատարանը գտել է, որ նման պայմաններում կխախտվի տվյալ քաղաքացիական ծառայողների անձնական կյանքի իրավունքը՝ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի, ՄԻԵԿ 8-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 131, 134, 199-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի հիմքերով։   

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Անձնական կյանքի իրավունքը ամրագրված է Սահմանադրության 23-րդ հոդվածով։ Այդուհանդերձ, այս իրավունքը բացարձակ իրավունք չէ և ենթակա է սահմանափակումների, որոնց հիմքերը շարադրված են Սահմանադրության 43-րդ հոդվածում։ Ըստ այդմ, անձնական կյանքի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, եթե դա հետապնդում է նույն հոդվածով շարադրված իրավաչափ նպատակներից մեկը կամ մի քանիսը (հանցագործությունների կանխում, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության, այլ անձանց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանություն), և եթե սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում։  

 

Առաջին պայմանը, օրինականություն սկզբունքը, բավարարված է՝ Գրասենյակը իր որոշումը հիմնավորել է մի շարք օրենսդրական նորմերով, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին։ Ինչ վերաբերում է նպատակի իրավաչափությանը, ապա ակնհայտ է, որ տեղեկատվության տրամադրման սահմանափակումն ուղղված էր “այլ անձի իրավունքների”՝ տվյալ դեպքում անձնական կյանքի պաշտպանությանը։ Ուստի, այս առումով նույնպես սահմանափակումն իրավաչափ է։

 

Ինչ վերաբերում է երրորդ չափանիշին, ապա այս առումով հարց է բարձրանում, թե արդյոք հանրային գործառույթներ իրականացնելու համար հարկատուների գումարներից պարգևատրում ստացած քաղաքացիական ծառայողի հաստիքը, աշխատավարձի չափը և պարգևատրման չափը գաղտնի պահելը անհրաժեշտ միջոց է ժողովրդավարական հասարակարգում։ Այն փաստը, որ տեղեկատվության սուբյեկտը ոչ թե մասնավոր ընկերության աշխատակից է, այլ հանրային ծառայություն իրականացնող անձ, ինչպես նաև, որ տեղեկատվության բնույթը ուներ հանրային նշանակություն, էական հանգամանքներ են։ Ժողովրդավարության հիմնական պայմաններից մեկը՝ հասարակական վերահսկողությունը պետական մարմինների նկատմամբ, էապես կտուժի, եթե հանրային նշանակության տեղեկատվության նկատմամբ կիրառվեն մասնավոր իրավահարաբերություններ կարգավորող սկզբունքներ։ 

 

Այս իմաստով Խորհուրդը չի կարող անտեսել, որ առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել տեղեկատվության հանրային նշանակությանը և փորձ չի արել տեղեկատվություն ստանալու հանրային շահը համեմատել անձնական կյանքի պաշտպանության մասնավոր շահի հետ և դրա արդյունքում պարզել, թե արդյոք տեղեկատվության մերժումը համաչափ էր իրավաչափ նպատակի հետ, թե՝ ոչ։ 

 

Ցանկացած սահմանափակում պետք է ռացիոնալ կապի մեջ գտնվի  անհրաժեշտության հետ, որը ներկայացվում է որպես սահմանափակման հիմք։ Այս իմաստով վերացական և ընդհանրական բնույթի պատճառաբանությունները չեն համապատասխանում §համաչափության¦ և §անհրաժեշտության¦ հիմնարար սկզբունքներին, որոնք կարմիր թելի պես անցնում են վարչաիրավական հարաբերություններում։ Հետևաբար, այն հանգամանքը, որ կբացահայտվի քաղաքացիական ծառայողի անունը և ազգանունը, ինքնին բավարար պատճառ չէ, որպեսզի մերժվի քաղաքացիական ծառայողի հաստիքի, պարգևավճարի ու աշխատավարձի չափի մասի հանրային նշանակության տեղեկության տրամադրումը։ Անհրաժեշտ է նաև ցույց տալ, թե արդյոք առկա էր որևէ առանձնահատուկ հանգամանք, որի պայմաններում անձնական տվյալների մասին տեղեկատվության գաղտնիությունը գերակայում էր տվյալ տեղեկությունը ստանալու հանրային շահին։ Այդպիսին կարող են լինել, օրինակ, տեղեկությունները, որոնց տրամադրման դեպքում կբացահայտվի անձի  ռասայական ծագումը, քաղաքական կամ կրոնական կամ այլ համոզմունքները, առողջական վիճակը, սեռական կյանքին առնչվող անձնական տվյալները , որոնց առումով որոշակի կոնկրետ հանգամանքների առկայության պայմաններում կարող է պահանջվել առավել մեծ խորհրդապահություն, քան սովորական պայմաններում դա անհրաժեշտ է։ Որևէ նման հանգամանք առկա չէ սույն գործում, որը ևս հիմք է տալիս պնդելու, որ տեղեկատվության մերժումը համաչափ ու բավարար միջոց չի եղել։ 

 

Հետևաբար,  նույնիսկ եթե հաստիքի մասին տեղեկատվությունը հանգեցներ կամ ընդունակ լիներ հանգեցնելու տվյալ հաստիքը զբաղեցնող անձի ինքնության նույնականացմանը, որևէ փաստական տվյալով չի հիմնավորվում, որ քաղաքացիական ծառայողի պաշտոնը զբաղեցնող տվյալ անձը կհայտնվեր էապես անբարենպաստ իրավիճակում և որ նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի միջամտությունը այն աստիճան խորը կլիներ, որ տեղեկատվություն ստանալու հանրային շահի գերակայումը արդարացված չէր լինի։ Ի վերջո, հասարակությունը իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ պաշտոն է զբաղեցնում և ով է այն հանրային ծառայողը, ով հարկատուների հաշվին ստանում է դրամական խոշոր պարգևատրում հանրային բնապահպանական խնդիրներով զբաղվելու համար։   

 

Վերը նշվածի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Գրասենյակը խախտել է կազմակերպության տեղեկատվության մատչելիության իրավունքը Սահմանադրության 27-րդ հոդվածի հիմքով՝ անիրավաչափորեն մերժելով տեղեկատվության տրամադրման մասին կազմակերպության պահանջը։ 

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության

կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»

ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Գեղամ Վարդանյան— Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content