2015 թվականի դեկտեմբերի 7-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում լրագրողին որպես վկա ոստիկանություն հրավիրելու պրակտիկայի վերաբերյալ իր կարծիքը:
Գործի հանգամանքները
2015 թվականի հունիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ ՀՀ պաշտպանութան նախարարի դիմումի հիման վրա ստուգվել է «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի կողմից ենթադրաբար մահվան ելքով վրաերթ կատարելած լինելու մասին լրատվության փաստական հիմքերը ու պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ հաղորդագրության, հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով 12.06.2002թ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով այլ անձ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով: Հաշվի առնելով վերը նշվածը, մասնավորապես, որ լրատվության փաստական հիմքերը չեն համապատասխանում իրականությունը, Գլխավոր դատախազությունը որոշել է նյութերն ուղարկել ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար:
2015 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Եզրահանգում
Տեղեկատվական վեճերի խորհուրդը մտահոգված է, որ վերը նշված գործի քննությունը կարող է միջամտել լրատվամիջոցի տեղեկատվություն տարածելու ազատության իրավունքին՝ հատկապես նման հնարավորությունը դիտելով ՀՀ վճռաբեկ դատարանի 05/06/2015թ. թիվ ԼԴ/0051/01/14 քրեական գործով Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի նոր մեկնաբանության լույսի ներքո, համաձայն որի՝ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին նախորոք զգուշացված լինելը այլևս այդ հանցակազմի օբյեկտիվ հատկանիշ չէ։ Նման մեկնաբանությունը տեսականորեն հնարավորություն է տալիս լրագրողին ենթարկել քրեական պատասխանատվության հոդվածում արտահայտած կարծիքի կամ փաստացի արտահայտության համար, եթե դա վերաբերում է անձի կազմից հանցագործության կատարմանը, եթե նման հայտարարության ճշմարտացիությունը հետագայում չի հաստատվել և եթե նման հայտարարություն կատարելիս լրագրողը որոշել է չբացահայտել իր աղբյուրը։ Որևէ կերպ չնվազեցնելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտձգություններից պաշտպանելու պետական իրավասու մարմինների կարևոր դերակատարումը, Խորհուրդը միևնույն ժամանակ գտնում է, որ սուտ մատնության հիմքով քրեական գործի քննությունը պետք է կատարվի՝ շրջանցելով լրագրողին։ Նման դիրքորոշումն առավել առարկայական է դառնում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից լրագրողական աղբյուրների գաղտնիության առնչությամբ արտահայտած դիրքորոշման լույսի ներքո, համաձայն որի «ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող իրավունքները, մասնավորապես` խոսքի ազատությունը և լրատվության միջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը (հոդվ. 27), չեն կարող ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի կարգավորման շրջանակներում, որովհետև պաշտպանության ենթակա օբյեկտները տարբեր են»:
Խորհուրդը հույս է հայտնում, որ քննչական մարմինները հետամուտ կլինեն Սահմանադրական դատարանի վերը արտահայտած դիրքորոշմանը և քրեական գործով քննություն կատարելիս լրագրողին չեն ներկայացնի աղբյուրը բացահայտելու վերաբերյալ պահանջ։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Մանանա Ասլամազյան -անկախ մեդիափորձագետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գեղամ Վարդանյան— Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր