2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման հետևանքով իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս տուժել են մի շարք լրագրողներ ու օպերատորներ։ Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ ոստիկանների կողմից օգտագործված հատուկ միջոցների արդյունքում, ենթարկվել են բռնության ոստիկանների, ինչպես նաև քաղաքացիական հագուստով որոշ անձանց կողմից։ Այս ամենը ուղեկցվել է լրագրողների և օպերատորների տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները վնասելով և նկարահանված կադրերի ոչնչացումով։

Վերը նշված փաստերի հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հիմքերով։ Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։

Դեպքերի ընդհանուր վերլուծությունը թույլ է տալիս կատարել մի շարք եզրահանգումներ լրագրողների իրավունքների խախտումների բնույթի, շարժառիթների և պատճառների մասին։

 

Լրագրողների թիրախավորումը

 

Հավաքված փաստերի ուսումնասիրությունը և դրանց վերլուծությունը թույլ են տալիս եզրահանգել, որ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և տեխնիկան ոչնչացնելը թիրախավորման, այլ ոչ թե ոստիկանների անփութության արդյունք են եղել։ Դրա մասին խոսում են բազմաթիվ փաստեր։ Մասնավորապես, թեև Սարի թաղում մինչև ցուցարարների նկատմամբ ուժի և հատուկ միջոցների կիրառումը ոստիկանները զգուշացրել են լրագրողներին մի կողմ քաշվել, ենթադրաբար նրանց մասնագիտական գործունեությանը չմիջամտելու նպատակով, այդուհանդերձ, ցուցարարների վրա հարձակվելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են կիրառել հատուկ այն օպերատորների նկատմամբ, ովքեր շարունակում էին տեսանկարահանել ցույցը ցրելու տեսարանը։ Ըստ www.1in.am  կայքի օպերատոր Դավիթ Հարությունյանի, քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, ովքեր ակնհայտորեն կատարում էին ոստիկանության հրահանգները, տեսնելով, որ նա նկարահանում է ցույցը ցրելու տեսարանը, վազելով մոտեցել են, հարվածել մարմնի տարբեր մասերին և մահակներով կոտրել տեսախցիկը։ Նույնիսկ երբ օպերատորը դադարեցրել է նկարահանումը և փորձել փախչել, այդ անձինք հետապնդել են այնքան ժամանակ, մինչև նրան հասնելով հագուստի վրայից պոկել ու դեն են նետել ՄԱՄՈՒԼ տարբերանշանը և տեսախցիկի մարտկոցներով պայուսակը։ Ակնհայտ է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների նպատակն է եղել ցույցը ցրելու տեսարանի նկարահանմանը խոչընդոտելը, որը, փաստորեն, նրանց հաջողվել է։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն հանգամանքը, որ բռնությունը կիրառվել է ՄԱՄՈՒԼ տարբերանշանը հստակորեն կրող անձի նկատմամբ, ինչպես նաև, որ հարվածները ուղղված են եղել ոչ միայն նրա մարմնի մասերին, այլև տեսախցիկին՝ վերջինս վնասելու հստակորեն արտահայտված դիտավորությամբ։ Ըստ որոշ այլ վկայությունների, ոստիկանների գործողությունները ուղղված են եղել տեսանկարահանված նյութերի ոչնչացմանը, որը նույնպես բացահայտում է ոստիկանության աշխատակիցների իրական նպատակը։

 

Հաշվի առնելով, որ վերը նշված փաստերի հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ի թիվս այլ հիմքերի, նաև ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում նախաքննական և դատական մարմինները հակված են մեկնաբանելու, որ 164-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը բացառապես դիտավորությամբ կատարվող հանցագործություն է, որի պարագայում առանցքային նշանակություն է ձեռք բերում փաստը, թե արդյոք լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելիս անձը տեղյակ է եղել վերջինիս լրագրող հանդիսանալու և դեպքի պահին նրա կողմից լրագրողական գործունեություն իրականացնելու հանգամանքների մասին, քրեական գործի քննությունը վարող մարմինները պետք է հաշվի առնեն վերը շարադրված փաստերը արարքը 164-րդ հոդվածի հիմքով հանցագործություն որակելու համար։

 

Այսպիսով, վերը նշված օրինակը, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանների գործողությունները ուղղված են եղել լրագրողների և օպերատորների մասնագիտական գործունեության դեմ, այսինքն վերջիններս թիրախավորվել են բացառապես լրագրող լինելու և լրագրողական գործունություն իրականացնելու հատկանիշներով։

 

Լրագրողներին պատժելու դիտավորությունը

 

Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանների գործողությունները ուղղված էին ոչ միայն լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, այլ նաև լրագրողներին պատժելուն։ Ինչպես վերը նշված օրինակում, այնպես բազմաթիվ այլ դեպքերում, և՛ Սարի Թաղում, և՛ Խորենացի փողոցում, փաստերը ցույց են տալիս, որ նույնիսկ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուց և, թվում է, թե իրենց նպատակին հասնելուց հետո ոստիկանության աշխատակիցները շարունակել են բռնություններ կիրառել լրագրողների նկատմամբ՝ նրանց հարվածելով բռունցքներով, ոտքերով, փայտե մահակներով՝ հարվածները տեղալով գլխին, թևերին, ոտքերին, որովայնին այնպիսի պարագայում, երբ բռնության զոհերը դադարել են դիմադրություն ցույց տալ և միայն ձեռքերով փորձել են պաշտպանվել գլխին ուղղված հարվածներից։ Ընդ որում, բազմաթիվ դեպքերում մեկ լրագրողի նկատմամբ բռնությունը կիրառվել է միաժամանակ մի քանի ոստիկանների կողմից՝ վերջինիս վերցնելով օղակի մեջ, բռնելով թևերը և ոտքերը և, այդպիսով, զրկելով հարվածներից պաշտպանվելու որևէ հնարավորությունից։ Անպաշտպան, որևէ վտանգ չներկայացնող անձի նկատմամբ նման եղանակով բիրտ ֆիզիկական ուժի կիրառումը կարող է պայմանավորված լինել միայն մեկ հանգամանքով՝ զոհին սաստիկ ֆիզիկական ցավ ու տառապանք պատճառելու, հասարակության և իր սեփական աչքերում նրան նվաստացնելու, արժանապատվությունը նսեմացնելու մտադրությամբ։ Արդյունքում խախտվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլ նաև ոտնձգություն է իրականացվում անձի կյանքի և առողջության նկատմամբ։

 

Բռնությունների շարժառիթը

 

Լրագրողների նկատմամբ նշված դեպքերի շարժառիթը երկրում տարիներ շարունակ պետական մարմինների կողմից լրագրողի աշխատանքի նկատմամբ ձևավորված անհանդուրժողականությունն է, լրագրողի հետ հաշվեհարդար տեսնելու ցանկությունը, թշնամանքը, ազատ խոսքի հանդեպ քաղաքական տոլեռանտության բացակայությունը, պետական մարմինների կողմից հանրային իշխանության գաղափարի նկատմամբ թերահավատությունը և անձի սահմանադրական իրավունքների նկատմամբ անթաքույց արհամարհանքը։ Նման ամենաթողության պատճառը պետք է փնտրել նաև տարիներ շարունակ պետական իրավասու մարմինների կողմից լրագրողների նկատմամբ բռնությունների փաստերով արդյունավետ քննություն կամ ընդհանրապես քննություն իրականացված չլինելու փաստերի մեջ։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն փաստը, որ միայն վերջին տասնամյակում լրագրողների նկատմամբ արձանագրվել են հարյուրից ավելի բռնությունների ու սպառնալիքների դեպքեր, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հանցակազմի հիմքով 2007 թվականից ի վեր քրեական գործեր քննող առաջին ատյանի դատարաններ մուտք են եղել ընդհամենը երկու քրեական գործ։ ։

Նման հակասական վիճակագրությունը, երբ մի կողմից առկա են բավարար չափով ամրագրված բռնության փաստեր լրագրողների նկատմամբ, իսկ մյուս կողմից բացակայում է դրանց համարժեք քրեաիրավական արձագանքը, խոսում է լրագրողի մասնագիտության նկատմամբ պետական մարմինների խտրական վերաբերմունքի մասին։ Խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունք է՝ առանց օբյեկտիվ հիմքերի ու առանց ողջամիտ բացատրության։ Մինչև այժմ որևէ ողջամիտ բացատրություն պետական իրավասու մարմինների կողմից չի տրվել, թե ինչու 2015թ. հուլիսի 23-ի դեպքերից ավելի քան մեկ տարի անց լրագրողների նկատմամբ բռնությունների թեկուզ մեկ դեպք մինչ այժմ չի բացահայտվել, մեղավորները չեն հայտնաբերվել ու պատժի չեն ենթարկվել։

 

Քննության առանձնահատկությունը

 

Լրագրողների նկատմամբ բռնությունների փաստով հարուցված քրեական գործերի քննությունը չպետք է իրականացվի որպես սովորական քրեական գործի քննություն, որի դեպքում բավարար կլինի միայն պարզելը բռնություն իրականացրած պաշտոնատար անձի գործողություններում հանցակազմի առկայությունը։ Բռնությամբ ուղեկցվող միջադեպեր հետաքննելիս պետական մարմինները լրացուցիչ պարտավորություն են ստանձնում. այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու և պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամբ անհանդուրժողականությունը իր դերն է ունեցել այդ դեպքերում։ Այդ պարտավորությունը չկատարելը և քաղաքական նկատառումներով պայմանավորված բռությունը որևէ քաղաքական երանգ չունեցող գործերի հետ նույն հիմքով քննելը կնշանակի աչք փակել այն գործողությունների վրա, որոնցով խախտվում են հիմնարար իրավունքները և, այդպիսով, թույլ տալ խտրականության դրսևորում քրեական գործով քննություն կատարելիս (Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 40094/05, ՄԻԵԴ, 2/10/2012, § 212)։ Հետևաբար, քրեական գործով քննություն իրականացնելիս քննության առանձին առարկա պետք է հանդիսանա բռնությունների վերը նշված դրդապատճառները վեր հանելը, դրանցում խտրականության առկայությունը հիմնավորելը։ Անհրաժեշտ է պարզել ոչ միայն բռնություն իրականացրած ոստիկանների անձը, այլ նաև այն պաշտոնատար անձանց, ովքեր հրաման են տվել թիրախավորել ու պատժել լրագրողներին։

 

Հատկապես կարևոր է պարզել քաղաքացիական հագուստով անձանց ինքնությունը, և թե ով է հրաման տվել ներգրավել նման մարդկանց ոստիկանական գործողություններում։ Ոստիկանության մասին օրենքի 12-րդ հոդվածի համաձայն (Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս), hասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Անհրաժեշտ է պարզել նաև նույն օրենքի 29-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները) պահանջների խախտումով հատուկ միջոցների կիրառման հիմքերը լրագրողների նկատմամբ։ Նշված հոդվածը պահանջում է հատուկ միջոցները կիրառել որպես բացառիկ միջոց, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել հասարակական կարգ ու կանոնի ապահովումը, իսկ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս առաջնորդվել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։  Անհրաժեշտ է պարզել այն պաշտոնատար անձի անունը, ով հրաման է տվել հատուկ միջոցներ կիրառել իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների նկատմամբ և, հատկապես, նման հրամանի արձակման դրդապատճառները, մասնավորապես, թե արդյոք նման հրամանի արձակումը բխել է քաղաքական անհանդուրժողականությունից։

 

Քրեական գործով քննության ընթացքում լրագրողների նկատմամբ  բռնության հնարավոր խտրական դրդապատճառների հայտնաբերման ուղղությամբ քննություն չկատարելը ինքնին կարող է վկայել ենթադրյալ քաղաքական դրդապատճառների և բռնությունների միջև պատճառահետևանքային կապի առկայության մասին։

 

«Այս կարծիքը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Խոսքի ազատության ոլորտում վեճերի արտադատական լուծումների խթանումը Հայաստանում ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված տեսակետներն ու հետևությունները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետները»:

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական

գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան— Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content