2016թ.-ի փետրվարի 2-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Magyar Tartalomszolgáltatók Egyesülete և Index.hu Zrt-ն ընդդեմ Հունգարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կապակցությամբ իր կարծիքը:

2016թ. փետրվարի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերը նշված գործով կայացրել է վճիռ, որում արտահայտել է կարևոր իրավական դիրքորոշում առցանց լրատվամիջոցի հարթակում երրորդ անձանց մեկնաբանությունների իրավական կարգավորման մասին։ Սույն վճիռը նախկինում ՄԻԵԴ-ի կողմից կայացված Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով վճռի տրամաբանական շարունակությունն է, որում, սակայն, եվրոպական դատարանը ցուցաբերել է այլ դիրքորոշում։ Հաշվի առնելով արտահայտված իրավական դիրքորոշման կարևորությունը առցանց լրատվամիջոցների գործունեության ոլորտում, Խորհուրդը անhրաժեշտ համարեց արտահայտել դիրքորոշում վճռում բարձրացված հարցերի վերաբերյալ։    

 

ՎՃՌԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն գործով դիմումատուները երկու ընկերություններ են. Magyar Tartalomszolgáltatók Egyesülete ընկերությունը (այսուհետ՝ «MTE»), և Index.hu Zrt ընկերությունը (այսուհետ՝ «Index»)։ Առաջինը Հունգարիայի ինտերնետ պրովայդեր ընկերությունների ոչ առևտրային, ինքնակարգավորվող մարմին է, որը հետևում է պրովայդեր ընկերությունների կողմից մասնագիտական վարքագծի նորմերի կիրառմանը, որի կազմում գործում է նաև վեճերի լուծման արբիտրաժ մարմին, որի որոշումները պարտադիր են իր տասնմեկ անդամների համար։ Երկրորդը շահույթ հետապնդող լրատվական մարմին է և հանդիսանում է Հունգարիայի ամենամեծ առցանց լրատվամիջոցներից մեկը։ 

 

2010թ. փետրվարի 5-ին MTE ընկերությունը հրապարակել է մի կարծիք գովազդային մի ընկերության կողմից անբարեխիղճ գովազդի մասին, որի պատճառով բազմաթիվ քաղաքացիների կրել են ֆինանսական կորուստներ։ Այս կարծիքը մի որոշ ժամանակ հետո վերահրապարակել է իր հարթակում Index ընկերությունը։ Հոդվածների հրապարակումից հետո բազմաթիվ ընթերցողներ հոդվածների ներքո թողել են վիրավորական և նույնիսկ վուլգար բնույթի մեկնաբանություններ գովազդատու ընկերության հասցեին։ Գովազդատու ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ երկու ընկերությունների՝ պնդելով, որ հոդվածները և դրանց ներքո երրորդ անձանց մեկնաբանությունները վնասել են ընկերության համբավը։ Դատական հայցերի մասին տեղեկացվելուն պես դիմումատու ընկերությունները հեռացրել են վիճահարույց մեկնաբանությունները։ Այդուհանդերձ, Հունգարիայի դատարանները, այդ թվում նաև Հունգարիայի սահմանադրական դատարանը, բավարարել է հայցապահանջները՝ սահմանելով, որ վիճահարույց մեկնաբանությունները վիրավորական էին, վնասել են ընկերության համբավը և որպես այդպիսին անցել են թույլատրելի քննադատության շրջանակները։ Արդյունքում, դատարանները պարտավորեցրել են յուրաքանչյուր ընկերությանը վճարել մոտ 250 եվրոյի չափով գումար՝ հայցվորների դատական ծախսերի դիմաց։    

 

Դիմումատու ընկերությունները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա ներկայացրել են, որ Հունգարիայի դատարանների որոշումների արդյունքում իրենք ստիպված են իրենց բոլոր ընթերցողների մեկնաբանությունների մոդերացնել, որը որպես այդպիսին հակասում է համացանցում ազատ արտահայտվելու իրավունքի էությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ դիմումատու ընկերություններին երրորդ անձանց մեկնաբանությունների համար պատասխանատվության ենթարկելը համացանցում ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակում է և Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Սույն գործով Եվրոպական դատարանի վճիռը էապես տարբերվում է Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով վճռից, թեև երկու դատական ակտերի հիմքում ընկած իրավունքի մասին հարցը նույնանման էր։ Երկու դեպքում է խնդրո առարկա հարցը կայանում է նրանում, թե արդյոք հրապարակողը (լրատվամիջոց, բլոգեր, առցանց ինտերակտիվ ծառայություններ մատուցող ընկերություն, և այլն) կրում է պատասխանատվություն իր հարթակից անձի հնչեցրած արտահայտությունների համար։ Դելֆի-ի գործում եվրոպական դատարանը արձանագրեց, որ ընկերությունը խախտել էր կազմակերպության գործարար համբավը, քանի որ թույլ էր տվել իր հարթակում ծավալվել առերևույթ անօրինական, ատելություն սերմանող և բռնության կոչ անող խոսք՝ ատելության խոսք։ Այս լույսի ներքո, դատարանի համար երկրորդ վճռորոշ փաստական հանգամանքը այն էր, որ ընկերությունը ոչինչ չէր ձեռնարկել նման խոսքը իր կայքից հեռացնելու համար՝ այդպիսով դրսևորելով անբարեխիղճ մոտեցում այլոց իրավունքները հարգելու իր պարտականության հանդեպ։ Դելֆի-ի գործով եվրոպական դատարանի վճիռը քննադատաբար ընդունվեց լրագրողների համայնքի և ազատ խոսքի պաշտպանների կողմից, որոնք գտնում էին, որ վճիռը էապես սահմանափակում էր ազատ արտահայտվելու իրավունքի շրջանակները համացանցում՝ անհամաչափ ծանր բեռ սահմանելով համացանցում ինտերակտիվ ծառայություններ մատուցող ընկերությունների, լրատվամիջոցների համար երրորդ կողմի մեկնաբանությունները, հրապարակումները մոդերացնելու հարցում։ Նրանք գտնում էին, որ ինտերնետի տեխնոլոգիաների ժամանակակից զարգացումների պարագայում մոդերացումը չի կարող շոշափելի արդյունքներ տալ անիրավաչափ խոսքը համացանցում հայտնաբերելու և հեռացնելու ուղղությամբ՝ դրանով լրատվամիջոցներին կանգնեցնեով շարունակաբար պատասխանատվության ենթարկվելու անխուսափելի վտանգի առջև, որի հանգամանքը համընդհանուր սառեցնող ազդեցություն է թողնում համացանցում ազատ արտահայտվելու իրավունքի վրա։ Իր հերթին, եվրոպական դատարանը իր մոտեցումը պատճառաբանեց այն հանգամանքով, որ համացանցը դժվար կառավարվող տիրույթ է և նույնիսկ մեկ անգամ հրապարակայնորեն ասված անօրինական խոսքը ընդմիշտ մնում է այդ տիրույթում՝ տուժող կողմի համար ստեղծելով գրեթե անհաղթահարելի խոչընդոտներ անիրավաչափ խոսք այդ տիրույթում հայտնաբերելու, հեռացնելու և այդպիսով իր խախտված իրավունքը վերականգնելու համար։ 

 

Ուսումնասիրելով եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները սույն դատական ակտում, Խորհուրդը գտնում է, որ հետևյալ հանգամանքները վճռորոշ դեր են խաղացել եվրոպական դատարանի որոշման համար, որոնք կարող են ուղեցույց հանդիսանալ առցանց ոլորտում իներակտիվ լրատվամիջոցների համար՝ իր գործունեության արդյունքում պատասխանատվությունից խուսափելու համար. 

Վիճահարույց արտահայտությունների բնույթը. վճռորոշ նշանակություն ուներ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում վիճահարույց արտահայտությունները թեև իրենց բնույթով վուլգար էին և անձի/ընկերության արժանապատվությունը կամ համբավը արատավորող, սակայն դրանք ատելություն սերմանող, ատելություն և բռնություն հրահրող ու անձի ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող խոսք չէր։ Ի համեմատություն դրա, Դելֆի-ի գործում վիճահարույց արտահայտությունները ատելության խոսք էին։  Մեկնաբանությունների դաշտում հաղորդակցման եղանակը. ինչ վերաբերում է արտահայտությունների վուլգար բնույթին, եվրոպական դատարանը նկատեց, որ թեև մեկնաբանությունները «ցածրամակարդակ խոսքի» տեսակ էր, սակայն դա հաղորդակցվելու ընդհանուր եղանակ է ինտերնետ հարթակի մեկնաբանությունների դաշտում։ Իր հերթին, մեկնաբանությունների հաճախականությունը ինտերնետ հարթակում իր հերթին նվազեցնում է այն բացասական հետևանքը, որը կարելի է վերագրել նման արտահայտություններին։  Հանրային հետաքրքրություն ներկայացնող խոսք.  Տվյալ դեպքում վիճահարույց հոդվածը և դրանց ներքո երրորդ անձանց մեկնաբանությունները շոշափում էին հանրային, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքեր՝ հանրային ծառայություններ մատուցող անբարեխիղճ գովազդատուներին, որոնց գործունեությունից վնաս էին կրել շատ քաղաքացիներ։ Դիմումատուների կարգավիճակը. դատարանի համար հատկանշական էր, որ դիմումատուները իրավաբանական, այլ ոչ թե ֆիզիկական անձինք էին։ Այս առումով հատկանշական է դատարանի սահմանումը առ այն, որ անհրաժեշտ է տարբերակում անցկացնել մի կողմից իրավաբանական անձի առևտրային, գործարար հեղինակության և մյուս կողմից ֆիզիկական անձի հեղինակության միջև։ Եթե անձի հեղինակության անվանարկումը կարող է վնասել նրա անձնական արժանապատվությունը, կազմակերպության համբավի վնասը հիմնականում ունի գործարար, առևտրային հետևանքներ և որպես այդպիսին չունի այն բարոյական հետևանքները, որ կրում են անձինք իրենց անձնական արժանապատվության ոտնահարման դեպքում։    Կազմակարպության գործունեության բնույթը. Դատարանի համար էական էր նաև այն հանգամանքը, որ դիմումատու ընկերություններից մեկը շահույթ հետապնդող կազմակերպությունչ չէր և նրա գործունեությունը սահմանափակված էր ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների համար էթիկական կանոնների մշակումով և դրանց կիրառութամբ, և դա անում էր ինքնակարգավորման կազմակերպաիրավական եղանակով։ Ինչ վերաբերում է երկրորդ դիմումատու ընկերությանը, ապա թեև այդ ընկերությունը իրականացնում էր առևտրային գործունեություն, դա առցանց լրատվական գործակալություն էր, որը հանրությանը իրազեկում էր հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի մասին։ Այդ իմաստով դատարանը որոշեց, որ երկու ընկերությունների գործողությունները պետք է գնահատել այն սկզբունքների ներքո, որոնք կիրառելի են մամուլի նկատմամբ։ Ծանուցել և հանել ընթացակարգը. Դելֆի-ի գործով եվրոպական դատարանը փոքր ինչ թերագնահատեց «ծանուցել և հանել» ընթացակարգի նշանակությունը և երկրորդ պլան մղեց դրա գործածությունը լրատվամիջոցների համար որպես պաշտպանության միջոց, որը մինչ այդ առցանց լրատվամիջոցների համար համարվում էր պաշտպանության արդյունավետ գործիք։ Սույն գործով դատարանը նորովի գնահատեց այս ընթացակարգի նշանակությունը և ըստ էության սահմանեց, որ առցանց ինտերակտիվ ծառայություններ մատուցող առևտրային ընկերությունների համար  «ծանուցել և հանել» ընթացակարգը կարող է գործարար համբավի պաշտպանության արդյունավետ միջոց հանդիսանալ և  հակառակը կարելի է պնդել միայն այն դեպքում, երբ կոնտենտը ներառում է ատելության խոսք՝ ինչպես Դելֆի-ի գործով։   Դատական ակտի հետևանքը. Եվրոպական դատարանը նորովի գնահատեց ոչ բարենպաստ դատական ակտի հետևանքը լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի վրա։ Եթե Դելֆի-ի գործով դատարանի համար էական էր այն հանգամանքը, որ ոչ բարենպաստ դատական ակտի դեպքում պարտվող լրատվամիջոցի համար սահմանվել էր նվազագույն գույքային պատասխանատվություն (ոչ մեծ գումարային փոխհատուցում վճարելու պարտականություն), ապա սույն գործով եվրոպական դատարանը դա սահմանեց, որ ոչ բարենպաստ դատական ակտի բացասական հետևանքը գնահատելիս էական է ոչ թե գույքային պատասխանատվության նվազագույն չափը կամ այդպիսի պատասխանատվության բացակայությունը, այլ ոչ բարենպաստ դատական ակտի առկայությունը ինքնին, քանի որ հենց այդ հանգամանքը ինքնին, ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կարող է սառեցնող ազդեցություն ունենալ ինտերնետ հարթակի  ազատ արտահայտվելու իրավունքի վրա՝ հատկապես այն հարթակների, որոնց գործունեությունը առևտրային նպատակ չի հետապնդում։ 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան— Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content