2016թ.-ի մարտի 13-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել Ռուզաննա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի դատական գործի կապակցությամբ իր կարծիքը: 

2015 թվականի հունիսի 30-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը իր թիվ 42 որոշմամբ կարծիք արտահայտեց վերը նշված դատական գործի առնչությամբ։  Հաշվի առնելով, որ դատական գործը դեռ գտնվում էր նախնական փուլում, Խորհուրդը չանդրադարձավ վեճի էությանը, այլ բավարարվեց միայն արտահայտելով կարծիք հանրային պաշտոնյայի  ընտանիքի անդամների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվության, լրագրողական ազատության իրավունքների շրջանակների մասին՝ առանց անդադառնալու գործի փաստերին։

2015թ. դեկտեմբերի 7-ին  Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վճիռ թիվ ԵԿԴ/2380/02/15 քաղաքացիական գործով, որով մասնակիորեն բավարարեց հայցվորի պահանաջները։ Վճռով դատարանը ոչ միայն պարտավորեցրեց լրատվամիջոցին տպագրել հերքում, այլ նաև www.hraparak.am կայքից հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդվածը։ Փաստորեն, որպես իրավական պաշտպանության միջոց դատարանը առաջին անգամ սահմանեց լրատվական նյութը համացանցից հեռացնելու մասին որոշում՝ Քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի հիման վրա, որը որպես իրավական պաշտպանության միջոց սահմանում է նաև, ի թիվս այլի, մինչև խախտումը եղած դրության վերականգնումը։ Մինչ այս որոշումը դատարանները կոնտենտը հեռացնելու կամ լրատվական նյութը համացանցում տպագրելուց ձեռնպահ մնալու մասին որոշում կայացրելի էին հայցի ապահովման միջոցի հիմքով։ Փաստորեն, պետք է արձանագրել, որ լրատվական նյութը համացանցից հեռացնելը այսուհետ կիրառվում է որպես իրավական պաշտպանության միջոց դատարանների կողմից՝ վիրավորանքի և զրպարտության մասին գործերով։

Խորհուրդը հիշեցնում է, որ հանրությանը հայտնի «ֆեյքերի մասին օրենքի» նախագծով նույնպես առաջարկվում էր օրենքով սահմանել մի ամբողջ իրավական կառուցակարգ կոնտենտը համացանցից հեռացնելու մասին։ Փաստորեն, դատական որոշումով լուծվեց այն խնդիրը, որն իրենց առջև նպատակ էին դրել օրենքի նախագծի հեղինակները։ Թեև լրատվական կոնտենտի հեռացումը ինքնին հանդիսանում է արտահայտվելու ազատության և լրագրողական ազատության միջամտություն, Խորհուրդը գտնում է, որ առավել նպատակահարմար է, որ նման միջամտությունը կատարվի կոնկրետ գործի շրջանակներում կայացված դատական որոշմամբ, քան օրենսդրական ընդհանուր կարգավորմամբ, որը, հնարավորություն տալով շրջանցել դատական պաշտպանության ընթացակարգերը, առավել դյուրին է դարձնում առցանց միջավայրում լրագրողական ազատության միջամտության հնարավորությունը՝ այդպիսով վտանգելով արտահայտվելու ազատությունը առցանց միջավայրում։ 

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդՇուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության

կենտրոնի նախագահ

Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Գեղամ Վարդանյան— Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content