2015 թվականի դեկտեմբերի 22-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է «Թռչող առագաստ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի դատական գործի կապակցությամբ իր կարծիքը:

2015թվ.-ի հոկտեմբերի 15-ին «Թռչող Առագաստ» ՍՊԸ անվանումով ընկերությունը դատական հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մելտեքս» ՍՊԸ-ի (Ա1+ լրատվամիջոցի հիմնադիր)՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով: Ընկերությունը լրատվամիջոցից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:  Հայցվոր ընկերությունը միաժամանակ միջնորդել է արգելանք դնել պատասխանողի գույքի, դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:

Դատարան դիմելու պատճառ է հանդիսացել Ա1+ լրատվամիջոցի կողմից 15 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին պատմող լրատվական նյութի վերահրապարակումը «Օրացույց» խորագրով հաղորդաշարի շրջանակներում։ Այս հաղորդաշարի ներքո լրատվամիջոցը ամեն օր ներկայացնում  է իր արխիվային լրատվական նյութերը՝ նպատակ ունենալով ցույց տալը, թե տվյալ օրը նախորդ տարիներին ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Վիճահարույց նյութը կայքում տեղադրվել է 2015թ.-ի սեպտեմբերի 24-ին, որում նշվել է, որ 2000 թվականի սեպտեմբերի 24-ին Իսահակյան 41 հասցեում գտնվող «Առագաստ» սրճարանում կատարվել է սպանություն։ Լրատվությունը Պողոս Պողոսյանի հայտնի գործով իրադարձության մասին է։ Հայցվոր կազմակերպությունը իր հայցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանին կից «Պոպլավոկ» սրճարանում, որը պատկանում է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին, որը բոլորով այլ ընկերություն է և այդ իմաստով լրատվանյութը լրջորեն վնասել է իր գործարար համբավը։  

Դատական առաջին նիստը նշանակվել է 2016թ. փետրվարի 2-ին:

 

Եզրակացություն

 

Արխիվային նյութերի վերահրապարակումը և այդ հիմքով զրպարտության, վիրավորանքի կամ գործարար համբավի համար քաղաքացիական պատասխանատվության հարցը նոր երևույթ է ներպետական պրակտիկայում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արխիվային նյութերը համարում է կրթական և պատմական հետազոտությունների համար կարևոր աղբյուր՝ հատկապես հաշվի առնելով առցանց տիրույթում դրանց հեշտությամբ և ամբողջական եղանակով հասանելիությունը։ Առցանց արխիվները նաև կարևոր աղբյուր են հանրության համար կարևոր նորությունները և տեղեկությունները պահպանելու առումով։ Այդուհանդերձ, ներկա իրադարձությունների մասին տեղեկատվության համեմատ արխիվային նորությունները երկրորդական դեր ունեն, քանի որ մամուլի առաջնային դերը ներկա իրադարձությունների նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթն է՝ հանրային «հսկող շան» դերը։  Այս առումով նորությունների արխիվային նյութերը որպես լրատվական նյութ թեև օգտվում են ազատ խոսքի պաշտպանության համակարգերից, սակայն ոչ այն խորությամբ, ինչ ընթացիկ դեպքերի մասին տեղեկատվությունը։ Լրատվանյութը որպես «փչացող ապրանք» սկզբունքի համաձայն, լրատվանյութի տարածման կարևոր պայմաններից է դրա արագ տարածումը, քանի որ հապաղումը կարող է կորցնել լրատվանյութի ակտուալությունը, և եթե այս համատեքստում լրագրողը թույլ է տալիս փաստի սխալ, նույնիսկ այդ դեպքում կարող է շարունակել օգտվել ազատ խոսքի պաշտպանությունից, եթե հիմնավորում է, որ ընդհանուր առմամբ գործել է բարեխղճորեն, լրագրողական վարքագծի նորմերի համաձայն։ Այլ է իրավիճակը, երբ խոսքը վերաբերում է արխիվային նյութերի վերահրապարակմանը։ Արխիվային նյութի վերահրապարակման ժամանակ բացակայում է արագության գործոնը՝ լրատվական նյութը արագորեն հանրությանը հաղորդելու կարևորությունը և հրատապությունը։ Սույն հանգամանքը ստիպում է, որպեսզի լրատվամիջոցները ցուցաբերեն առավել զգոնություն արխիվային նյութեր վերահրապարակելիս։ 

 

Արխիվային նյութերի վերահրապարակումը բարձրացնում է նաև վաղեմության ժամկետի մասին հարց։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունում է Internet publication rule կանոնը , համաձայն որի առցանց ոլորտում յուրաքանչյուր վերահրապարակում դա նորովի հրապարակում է, այսինքն վաղեմության ժամկետը, այդ թվում նաև պաշտպանական բոլոր համակարգերը, վերսկսվում են և շարունակում են գործել յուրաքանչյուր նոր հրապարակումով։ Խնդիրը կայանում է նրանում, որ համացանցը հնարավորություն է տալիս դա կատարել հեշտությամբ, առանց նկատելի ջանքերի ու շարունակաբար, որը շոշափելի ռիսկեր է ստեղծում լրատվամիջոցների համար արխիվային նյութերը վերահրապարակելիս։ 

 

Վերը նշվածով հանդերձ Եվրոպական դատարանը նաև նշել է, որ տևական ժամանակ անց հրապարակված արխիվային նյութի համար պատասխանատվության ենթարկելը, խիստ առանձնահատուկ հանգամանքների բացակայության դեպքում, կարող է լրատվամիջոցի տեղեկություններ տարածելու իրավունքի անհամաչափ միջամտություն հանդիսանել։  Ուստի, խորհուրդը գտնում է, որ նույնիսկ խախտում արձանագրելու դեպքում ցանկալի է, որ դատարանը սույն գործով խիստ համաչափ, նվազագույն պատասխանատվության միջոցներ սահմանի։ Նման մոտեցումը արդարացված կլինի նաև այն հիմքով, որ տարածվել է մի տեղեկություն, որի բովանդակությունը վաղուց հանրությանը հայտնի է եղել, որևէ նոր տեղեկություն չի ավելացվել և որևէ կերպ նշված տեղեկությունը իր արխիվային տարբերակից չի խմբագրվել հրապարակողի կողմից։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է պարզելը, թե արդյոք կազմակերպությունը կրել է էական նյութական կամ ոչ նյութական վնաս հանրությանը հայտնի տեղեկության վերահրապարակման արդյունքում։ Խորհուրդը գտնում է, որ նույնիսկ խախտում արձանագրելու դեպքում հայցվորի համար բարենպաստ դատական ակտը կարող է ինքնին արդարացի և բավարար փոխհատուցման միջոց հանդիսանալ՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով։ 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան— Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content