2015 թվականի նոյմեբերի 20-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Վահրամ Պետրոսյանն ընդդեմ www.blognews.am առցանց լրատվական կայքի գործի վերաբերյալ իր կարծիքը:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

20.09.2015թ «BlogNews.am» առցանց լրատվական կայքում հրապարակվել է «Փաստեր ունեն մարդիկ, որ Սայաթ Նովան ադրբեջանցի է. Վահրամ Պետրոսյան (տեսանյութ)» վերնագրով տեսանյութ: Դատարան դիմելու օրվա դրությամբ տեսանյութը դիտվել է  11,988 անգամ։ Տեսանյութը հարուցել է շատ ընթերցողների քննադատությունը, որոնցից ոմանք տեսանյութի տակ թողել են քննադատական, ծաղրական և առերևույթ վիրավորական մեկնաբանություններ (քոմենթներ) հայցվորի մասին: Դիմելով դատարան հայցվորը խնդրել է դատարանից պարտավորեցնել պատասխանող լրատվամիջոցին հեռացնել վիրավորական քոմենթները իր էջից։ Դատական քննությունը ընթացքի մեջ է։ 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Սույն դատական վեճի առարկան կայանում է նրանում, թե արդյոք առցանց լրատվամիջոցը կարող է պատասխանատվություն կրել իր հարթակում հրապարակված այլ անձի (երրորդ կողմի) հեղինակած խոսքի համար։ 

 

www.blognews.am լրատվական կայքը լրատվամիջոց է, որը ոչ թե հրապարակում է իր հեղինակած հոդվածները, այլ վերահրապարակում է այլ հարթակներից տարածված լրատվանյութերը։ Լրատվամիջոցը օգտվում է առցանց լրատվամիջոցներից, սոցիալական ցանցերից  և այլ հրապարակային աղբյուրներից։ Որպես կանոն, լրատվամիջոցը վկայակոչում է աղբյուրը, որտեղից օգտվել է լրատվանյութը վերահրապարակելիս։ Ըստ լրատվամիջոցի, կայքում հրապարակված նյութերը չեն խմբագրվում և չեն փոփոխվում։ Այսպիսով, լրատվամիջոցը օգտվում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասով սահմանված հնարավորությունից, ըստ որի անձը ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր հրապարակած նյութը այլ անձի (երրորդ կողմի) հրապարակային ելույթի կամ լրատվության այլ միջոցի բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին` հեղինակին, իսկ իրավաբանորեն՝ երրորդ կողմ: Հեղինակ հասկացությունը մեկնաբանել է ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ որի «հեղինակը» պետք է լինի կոնկրետ ֆիզիկական կամ իրավաբանական անձ։ 

 

«Երրորդ կողմի պատասխանատվության» հարցին անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը 2015թ. հունիսի 16- ի Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով վճռով, որով սահմանեց, որ երրորդ անձի հեղինակած վիրավորական,  զրպարտող կամ այլ բնույթի անօրինական խոսքի  համար լրատվամիջոցը կարող է կրել պատասխանատվություն։ Ընդ որում, դատարանը խախտումը սահմանեց այն հիմքով, որ լրատվամիջոցը, իրազեկված լինելով իր հարթակում այլ անձանց հեղինակած առերևույթ վիրավորական արտահայտությունների առկայության մասին, միջոցներ չէր ձեռնարկել դրանք հեռացնելու համար, այլ փոխարենը ձևականորեն սպասել էր մեկնաբանությունները հեռացնելու մասին տուժող կողմի գրավոր ծանուցմանը, որը ստանալուն պես անմիջապես հեռացրել էր վիրավորական մեկնաբանությունները իր էջից։

 

Եվրոպական դատարանի վճռի հիման վրա Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը սույն թվի հուլիսի 23-ին հրապարակեց Ուղեցույց, որում նշեց, որ «խմբագրություններն այլ հեղինակների մեկնաբանությունների համար պատասխանատվությունից ազատվում են միայն այն դեպքում, եթե կարող են հիմնավորել, որ տեղյակ չեն եղել և օբյեկտիվորեն չէին կարող տեղյակ լինել նման գրառումների առկայության մասին»։  Այսինքն, զուտ այն հանգամանքը, որ լրատվամիջոցի հարթակում հրապարակված խոսքի հեղինակը այլ անձ է, չի կարող ինքնին պատասխանատվությունից խուսափելու հիմք հանդիսանալ։ Առավել կարևոր է, թե արդյոք լրատվամիջոցը տեղյակ էր իր էջերում նման խոսքի առկայության մասին և թե արդյոք ձեռնարկել է անհրաժեշտ ու բավարար միջոցներ դրանք հեռացնելու համար։ Այսինքն՝ նախապատվությունը տրվում է լրագրողական բարեխղճությանը։ 

 

Վերը նշվածով հանդերձ, Խորհուրդը ձեռնպահ է մնում սույն գործի փաստերը գնահատելուց՝ հաշվի առնելով, որ դատական գործընթացը դեռ ընթացքի մեջ է։  

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Գևորգ Հայրապետյան— Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»

ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Գեղամ Վարդանյան— Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content