ՓԱՍՏԵՐԸ

1. www.hetq.am լրատվական կայքը 07.08.2019թ. հրապարակել է «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. hարուցվել է քրեական գործ» վերտառությամբ հոդված։ Հոդվածը հրապարակվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի լուսանկարների ուղեկցությամբ։  

2. Հոդվածում, մասնավորապես, նշվել է հետևյալը. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով․․․ հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: «Ըստ էության` հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»,- հայտնել է ՊԵԿ-ը։

․․․ «Հետք»-ն ամիսներ առաջ ՀԴՄ սարքերի գնման մասին հետաքննություն էր հրապարակել։ Հայտնել էինք, որ ՊԵԿ-ը Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել է 70 տոկոս ավել բարձր գնով, նաեւ որ այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ ․․․ ․․․Այս համատեքստում պարզվել է նաև, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պետության օրինական շահերին էական վնաս են պատճառել։ ․․․․

3. Վարդան Հարությունյանը դիմել է դատարան՝ պնդելով, որ հրապարակված տեղեկությունները` մասնավորապես, որ ՊԵԿ-ը ՀԴՄ սարքերը գնել է ինքնարժեքից 70% ավել գնով, որ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերը փոխկապակցված են հայցվորի հետ, և որ վերջինս շահադիտական նպատակներով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և դրա արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս է պատճառել, իրականությանը չհամապատասխանող հրապարակային հայտարարություններ են, որոնք արատավորում են հայցվորի պատիվը և արժանապատվությունը:

4. Լրագրողը դատարանում փաստարկել է, որ հոդվածը պատրաստվել է բարեխղճորեն, իրականացվել է լրագրողական հետաքննություն, կատարվել են հարցումներ, ու ստացվել են պատասխաններ, որոնց հիման վրա ներկայացվել են պնդումներ և դատողություններ, հետևաբար, ինքը զրպարտելու դիտավորություն չի ունեցել, կատարել է իր առաքելությունը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տարածել տեղեկություններ։

 

5. Դատարանը վճռել է, որ լրագրողը չի հիմնավորել, որ Վարդան Հարությունյանը փոխկապակացված է եղել «Սմարթ Սոլյուշնս» ընկերության հետ և որ նա հրահանգել է ՀԴՄ-ների սարքերը գնել ինքնարժեքից 70% բարձր գնով։ Դատարանը նաև եզրահանգել է, որ լրագրողը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ճշգրտելու  համար հրապարակված տեղեկությունները։

 

6. Վերաքննիչ դատարանը բեկանել է վճիռը և կայացրել նոր որոշում։  Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը օբյեկտիվ քննություն չի կատարել, քանի որ դատարանում չի ապացուցվել, որ լրագրողի ներկայացրած վիճահարույց տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը։ 

 

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 

7. Պատասխանողը հասարակական կազմակերպություն է, որն իրականացնում է լրագրողական հետաքննություն հանրային հնչեղություն ունեցող դեպքերի, իրադարձությունների առնչությամբ։ Կազմակերպությունը հետաքննության արդյունքները հրապարակում է իր կողմից կառավարվող  www.hetq.am ինտերնետ հարթակում։ 

8. Հաշվի առնելով կազմակերպության գործունեության բնույթը՝  այն օգտվում է ազատ խոսքի պաշտպանության լայն շրջանակից, քանի որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։ 

9. Հաշվի առնելով հոդվածի հանրային նշանակությունը՝ անհրաժեշտ է փոխհավասարակշռել դատարան դիմած քաղաքացու և լրագրողի մասնավոր շահերը և իրավունքները տեղեկություններ ու գաղափարներ ստանալու հանրային շահի հետ։  

10. Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու լրագրողական ազատությունը ենթադրում է «պարտավորություններ ու պատասխանատվություն», որոնք արտահայտվում են նրանում, որ լրագրողները պարտավոր են գործել բարեխղճորեն` տրամադրելու համար ճշգրիտ և վստահելի տեղեություններ` լրագրողական էթիկայի նորմերին համապատասխան» (ՍԴՈ-997 որոշում, կետ 10, պարբ. 6):

11. Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը փոխհավասարակշռել է ճշգրիտ տեղեկություն տարածելու լրագրողի պարտականությունը լրագրողական էթիկական պահանջի՝ բարեխղճության հետ։ Դրանից բխում է, որ տեղեկատվության ճշգրիտ լինելը բացարձակ պահանջ չէ, հետևաբար, տեղեկատվություն տարածելու իրավունքը և հասարակական պահանջը կարող են փոխհավասարակշռվել լրագրողական էթիկական նորմերի, մասնավորապես՝ լրագրողական բարեխղճության հետ։ Սույն կանոնը հատկապես էական է, երբ լրագրողական նյութը վերաբերում է հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող դեպքերի։

12. Լրագրողի հրապարակած տեղեկատվության ճշգրիտ լինելու վերաբերյալ բացարձակ կանոն սահմանելը կարող է խաթարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տարածելու լրագրողի մասնագիտական պարտականության և նման դեպքերի վերաբերյալ հրատապ տեղեկություններ ստանալու հանրային շահի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։ Անընդունելի է լրագրողի մասնագիտական պարտականությունների շրջանակը և բնույթը հավասարեցնել քրեական հետապնդման մարմինների՝ հետաքննիչների, քննիչների, դատախազների լիազորությունների հետ, ովքեր պարտավոր են մեղադրանքի հիմքում ընկած յուրաքանչյուր փաստ կամ ապացույց ստուգել դրանց վերաբերելիության, արժանահավատության, օրինականության և բավարար համակցության տեսանկյունից։ Լրագրողների համար նույնանման պահանջ սահմանելը կխաթարի հանրային նշանակության դեպքերի վերաբերյալ հրատապ տեղեկություններ հաղորդելու  լրագրողական ազատությունը։

13. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ մամուլը պետք է ունենա հնարավորություն հիմնվելու պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա՝ առանց այդ տեղեկությունները ստուգելու լրացուցիչ պարտականության, հատկապես, եթե նման տեղեկությունները վերաբերում են հանրային նշանակության կարևոր դեպքերի և նպաստում են ընթացքի մեջ գտնվող հանրային դիսկուրսի ծավալմանը։ Հակառակ դեպքում մամուլի «հանրային հսկող շահ» կարևոր դերակատարումը կխաթարվի (Կոլոմբանին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 51279/99, 25/06/2002, կետ 65): 

14. Վերը նշվածը արտահայտում է, ըստ էության, «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության սկզբունքը, որի վերաբերյալ «ԱՐՏԻԿԼ 19» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սահմանել է հետևյալը. «Նույնիսկ եթե վիճահարույց տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, լրագրողը պետք է հնարավորություն ունենա օգտվել «ողջամիտ հրապարակում»  իրավական պաշտպանության միջոցից, ըստ որի, նա չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե ցանկացած այլ անձ նույն լրատվանյութը կտարածեր նույն կերպ, ինչ ինքը»։ 

15. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Խորհուրդը ուսումնասիրեց վեճի առարկա հոդվածի բավանդակությունը և կողմերի պնդումները դատարանում և հանգեց հետևյալին․ լրագրողը մինչև հոդվածը հրապարակելը կատարել է ծավալուն հետազոտություն, ուսումնասիրություններ, ուղարկել է գրավոր ու բանավոր հարցումներ պետական և մասնավոր մարմիններին, վկայակոչել է նախկինում նույն թեմայի վերաբերյալ իր հետաքննության տվյալները։ Հարցումներից մեկի մերժման որոշումը (ՀԴՄ-ների գնման պայմանագրերը տրամադրելու վերաբերյալ հարցման մերժումը ՊԵԿ-ի կողմից) բողոքարկել է դատարան, որը վարչական դատարանը բավարարել է և պարտավորեցրել է ՊԵԿ-ին տրամադրել պահանջված տեղեկությունը։ 

16. Ուշադրության է արժանի նաև լրատվական նյութի մատուցման եղանակը։ Լրագրողը բոլոր եզրահանգումները կատարել է զգուշորեն, հավասարակշռված։ Հոդվածում ուղղակիրեն չի նշել, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյան փոխկապակցված է «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերի հետ, այլ դրա փոխարեն հայտարարել է, որ ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին, և որ հենց վիճահարույց գործարքը՝ ՀԴՄ-ի սարքի գինը ինքնարժեքից մոտ 70% ավել սահմանելը տեղի է ունեցել նրանց պաշտոնավարման օրոք։ Սույն մտահանգումը լրագրողը կատարել է ՊԵԿ-ի պաշտոնական հաղորդագրության հիման վրա՝ ակնարկելով, որ հաղորդագրության մեջ արտահայտված մտահոգությունը կարող է ուղղակիորեն կապ ունենալ այն իրադարձությունների հետ, որոնց վերաբերյալ նախկինում կատարվել է հետաքննություն և որոնցում նույնպես շրջանառվել էին նախկին պաշտոնատար անձանց անունները։ 

17. Այսինքն՝ լրագրողը կատարել է պետական մարմնի հրապարակած և իր ձեռք բերած փաստերի համադրում և դրանցից բխեցրել ողջամիտ ենթադրություն առ այն, որ նախկին պաշտոնատար անձինք փոխկապակցված են եղել մասնավոր ընկերության հետ։ 

18. Խորհուրդը նաև հաշվի է առնում այն հանգամանքը, որ լրատվանյութի թեման ներկայացնում է հասարակական մեծ հետաքրքրություն, ու իր հետաքննության արդյունքները հրապարակելով՝ լրագրողը դրանցով  նպաստել է արդեն 2 տարուց ավել ընթացքի մեջ գտնվող հանրային բաց քննարկումների ծավալմանը՝ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիոն  գործարքների մասին։ Այդ համատեքստում կարևոր է նշելը՝ հետաքննող լրագրողների նմանատիպ մի շարք հոդվածների հիման վրա իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործեր։ 

19. Նշվածը բավարար է եզրահանգելու համար, որ հետաքննող լրագրողը գործել է իր մասնագիտական առաքելության շրջանակներում, իրականացրել է ծավալոււն հետազոտություն, որոնք ներկայացրել է հանրությանը և հետազոտության արդյունքների հիման վրա կատարել է ողջամիտ ենթադրություններ և դատողություններ` լրագրողական էթիկայի շրջանակներում։ Փաստերի ճշգրտության նշվածից առավել բարձր  աստիճանի պահանջ սահմանելը անհարիր կլինի լրագրողական հետաքննության նպատակների հետ, կխաթարի հետաքննող լրագրողի աշխատանքի բուն էությունը, քանի որ կստեղծի անհաղթահարելի խոչընդոտներ։ 

20. Առաջին ատյանի դատարանը իր վճռով փաստացիորեն խախտել է վերը նշված սկզբունքը։ Այն, ըստ էության, սահմանել է, որ լրագրողը պարտավոր էր գրեթե բացարձակ ճշգրտությամբ հաղորդել տեղեկատվություն։ Հետևաբար, զարմանալի չէ, որ սույն դատարանը իր վճռում չի անդրադարձել հոդվածի հանրային նշանակությանը, չի կիրառել «ողջամիտ հրապարակում»  իրավական պաշտպանության միջոցը, հաշվի չի առել լրագրողական հետաքննության առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, Խորհուրդն իր գոհունակությունն է հայտնում առ այն, որ վերոնշյալ սկզբունքն անուղղակիորեն հաստատվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, որը, բեկանելով առաջին ատյանի դատարանի անիրավաչափ վճիռը, սահմանել է, որ դատարանը չէր հիմնավորել լրագրողի կողմից իրականության չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը՝ դրանով կյանքի կոչելով վերևում սահմանված կարևոր սկզբունքը։ 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա     Սաֆարյան — Փաստաբան 

Դավիթ Սանդուխչյան — Փաստաբան

Skip to content