Գործի հանգամանքները

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում իրականացրին Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Ըստ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության` զոհվածների և անհետ կորածների թիվը հասել է 207-ի, այդ թվում՝ զոհվել է 3 քաղաքացիական անձ, 2-ի գտնվելու վայրն էլ համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից գերեվարված անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու դեպքերի մասին։

Չնայած վերը նշված պաշտոնական հաղորդագրությանը` արդեն տևական ժամանակ է, որ ՀՀ իշխանությունները չեն հրապարակում զոհվածների անունները։ Հասարակությունը չի իրազեկվել նաև երկօրյա պատերազմական գործողությունների արդյունքների մասին, մասնավորապես՝ ինչ տարածքներ են անցել հակառակորդի վերահսկողության տակ և ինչն է հաջողվել պաշտպանել։

Այս հարցերի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներ պաշտոնապես դիմել են իրավասու մարմիններին, սակայն տեղեկատվություն չեն ստացել։ Օրինակ, «Հետք» առցանց պարբերականի համաձայն՝ խմբագրության հարցմանն ի պատասխան  ՀՀ պաշտպանութան նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ «ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:[1]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ․ սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում հայտարարել է, որ կառավարությունում որոշվել է այսուհետ զոհվածների անունները «ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել», և դա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է»։ Այդուհանդերձ, ներկա պահի դրությամբ այդ հիմնադրամը այդպիսի ցուցակ չի հրապարակել։

Զոհվածների մասին ճշտված տվյալները հանրությանը չտրամադրելը, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքների մասին տեղեկություններ չներկայացնելը հանգեցրել են նկատելի հասարակական լարվածության։ Ըստ էության, ձևավորվել է տեղեկատվական վեճ․ մի կողմից՝ հասարակության և լրատվամիջոցների պահանջն է` տրամադրել հայցվող տեղեկությունները, մյուս կողմից՝ իրավասու պետական մարմինների խուսափելն է դա անել։ Այդ իսկ պատճառով Խորհուրդը որոշեց անդրադառնալ տվյալ խնդրին։

 

Եզրահանգում

Յուրաքանչյուր ոք ունի կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը ներառում է առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունք։ Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով և այնպիսի իրավաչափ նպատակներով, ինչպիսին են պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու և ստանալու իրավունքը հատկապես անհրաժեշտ է ապահովել լրագրողների ու լրատվամիջոցների համար, քանի որ նրանք այն միջնորդներն են, որոնց գործունեությամբ  մեծապես իրացվում է նաև հասարակության տեղեկացված լինելու իրավունքը։

Տեղեկատվության ազատությունն ամրագրված է նաև Սահմանադրության 50-րդ հոդվածով, ըստ որի` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկությունններ ստանալու ու փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Վերը նշված իրավունքներն ամրագրված են նաև «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներով, ըստ որոնց՝ տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը կարող է սահմանափակվել (այլ ոչ թե արգելափակվել) ազգային անվտանգության, հասարակական կարգի, այլոց առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով։

Տեղեկություններ ստանալու իրավունքը Հայաստանում գործում է նաև ռազմական և արտակարգ դրություններում։ Մասնավորապես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել մի շարք ժամանակավոր սահմանափակումներ, այդ թվում՝ «օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում»։  Ընդ որում՝ սահմանափակումները չեն կարող լինել ավելին, քան միջազգային պայմանագրերով սահմանված ՀՀ պարտավորությունները։[2]  Ավելին՝ սահմանափակումները պետք է ամրագրված լինեն օրենքով, տվյալ դեպքում՝ համապատասխանեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված շրջանակին։

Տեղեկություններ ստանալու իրավունքը գործում է նաև պատերազմների և զինված հակամարտությունների ժամանակ։ «Ճգնաժամերի ընթացքում արտահայտվելու և տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի ուղեցույցի համաձայն՝ Մասնակից Պետությունները չպետք է սահմանափակեն հասարակության համար տեղեկատվության մատչելիությունը ավելի շատ, քան սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։ Ավելին՝ ուղեցույցով նաև սահմանված է, որ Մասնակից Պետությունները պետք է միշտ նկատի ունենան, որ տեղեկատվության ազատությունը կարող է օգնել արդյունավետորեն հաղթահարելու ճգնաժամերը և ի ցույց դնելու դրանց ընթացքում մարդու իրավունքների չարաշահումները։

Այսպիսով, վերը նշված միջազգային և ներպետական բոլոր կարգավորումներում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ տեղեկատվության ազատությունը գործում է նույնիսկ արտակարգ և ռազմական դրության դեպքերում, և տեղեկությունների մատչելիությունը կարելի է սահմանափակել, բայց ոչ արգելափակել կամ ամբողջությամբ առարկայազուրկ դարձնել։ Նաև զինված հակամարտության պայմաններում հասարակությունն ունի տեղեկություններ ստանալու իրավունք, որի ծավալները և տարածման եղանակները սահմանափակվում են միայն օրենքի հիման վրա և համաչափության ընդհանուր սկզբունքի համաձայն։

Վերլուծելով ս․ թ․ սեպտեմբերի 13-14-ի պատերազմական գործողություններից հետո ստեղծված խնդրահարույց տեղեկատվական իրավիճակը՝ կապված զոհերի անունների, տարածքային կորուստների և այլ հանրային նշանակություն ունեցող տվյալների չհրապարակելու հետ, Խորհուրդն արձանագրում է, որ  Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին չտրամադրելով հայցվող տեղեկությունները և ինքնուրույն չհրապարակելով դրանք, իր այդ քայլը չի հիմնավորել որևէ իրավական նորմով։ Սա պատահական չէ, քանի որ այդպիսի տեղեկատվական սահմանափակում նախատեսված չէ օրենքով;

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես չի մատնանշել որէև իրավական նորմ, որով սահմանված է, որ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրվեն բացառապես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից՝ համապատասխան ցանկի հրապարակմամբ։ Բացի այն, որ ներկա դրությամբ այդպիսի ցանկ չի հրապարակվել, որևէ օրենքով նախատեսված չէ ինֆորմացիայի տրամադրման նման ընթացակարգ։

Ելնելով վերոգրյալից՝ Խորհուրդը եզրակացնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի մյուս հետևանքների մասին հանրությանը չիրազեկելը, ինչպես նաև  լրատվամիջոցներին այդ տեղեկությունները չտրամադրելը ոչ միայն նախատեսված չեն օրենքով, այլ նաև տվյալ հանգամանքում անհամաչափ ու ոչ համարժեք մոտեցումներ են իշխանությունների կողմից։  

Թեև վարչապետը և պատկան մարմինները նաև նշում են, որ անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել զոհվածների վերջնական ցուցակը, այս բացատրությունը համոզիչ չէ, քանի որ չեն հրապարակվել նույնիսկ արդեն հուղարկավորված զինծառայողների անունները, որոնց ինքնությունը ճշտվել և հաստատվել է։ Տեղեկատվության այսպիսի բացարձակ սահմանափակումը ոչ միայն հարուցում է հասարակական լարվածություն, կասկած ու անվստահություն զոհերի վերաբերյալ իշխանությունների կողմից հրապարակած թվի առնչությամբ, այլ նաև անհարիր է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին։ Հասարակությունն իրավունք ունի ոչ միայն իմանալ զոհվածների անունները, այլ նաև այդ տվյալների միջոցով իրականացնել  հանրային վերահսկողություն իշխանությունների նկատմամբ։ Իսկ տեղեկությունների հրապարակումից խուսափելով, կառավարությունը խախտել է հասարակության այդ իրավունքները։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

 

 

[1] ՊՆ-ն խուսափում է հայկական կորուստների մասին կոնկրետ տվյալներ հայտնելուց։ Հետք հետաքննող լրագրողներ լրատվական կայք։22/09/2022թ․

[2] ՀՀ սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մաս։

Skip to content