«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության դատական գործի վերաբերյալ 

Գործի հանգամանքները

2020 թվականի հուլիսի 14-ին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն իր hetq.am կայքում հրապարակել է «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով նյութ[1], որում ասվում էր, որ հրետակոծության է ենթարկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղը, և որ դեպքին  ականատես են եղել hetq.am-ի` տեղում աշխատող թղթակիցները: Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվել է․

«Հրետակոծության հետևանքով վնասվել է 7 տուն: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ: Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանք խուճապի չեն մատնվել: Այգեպարում են նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ավելի վաղ թիրախավորվել էին նաև Չինարի գյուղն ու Բերդ քաղաքը։»

Հրապարակված լուրի իսկությունը մամուլի ասուլիսի ժամանակ 2020թ. հուլիսի 14-ին հաստատել է այդ օրերին Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը, որը հայտարարել է, թե Ադրբեջանը թիրախավորել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար սահմանամերձ համայնքները, իսկ Բերդ քաղաքը` ենթարկել հրետակոծության:

2020թ. հուլիսի 15-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով, մասնավորապես, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և խուճապային տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից: Ծառայությունը հաղորդագրության հետ էլեկտրոնային փոստով տարածել էր նաև տեսանյութ, որում ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումերի ու սոցցանցերի օգտատերերի գրառումների շարքում ներկայացրել էր նաեւ «Հետք» էլեկտրոնային պարբերականի 2020թ. հուլիսի 14-ի նյութը Այգեպար գյուղի հրետակոծության մասին: («Հետաքննող լրագրողներ» ՀԿ ներկայացուցիչը հետագայում դատարանում  պնդել է, որ ԱԱԾ-ի տեսանյութի՝ «Հետք»-ին վերաբերող հատվածն ի սկզբանե եղել է կազմակերպության լոգոյով։ Սակայն տեսանյութի այս տարբերակը չի պահպանվել)։

Նույն օրը Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստով նոր հաղորդագրություն է տարածվել հետևյալ բովանդակությամբ․ «Խնդրում ենք մեր տարածած նախորդ հաղորդագրությունը եւ տեսանյութը չհրապարակել, քանի որ վերջիններս խմբագրման կարիք ունեն»։ Ծառայության պաշտոնական կայքում ևս հրապարակված նախորդ հաղորդագրությունը հեռացվել է։

2020թ. հուլիսի 15-ին ԱԱԾ-ն հրապարակել է նոր հաղորդագրություն կից տեսանյութով։ Հաղորդագրության մեջ նշվել է․ «Ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և խուճապային տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից»: Հաղորդագրությանը կից տեսանյութի 00:41-րդ վայրկյանին, ինչպես և դրա նախորդ տարբերակում, ներկայացվել է 2020թ. հուլիսի 14-ին hetq.am-ի հրապարակած «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» լուրը «Ապատեղեկատվություն» ջրանիշով: Այս անգամ էլեկտրոնային պարբերականի նյութը պատկերվել է առանց «Հետաքննող լրագրողների» լոգոյի և hetq.am կայքի տվյալների։

2020թ. հուլիսի 20-ին «Հետք»-ի գլխավոր խմբագիրը դիմել է ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել, թե  լրատվամիջոցում հրապարակված և ԱԱԾ տեսանյութում տեղ գտած նյութում կոնկրետ ո՞ր տեղեկությունն է ապատեղեկատվություն։
2020թ. հուլիսի 29-ին 3/23-798 գրությամբ՝ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Ն. Մարգարյանի ստորագրությամբ, խմբագրությունը էլեկտրոնային փոստով ստացել է հետևյալ պատասխանը․

«Ի պատասխան 20.07.2020թ. ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված Ձեր դիմումի՝ հայտնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի կողմից սույն թվականի հուլիսի 15-ին պատրաստված և տարածած տեսանյութում զետեղված «Հետք»-ի հրապարակումը՝ «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը», hetq.am կայքում հրապարակվել էր սույն թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 17:35-ին, սակայն պաշտոնական աղբյուրներն այն հաստատել են ավելի ուշ: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի կողմից տեսանյութի պատրաստման և տարածման պահին «Հետք»-ի տարածած տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել և այդ պահի դրությամբ, ժամանակագրական առումով, այն համարվել էր ապատեղեկատվություն:»

 

2020թ․ օգոստոսի 26-ին կազմակերպությունը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (գործ №ԵԴ/25537/02/20)՝ խնդրելով, որ դատարանը պարտավորեցնի ԱԱԾ-ին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները՝ հերքման տեքստը տեղադրելով Ծառայության պաշտոնական կայքում՝ www.sns.am, ինչպես նաև ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին ուղարկել հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ.

«ՀԵՐՔՈՒՄ. 15.07.2020թ. Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտարարություն է տարածվել այն մասին, որ հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արվում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից: Հաղորդագրությանը կից տարածվել է նաև տեսանյութ, որի 00:41-րդ րոպեին կադրում հայտնվում է «Հետք» էլեկտրոնային թերթի 14.07.2020թ. հրապարակված «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով լուրը՝ «Ապատեղեկատվություն» ջրանիշով: Սույն հայտարարությամբ ամբողջությամբ հերքում ենք տեսանյութում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ «Հետք» էլեկտրոնային թերթի 14.07.2020թ. հրապարակած «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով լուրն ապատեղեկատվություն է»:

Կազմակերպությունը նաև խնդրել է դատարանին՝ ԱԱԾ-ից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության բռնագանձել դատական ծախսերը:

Իր առարկություններում Ծառայությունը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ տեսանյութի պատրաստման և տարածման պահին հայցվորի հրապարակած տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել և ժամանակագրական առումով այն համարվել է ապատեղեկատվություն, ինչպես նաև պնդել է, որ տեսանյութն ընդամենը կոչ և առաջարկություն էր ու անձնապես ուղղված չէր հայցվոր կազմակերպության դեմ և նպատակ չի ունեցել զրպարտելու նրան։ Այս առումով ԱԱԾ-ն նշել է, որ տեսանյութի մեջից հանվել են «Հետք» պարբերականի տվյալները, ինչը, օրինակ, չի արվել «Haqqin.az» կայքի դեպքում, որի անվանումը և հրապարակումը հստակ երևում են։ Ըստ Ծառայության՝ այս մոտեցումը պայմանավորված է նրանով, որ հայցվորը հանրության մեջ իր ուրույն լսարանն ունեցող զանգվածային լրատվամիջոց է:
ԱԱԾ-ն հատկապես նշել է նաև իր տեսանյութում տեղ գտած այն միտքը, որ հայցվորի հրապարակումը հայ-ադրբեջանական պետական սահմանին կարող էր առաջացնել լրացուցիչ սադրանքներ ու նպաստել խուճապային տրամադրությունների առաջացմանը, ինչն ինքնին սպառնալիք կներկայացներ ՀՀ ազգային անվտանգությանը։ Բացի այդ, Ծառայությունը մատնացույց է արել այն հանգամանքը, որ տեսանյութում անդրադարձել է ոչ միայն հայցվորի, այլ նաև բազմաթիվ այլ օգտատերերի և լրատվամիջոցների հրապարակումներին: Ի մի բերելով այս ամենը, ԱԱԾ-ն պնդել է, որ սովորական ընթերցողն (դիտողն) էլ չէր «զգա, որ տվյալ տեսանյութն իրականում հասցեագրված է անմիջականորեն հայցվորին, կամ էլ, որ հենց հայցվորն է հանդիսացել Ծառայության տեսանյութի թիրախ»:
Ելնելով վերոգրյալից, Ծառայությունը խնդրել է հայցն ամբողջությամբ մերժել։

2021թ․ օգոստոսի 6-ին դատարանն ամբողջությամբ մերժել է հայցը`հիմնավորելով իր որոշումը նրանով, որ տեսանյութի դիտումից հնարավոր չէ գալ հետևության, որ այն որևէ կերպ վերաբերում էր լրատվամիջոցին (հայցվորին)՝ իր հրապարակման հետ կապված։ Դատարանը նշել է, որ միայն տեսանյութի մանրակրկիտ և դանդաղ հետազոտմամբ կարելի է ունենալ կարծիք, որ օգտագործվել է նշված հրապարակումից քաղվածք, իսկ կայքի լոգոն փակ ներկայացնելը ենթադրում է, որ պատասխանողը գործել է բարեխղճորեն և չի ունեցել [արատավորելու] դիտավորություն։  Էական է համարել նաև այն հանգամանքը, որ տեսահոլովակի տեղադրումը անմիջականորեն բխել է ԱԱԾ-ի՝ օրենքով նախատեսված գործառույթներից:

Վճռի եզրափակիչ մասում սահմանվել է հետևյալը․ «Դատարանը, գործում առկա ապացույցները վերաբերելիության և թույլատրելիության համակցության մեջ գնահատելով, գտնում է, որ Ծառայությունը չի զրպարտել հայցվորին՝ այդպիսով՝ արատավորել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, հետևաբար՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հայցը ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման»:

Այս վճռի դեմ հայցվորը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան, այս ատյանն այն ստացել է 2021թ. սեպտեմբերի 10-ին։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին նախագահող դատավորը ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում է կայացրել, իսկ նոյեմբերի 29-ին գործը վերաբաշխվել է այլ կազմի և դեկտեմբերի 15-ին ընդունվել է վարույթ։

Եզրակացություն

Մինչև վեճի բովանդակությանը անդրադառնալը, Խորհուրդն անհրաժեշտ է համարում դիրքորոշում արտահայտել «զրպարտություն», «վիրավորանք» և «գործարար համբավ» եզրերի վերաբերյալ։ Դատարանն իր վճռի եզրափակիչ մասում նշել է, որ ԱԱԾ-ն չի զրպարտել հայցվոր կազմակերպությանը, արատավորել նրա պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Այսպիսով, կազմակերպությանը վերագրվել է պատիվ և արժանապատվություն։ Մինչդեռ միջազգային իրավական պրակտիկայում գերակայում է այն մոտեցումը, որ կազմակերպությունները (իրավաբանական անձինք) չեն կարող ունենալ պատիվ կամ արժանապատվություն, որ դրանք անհատական կատեգորիաներ են, իսկ կազմակերպություններին վերաբերելի է գործարար կամ բարի համբավը։ ՀՀ ներպետական օրենսդրության մեջ ու պրակտիկայում այս մոտեցումը ևս պահպանվել է, որը երևում է նրանից, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում «պատիվ» և «արժանապատվություն» եզրերը տարանջատված են «գործարար համբավ» եզրից «կամ» շաղկապով, այսինքն՝ վերջին հասկացությունը ինքնուրույն սահմանում է ստացել։ Նմանապես, ՀՀ վճռաբեկ դատարանը ՔՕ 1087.1 հոդվածում «տուժող» հասկացությունը մեկնաբանելիս նշել է․ «Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով:»[2]  Այսինքն, Վճռաբեկ դատարանն իր հայտնի նախադեպային որոշման մեջ նույնպես սահմանել է, որ «պատիվ» և «արժանապատվություն» հասկացությունները կարող են վերագրվել ֆիզիկական անձանց, իսկ կազմակերպություններին վերագրվում է «համբավ» հասկացությունը։ Հետևաբար, տվյալ գործը քննող դատարանի եզրափակիչ դիրքորոշումը, որ պետական մարմինը չի արատավորել հայցվոր կազմակերպության պատիվը և արժանապատվությունը, չի բխում օրենքից։

Խորհուրդը գտնում է, որ ի սկզբանե ԱԱԾ-ն՝ որպես վեճի կողմ, իսկ հետագայում նաև՝ դատարանը, պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն առանցքային նշանակություն ունեցող փաստը, որ «Հետք»-ի հրապարակած լուրն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, և որ այդ տեղեկությունը խմբագրությունն ստացել է հենց իր թղթակիցներից, որոնք Այգեպար գյուղի հրետակոծության պահին գտնվել են այդ վայրում և իրադարձության ականատես են եղել։ Այսինքն՝ լրատվամիջոցի այս հրապարակումը որևէ պարագայում չի կարող համարվել ապատեղեկատվություն, և պատահական չէ, որ ավելի ուշ լուրը հաստատել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և ԱԱԾ-ն։

Այս փաստերի առկայությունը թույլ է տալիս Խորհրդին պնդելու, որ ստույգ փաստի հրապարակումը որպես ապատեղեկատվություն որակելը Ծառայության կողմից ապատեղեկատվության տարածում է. որը, մի կողմից, թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը, մյուս կողմից՝ արատավորում լրատվամիջոցի բարի համբավը։

Միանգամայն ընդունելի համարելով դատարանի վճռի այն հատվածը, ըստ որի՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը հետապնդում էր իրավաչափ նպատակ, որը նկարագրված է վերևում, այդուհանդերձ, Խորհուրդը համաձայն չէ դրանից բխեցված եզրահանգման հետ, համաձայն որի՝ Ծառայությունը վնաս չի հասցրել լրատվամիջոցի (հայցվոր կազմակերպության) բարի համբավին։  Ի տարբերություն դատարանի՝ Խորհուրդը գտնում է, որ հաղորդագրությունը, նույնիսկ եթե հետապնդել է օրենքով սահմանված նպատակ, «Հետք» էլեկտրոնային պարբերականին վերագրել է արատավոր արարք՝ ապատեղեկատվության տարածում, որը լրատվամիջոցը չի կատարել։ Իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ խմբագրությունը հրապարակել է ստույգ տեղեկություն։

Խորհուրդը համաձայն չէ դատարանի այն գնահատականի հետ, որ Ծառայությունը «Հետքի» նյութը ներկայացրել է հավասարակշված ու բարեխղճորեն և լրատվամիջոցին վարկաբեկելու նպատակ չի ունեցել։ Թեև ԱԱԾ-ն իր տարածած տեսանյութի խմբագրված տարբերակում փակել է կազմակերպության լոգոն և լրատվամիջոցի տվյալները, դա չարատավորելու բավարար միջոց չի կարող համարվել այն պարագայում, երբ «Հետքի»՝ իրականությանը համապատասխանող նյութը Ծառայությունը ներառել է իսկապես ապատեղեկատվություն տարածող, այդ թվում ադրբեջանական ԶԼՄ-ների, հրապարակումների շարքում։ Այս համատեքստում հայցվոր կազմակերպության հրապարակած լուրը ներկայացնելը չէր կարող չասոցացվել ադրբեջանական մամուլի ապատեղեկատվության հետ և չստեղծվել տպավորություն, որ հայկական ԶԼՄ-ի տվյալ նյութը նույնպես կեղծ է և ապատեղեկացնող։ Սա չի կարող համարվել բարեխիղճ ու պատասխանատու մոտեցում, և ակնհայտ, որ իր տարածած տեսանյութով Ծառայությունն արատավորել է «Հետք»-ի բարի համբավը։

ԱԱԾ-ի գործողության իրավաչափությունը գնահատելիս՝ դատարանը քննության առարկա չի դարձրել ևս մի կարևոր փաստ. Ծառայությունը «Հետաքննող լրագրողներին» ուղղված իր պատասխան նամակում ընդունել է, որ «պաշտոնական աղբյուրները» էլեկտրոնային պարբերականի լուրը «հաստատել են ավելի ուշ»։ Ձևականորեն սա ներառելով դատական ակտի էական փաստերի շարադրանքում՝ այդուհանդերձ, վճռի պատճառաբանական մասում դատարանն ընդհանրապես չի անդրադարձել դրան։ Եթե գնահատվեր այս փաստը, որն ամրագրված էր ապացույցով (նամակագրությունը ներկայացվել է դատարանին), անհրաժեշտ կլիներ արձանագրել, որ ԱԱԾ-ն մինչդատական փուլում ընդունել է, որ հայցվոր կազմակերպության հրապարակած լուրը իրավասու պետական մարմինները հաստատել են։ Խորհուրդը դատարանի այդ բացթողումը համարում է էական սխալ։

Քանի որ վերը նշված փաստը չի քննվել, դրանով դատարանը զրկել է լրատվամիջոցին իրավական պաշտպանության կարևոր միջոցից․ հրապարակած նյութի ստույգ լինելը ապացուցելու դատավարական հնարավորությունից։ Ըստ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի՝ զրպարտությունը անձի վերաբերյալ փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Հայցվոր կազմակերպությունը դատարանին ներկայացրել էր ապացույց, որ իր հրապարակած փաստերը ստույգ են, որ դրանք հաստատել են նաև պաշտոնական աղբյուրները, և Ծառայությունն ընդունել է դա։ Հետևաբար, դատարանի կողմից այդ ապացույցը չհետազոտելը և վճռի հիմքում չդնելը էական դատական սխալ է, որի բացառումը կարող էր ազդել դատական գործի ելքի վրա։

Ի վերջո, Խորհուրդն անարդար է համարում լրատվամիջոցին հանդիմանելը կամ, առավել ևս, ապատեղեկատվություն տարածելու մեջ մեղադրելն այն պատճառաբանությամբ, որ խմբագրությունը հանրային կարևոր նշանակություն ունեցող ստույգ լուրը հրապարակել է ավելի շուտ, քան այն հաստատել են պետական մարմինները։ Հակառակը՝ դա վկայում է տվյալ ԶԼՄ-ի աշխատանքի բարձր որակի և որպես «հանրային հսկող շան» իր առաքելությանը հավատարիմ լինելու մասին։ Ավելին, ինչպես երևում է ԱԱԾ-ի առարկություններից, այս կառույցը հակված է եղել չհրապարակել Այգեպար գյուղի հրետակոծության մասին տեղեկությունը՝ համարելով, որ այդ լուրը կարող է ինչ-ինչ սադրանքների և բնակչության շրջանում խուճապի առիթ դառնալ, ինչը տվյալ պարագայում բավարար և համոզիչ հիմնավորում չէ։ Ըստ էության՝ հրետակոծության փաստը գաղտնի պահելու փորձը կանխվել է նաև «Հետքի» վերոնշյալ նյութի շնորհիվ, և դա էլ ավելի է բարձրացնում այդ հրապարակման արժեքը։ Ինչպես հետագայում ցույց տվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքն ու արդյունքները, պետության կողմից ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության կոծկումը կամ իրականությունից հեռու քարոզչությունն ու ապատեղեկատվություն տարածելը ի վերջո հանգեցնում են ծանր հետևանքների. խաբված հասարակությունը հայտվում է շոկային վիճակում և դառնում ավելի անկառավարելի, քան պատերազմով պայմանավորված որոշակի խուճապի պարագայում։

Ամփոփելով վերոգրյալը՝ Խորհուրդը եզրակացնում  է, որ ԱԱԾ-ն՝ իր հաղորդագրությամբ և տեսանյութով, անհիմն արատավորել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և նրա հիմնադրած «Հետք» էլեկտրոնային պարբերականի բարի համբավը և ճնշում գործադրելով՝ խախտել տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու ու տարածելու լրատվամիջոցի  ազատությունը։ Խորհուրդը նաև հույս է հայտնում, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կշտկի ստորադաս ատյանի սխալները, և այս տեղեկատվական վեճն օրինական և արդար լուծում կստանա։

[1] Նյութը տվյալ պահին հասանելի չէ hetq.am կայքում, սակայն հասանելի է այլ կայքերում, որտեղ արտատպվել է այն։

[2] ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012թ․ թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով որոշում, էջ 5:

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան — Փաստաբան

Skip to content