ԻԱԿ-ը հրապարակել է Զրպարտության և վիրավորանքի ձեռնարկը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Զեռնարկը հեղինակել են «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Ձեռնարկը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ում անհրաժեշտ է վիրավորանքի ու զրպարտության դատական գործերով մանրամասն ուղեցույց։ Հենց այդ նպատակից ելնելով ձեռնարկը կազմվել է այնպես, որպեսզի դրանից կարողանան օգտվել ոչ միայն ոլորտի մասնագետները, այլ նաև նրանք, ովքեր հանգամանքների բերումով ստիպված են իրավական պաշտպանության եղանակներ փնտրել վիրավորական կամ զրպարտող բնույթի հրապարակային հայտարարություններից։
Ձեռնարկը քայլ առ քայլ ներկայացնում է վիրավորանքի և զրպարտության գործերով մինչդատական և դատական վարույթների բոլոր ընթացակարգերը և դրանց շրջանակներում ընկած փուլերը, օրինակ, մինչև դատարան դիմելը հերքման պահանջը ներկայացնելու կարգը, հայցապահանջ ներկայացնելու ժամկետները, դատարանում ապացուցման բեռի բաշխման սկզբունքներն ու կանոնները, վնասի հատուցման պահանջ ներկայացնելը, դատաքննության փուլում մի շարք պաշտպանական համակարգերի նկարագրությունը և այլն։ Առանձին բաժնով ներկայացվում են վիրավորանք և զրպարտություն հասկացությունների սահմանումները, այն չափանիշները, չափորոշիչները և սկզբունքները, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ արտահայտությունը իր բնույթով վիրավորա՞նք է, թե՞ զրպարտություն։ Որպեսզի առավել դյուրին լինի ձեռնարկի գործածումը, Բաժին I-ում ներառված է ուղեցույց, որում ընթերցողին բացատրվում է, թե գործընթացի առաջին քայլին (հերքման պահանջով դիմելիս կամ դատական հայցը ստանալիս) որ հանգամանքների վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչ քայլերը առավել նպատակահարմար կլինի կատարել և այլն։
Ձեռնարկում լայնորեն վկայակոչված են ՀՀ տարբեր օրենսդրական ակտեր և դրույթներ, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, ընդհանուր իրավասության դատարանների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերը, ինչպես նաև գիտագործնական հոդվածներ այս թեմայի վերաբերյալ։ Լայնորեն հղումներ են կատարված նաև Տեղեկատվական վեճերի խորհրդի որոշումների վրա։
Հուսով ենք` ձեռնարկն օգտակար կլինի իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու կամ արտահայտվելու, տեղեկատվության ազատության իրավունքներն իրացնելու և պաշտպանելու նպատակ ունեցողների, այս երկու կատեգորիաների միջև ծագած վեճերը լուծելուն կոչված մարմինների, ինչպես նաև` բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների համար։
Վիրավորանքի և զրպարտության ձեռնարկ