ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. իրավական պաշտպանության ուղեցույց
Հեղինակներ՝ Արա Ղազարյան, Դավիթ Ասատրյան
Հեղինակներ՝ Արա Ղազարյան, Դավիթ Ասատրյան
Այս ձեռնարկը 2014 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մշակված և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ հրապարակված նույնանուն ձեռնարկի երկրորդ, թարմացված հրատարակությունն է։ Վերջին տասը տարվա ընթացքում 1087.1 hոդվածի բազմաթիվ դրույթներ մեկնաբանվել ու վերամեկնաբանվել են դատարանների, ու առաջին հերթին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, մինչդեռ այդ նոր մեկնաբանությունները ներկայացված չեն նախորդ հրատարակությունում։ Բացի այդ, ի հայտ են եկել նոր երևույթներ, ինչպես օրինակ ընդդեմ հանրային մասնակցության ռազմավարական դատավարությունները (SLAPP), ինչպես նաև զարգացող նոր տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք պահանջում են նոր մոտեցումներ, իրավական նոր լուծումներ, որոնց վերաբերյալ նույնպես տեղի են ունեցել որոշակի զարգացումներ դատական պրակտիկայում:
Ձեռնարկի առաջին մասում ներկայացված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում վիրավորանքի ու զրպարտության իրավական սահմանումների վերաբերյալ պարզաբանումներ, դատական պրակտիկայում սահմանված մեկնաբանություններ, իրավական պաշտպանության կարևոր սկզբունքներ, որոնք առավելապես կարևոր են լրագրողների համար։ Ձեռնարկի երկրորդ մասում ներկայացված են ուղեցույցներ դատարան դիմելու համար անհրաժեշտ ընթացակարգերի մասին։
Ձեռնարկում լայնորեն վկայակոչված են օրենսդրական նորմեր, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, ընդհանուր իրավասության դատարանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ և որոշումներ, խորհրդատվական բնույթի կանոնագրքեր ու ուղեցույցներ, մեջբերումներ լրատվական հոդվածներից, մասնագիտական մարմինների որոշումներից ու ուղեցույցներից։ Նման աղբյուրների վկայակոչումները մեծամասամբ արված են էլեկտրոնային հղումներով, որոնք դյուրին են դարձնում ձեռնարկի օգտագործումը։